«Բարգավաճ Հայաստան» կուսակցության` հանրապետականների հետ կոալիցիա չկազմելու որոշումը որոշակի աշխուժություն մտցրեց երկրի քաղաքական կյանքում, որտեղ վաղուց ճահճացման նշաններ էին երևում: Որո՞նք են այդ որոշման իրական դրդապատճառները: Արդյո՞ք ԲՀԿ-ն փաստորեն լինելով երկրի երկրորդ կուսակցությունը, ստանալով գրեթե կես միլիոն ընտրողների ձայները և զգալիորեն ավելացնելով պատգամավորական մանդատների քանակը, որոշել է առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված` ինքնուրույն խաղացող դառնալ: Իսկ գուցե այդ որոշումն արդյունք էր հանրապետականների հետ գաղտնի պայմանավորվածությունների՞, որոնք ընդդիմադիր ընտրազանգվածին գրավելու հեռահար նպատակ ունեին` նույն այդ նախագահական ընտրություններով պայմանավորված: Այդ որոշումն ինչպե՞ս կանդրադառնա քաղաքական ուժերի դասավորության վրա` երկրի ղեկավարի ընտրությունների նախօրյակին: Այս թեմայի շուրջ զրուցում ենք Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆԻ հետ:
- Պարոն Մեհրաբյան, ձեր կարծիքով ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու քայլով Հայաստանում «քաղաքական հարմարվողականության դարաշրջանը» վերջանո՞ւմ է:
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլը դրական եմ համարում այն իմաստով, որ Հայաստանի քաղաքական թատերաբեմն ավելի բնական ու բանական իրավիճակի բերվեց: Քանի որ եթե դատենք մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով, ապա կոալիցիայի մասին ցանկացած խոսակցություն պարզապես անտեղի է: Քանի որ կա մի ուժ, որն ըստ պաշտոնական տվյալների` ԱԺ-ում ստացել է տեղերի 50 տոկոսից ավելին, իսկ դա թե տրամաբանական, թե քաղաքագիտական իմաստով կոալիցիա չի ենթադրում: Ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստանի» այս քայլը դրանից բխող տրամաբանական հետևություն է: Ինչ վերաբերում է այն ենթադրությանը, թե Հայաստանում սրանով վերջ է դրվում քաղաքական հարմարվողականությանը, ես նման հեռուն գնացող հետևություններ չէի անի` «Բարգավաճ Հայաստանը» դառնում է արտակոալիցիոն քաղաքական ուժ, ոչ ավելին: Չմոռանանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախապատմությունը` պարզապես պետք է ստեղծվեր ժողովրդահաճո ուժ: Այն ժամանակ, երբ նարնջագույն հեղափոխությունների ալիքը հասել էր գագաթնակետին, հետխորհրդային երկրներում իշխանությունները մտածում էին, թե ինչ անեն, որպեսզի մեղմեն այդ «օրանժիստական» տրամադրությունը: ԲՀԿ-ն ժողովրդահաճո նախագծերից մեկն էր, որը հանրությանը պետք է շեղեր «վնասակար» ազդեցություններից: Ինչպես ցանկացած մարդ իր ծննդականը չի կարող փոխել, նույնն էլ` կուսակցությունը: Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե «Բարգավաճ Հայաստանը» դուռ շրխկացրեց Հանրապետական կուսակցության վրա: Ամենևին էլ այդպես չէ: Պարզապես ներկա պահին նման քայլը ԲՀԿ-ի համար նպատակահարմար էր: Վաղն իրավիճակն այլ բան կպահանջի, այլ քայլի կդիմեն և դրա պատշաճ բացատրությունն էլ կտան:
- ԲՀԿ-ն կոալիցիա չկազմելով` ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց:
- Այս հարցերը ծագում են նաև հասարակության մեջ: Գագիկ Ծառուկյանի կուսակցության` կոալիցիա չկազմելու վերաբերյալ որոշումն ինչ-ինչ շահաբաժիններ է բերում, նաև որոշակի ընդդիմադիր կեցվածք ունեցողի տպավորություն թողնում, հասարակության որոշ շերտում դա կարող է որոշակի սպասելիքներ առաջացնել: Ուստի այդ իմաստով ԲՀԿ-ն շահեց: Իսկ քայլի բացասական կողմն այն էր, որ կուսակցության ապագան անորոշ է: Ընդհանուր առմամբ ԲՀԿ-ի առջև կա երկու տարբերակ` վերադարձ դեպի «ընտանիք», կամ լիակատար խզում, որը կարծում եմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարող է վնասակար հետևանքներ ունենալ: Անձամբ ես ավելի հավանական եմ համարում առաջին տարբերակը: Ավելի շատ հիմքեր ունեմ ընդհանրություններ գտնել «Բարգավաճ Հայաստանի», Հանրապետական կուսակցության միջև` թե ներքին բնույթով, թե շահերով, թե աշխարհընկալմամբ, արժեքային համակարգով և չգրված օրենքներով, քան տարբերություններ: Իսկ նմանություններն առավելապես վերադարձի հիմքեր են տալիս, քան կապի խզման: Դրանից ավելին ասելու դեպքում կանցնենք պայծառատեսության, և ոչ թե` քաղաքագիտության ոլորտ:
