Անցած տարվա նոյեմբերի վերջին հրդեհված տների բնակիչների կյանքում այս ամիսներին գրեթե ոչինչ չի փոխվել: Քաղաքապետ Կարեն Կարապետյանի խոստումնալի այցից հետո քաղաքապետարանը նրանց ութ ամիս ապահովեց վարձավճարներով, բնակիչներին հուսադրելով, որ լինելու են իր ուշադրության կենտրոնում` մինչև խնդրի լուծումը: Այս ամիսներին ԶԼՄՆ-ները բազմիցս անդրադարձել են կորյունցիների խնդրին: Մենք ևս քաղաքապետարանից պարբերաբար տեղեկացել ենք տուժածների կարգավիճակի մասին: Ամեն ինչ կարծես թե լավ էր ընթանում, միայն թե կառուցապատող չէր հայտնվում: Տեսնելով, որ հարցի լուծումը ձգձգվում է, բնակիչները դիմել էին ՀՀ նախագահին և քաղաքապետին` հրդեհված տների վերականգնման թույլտվության համար, մտավախություն ունենալով, որ առաջիկա ձմռանը դարձյալ կմնան դրսում: Ի պատասխան ստացել են քաղաքի գլխավոր ճարտարապետի նամակը` թվագրված 15.06.2011. «Ներկայումս տվյալ տարածքի հնարավոր կառուցապատողի հետ տարվող բանակցություններն ավարտման փուլում են: Միաժամանակ քաղաքապետարանն արդեն մշակել է Կորյուն 23 բակի ընդհանուր տարածքի կառուցապատման սխեման:
Առաջիկայում ներդրողի հետ կքննարկվի համապատասխան պայմանագիր, որում ամրագրված շինարարության և իրացման ժամկետների մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ»:
Ամռանը բնակիչներն սկսեցին մտահոգվել, քանի որ օգոստոսի վերջին վարձավճարի երկրորդ ժամկետը լրանում էր. քաղաքապետարանը կշարունակի՞ իր աջակցութունը: Գրավոր դիմեցին քաղաքապետարանի ֆինանսների բաժին` պայմանագրի ժամկետը երկարաձգելու (այն չորս ամիսը մեկ նորացվում էր) և տների վարձակալման համար հերթական գումարն ստանալու ակնկալիքով: Երկար քաշքշուկից հետո նրանց պատասխանել են, որ ժամկետն արդեն սպառվել է, և նրանց խնդիրներով պետք է զբաղվի կառուցապատողը: Իսկ թե ով է այդ խորհրդավոր կառուցապատողը, որտեղից է գալիս, որ տեղ չի հասնում` ոչ բնակիչները, ոչ լրատվամիջոցներն այդպես էլ չեն կարողացել առայսօր ճշտել:
«Ենթադրենք` այդ կառուցապատողն իսկապես կա, չէ՞ որ մի շաբաթում, նույնիսկ մի ամսում չի կարող շենք կառուցել, մենք ինչպե՞ս և որտե՞ղ ենք ապրելու: Էլ չեմ ասում, որ սեփականատերը մենք ենք, բայց մինչև օրս ոչ ոք չի եկել և մեզ հետ բանակցել»,- մտահոգվում է Կորյուն 23-ի բնակիչ Արթուր
Սարգսյանը:
Հրդեհից հետո և «Կարմիր խաչից», և քաղաքապետարանից եկել են, տեղանքն ուսումնասիրել և գույքագրել, որպեսզի փոխհատուցում տրվի, բայց դա ևս շատ արագ հիմնավորապես մոռացվեց, ու չնայած ԶԼՄՆ-երի այսքան ամիսների համառ հիշեցումներին, որ մարդիկ ունեզրկվել են և գոյատևելու համար գրեթե ոչինչ չունեն, ոչ մի կերպ վերհիշեցնել չի հաջողվում:
Տուժած տասնչորս ընտանիքներից երեքն այսօր ուղղակի փողոցում են, մյուսներն ինչ-որ կերպ կարողացել են կացարանի խնդիրը լուծել: Հասկանալի է, որ կառուցապատողը մեկ օրում քաղաքացիների հարցը չի կարգավորելու: Եվ այդ ընթացքում մարդկանց գոյատևել է պետք: Այլ ելք չունենալով` նրանք վերադարձել են իրենց այրված տները, կիսախարխուլ սենյակները քիչ թե շատ կարգի բերել և բնակվում են. ոչ պատ կա, ոչ առաստաղ, կենցաղային տարրական պայմանների մասին խոսելն ավելորդ է: Տները, ինչպես նշված է քաղաքապետարանի հանձնաժողովի եզրակացության մեջ, «վերականգնման ենթակա չեն»: Իսկ «ցրտերի հետ ի՞նչ եք անելու» հարցին բնակիչները պատասխանեցին. «Անցած տարվա նման վրան կխփենք, վառարան կվառենք, գոնե տաք կլինի»:
Ավերակներում բնակվում են նաև կանայք և երեխաներ, ընդ որում տեղեկացանք, որ երկու կանայք արդեն հիվանդացել են, մինչդեռ առջևում ձմեռ է:
Կարծում ենք` մեր հրատարակումն ինքնանպատակ չի լինի, և քաղաքապետարանը կշարունակի ընդհատված օգնությունը` փողոցում հայտնված երեք ընտանիքին:














