
«Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 5-ամյա Չարլի Ջեքսոնի հետ: Ջեքսոնն արդեն սկսել է մարզվել և շաբաթական մեկ պարապմունք է անցկացնում, գրում է բրիտանական The Daily Mail-ը: Թե ինչ պայմաններով և ինչ ժամկետով է կնքվել պայմանագիրը՝ չի ճշտվում: Ջեքսոնի ընտանիքն ապրում է Դենտոնում` Մանչեսթերի արվարձանում: Բացի ՄՅ-ի պարապմունքներից՝ երեխան հաճախում է Footytotz ֆուտբոլի դպրոց: ՄՅ-ի սկաուտները Ջեքսոնին ուշադրություն էին դարձրել դեռ 3 տարեկանում և երկու տարի նրան հետևել են:
Ջեքսոնի ծնողները ՄՅ-ի ամենասկզբունքային հակառակորդներից մեկի՝ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներից են: Տղայի հոր խոսքերով` որդին ևս երկրպագում է «Սիթիին», իսկ իր սիրած խաղացողներն են դարպասապահ Ջո Խարտը և հարձակվող Մարիո Բալոտելին: «Սկզբնական շրջանում, երբ նրան հրավիրեցին «Յունայթեդ», նա ցնցված էր: Բայց հիմա տարվել է, դա նրան շատ է դուր գալիս»,- ասում է Էնդի Ջեքսոնը` Չարլիի հայրը: