Շվեյցարիայում ապրում է շուրջ 4500 հայ, մի մասը 1915 թ. ցեղասպանությունից փրկված և Շվեյցարիայում ապաստան գտած հայերի սերունդներն են, մյուս մասը եկել է Սիրիայից, Եգիպտոսից, Լիբանանից:
Լիբանանից եկել և Շվեյցարիայում հաստատվել է նաև Հակոբ ԱՎԱԿՅԱՆԸ: Ժնևի կենտրոնում է գտնվում նրա Avakia Tapis d Oriet («Ավակյանի արևելյան գորգեր») ընկերությունը: Հ. Ավակյանը 1870 թ. հիմնադրված ընտանեկան բիզնեսի չորրորդ ներկայացուցիչն է:
Հ. Ավակյանը վերանորոգում է հնագույն գորգերն ու կարպետները: Շվեյցարիայի մաքսային վարչության հնաոճ իրերի անտիկվարիատ հարցերով փորձագետ է: Զբաղվում է նաև քաղաքականությամբ, Շվեյցարիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ է, Ժնևի մասնաճյուղի փոխատենապետը: Նա հայ բանաստեղծ, բժիշկ, ցեղասպանության զոհ Ռուբեն Սևակի եղբորորդի Հովհաննես Չիլինկիրյանի դստեր` Շամիրի ամուսինն է:
Հովհաննես Չիլինկիրյանը ցանկանում է Հայաստանում ծրագիր իրականացնել` կապված մեծանուն գրող Ռուբեն Սևակի հետ: Օրեր առաջ Հ. Ավակյանը հենց այդ նպատակով Հայաստանում էր: Նա նախ այցելեց գրողի անվան դպրոց, ապա մասնակցեց սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած՝ Ռուբեն Սևակի հատընտիր բանաստեղծությունների ժողովածուի և ձայնասկավառակի շնորհանդեսին:
Հ. Չիլինկիրյանի հովանավորությամբ Ֆրանսիայի Նիս քաղաքում հիմնադրվել է Ռուբեն Սևակի Հիշատակի տունը: Հ. Չիլինկիրյանը մեծ ուշադրություն է դարձնում նաև Երևանի վերոնշյալ դպրոցին: Հ. Ավակյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` Ռուբեն Սևակի գրքերի նկատմամբ ուշադրության համար: Նաև «Հայ փոստին»՝ Ռուբեն Սևակի դիմանկարով հոբելյանական դրոշմանիշ թողարկելու համար: «Կցանկանայի, որ Սևակի անվան դպրոցը լիներ սփյուռքի և Հայաստանի հայության կապը», ասաց Հ. Ավակյանը:
Թե հետագայում Ռ. Սևակի հետ կապված ինչ ծրագիր է իրականացվելու` պարոն Ավակյանը չցանկացավ բացահայտել, փոխարենը սիրով հյուրընկալվեց «Հայաստանի զրուցակցի» խմբագրությունում և պատասխանեց մեր հարցերին:
99,9 տոկոսով հայ եմ
Պարոն Ավակյան, ձեր ընտանիքն ինչպե՞ս հայտնվեց Շվեյցարիայում:
1886 թ. պապս Արևմտյան Հայաստանից գաղթել է Սիրիա` Հալեպ: 1929-ին հայրս` Տիգրան Ավակյանը, որոշել է եղբայրների հետ տեղա-փոխվել Լիբանան, որտեղ էլ ծնվել եմ ես: 1975 թ. լիբանանյան քաղաքացիական պատերազմի պատճառով մեր ընտանիքը ստիպված էր նորից գաղթել. եղբայրներս տեղափոխվեցին Լոնդոն, իսկ ես` Շվեյցարիա: Միշտ ասում եմ` ով արհեստ ունի, միայն մի գիշեր քաղցած կմնա, այն էլ` եթե տրամադրություն չունի: Շվեյցարիա տեղափոխվելու երկրորդ օրն աշխատանքի ընդունվեցի գորգագործությամբ զբաղվող մի ընկե-րությունում: Իմ արհեստով մեծ օգնություն եմ ցուցաբերում Շվեյցարիայի տնտեսությանը: Գորգի վնասված հատվածները մեկ շաբաթում այնպես եմ վերանորոգում, որ հետքն անգամ չի երևում: Ի դեպ եղբայրներս էլ Անգլիայում` Լոնդոնում են զբաղվում նույն գործով:
Հայերեն բավականին լավ եք խոսում: Զարմանալի է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ձեր ընտանիքում երեք սերնդի մայրերը հայեր չեն եղել:
