Բոլոր ժամանակներում ապրել են մարդիկ, ովքեր կարողացել են փոխել իրադարձությունների ընթացքը, ապաքինել տարբեր հիվանդություններ կամ կանխատեսել ապագան:
Պետական այրերը գիտակցելով այդ մարդկանց արտասովոր ուժը` փորձել են այն օգտագործել ոչ միայն իրենց համար կարևոր իրադարձություններն ու դրանց ելքն իմանալու, այլև երկրի ինքնապաշտպանությունն ամրացնելու և նորանոր տարածքներ զավթելու համար: Չնայած պատմաբանների հակասական վերաբերմունքին այդ մարդկանց նկատմամբ` նրանք շատ կարևոր դեր են խաղացել ոչ միայն առաջնորդների, արքաների, իշխանների անձնական կյանքում, այլև օգնել են կանխատեսել երկրին, պետությանը սպառնացող վտանգները և կանխարգելել դրանք: Զարմանալի չէ, որ խորհրդային տարիներին կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարտուղարներից յուրաքանչյուրն ունեցել է իր խորհրդական-էքստրասենսը կամ մոգը, ովքեր քիչ դեր չեն խաղացել պետության կայունացման, հաղթանակի գործում: Դա այսօր այլևս գաղտնիք չէ: Բնականաբար մեր օրերում ևս նման մարդկանց հեղինակությունը բավական բարձր է, և հարուստ ու ազդեցիկ մարդիկ հաճախ են դիմում նրանց խորհուրդներին, ով գիտի` գուցե հենց նրանց օգնությամբ էլ դեպի իրենց են «ձգում» հաջողությունը:Ովքե՞ր են նրանք` 21-րդ դարի մոգերը, ովքեր ավելի շատ հայտնի են էքստրասենս անունով և ինչո՞ւ է հենց նրանց տրվել գերբնականն զգալու և օգտագործելու մենաշնորհը: Ի՞նչ է էքստրասենսորիկան. մասնագիտություն, որը հարկավոր է սովորել տարիների ընթացքո՞ւմ, ի վերուստ տրված շնո՞րհ: Մեր հյուրն է հայտնի էքստրասենս, մասնագիտությամբ կիբեռնետիկ Ռուբեն ԲԱԲԱՅԱՆԸ:
- Ռուբեն, ձեր զբաղմունքի գիտական սահմանումը ո՞րն է:
- Նման սահմանում գոյություն ունի, և երևույթն էլ գիտության մեջ կոչվում է էքստրասենսորիկա` գերզգայունականություն: Էքստրասենսորիկան գերզգայուն ընկալունակությունն է, մարդու «սովորական» զգայարաններով անհասանելի աղբյուրներից ինֆորմացիա ստանալու ունակությունը, որը նրան տրվում է ի ծնե: Սակայն այդ սահմանումն ինձ համար երևույթի ամբողջական բացատրությունը չէ: Այն ավելի ընդգրկուն հասկացություն է, որը մոտենում է բժշկության, էզոթերիկայի սահմաններին և ներառում է կյանքի մասին մեր ունեցած կարծրատիպերը կոտրելու գաղափարը:
- Միշտ էլ մարդիկ թերահավատորեն են վերաբերվել այդ մասնագիտությանը: Այսօր, երբ դրան փորձում են գիտական մեկնաբանություն տալ, այդ վերաբերմունքը փոխվե՞լ է:
- Եթե մի բան գոյություն ունի աշխարհի ստեղծման օրվանից մինչ օրս` չի կարող կեղծ լինել և թերահավատ վերաբերմունքի արժանանալ: Առավել ևս` այսօր շատ քաղաքակիրթ երկրներում այդ գիտությունը պետական հովանավորության տակ է գտնվում, այսինք այն պաշտոնապես ընդունված է և խաբեբայություն չի համարվում: Հետաքրքիր է, որ այն պետությունները, որոնք ընդունել և օգտագործել են էքստրասենսի հատկություններով օժտված մարդկանց ունակությունները` ավելի են հզորացել, կայունացել, այդ պետությունների գիտամշակութային ներուժն ավելի բարձր մակարդակի է հասել: Երբ ես սկսեցի հետաքրքրվել այդ գիտությամբ, մեր հասարակությանը այն խորթ էր, բայց հետաքրքրությունը, հավատը կար: Այսօր առավել մեծացել է այդ գիտության հանդեպ մարդկանց հավատը, և շատ դեպքերում իրենց խնդիրների լուծման համար նրանք դիմում են հենց էքստրասենսներին:
- Հայաստանում այդ գիտությունը որքա՞ն հին է:
- Որպես հնագույն գիտություն, որն իր արտացոլումն է գտել բոլոր քաղաքակրթություններում, ինձ համար մտահոգիչ էր, թե ինչու մենք, որ նույնպես հնագույն ժողովուրդ ենք, մեծ տեղ չենք հատկացրել էքստրասենորիկային: Ես սկսեցի որոնել մերը` հայկականը և մինչ օրս քիչ բան եմ հայտնաբերել: Բայց դա չի նշանակում, թե այդ գիտության հայկական մեկնաբանությունը չկա, թե հին հայերը չեն հետաքրքրվել դրանով, պարզապես այդ գիտությունը փակի տակ է և մի օր ի հայտ կգա: Այժմ ես ուսումնասիրում եմ Ճապոնիայում և Չինաստանի տարբեր շրջաններում ապրող այնուների կյանքը, մշակույթը, գիտությունը և բավական նյութեր եմ հայթայթել, որոնցում առկա օրինաչափությունները բնորոշ են բոլոր ժողովուրդներին, հետևաբար նաև հայերիս: Արևելքում էներգիան տարբեր անուններ ունի` կի, չի, ցի և այլն: Իմ ուսումնասիրությունների արդյունքում ես հանգեցի այն մտքին, որ այդ էներգիան հայերենում կոչվում է ԳԻ, որը ՈԳի և ՀՈԳԻ բառերի հիմնաքարն է: Գի արմատով են կազմված գիտակցություն, գիտելիք, գիտություն բառերը...
- Դուք մասնագիտությամբ կիբեռնետիկ եք: Ի՞նչը դրդեց խորասուզվելու էքստրասենսորիկայի ոլորտում:
- Ավարտել եմ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը, ուսումնասիրել եմ նաև քվանտային ֆիզիկա, կենսաբանություն, զբաղվել եմ յոգայով, էզոթերիկայով, ավարտել եմ նաև Հաննե Մարկվարդի ոտքերի ռեֆլեքսոթերապիայի դպրոցը, այնուհետև Ակունցի անվան բժշկական քոլեջի մերսման բաժինը: Միշտ կյանքի ճշմարտության որոնումների մեջ եմ եղել, առավել ևս զգացել եմ որոշակի ունակություններ, որոնք ինձ մղել են դրանք գործնականում կիրառել ու փնտրել այդ ընթացքում առաջացած բազմաթիվ հարցերի պատասխանները: Էքստրասենսորիկայի հանդեպ հետաքրքրությունս սրվեց հատկապես ազգային զարթոնքի տարիներին, գուցե ժամանակահատվածն էլ նպաստավոր էր այն առումով, որ կոտրվում էին խորհրդային գերտերության կարծրատիպերը: Իսկ էքստրասենսորիկ ունակություններս ի հայտ են եկել մանկուց: Այդ ունակությունները զարգացնելու համար ինձ շատ է օգնել տատս (գյուղում նրան Արփեն մամ էին ասում), և հենց նա էլ ինձ ծանոթացրել է այդ գիտության հիմնադրույթներին, ճիշտ ապրելու հիմքերն է դրել` իր գիտեցածի չափով, քանի որ հատուկ կրթություն չի ստացել, սակայն ունենալով ունակություններ` օգնել է իր համագյուղացիներին առողջական, հոգեկան և այլ խնդիրները հարթելու համար: Նա սովորելու հնարավորություն չուներ, քանի որ խորհրդային տարիներին նման բաները պաշտոնապես արգելված էին, և մարդիկ, ովքեր կփորձեին բացեիբաց հայտարարել, թե իրենք օժտված են գերբնական հատկություններով` հետապնդվում էին, անգամ կարող էին աքսորվել: Այդուհանդերձ այդ ունակություններով մարդկանց գոյությունը գաղտնիք չէր հասարակ խավի համար, նրանց ճանաչում էին, մարդիկ հաճախ դիմում էին նրանց օգնությանը: Այսօր ես այնքան պաշար եմ հավաքել` ինքս էլ կարողանում եմ օգնել մարդկանց:
- Այդ ունակությունը միայն ընտրյալների՞ մենաշնորհն է:
- Ցանկացած մարդ ծնվում է այդ ունակություններով: Ինչպես բոլորս ունենք աչքեր, քիթ, բերան, ականջ, շոշափելիքներ՝ այնպես էլ ի ծնե մեզ տրված է հատուկ զգայարան: Սակայն քանի որ չենք օգտագործում այդ զգայարանը` այն «քնում» է: Եթե այդ շնորհը չզարգացնես, չհամակարգես` այն կմնա ռեցեպտորային զգացողությունների մակարդակին: Այլ հարց է, թե յուրաքանչյուրի այդ ունակությունն ինչքա՞ն է զարգացած և ինչքա՞ն կարող է զարգանալ: Եթե որևէ մեկը մաթեմատիկական ունակություններ ունի, մեկ ուրիշը երաժշտական, նկարչական, ապա նույնն էլ այս դեպքում է: Բայց առաջին «թոթովանքները» ժամանակի ընթացքում հարկավոր է համակարգել, սովորել ճիշտ օգտագործել:
Երբ երեխան սկսում է ի հայտ բերել էքստրասենսորիկ ունակություններ` ծնողները, հարազատները, հասարակությունն անսովոր վերաբերմունք են ցուցաբերում, ինչը երեխային վախեցնում է, և բնականաբար նա սկսում է ճնշում գործադրելով` «քնեցնել» դրանք, քանի որ վախենում է, որ հասարակությունն իրեն չի ընդունի կամ էլ խեղվում է նրա հոգեկան աշխարհը:
- Ո՞վ է էքստրասենսը` բժի՞շկ, պայծառատե՞ս, էներգետիկ դաշտը կարգավորո՞ղ:
- Ես օգնում եմ կարգավորել էներգետիկ դաշտը, ուսումնասիրում եմ այդ ոլորտը` փորձելով իմ գիտելիքները ծառայեցնել մարդկանց օգնելուն, նրանց ճակատագրի կարգավորման համար թեկուզ չնչին դրական ազդեցություն ունենալ: Ինձ դիմած մարդկանց զգուշացնում եմ, որ ես ուղղակիորեն չեմ բուժելու, այլ պարզապես լինելով օգնական` փորձելու եմ արթնացնել քնած ուժերն ու պաշարները, թոթափել կարծրատիպերը, վերարժևորել արժեքները, մարդն ինքը կկարգավորի իր ճակատագիրը, կհարթի իր խնդիրները: Մարդն ինքն է իր իսկական բժշկողը, միայն թե հարկավոր է ճիշտ ուղին ցույց տալ, կարգավորել այն ճանապարհը, որով նա գնում է:
Եթե մարդն ուզում է բուժվել, նշանակում է` ինքը չի ուզում լինել այն, ինչ կա, այլ ուզում է վերափոխվել` լինել առողջ, չունենալ ներկայի խնդիրները: Ուրեմն մարդը պետք է փոխվի, փոխի իր ապրելակերպը, մտածելակերպը: Իսկ վերափոխման համար նույնքան ժամանակ է հարկավոր, որքան տևում է մարդու ծնունդը` ինն ամիս: Ողջ այդ ընթացքում մոր ուշադրությունը երեխան է, սնվելիս, շարժվելիս, կենցաղը պլանավորելիս մայրը հաշվի է առնում երեխայի ցուցումներն ու հակացուցումները, այսինքն` ապրում է երեխայով: Եթե նույն կերպ մարդն աշխատի վերափոխվել, զգալի արդյունք կունենա, կհարթվեն խնդիրները, կառողջանա և ավելի իմաստուն կդառնա:
Հիվանդությունը, օրգանիզմի առողջական վիճակի խաթարումն ազդանշան է այն մասին, որ մարդը կյանքի օրինաչափություններից որոշակի շեղումներ է կատարել: Սակայն դրան կա նաև մեկ այլ բացատրությունը` հիվանդությունը մարդուն տրվում է նրա համար, որպեսզի նա հաղթահարի դա` այդպիսով հանձնելով քննությունը և մեկ աստիճան առաջ գնալով: Դա կախված է մարդու ընկալումից: Եթե նա խնդրին նայում է որպես հիվանդության, այն խորանում է և դառնում իրոք լուրջ հիվանդություն: Բայց եթե մարդը խնդրին վերաբերվում է որպես քննության, ապա ժամանակի ընթացքում լուծում է այն, ձերբազատվում է խնդրից ու ավելի մեծ պաշարով գնում առաջ:
- Իսկ ապագայի կանխատեսումը էքստրասենսի՞ «առաքելությունն» է:
- Ինձ շատ են դիմում նման խնդրանքով: Բայց ես ասում եմ, որ չի կարելի գուշակությամբ զբաղվել: Դա կարող է բացասական հետևանքներ ունենալ, թուլացնել մարդուն: Մարդու ճակատագիրն ըստ իս մեկը չէ, նա ընտրելու մեծ հնարավորություն ունի: Եթե կանխատեսում են նրա ապագան, ապա սահմանափակում են նրա ընտրությունը, քանի որ ճակատագրի միայն մեկ ուղին են մատնանշում, և մարդը կառչում է դրանից` որպես փարոս մութ ծովում և կուրորեն լող տալիս դեպի այդ ափը: Այնինչ մարդը պետք է այդ ճանապարհներից ոսկե միջինն ընտրի` ազատ կամքով: Եթե նա թույլ է տալիս, որ իր ճակատագրի վրա ազդեցություն ունենան ուրիշ ուժեր` հետագայում այդ ազդեցություններն ընկալում է որպես իր ցանկությունները, իր մտածելակերպի արգասիք և ապրում է ուրիշի թելադրած կյանքով: Մարդու ուղեղում բազմաթիվ մտքեր կան, որ իրենը չեն, այլ ներշնչվել են իրեն` այդպիսով սահմանափակելով իր ԵՍ-ը: Դա ևս օրինաչափությունների խախտման է բերում, հետևաբար այդ մարդու ճակատագիրը շեղվում է բուն ուղուց, նրան սխալ տեղ է ուղղորդում: Մարդը հզոր համակարգ է, սոցիալական էակ և օժտված է կառավարելու, կառավարվելու հատկություններով: Այսինքն մարդը լինելով սոցիալական համակարգի մեջ` ներքին ազատության իրավունքով պետք է կառավարվի և ինքը որոշի` այս կամ այն քայլը կատարի՞, թե ոչ, այլ ոչ թե իրեն դրդեն այդ քայլը կատարել: Եթե նա չի կարողանում ինքն իրեն կառավարել, օղակը բաց է մնում: Այդ դեպքում նրան պետք է կառավարեն:
Մարդը պետք է վերադառնա իր ԵՍ-ին օրինաչափությունների եղանակով, ենթագիտակցականի և գիտակցականի միջև եղած կապի ամրապնդումով, արտաքին աշխարհի հետ հավասարակշռությունը կարգավորելով, ֆիզիկական մարմինը լավ վիճակում պահելով, քանի որ հենց դրանից է կախված մարդու հոգեկան առողջությունը: Դրանք փոխկապակցված են` առողջ մարմնում` առողջ հոգի, և առողջ հոգին էլ մարմինն է առողջ պահում, որն իր հերթին նպաստում է շրջապատող աշխարհի ներդաշնակությանը...
Հ. Գ. Եկող ուրբաթ «Հայաստանի զրուցակցի» խմբագրությունում կկազմակերպվի հանդիպում էքստրասենս Ռուբեն Բաբայանի հետ: Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք զանգահարել խմբագրություն և հաստատել իրենց ներկայությունը:


















Մեկնաբանություններ
Նունե, սա մեր թերթի կայքն է, որտեղ դուք կարող եք կարծիքներ թողնել մեր նյութերի վերաբերյալ, բայց մեր զրուցակիցներին դիմելիս` ձեր խոսքը նրանց չի հասնի, մինչև նրանք ևս չկարդան այստեղ հրապարակված մեկնաբանություն ը: Առաջարկում եմ զանգահարել վերևի հեռախոսահամարով և անձամբ խոսել Ռուբեն Բաբայանի հետ, պատմեք ձեր դստեր առողջական խնդիրը: Չգիտեմ` որքանով նա օգտակար կլինի ձեզ: Առողջություն եմ մաղթում ձեր փոքրիկին: ԼԱվ կլիներ, եթե հետևանքների մասին նույնպես այստեղ հաղորդագրությու ն թողնեիք:
Chgitem vorqanov na dzez ogtakar klini. Isk duq pordzel eq vardzov ayl tann aprel, ete asum eq, vor bavakan e dzer tanic durs gaq, ev amen inch kargavorvum e. Ayd depqum heraceq ayd tanic, ev petq che ayn vacharel u djbaxtacnel mek urishin. ES chishtn asac nman baneri chem havatum, bayc amen inch erevi es ashxarhum hnaravor e. Parzapes zguysh exeq inqnakochneri dzerq@ ch@nkneq. Dzez hajoxutyun em maxtum.
RSS feed for comments to this post