- Ենթադրենք ԲՀԿ-ն այնուամենայնիվ անցնի ընդդիմադիր դաշտ, ինչ եք կարծում` ինչպիսի՞ ընդդիմություն այն կլինի:
Դժվարանում եմ ասել, քանի որ ընդդիմություն դառնալու համար առնվազն մի քանի գործոնների համալիր է պետք, որը «Բարգավաճ Հայաստանը» պարզապես չունի և չի կարող ունենալ: Մամուլին տված մեկնաբանություններից մեկում ես կարծիք էի հայտնել ու հիմա էլ շարունակում եմ նույն կարծիքին մնալ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ընդդիմություն լինելը նույնն են, ինչ յուղն ու ջուրը: Դրանք փոխբացառող կատեգորիաներ են:
- Համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք ԲՀԿ-ի և մյուս ընդդիմադիրների` ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի միջև:
- Համագործակցության եզրեր կլինեն այնքանով, որքանով դա կբխի «Բարգավաճ Հայաստանի» շահերից: Որոշակի փորձ ԲՀԿ-ն արդեն ունի. հիշենք Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնած` ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբի ստեղծումը: Դրանք ընդամենն ապահովագրեցին «Բարգավաճ Հայաստանին»` ընդդիմադիր դաշտի քննադատությունից, որոշակի ընդդիմադիր «շարմ» տվեցին նրան, ինչը շատ կարևոր էր նախընտրական փուլում: Մի խոսքով` դրանից շահեց միայն «Բարգավաճ Հայաստանը»: Իսկ թե որքանով տուժեց ընդդիմությունը` այլ թեմա է:
- ԲՀԿ-ն հնարավորություն ունի՞ սեփական թեկնածուով գնալ նախագահական ընտրությունների. Գ. Ծառուկյանի հայտարարություններում բառ անգամ չկար այն մասին, թե նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարելո՞ւ է Սերժ Սարգսյանին, թե սեփական թեկնածուն է առաջադրվելու:
- Երբ կուսակցության կողմնորոշվելու ժամանակը գա` կլինի նաև հստակ որոշումը: Իսկ այն հարցը` հնարավորություն ունի՞, թե ոչ, իհարկե ունի: Այդ հնարավորությունը պայմանավորված է նաև արտաքին գործոնով` պուտինյան Ռուսաստանով: Դա չի թաքցրել նաև Գագիկ Ծառուկյանը` մասնավորապես ողջունելով հետխորհրդային տարածությանը վերաբերող Պուտինի ցանկացած գաղափարը: Որքան էլ ժխտում են, որ Ռոբերտ Քոչարյանն այդտեղ դերակատարում չունի, կարծում եմ` դա մանկամիտ հայտարարություն է կամ ընդամենն ապակողմնորոշելու համար է արվում: «Բարգավաճ Հայաստանը» Ռուսաստանի հետաքրքրությունները Հայաստանի ներքաղաքական զարգացումներում նյութականացնելու գլխավոր գործիքներից է: Հետևաբար սեփական թեկնածու առաջադրելու հնարավորությունը կա և դա պայմանավորված է լինելու նաև արտաքին գործոնով, արտաքին խաղացողի շահերով: Մենք այժմ կարող ենք խոսել միայն գործոններից, իսկ թե այդ ամենն ինչ դասավորություն կստանա` ցույց կտան զարգացումները:
- ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելը կարելի՞ է արտաքին միջամտության հետևանք համարել:
- Կար այդ ազդեցությունը, բայց միայն դրանով չէր պայմանավորված:
- Եթե քաղաքական այդ ուժը նախագահի իր թեկնածուն առաջադրի` նա ո՞վ կլինի:
- Ես կարող եմ ասել, թե ում չի առաջադրի, հաստատ` նա Գագիկ Ծառուկյանը չի լինելու: Կուսակցության մեջ և նրա համակիրների թվում անձինք կան, որոնք եթե ազդեցության խմբերի շահերը պահանջեն, կառաջադրվեն:
Երկու անուն է շոշափվում` Ռոբերտ Քոչարյան և Վարդան Օսկանյան:
Ես համամիտ եմ` խոսքը հենց նրանց մասին է:
- Ըստ ձեզ` ԲՀԿ-ին և ՀՀԿ-ին խաղի ի՞նչ կանոնների շուրջ կհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել:
- «Բարգավաճ Հայաստանի» համար ամենից առաջ կարևոր են նրանում ներգրաված բիզնեսմենների անձեռնմխելիության երաշխիքները:
- Կարծիք կա, թե նախագահական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն այնուամենայնիվ կոալիցիա կկազմի:
- Բացարձակապես պարտադիր չէ կոալիցիա կազմել: Կոալիցիան հարցի ձևական կողմն է: Իսկ թե դա ինչ ձև կընդունի, անունը կդնենք կոալիցիա, թե ներքին պայմանավորվածություն առանց կոալիցիայի` ոչինչ չի փոխի:













