Երևանի ծայրամասի բնակչության տրանսպորտային հոգսերըԵրևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի տրանսպորտային բարեփոխումները, թվում է, կոչված էին թեթևացնելու տեղափոխման հետ կապված` մայրաքաղաքի բնակիչների հոգսերը` ուղևորատրանսպորտային միջոցների պակասը, անսարքությունը, երթևեկության անկանոնությունը, գիշերային ժամերին տրանսպորտի պակասի պատճառով երկար ժամեր դրսում սպասելը և այլն: Անշուշտ բարեփոխումներից հետո այդ ոլորտը քիչ թե շատ բարելավվել է, բայց դա ընդամենը մի կաթիլ է ծովում, քանի որ այսօր էլ երևանցիների համար տրանսպորտը շարունակում է մտահոգիչ խնդիր մնալ: Առավել ևս մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում ապրող բնակիչների համար: Ես ընդամենը մեկ օրինակ կբերեմ, սակայն այն կարելի է ընդհանրացնել: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մալաթիա թաղամասը հիմնականում բաղկացած է սեփական առանձնատներից և կտրված բազմահարկերով շրջապատված մոտակա թաղամասերից, քաղաքի տարբեր մասեր հասնելու համար բնակիչները ստիպված են ոտքով երկար«ուխտագնացությունե կատարել դեպի հեռավոր տրանսպորտաշատ կանգառ, ինչը ժամանակի և էներգիայի ավելորդ կորստի, իսկ հաճախ նաև նյարդերի լարման պատճառ է դառնում, մանավանդ եթե ուշանում ես դասից, աշխատանքից կամ լուրջ ժամադրությունից: Չգիտես ինչու ծայրամասերի բնակիչները մեր քաղաքային կառավարության արհամարհական վերաբերմունքին են արժանանում, ասես երկրորդ կարգի մարդիկ են և արժանի չեն ավելի քաղաքակիրթ պայմաններում ապրել` ինչպես«էլիտարե թաղամասերում բնակվող երևանցիները:
Օրինակ` Արաբկիր համայնքում, մանավանդ Կոմիտաս փողոցում է կենտրոնացված Երևանում գործող տրանսպորտի զգալի մասը` տարբեր ուղղություններով միանգամից մի քանի երթուղի է աշխատում, և կարող ես մեկ տրանսպորտային միջոցով ուզածդ թաղամաս հասնել, ըստ որում կարճ երթուղով: Մինչդեռ Մալաթիայի, հատկապես«Ագաթի շենքերիե (ինչպես ժողովուրդն անվանում է«Ագաթե ինստիտուտի մոտակայքում կառուցված բնակելի թաղամասը) բնակիչների ընտրությունը սահմանափակ է: Այս թաղամասերում Երևանի Կենտրոն, Արաբկիր, Նորքի զանգված, Շենգավիթ և ևս մեկ-երկու թաղամասերի ուղղությամբ երթևեկում է ընդամենը հինգ ուղևորափոխադրամիջոց` 42, 75, 89, 90 համարի երթուղայինները և 24 համարի ավտոբուսը: Վերջինս ի դեպ այդ թաղամասի բնակիչներին Կենտրոն համայքին կապող միակ հարմար տրանսպորտն է, որը սահմանված ժամանակից շուտ` երեկոյան 18:00-19:00-ին այլևս երթուղի դուրս չի գալիս: Գծատերերը պատճառաբանում են, թե երեկոյան ժամերին 24-ի երթևեկությունը շահութաբեր չէ, քանի որ հատուկենտ մարդիկ են այդ ժամին օգտվում երթուղուց, և իրենք վնասով են աշխատում:«Մի քանի հոգու համար, նրանց տված մի քանի հարյուր դրամի համար բոլորովին իմաստ չունի վառելիք ծախսելըե,- իմ այն հարցին, թե ինչու է 24 համարի ավտոբուսը երեկոյան«ընդհատակե անցնում, պատասխանեց ավտոբուսներից մեկի վարորդը, ով բնականաբար փորձում էր պաշտպանել գծատիրոջ շահերը, այլապես նա, Աստված չանի, կարող էր խիստ զայրանալ:
Ի դեպ այս երթուղին համեմատաբար նոր է, և ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանից` երթուղու ավտոբուսներն ի սկզբանե վնասով են աշխատել: Ավտոբուսը միայն առավոտյան ժամերին է լիովին ծանրաբեռնված լինում, երբ աշակերտներն ու ուսանողները դասի են շտապում, դրանից հետո այն գրեթե կիսադատարկ է երթևեկում: Եվ քաղաքապետարանում մտադրություն կար երթուղին վերացնել: Սակայն ընդառաջելով Մալաթիայի բնակիչների խնդրանքներին` այն չվերացվեց, միայն կրճատվեց շահագործվող ավտոբուսների թիվը, հետևաբար մեծացավ երթևեկման ինտերվալը: Մալաթիայի բնակիչների հավաստմամբ հատկապես ամառային արձակուրդներին 24 համարի ավտոբուսը գրեթե հնարավոր չէր լինում որսալ, երբեմն ստիպված էին կես ժամից ավելի սպասել, այնինչ ավելի հեշտ էր 10-15 րոպեում հասնել բանուկ կանգառ: Թեև շատերը շոգին արևի տակ երկար չքայլելու համար նախընտրում էին երկու տրանսպորտային միջոց փոխել` մեկը մոտակա կանգառ դուրս գալու, մյուսն անհրաժեշտ վայր հասնելու համար: Իսկ դա համեստ աշխատավարձով ապրող, առավել ևս ուսանող պահող ընտանիքների համար մեծ շռայլություն է:
Էլ չեմ ասում, որ 24 համարի ավտոբուսի երթուղին այնպես է կազմած, որ քաղաքի կենտրոն հասնելու համար«շուրջերկրյաե ճամփորդություն է կատարում` Երրորդ մասով, Արշակունյաց պողոտայով, նոր միայն կրիայի արագությամբ հասնում Մաշտոցի պողոտա: Ես հատուկ հետևել եմ ժամացույցին և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Մալաթիա թաղամասից կենտրոն հասնելը տևում է ամենաքիչը 40 րոպե: Իսկ որքան նյարդեր ես վատնում` այդ ճանապարհին մինչև հասնում ես աշխատանքի` արդեն հոգնած ու վատ տրամադրությամբ: Էլ չեմ խոսում երեկոյան աշխատանքից տուն դառնալու մասին: Ճիշտ է` արդեն ուշանալու խնդիր չկա (եթե իհարկե կարևոր գործեր չունես), բայց այս դեպքում էլ հաճախ ստիպված ես լինում սպասման անիմաստ րոպեներ սպանել` հույս փայփայելով, որ հեռվում երևացող դեղին ավտոբուսը հենց քոնն է: Իսկ այն համառորեն չի գալիս: Եվ նորից հուսահատ քայլի ես դիմում` նստելով առաջին պատահած հարմար երթուղայինը, որ գոնե երկու տրանսպորտով հասնես տուն:
Մալաթիայի Շրջանային 47 հասցեի բնակիչ Գոռ Խաչատրյանին պահակի աշխատավարձը հազիվ է բավարարում ընտանիքի կարիքները հոգալու համար: Յուրաքանչյուր 100 դրամը նշանակություն ունի նրա ընտանեկան բյուջեի համար: Իսկ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում սովորող որդու համար միակ հարմար տրանսպորտային միջոցը հենց 24 համարի ավտոբուսն է, քանի որ համալսարանի կանգառով անցնող 98 համարի երթուղայինը մինչև իրենց թաղամաս է հասնում` արդեն գերբեռնված է լինում: Ավտոբուսի ուշանալու պատճառով բազմաթիվ անհարմարություններ են առաջանում` դասից ես ուշանում, կամ ստիպված ես լինում շատ վաղ արթնանալ, որպեսզի կես ժամ սպասելով` դասերից չուշանաս և կամ էլ ստիպված ես լինում 200 դրամ ճանապարհածախսով հասնել դասի:
Սրանք հոգսեր են, որոնք չեն կարող հասու լինել պաշտոնյաներին. նրանք երբեք էլ տրանսպորտի հույսին չեն մնում, այլապես դժվար թե նրանց նյարդերը դիմանային ամենօրյա տրանսպորտային քաշքշուկին, օրվա երկու-երեք ժամը տրանսպորտում անցկացնելու տաժանակիր փորձությանը:
Գոռ Խաչատրյանը դեռ հուլիսին նամակով դիմել էր քաղաքապետարան` խնդրելով կարգավորել իրենց թաղամասն սպասարկող երթուղիների ժամանակացույցը և հնարավորության դեպքում նոր երթուղիներ ավելացնել` Մալաթիայի, Արարատյան զանգվածի բնակիչներին քաղաքի տարբեր ծայրեր կարճ ճանապարհով հասնելու համար: Նրա նամակին ի պատասխան` քաղաքապետարանը խոստացել էր, որ ուսումնական տարին սկսելուն պես այդ թաղամասում շահագործվող մասնավորապես 24 համարի ավտոբուսները թիվը կավելացվի, ինտերվալը կնվազի: Ինչ վերաբերում է այդ թաղամասից քաղաքի տարբեր մասերի հետ տրանսպորտային ուղիղ կապ ստեղծելուն` քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը պատասխանել էր, որ դա հնարավոր չէ` մայրաքաղաքում շահագործվող ավտոբուսների սղության պատճառով:
Ուսումնական տարին արդեն սկսել է, սակայն 24 համարի ավտոբուսի խնդիրը մինչ օրս չի լուծվել: Եվ նորից այդ համարից օգտվողներն ստիպված են 20-30 րոպե կանգառում սպասել` աչքները ջուր կտրած և հետո էլ ձեռքները թափ տալ ու անհրաժեշտ վայր հասնելու համար այլընտրանքային քայլերի դիմել:
Ի դեպ տրանսպորտային վերջին բարեփոխումները ոչ միայն չլուծեցին մայրաքաղաքի բնակիչների խնդիրները, այլև տարբեր անհարմարություններ ստեղծեցին մարզերում ապրող, Երևանում աշխատող և սովորող քաղաքացիների համար: Մարզային ավտոբուսներից ու երթուղայիններից քաղաքը մաքրելու և դրանք ավտոկայանում կենտրոնացնելու որոշումից հետո Հայաստանի մոտակա վայրերից, քաղաքներից ամեն օր Երևան ժամանող քաղաքացիները ստիպված են բացի նախկին ճանապարհածախսից լրացուցիչ 100 դրամ վճարել` ավտոկայանից քաղաքի որևէ վայր հասնելու համար: Նույնը նաև տունդարձին` բացի սովորական ուղեվարձից` շրջանի տրանսպորտին հասնելու համար հերթական 100 դրամն է զոհ գնում: Եվ եթե պարոն քաղաքապետի աչքն ուրախանում է մայրաքաղաքի`«տրանսպորտաթափե եղած փողոցները տեսնելով ու սիրտը հրճվում է` իր աշխատանքից գոհացած, ապա շքեղ մեքենաների ու բարձր աշխատավարձի մասին միայն երազելու իրավունք ունեցող քաղաքացիների համար բարեփոխումներն ու բարեկարգումները իսկական փորձություն են դառնում:














