Բաքվում կենտրոնացած էր Ադրբեջանի ամենախոշոր հայկական համայնքը` 237 հազար մարդ: Հարևան պետության մայրաքաղաքի կերտման գործում անգնահատելի և անժխտելի է հայկական դերակատարությունը: «Ինչ-որ առումով Բաքուն եղել է նաև մեր քաղաքը: Ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառներում` նավթային արդյունաբերությունից մինչև սպասարկման ոլորտ, մենք ունեցել ենք բարձր որակավորման մասնագետներ: Հայերը համարվում էին պատվավոր մարդիկ, որովհետև բոլորը ծառայություն ունեին»,— ասում է Վլադիմիր Մովսիսյանը: Բաքվի երբեմնի «պատվավոր» քաղաքացի, ինժեներ-մեխանիկ Ռոբերտ Միլիք-Փաշաևը, որ այդ քաղաքում թողել է հինգսենյականոց բնակարանը և 1988 թ. նոյեմբերից հաստատվել Հայաստանում, ղեկավարում է «Վերադարձ Հայք» հասարակական կազմակերպությունը և արդեն իր երևանյան բնակարանում դառն ափսոսանքով ասում է. «Բաքուն մի քաղաք է, որը հայերը կառուցեցին և նվիրեցին ադրբեջանցիներին: Ցավոք դարեր շարունակ մեր կառուցածը թողնելով թշնամուն` հեռացել ենք ու փրկել մեր կյանքը»: «Նավթային» մայրաքաղաքի հայությունը տեղահանվեց երկու փուլով: Առաջին ալիքը գաղթեց Բաքվից` սարսափած Սումգայիթի 1988 թ. փետրվարյան արյունոտ դեպքերի կրկնությունից, իսկ երկրորդը` 1990 թ. հունվարյան ջարդերի յոթնօրյակից հետո: «Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականների համար ես կարողացել եմ շատ բան անել` ելնելով մեր երկրի հնարավորություններից: Իսկ մեր հնարավորությունները սահմանափակ էին, որովհետև 1988 թ. երկրաշարժը մոտ 40 տոկոսով կազմալուծել էր տնտեսության բոլոր ճյուղերը: Այդ ծառայություններով հանդերձ ես մեղքի իմ բաժինն ունեմ, որովհետև 1988-ից հետո բաքվեցիների մի մասին համոզեցի վերադառնալ: Մենք բանակցում էինք ադրբեջանական իշխանությունների հետ, և այնտեղ վիճակն այդ ժամանակ խաղաղվել էր, ու մոտ 30 հազար մարդ վերադարձավ` հիմնականում խառն ընտանիքների ներկայացուցիչներ»,— պատմում է Վլ. Մովսիսյանը: 1990 թ. Բաքվում մնացել էին այն հայերը, ովքեր դեռ հավատում էին փլուզման եզրին գտնվող խորհրդային հասարակարգի փուչ գաղափարներին, կամ էլ նրանք, ովքեր չէին կողմնորոշվել, թե ուր գնան: 1990 թ. Հին Նոր տարվան հաջորդած մի քանի օրերին` հունվարի 12-19-ը Բաքվում տեղի ունեցածը հայ բնակչության նկատմամբ նախօրոք մշակված ու կազմակերպված ջարդ էր: Պաշտոնական թվերով այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում սպանվել է 60-70 հայ, իսկ Զորի Բալայանը համոզված է, որ զոհերի թիվը հասնում է 250-ի: Հայերից շատերը լաստանավերով տեղափոխվեցին Կրասնովոդսկ քաղաք, որտեղ իշխանությունները նրանց հատկացրին փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր: Ականատեսների վկայությամբ բաքվեցի հայերի փրկության հիմնական փոխադրամիջոցն այդ օրերին լեփլեցուն լաստանավերն էին, և ազերիները հաջողում էին մեծ գումարներ շորթել: «Ամեն ինչ սկսվեց 1988-ին: Սումգայիթում 3 օր ջարդեր էին տեղի ունենում, իսկ մենք Բաքվում ոչինչից տեղյակ չէինք... Շենքերի մուտքերին գրում էին` «Հեռացեք, հայեր», իսկ պատերին կարմիր գույնի կացին էին նկարում` սպառնալով սպանել: Ես համոզված էի, որ այդ ամենի վերջը վատ է լինելու: Երեք աղջիկներիցս երկուսին 1988 թ. ուղարկել էի Երևան: Ես էլ էի մեկնել, բայց հետո վերադարձել էի: Հիշում եմ` մի օր Ադրբեջանի ազգային հեռուստատեսությամբ հանրապետության նախագահ Ա. Վեզիրովն ազդարարեց, թե Կենտրոնը մեր ձեռքերում է, ժամանակն է ոչնչացնել բոլոր հայերին: Դա 1990 թ. հունվարի 12-ին էր: Հունվարի 12-19-ը սև շաբաթ էր Բաքվում: Նախօրոք ԲՇՏ-ներից ցուցակով ճշտել էին բոլոր հայերի հասցեները: Դա Բաքվից վերջին հայերին «մաքրելու» ծրագիր էր: Մի շաբաթ կոտորում էին, իսկ սովետական զորքը քաղաքի սահմանների մոտ սպասում էր, և միայն հունվարի 20-ին մտավ` կանխելով ավելի սարսափելի արյունահեղությունը: Սակայն մինչ օրս ոչ ոք չի մեղադրվել այդ ցեղասպանության համար... Ես ապրում էի Լենինի պողոտայի շենքերից մեկում: Առավոտյան երկու ճամպրուկով դուրս եկա, խուժանը տարբեր կողմերով առաջ էր ընթանում: Մտածեցի` վերջ, հիմա ինձ ճամպրուկներով կտեսնեն ու անպայման կկռահեն, որ հայ եմ: Այդ պահին «Դրուժբա» կինոթատրոնի մոտ տաքսի նկատեցի: Լսել էի, որ տաքսիստները հայ կանանց սպանում են ու մի կողմ նետում: Սակայն ռիսկի դիմեցի, նստեցի մեքենան ու սկսեցի ադրբեջաներեն խոսել: Վարորդն ինձ հասկացրեց, որ ինքն էլ է հայ, սակայն զգուշացրեց, որ օդանավակայանը փակ է: Որտեղով անցնում էինք` զինված հրոսակախմբերի էինք հանդիպում: Մի կերպ հասանք օդանավակայան: Դա հունվարի 15-ին էր: Հայերին նստեցնում էին նավերն ու խորտակում: Նրանց թալանում էին, բռնաբարում, կենդանի-կենդանի այրում: Այնտեղ ապահովված կյանք եմ վարել, բայց երբեք չէի ցանկանա վերադառնալ ու տեսնել այդ քաղաքը: Ինձ չհաջողվեց անգամ հորս գերեզմանից մի բուռ հող բերել Հայաստան, որովհետև երբ մի օր մոտեցա հայկական գերեզմանատանը, հեռվից նկատեցի, որ տարածքը բեռնատար մեքենաներով շրջապատված է, և հավաքված ադրբեջանցիներն ավերում են գերեզմանաքարերը»,— պատմում է «Կանայք և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, բաքվեցի 68-ամյա Անգին Առաքելյանը: «Մեծ քրոջս` Զինաիդային այնպես էին ծեծել, որ մի կերպ ենք փրկել և 1989 թ. դեկտեմբերի 21-ին գնացքով բերել Հայաստան: Նա միակ հայուհին է (բնակվել է Բաքվի Մայիսմեկյան - 251 հասցեում), ում Բաքվի Սեմինսկոյ շրջանի ոստիկանության բաժանմունքը տվել է փաստաթուղթ` բնակարանի գույքի ոչնչացման փաստի առթիվ: Հրաման կար հայերին չթույլատրել վերցնել որևէ իր: Բարձված մեքենաների վրա հարձակվում էին, ջարդում կացիններով, ռետինե մահակներով: Բաքվեցի փախստականների մեծ մասը մեկնել է Ռուսաստան, տարեցներն են մնացել Հայաստանում»,— ասում է «Երջանիկ» մանկական բարեգործական ՀԿ նախագահ, բաքվեցի Իննա Ակոպովան: «Վերադարձ Հայք» ՀԿ նախագահ Ռոբերտ Մելիք-Փաշաևի կարծիքով 1990 թ. Բաքվի հունվարյան իրադարձություններին մինչև օրս չի տրվել իրավական և քաղաքական համարժեք գնահատական: «Թերթերում նույնիսկ հրապարակումներ եղան, թե Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի են ունեցել ազգամիջյան բախումներ: Ազգամիջյան ընդհարումները հաստատող պաշտոնական գրություն 1996 թ. Հայաստանի Կառավարությունը ներկայացրել է փախստականների հիմնախնդիրներին նվիրված Ժնևի միջազգային կոնֆերանսում, որի աշխատանքներին մասնակցելու հրավեր ունեի նաև ես: Եթե տարիներ առաջ որևէ մեկը Հայաստանում հայտարարեր, թե այդ քաղաքներում տեղի են ունեցել ազգամիջյան բախումներ` նրան կգնդակահարեին, իսկ ադրբեջանցիների իրագործած զանգվածային կոտորածին 1996 թ. հայկական կողմից միջազգային հանրությանը ներկայացվեց նման գնահատական»,— ասում է Մելիք-Փաշաևը: Նա պատմում է, որ 1990-ականներին Փախստականների հարցերով վարչությունում աշխատելու տարիներին իրեն է դիմել իրավապահ մարմինների մի աշխատակից ռուս սպա և դիակների ինքնությունը ճանաչելու նպատակով առաջարկել Բաքվում մահացած հայերի նկարների ստվար փաթեթ: «Երբ տեսա այդ նկարները` սարսափելի վատ զգացի: Հետո դրանք վերադարձրի և հիմա շատ զղջում եմ, որ ձեռքիցս բաց եմ թողել այդ հույժ կարևոր վավերագրերը: Բոլոր փաստաթղթերը հիմա ԽՍՀՄ դատախազության, Ներքին գործերի, Պետական անվտանգության մարմինների պահոցներում են: Հայաստանի Կառավարությունը կարող է պահանջել այդ արխիվը»,— ասում է զրուցակիցս և շարունակում:— Երբ 1985 թ. Հայաստանում նշվում էր Եղեռնի զոհերի 70-ամյակը` ադրբեջանցիներն այդ օրը համազգային հարսանիք էին կազմակերպել: Բազմաթիվ էին ատելությունն ու անհանդուրժողականությունը խորացնող միջադեպերը: Բաքվի Մայիլյան թատրոնն այրեցին, հետո մեղքը բարդեցին հայերի վրա: 1989 թ. Բաքվից մեծ դժվարությամբ 75 մարդու ինքնաթիռով տեղափոխեցինք Հայաստան: Ադրբեջանցիները մեծածավալ նախապատրաստական աշխատանքներ էին տանում Բաքվում մնացած հաերին կոտորելու համար: Ճշտել էին բոլորի հասցեներն ու սկսել թալանել, բռնաբարել, մորթել, ջարդել»: Բաքվի Բայիլովի շրջանում ապրում էր Օվանեսովների ընտանիքը: Տարեց ամուսինների դուստրը հաշմանդամ էր, իսկ որդին` տաղանդավոր ջութակահար: Վերջինս ականատես է լինում, թե իրենց բնակարան ներխուժած բարբարոս ադրբեջանցիներն ինչպես են ծաղրում ու բռնաբարում հաշմանդամ քրոջը, իսկ ծեր ծնողներին` դաժանորեն ծեծում: Երիտասարդ արվեստագետը, որ ողջ կյանքում միայն ջութակ էր բռնել` կացնահարում է ջարդարար գազաններից մեկին, իսկ երկրորդին` դարձնում խեղանդամ: Տուժած ադրբեջանցու հայրը դիմում է ոստիկանություն, և Սաշա Օվանեսովին սկսում են ադրբեջանական կալանավայրերում խոշտանգել: Ադրբեջանցիներին չի հաջողվում սպանել հայ երիտասարդին, քանի որ նրա դատական գործով զբաղվող միջազգային քննչական խմբերը հետևողական հսկողություն էին սահմանել: Միայն ծայրաստիճան խեղված վիճակում ջութակահարն արդարացվում է: Ռ. Մելիք-Փաշաևն ասում է, որ Սաշա Օվանեսովը Բաքվից հասել է Երևան և բոլորից մոռացված ու անլուր աղքատության մեջ կնքել իր մահկանացուն: Սաշա Օվանեսովի միջադեպը հարմար պատրվակ էր ադրբեջանցիների համար` աղաղակելու, թե հայերն ադրբեջանցիներին իրենց երկրում սպանում են: «Այսօր այդ դեպքերը վերախմբագրվում են, և դահիճի կարգավիճակում գտնվողը դառնում է զոհ, իսկ զոհը` դահիճ: Ադրբեջանցիներն արդեն հատուկ օրեր և գերեզմաններ ունեն, որոնք դարձրել են ուխտատեղի և այցելած բարձրաստիճան հյուրերին ուղեկցում են այնտեղ: Եվ ցույց են տալիս, իբրև թե ռուսական զորքերը կոտորել են իրենց ազգակիցներին: Եթե չլինեին ռուսական զորքերը` այդ կոտորածները կարող էին ավելի մեծ չափերի հասնել: Ես շատ ցավում եմ, որ անգամ Ռուսաստանից Բաքու գնացող որոշ գործիչներ այցելում և պսակ են դնում այդ վայրում: Ես էլ եմ ափսոսում զոհերի համար, բայց ոչ նրանց, ովքեր դահիճ են եղել»,— ասում է Վլ. Մովսիսյանը:
|