Մայրս հայերեն չէր խոսում, բայց ամեն ինչ անում էր, որպեսզի մենք հայկական դաստիարակություն ստանանք: Լիբանանի մեր տանն արաբերեն խոսելն արգելված էր: Իհարկե, ես արաբերեն էլ լավ գիտեմ, հայերեն էլ, բայց միևնույն է` 99,9 տոկոսով ինձ հայ եմ համարում: Քանի որ հայրս աշխատանքի էր, մայրս մեզ ընդգրկեց հայկական սկաուտական շարժումների, երգի, պարի խմբակների մեջ: Երջանիկ ու բախտավոր եմ համարում ինձ, որ ծնվել, մեծացել եմ լիբանանահայ համայնքում, քանի որ այնտեղ հայ ոգի կար: Ինչպես հայն է իր հայրենիքում ապրում, հայերեն խոսում, սովորում, հայեցի դաստիարակություն ստանում, այդպես էլ մենք՝ Լիբանանում: 16 տարեկան էի` պետք է հեծանիվի մրցումների մասնակցեի, արաբական աշխարհի չեմպիոն էի, բայց փորձի գնալու տրամադրություն չունեի: Հայրս հարցրեց` Հակոբ, գործ չունե՞ս այսօր, ասացի՝ ունեմ, պետք է փորձի գնամ, բայց չեմ ուզում: Ասաց` մրցումներին մասնակցելո՞ւ ես, ասացի՝ այո: Դե հենց հիմա գնա փորձի: Հակոբ Ավակյան անունը կամ պետք է վերևում գրվի, կամ ընդհանրապես չգրվի: Նույնկերպ փորձում եմ դաստիարակել իմ երեխանե-րին:
Միջազգային ասպարեզում թերահավատորեն էին վերաբերվում գորգի հայկական լինելու փաստին...
Պարոն Ավակյան, հայկական գորգագործության մշակույթը վաղնջական ակունքներ ունի, բայց դա քչերին է հայտնի...
Այո, ճիշտ եք: Հայկական լեռնաշխարհը գորգագործական մշակույթի բնօրրաններից է: Հայերն աշխարհի առաջին գորգ հյուսողներից են եղել: Մեր ազգային հպարտությունն է գորգագործությունը: Հայկական ծագում ունի նաև 1949-ին Լեռնային Ալթայում պեղված և այժմ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում պահպանվող 2500-ամյա «Պազիրիկ» գորգը: Միջազգային ասպարեզում թերահավատորեն էին վերաբերվում գորգի հայկական լինելու վարկածին` այն վերագրելով թուրքերին, իրանցիներին: Ես մի քանի օր եմ անցկացրել Էրմիտաժում պահվող հայ-կական գորգի մոտ, ուսումնասիրել եմ այն: Երբ կանգնել էի այդ գորգի առջև, կարծես այն ինձ ասում էր` ես հայ եմ: Երբ ուսումնասիրեցի ձևավո-րումը, հասկացա, որ բացի հայից՝ այն չի կարող լինել այլ ազգի աշխատանք: Որպես Եվրոպայի հայ գորգավաճառների միության պա-տասխանատու` Ժնևում մեծ կոնֆերանս կազմակերպեցի, աշխարհի տարբեր կողմերից շուրջ հարյուր հոգի մասնակիցներ կային: Նրանց մեջ էր նաև գորգի մեծ մասնագետ Ուլրիխ Շուրմանը: Նա գիրք տպագրեց, որտեղ ապացուցում է, որ այս գորգը միայն հայերի ձեռքով է հյուսվել, այն հայկական է: Պետք է Էրմիտաժում ևս ավելացնել, որ գորգը հայկական ծագում ունի: Ես շատ եմ վշտանում, որ հայկական հին գորգերի մասին գրեթե տեղեկություններ չկան: Հազարավոր տարիներ առաջ հյուսված գորգերը, դժբախտաբար, չեն պահպանվում: Ֆրանսիա-կան հեռուստաալիքով գրեթե մեկ ժամ խոսել եմ հայկական գորգերի մասին: Պետք է այնպես անենք, որ մեզ ճանաչեն, իմանան, տեսնեն: Հայե-րից շատերը ևս չգիտեն, տեղյակ չեն: Հիմա ես Հայաստանում եմ, գնում եմ հայերի տուն, հիանալի տներ ունեն, մեծ գումարներ են ծախսել, հայտնի տեխնիկա են գնել, իսկ հատակին գորգ չկա: Արևելքում այդպես չէ: Հայերն իրենց մշակույթը կորցնում են, բայց դա մեր ազգային հպարտությունն է, մեր ժողովրդի աշխատանքն է: Հիմա հյուսվող գորգերի մասին չէ խոսքը, այժմյանները հայկական գորգի հետ կապ չունեն: Հայաստանում գորգ են գործում, բայց դա հայկական չէ: Նոր գորգ գործելն այսօր հեշտ է: Պետք է իմանալ, թե հին գորգեր երբ են հյուսվել, ով է գործել: Տիպիկ հայկական գորգերը քիչ են: Ու հենց այդ քիչ հանդիպող գորգերը ազերիները ներկայացնում են որպես իրենցը, այդ պատճառով մի քանի անգամ արգելել եմ, որ գորգերի ցուցադրություններին նրանք մասնակցեն:
Արևմուտքում արևելյան գորգերը պահանջվա՞ծ են:
Այս գորգերի արժեքն Արևմուտքում ավելի լավ գիտեն, քան Արևելքում: Արևմուտքում հարգում ու հասկանում են այս արվեստը, գիտեն, որ գորգ հյուսելը հեշտ չէ: Գորգ կա, որը հյուսելու համար մի քանի տարի է պահանջվում: 
Դուք ցանկանում եք Հայաստանում գորգերի թանգարա՞ն հիմնել:
Այո: Իմ ընկերության հավաքածուում 19-րդ դարի բացառիկ գորգեր կան: Դրանց հիման վրա Հայաստանում և Ղարաբաղում ցան-կանում եմ գորգերի թանգարան հիմնել:
Ժնևի հայ գաղութը հզոր է
Պարոն Ավակյան, 2003 թ. դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սա փաստում է, թե հայերը որքան ազդեցիկ են Շվեյցարիայում:
Այսօր շվեյցարահայ համայանքը սփյուռքի ամենակուռ համայնքներից է, առանձնանում է ինքնակազմակերպվածության բարձր մա-կարդակով: Ծագումով հայ քաղաքական գործիչների շնորհիվ էր, որ Շվեյցարիայում հաջողվեց հասնել Հայոց ցեղասպանության ճա-նաչման օրինագիծը ներկայացնելուն, ընդունելուն, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք որա-կելուն: Թուրքիան իհարկե մեծ ճնշումների դիմեց: Բայց մեր փոքրիկ գաղութը կարողացավ այդ երկրի դեմ պայքարել, քանի որ մեր հարցն արդար էր, դրա համար էլ մենք զորավոր ենք: 107 կողմ, 52 դեմ ձայնով ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի որակ-վեց: Պետք է տեսնեիք, թե ինչպես պոռթկացինք, վախի մեջ էինք: Բավականին մեծ աշխատանք տարանք և արդյունքը տեսանք: Բայց պայքարը պետք է շարունակական լինի:
Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման հարցում ևս պայքար է սկսվել:
Առաջին անգամ նախագիծն օրակարգ է բերվել 2008 թ.: Նույն տարվա մայիսին ստացել է Ժնևի քաղաքապետարանի հավանությունը, սակայն նախագծի իրականացմանն այն ժամանակ խոչընդոտեցին Շվեյցարիայի թուրքական կազմակերպությունները և կառավա-րությունը: Այս տարի մարտին Ժնևի կանտրոնի քաղաքային խորհուրդը Ժնևի հայկական սփյուռքի խնդրանքով վավերացրեց քաղա-քում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրելու նախագիծը: Ծախսերի 400 հազար շվեյցարական ֆրանկ հոգալու է Շվեյցարիայի հայկական համայնքը, իսկ 100 հազարը` քաղաքապետարանը: Ժնևի թուրքական կազմակերպությունների համադաշնությունը այսօր էլ մեծ պայքար է մղում ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ: Նրանք անում են հնարավորը, որպեսզի արգելեն հուշարձանի կառուցումը: Իսկ Շվեյցարիայում ուժեղ դիրքեր ունեցող հայկական լոբբին ամեն ինչ անում է, որպեսզի ցեղասպանության հուշարձա-նը հնարավորինս շուտ կանգնեցվի:
Փոքրաթիվ շվեյցարահայ համայնքին իսկապես հաջողվում է մեծ գործեր անել:
Ժնևի գաղութը հայախոս է, ձուլված չէ: Փոքր է, բայց արած գործերը շատ մեծ են: Մենք կազմա կերպված ենք: Գաղութը պետք է հան-գիստ լինի, որպեսզի կարողանա իր ողջ ուժը կենտրոնացնել հայապահպանության գործին: Ժամանակին այստեղ տարբեր կուսակ-ցություններ` դաշնակ, հնչակ, ռամկավար, պայքարել են միմյանց դեմ: Բայց դա եղել է մինչև 1950-ականները: Այսօր այլևս որպես սփյուռք նման խնդիր չունենք: Պետք է միմյանց հետ համագործակցենք, միասին պայքարենք, պարզապես այդ պայքարը կազմակերպված չէ:
Այսինքն Ժնևի հայ գաղութը հզոր է, Հայաստանի հետ համագործակցությո՞ւնն է թույլ:
Մեր ամբողջ ժողովրդին համախմբվածություն ու միասնականություն են պետք: Երբ Շվեյցարիան ճանաչեց Հայոց ցեղասպանու-թյունը, աջ ու ձախ աղաչեցինք բոլոր հաստատություններին, որ երկու տող գրեն, շնորհակալսւթյուն հայտնեն Շվեյցարիայի պալատին, բայց՝ ոչինչ: Այսօր աշխարհում լոբբինգ է պետք: Այդ գործը պետք է համագումարը անի: Բայց ո՞ւր է հայկական համագումարը, չեմ տեսնում այդ հայկական համագումարը: Շատ մեծ ոգևորությամբ գնացինք Մոսկվա, ինքս մեծ հավատ ունեի: Համագումարը եղավ ու... վերջ: Այլևս ոչ մի համագործակցություն: Կազմակերպված չենք. պետք է բոլորս միասին գործենք` սփյուռքն ու Հայաստանը, պետք է ընդ-հանուր մի ծրագիր մշակենք: Արցախի հարցը շատ լուրջ է, դիմացինները պատրաստվում են, մենք ևս պետք է պատրաստ լինենք: Ծրա-գիր է պետք Արցախի համար: Նայեք հրեաներին, նրանք ծրագիր ունեն, դրա համար էլ հաջողություններ ունեն: Կամ՝ ազերիները. նրանք Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ մեծ գումարներ են ծախսում, մեծ աշխատանք են տանում, թուրքերից ավելի շատ, դրա համար մենք պետք է զգույշ լինենք: Զգույշ լինենք հատկապես Ղարաբաղի հարցում: Վերջերս հանդիպեցի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, բավականին երկար զրուցեցինք: Շատ ուրախ եմ, սիրտս հանգիստ է, որ հենց այդ մարդն է ղեկավարում երկիրը: Նա շատ հեռուն է տեսնում:
Հայաստանի ապագայի հանդեպ է՞լ եք այդպես տրամադրված:
Ընդհանրապես՝ ես միշտ լավատես եմ եղել, բայց հիմա մտահոգ եմ: Հայերը թողնում - ֏ գնում են երկրից: Իսպանիայում մի քանի տարի առաջ 250 հայ էին, հիմա հայությունը 80000 է: Մահու բան է: Կառավարությունը պետք է պատասխանատու լինի դրա համար: Վարչապետը շատ լավն է, բայց ապագայի ծրագիր չունենք, դրա համար մարդիկ հույսը կորցրած լքում են, գնում: Մյուսներին էլ պետք է հնարավորություն տանք ապրելու: Պետք է նրանց համար աշխատատեղեր բացենք, չպետք է ուրախանանք, որ նրանց գնալով գու-մարների մուտքը Հայաստան մեծ կլինի: Այդ գումարների մուտքը պետք է տուրիզմով կազմակերպել, երկիրը պետք է տուրիզմով զարգացնենք: Յուրաքանչյուր հայ աշխարհի որ երկրում ապրում է՝ պետք է փորձի հայրենիքում իր ներդրումն ունենալ: Եթե աշխատա-տեղեր ստեղծվեն` ոչ ոք չի թողնի ու հեռանա:














