Արմեն Գևորգյանը պարում էր 1990-ականներին հայտնի «Կար-Մեն» ռուսական փոփ խմբում: Նա Մհեր Մկրտչյանից հետո երկրորդ հայ դերասանն է, որ նկարահանվել է Բոլիվուդում: Եվ եթե Ֆրունզիկի ժամանակ դա խորհրդային-հնդկական համատեղ նախագիծ էր` Արմենին վիճակված էր ինքնուրույն հարթել Բոլիվուդ տանող ճանապարհը:
Արմեն Գևորգյանը Միթհուն
Չակրաբորտիի հետ
- Արմեն, ինչպե՞ս հայտնվեցիք Բոլիվուդում:
- Սկսեմ նրանից, որ փոքրուց սիրում էի հնդկական ֆիլմերը և կարող էի ժամերով հեռուստացույցի առջև նստել ու դիտել: Հնդկական կինոյի բոլոր աստղերին դեմքով գիտեի և իմ կուռքերն ունեի, օրինակ` Միթհուն Չակրաբորտին, ում շատերը հիշում են «Դիսկո պարողը» ֆիլմից:
- Սենտիմենտալ հնդկական կինոյի հանդեպ այդպիսի սերն ի՞նչ ակունք ունի:
- Մենք` հայերս, ամենասենտիմենտալ ազգն ենք, այդ պատճառով զարմանալի ոչինչ չկա: Խորհրդային ժամանակներում հնդկական կինոն մեզ մոտ հսկայական ժողովրդականություն էր վայելում, այդ հետաքրքրությունը չի մարել նաև այսօր: Հայաստանում հեռուստաալիքներ կան, որոնք մշտապես հնդկական ֆիլմեր են ցուցադրում, այդ թվում նաև բոլորովին նորերը, որոնցում նաև ես եմ նկարահանվել:
- Այնուամենայնիվ, ամեն ինչ ինչպե՞ս սկսվեց:
- Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես մի ուղղությամբ տոմս գնեցի և մեկնեցի Բոլիվուդը նվաճելու: Հիշում եմ, թե ինչպես հայտնվեցի Բոմբեյի երկաթուղային կայարանի հարթակին` երկու հսկայական ճամպրուկները ձեռքիս, որոնք լի էին բեմական հագուստներով և չգիտեի, թե հետո ինչ պետք է անեմ: Ծանոթություններ և կապեր չունեի, որոնք կօգնեին երազանքիս իրականացման ճանապարհին առաջին քայլերն անել: Միայն 2000 դոլար ունեի, որով մտադիր էի ապրել մինչև այն պահը, երբ կգտնեի փափագածս աշխատանքը, իսկ որ դա ինձ կհաջողվեր` վայրկյան անգամ չէի կասկածում: Սկզբում քաղաքի ծայրամասում բնակարան վարձեցի, որտեղ միայն գիշերում էի: Մնացած ժամանակ վազվզում էի, բոլոր հնարավոր քասթինգներին էի մասնակցում, տվյալներս էի թողնում դերասաններ վարձող գործակալություններում: Ի վերջո բախտն ինձ ժպտաց, և ես ֆիլմերից մեկում առաջին էպիզոդիկ դերս ստացա: Դրանից հետո գործերը լավ ընթացան` նկարահանվեցի ևս հինգ-վեց ֆիլմում, որտեղ խաղում էի կամ քրեական աշխարհի ներկայացուցիչների, կամ օտարերկրացիների դերեր:
- Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրացի դերասանին` Բոլիվուդում հաջողության հասնելու համար:
- Առաջին հերթին անգլերենի իմացություն. Բոլիվուդի ֆիլմերը նկարահանվում են անգլերեն և հնդկերեն: Բայց նույնիսկ այդ դեպքում օտարերկրացիները Բոլիվուդում որպես օրենք` միայն երկրորդական դերեր կարող են ստանալ: Բացառություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ օտարերկրացին ինքը լինի այն ֆիլմի պրոդյուսերն ու հովանավորը, որում ցանկանում է գլխավոր դեր խաղալ:
- Այսինքն գլխավոր դեր ստանալու հույսեր չկան, այդ դեպքում ի՞նչն է ձեզ այնտեղ պահում:
- Նախևառաջ ես հնդկական կինո եմ գնացել` ոչ մեծ դերերի, ոչ էլ մեծ փողերի համար: Ես պարզապես ցանկանում էի ընկղմվել այն կինոինդուստրիայի մեջ, որին մանկուց սիրահարված էի: Ցանկանում էի սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է արտադրվում հնդկական կինոն: Եվ երկրորդ` Բոլիվուդում գլխավոր դերում նկարահանվելու հույսս չեմ կտրում: Այժմ մի հետաքրքիր հայ-ռուսական-հնդկական նախագիծ եմ ձեռնարկել: Ֆիլմի սցենարը ես եմ գրել, և եթե ինձ հաջողվի այդ նախագծով շահագրգռել մեր հեռուստաալիքներից մեկին և գումար գտնել` դուք ինձ այնտեղ գլխավոր դերում կտեսնեք:
- Եթե գաղտնիք չէ` դա ի՞նչ դեր է:
- Ինքս ինձ եմ խաղալու, սցենարն իմ կյանքի մասին է: 16 տարեկանում տնից փախա և մեկնեցի Մոսկվան նվաճելու: Ես շատ ճարպիկ էի, և եթե իմ առջև նպատակ էի դնում, ապա գնում էի մինչև վերջ: Այդ ժամանակ ես բրեքդանսով էի տարված և հայտնվելով Մոսկվայում` զվարճանում էի քաղաքի բոլոր հայտնի ակումբներում, որտեղ հավաքվում էր առաջադեմ երիտասարդությունը: Կարող էի ամենուր սողոսկել: Ծանոթացա այդ տարիներին շատ հայտնի «Կար-Մեն» խմբի և նրա մեներգիչներ Բոգդան Տիտոմիրի և Սերգեյ Լեմոխի հետ: Դարձա նրանց մոլեռանդ երկրպագուն և ամենուր նրանց ուղեկցում էի: Մի անգամ պարողներից մեկը հիվանդացել էր, և ինձ խնդրեցին բեմում նրան փոխարինել: Ելույթս բոլորը հավանեցին, և ես մնացի «Կար-Մեն» խմբի պարողների հիմնական կազմում: Ժամանակի ընթացքում գործընկերոջս հետ Մոսկվայում գիշերային ակումբ բացեցի, զբաղվում էի ռուսական էստրադայի աստղերի համերգների և շրջագայությունների կազմակերպմամբ: Փորձեցի աշխատել նաև հայկական շոու բիզնեսում, սակայն այդպես էլ չկարողացա հաջողության հասնել և կրկին Մոսկվա վերադարձա: Իմ կյանքում շատ բան է եղել: Մոսկվայում նույնիսկ ճաղերի հետևում եմ հայտնվել:
- Ինչո՞ւ:
- Պարզապես երիտասարդ և անփորձ էի, հայտնվեցի հսկայական քաղաքում, որտեղ ջրի երեսին մնալու համար անհրաժեշտ էր գործել: Ահա այդպես հայտնվեցի վատ շրջապատում: Բանտում շատ բան հասկացա, ինչն էլ օգնեց գլուխ հանել կյանքից: Ի դեպ ըստ ֆիլմի սցենարի` գործողությունն սկսվում է Մոսկվայում, որտեղ հերոսը բանտում նստած` իր կյանքն է հիշում:
- Իրոք` ձեր կյանքն իսկական հնդկական կինո է: Վերադառնանք Բոլիվուդ: Ձեզ բախտ վիճակվե՞լ է հնդկական կինոյի աստղերի հետ նկարահանվել:
- Այո: Նկարահանվել եմ Չակրաբորտիի հետ, նա իմ կուռքն էր, սակայն այդ ժամանակ ես նրանից փոքր ինչ հիասթափվեցի: Արդեն ասացի, որ նպատակիս ամեն կերպ հասնում եմ: Բոլիվուդում հայտնվելով` մտածեցի, որ պարզապես պարտավոր եմ հանդիպել Միթհունի հետ: Գտա նրա պրոդյուսերի հեռախոսահամարը, զանգահարեցի, ներկայացա որպես ռուսաստանցի պրոդյուսեր և ասացի, որ ցանկանում եմ Մոսկվայում Միթհունի համերգը կազմակերպել, հավելելով, որ անհրաժեշտ է հանդիպել նրա հետ, որպեսզի քննարկենք շրջագայության պայմանները:
- Դա հնա՞րք էր: Դուք երևի չէիք պատրաստվում որևէ շրջագայություն կազմակերպել:
- Ես իրոք ցանկանում էի դա անել, բայց հասկանում էի, որ գումարս չի բավարարի: Հանդիպման ժամանակ իմ կասկածները հաստատվեցին` նրանց պահանջած հոնորարը հսկայական էր: Իսկ շփման մեջ իմ մանկության կուռքը շատ գոռոզ և ամբարտավան մարդ դուրս եկավ:
- Մենք հիանում ենք Հոլիվուդի աստղերով, իսկ հնդիկները ինչպե՞ս են վերաբերվում իրենց աստղերին:
- Նրանց համար կինոդերասանները երկնային էակների են նման: Նրանց, ինչպեսև հոլիվուդյան դերասաններին հետևում են պապարացիները, նրանց մասին գրում են թերթերում և այլն: Ընդհանրապես Բոլիվուդը հսկայական կինոինդուստրիա է: Նրանք տարեկան թողարկում են պահանջարկ ունեցող ֆիլմերի աներևակայելի քանակություն:
- Կարո՞ղ եք որևէ հետաքրքիր դրվագ պատմել, որը տեղի է ունեցել ձեզ հետ` նկարահանման ժամանակ:
- Մի անգամ նկարահանվում էի շատ գեղեցիկ պատմական ֆիլմում, որտեղ անգլիացի սպայի դեր էի խաղում: Ձիով սլանալու ժամանակ նրան պետք է կրակեին և ձին պետք է քարշ տար նրա անկենդան մարմինը: Ասեմ, որ Հնդկաստանում քչերն են նման տեսարաններում նկարահանվում: Դրա համար կասկադյորներ գոյություն ունեն: Ես հենց սկզբից հրաժարվեցի կասկադյորներից և այդ ամբողջ տեսարանը սկզբից մինչև վերջ ինքս խաղացի, ընդ որում` մեկ դուբլով: Այդ դեպքից հետո նկարահանման հրապարակի բոլոր կասկադյորներն ինձ սկսեցին հարգանքով վերաբերվել: Մինչ այդ նրանք ինձ չէին նկատում, հետո կարծեցին, թե ես էլ եմ պրոֆեսիոնալ կասկադյոր:
- Բացի նշված համատեղ նախագծից` ուրիշ էլ ի՞նչ ծրագրեր ունեք:
- Պատրաստվում եմ հեռուստատեսությամբ Բոլիվուդի մասին հեղինակային նախագիծ սկսել, որտեղ ոչ միայն կպատմեմ հնդկական կինոյի նորությունների մասին, այլև անմիջապես նկարահանման հրապարակից ռեպորտաժներ և հայտնի դերասանների հետ հարցազրույցներ կանեմ:














