There are no translations available.
Իմ զրուցակիցն է օպերային երգչուհի, սոպրանո Իրինա ԶԱՔՅԱՆԸ: Իրինան ծնունդով Գյումրիից է, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալի բաժինը (պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարանը): Ուսումն ավարտելուց հետո ընդգրկվեց տարբեր խմբերում` կատարելագործելով ձայնն ու կատարողական վարպետությունը: Դասական երաժշտության ընտրությունը այն ժամանակ, երբ երաժշտարվեստը ողողված էր փոփով, էստրադայով, իսկ դասականն «անհեռանկարային» ուղղություն էր համարվում, կարելի էր խիզախում համարել: Իրինային ընտրության հարցում թերևս օգնեց հոգևոր արժեքների փնտրտուքը: Իրինայի ամենամեծ փորձաշրջանը կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Տաղարան» համույթն էր, որը երգչուհու համար ճանապարհ հարթեց դեպի մեծ բեմ: Այնուհետև Լորիս Ճգնավորյանը նրան հրավիրեց իր ղեկավարած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ` որպես մեներգչուհու: Եվ 17 տարի է` Իրինան նվագախմբի մենակատարն է: Երգչուհին շատ է շրջագայել, ելույթներ ունեցել հանրահայտ բեմերում, բազմաթիվ հրավերներ ստացել աշխարհի տարբեր երկրներից` ԱՄՆ, Կանադա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Հունաստան, Գերմանիա: Իր մեղմահունչ սոպրանոյով նա օտար հանդիսատեսին ևս գերել է` երգելով թե դասական, թե հայրենական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Աշխատել է Օհան Դուրյանի, Էդվարդ Թոփչյանի, Լորիս Ճգնավորյանի, Գևորգ Մուրադյանի, Հովհաննես Չեքիջյանի, Լյուք Բաղդասարյանի (Շվեյցարիա), Ջոն Նելսոնի (ԱՄՆ), Լեոն Բոթսթայնի (ԱՄՆ) և ուրիշների հետ: