Մաս 1. Դե Տուկոմստ
Ֆուտբոլը` համաշխարհային թիվ մեկ խաղը, ֆինանսական առումով աստիճանաբար ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում և ավելի մեծ թվով միլիարդատերերի ժողովում իր հովանու ներքո: Նրանք ակումբներ են գնում, հայտնի աստղերի և խաղերի ժամանակ նստելով VIP-օթյակում` իրենց ազատ րոպեները վայելում մի բաժակ վիսկիով կամ կոնյակով:
Այդ հաջողակ մեծահարուստները պատկանում են երկու կարգի. ովքեր հենց սկզբից արդյունք են ակնկալում` գնելով նորանոր «ռոնալդուներ» և «տորեսներ», և նրանք, ովքեր նայում են դեպի ապագան` իրենց եկամտի որոշ մասն ակնկալելով «վաղվա» ֆուտբոլից:
Թերևս գերադասելի է առաջին տարբերակը, բայց այդ դեպքում քո թիմում ո՞վ պետք է խաղա, ասենք, 10 տարուց հետո:
Ֆուտբոլային «ապագայում» ներդրում անողների` իրենց երազանքի թիմը տեսնելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քանի որ նրանք որպես կանոն գերադասում են արդյունքին սպասել ավելի համբերատար: Այն ստանալուց հետո (ինչը գրեթե կասկած չի հարուցում) կարող են փաստել, որ հենց իրենք են ֆուտբոլին նոր արյուն ներարկել:
«Վաղվա» ֆուտբոլը լեգենդար խաղացողներ թրծում է նրանց մանկական տարիքից: Ո՞վ գիտի` ի՞նչ կլիներ Պելեի, Մարադոնայի, Զիդանի, Ռոնալդուի կամ Մեսիի հետ, եթե հանգամանքներն այնպես դասավորվեին, որ նրանք հնարավորություն չստանային իրենց հազվագյուտ տաղանդը բացահայտել «կանաչ» տարիքից: Ֆուտբոլային աշխարհը, անկասկած, շատ աղքատ կլիներ: Այսպիսով` խոսենք ֆուտբոլային գլխավոր ինստիտուտներից մեկի մասին, որն անվանում են մարզադպրոց:
Կարծում եմ` ճիշտ կլինի զրույցն սկսել վերջին 50 տարիների ֆուտբոլային կարևորագույն «ծննդատնից»` Հոլանդիայից:
«Ապագա». հոլանդերենից հենց այսպես է թարգմանվում Ամստերդամի «Այաքս» թիմի լեգենդար մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցի անունը: Ասված է հստակ և դիպուկ, այնպես չէ՞: Յուրաքանչյուր տղա, որը դեռ 4-5 տարեկանից երազում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ցանկանում է հայտնվել այնտեղ: Խոսքը միայն հոլանդացի մանուկների մասին չէ. երեք ամիսը մեկ ամբողջ աշխարհից այստեղ է գալիս շուրջ 5 000 երեխա` երազելով համալրել մարզադպրոցի սաների շարքերը: Անշուշտ, ոչ բոլորին է հաջողվում սկզբնական քննությունը հանձնել, և նույնիսկ բարեհաջող անցնողներն էլ վստահ չեն, որ հետագայում անվանի խաղացողներ են դառնալու: Բայց եթե ուժերիդ հավատում ես` փորձել անկասկած պետք է:
Եթե քննությունը բարեհաջող հանձնում են ասենք 1 000 թեկնածուներ` մարզադպրոց ընդունվում են հենց 1 000-ը, եթե 15-ը` ուրեմն 15-ը: Թիմի ղեկավարներն ինչպե՞ս են ապահովում այդ հսկայաքանակ սաների ապրուստը, հանդերձանքը և այլն: Բանն այն է, որ «Տուկոմստը» գտնվում է ոչ թե բուն մայրաքաղաքի տարածքում, այլ արվարձաններից մեկում. ունի իր սուպերմարկետները, կինոթատրոնը, խաղահրապարակը և բնակարանային համալիրները: Այսինքն ֆուտբոլային յուրօրինակ քաղաք է:
Աշակերտները խմբերի են բաժանվում են ըստ տարիքի: Մարզիչների դիրքորոշումն այս հարցի շուրջ շատ պարզ է և հստակ. նույնիսկ Կրույֆի տաղանդն ունեցող պատանին պետք է անցնի ֆուտբոլային զարգացման բոլոր օղակներով: Այդ իսկ պատճառով ստեղծված է դասական միջնակարգ դպրոցի համակարգ, որի տևողությունը 10 տարի է և ընդգրկում է ոչ միայն ֆուտբոլիստի նախապատրաստական դասերը, այլև դպրոցական ծրագիրը: Ավարտելով այս հաստատությունը` երիտասարդը հնարավորություն է ստանում հանդես գալու «հրեաների» հիմնական կազմում, նաև հանձնում է ավարտական քննություններ հենց ակադեմիական ճամբարում` ձեռք է բերում միջնակարգ ուսուցման վկայագիր: Չնայած «Տուկոմստն» ապահովում է սաների բարձրակարգ կրթությունը, բոլորովին պարտադիր պայման չէ, որ տղաներն իրենց գիտելիքներն այստեղ ստանան: Նրանք կարող են հաճախել միայն մարզվելու համար: Ուսուցման ամբողջական համակարգը մեծամասամբ գործում է արտասահմանից ժամանած երեխաների համար:
«Ապագա» մարզադպրոցի առանձնահատկություններից կարելի է նաև նշել այն, որ մինչև 8-րդ դասարանը երեխաներին ֆուտբոլային հմտություններին ծանոթացնում են «Այաքսի» գործող ֆուտբոլիստները: Օրինակ` Մարտեն Սթեկելենբուրգը` իտալական «Ռոմայի» և Հոլանդիայի հավաքականի հիմնական դարպասապահը. նա հենց «Այաքսի» սան է և մինչև Հռոմ տեղափոխվելը երկար տարիներ հանդես է եկել ամստերդամցիների կազմում, շուրջ 5 տարի մարզել է մարզադպրոցի տարբեր տարիքային խմբեր:
Զուգահեռներ անցկացնելով ներկայիս ֆուտբոլիստների և հետագայում նրանց փոխարինող երիտասարդների միջև` հարկ է նշել, որ սկսած 16 տարեկանից` մարզադպրոցի աշակերտները մարզումների մեծ մասն անցկացնում են գլխավոր թիմի հետ, ինչը հնարավորություն է տալիս վարպետության դասեր ստանալ անմիջականորեն ավագ գործընկերներից:
«Հրեաների» լեգենդար ուսումնարանում իրենց տաղանդն են հղկել Յոհան Կրույֆը, Յոհան Նեսկենսը, Մարկո վան Բաստենը, Ֆրանկ Ռայկարդը, Դենիս Բերգկամպը, Էդգար Դավիդսը, Դե Բուր եղբայրները և շատ ուրիշ աստղեր:
Եզրափակելով զրույցս` չէի կարող չնշել, որ «Տուկոմստի» շրջանավարտներից է նաև մեր հայրենակից Արազ Օզբիլիսը, այժմ նա հաջողությամբ հանդես է գալիս Ամստերդամի գրանդի հիմնական կազմում:
Շարունակելի













