Որ պարբերական հիվանդությամբ (հայտնի է նաև երևանյան հիվանդություն անունով) տառապում են ցեղասպանություն վերապրած, բռնությունների ենթարկված ժողովուրդները` վաղուց է հայտնի:
Հայտնի է նաև, որ հիվանդությունը փոխանցվում է գենետիկորեն` որպես կոդավորված հիշողություն: Այս մասին բազմաթիվ հատորներ են գրվել, կատարվել են գիտական ուսումնասիրություններ: Սակայն մինչև վերջերս պարբերական հիվանդության բուժամիջոցների որոնումները դադարեցվել էին, և այն գրանցվել էր անբուժելի համարվող հիվանդությունների ցանկում: Միայն վերջերս հոգեբույժ-հոգեթերապևտ Արմեն ՆԵՐՍԻՍՅԱՆԸ համակողմանիորեն ուսումնասիրելով հիվանդության առաջացման պատճառները, ընթացքը և հետևանքները` հետաքրքիր բացահայտում է կատարել` պարբերական հիվանդությունը լիովին բուժելի է, իսկ բուժումն ամենևին երկարատև ու բարդ գործընթաց չէ:
Արմեն Ներսիսյանն իր գիտական թեզում պարբերական հիվանդությունը ներկայացնում է միջգիտական ամբողջական մոտեցմամբ (հոգեբանություն, էթնոհոգեբանություն, հոգեբուժություն, գենետիկա, ախտաբանական ֆիզիոլոգիա, սոցիոլոգիա, պատմություն)` կարևորելով հոգեկանի և մարմնականի փոխկապակցվածությունը: Հոգեբույժ-հոգեթերապևտն առաջիններից էր, որ այդ հիվանդությունը համարեց որպես յուրօրինակ սթրեսի (օրինակ` ցեղասպանության) հեռավոր հետևանք: Դատելով բուժված մարդկանց պատմություններից` սա նոր և արդյունավետ մոտեցում է: Իր տեսակետը գիտնականն առաջին անգամ ներկայացրեց 2005 թ.` հոգեբույժների համաշխարհային գիտաժողովում, որի բացումը տեղի ունեցավ Հունաստանում, ապա շարունակվեց Եգիպտոսում: Նույն թվականի դեկտեմբերին Ստամբուլում կայացավ հոգեբույժների տարածաշրջանային գիտաժողով` «Մարդը հոգեկան տրավմա է առաջացնում և պատճառ դառնում միգրացիայի» թեմայով: Արմեն Ներսիսյանն այս անգամ հանդես եկավ «90 տարի` ջարդերից հետո, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ» թեմայով զեկույցով:
- Պարոն Ներսիսյան, փաստորեն ձեր գիտական թեզը ներկայացնելով Թուրքիայում` բացահայտորեն ընդգծել եք ցեղասպանության փաստը: Ինչպե՞ս ընդունեցին թուրք գիտնականները ձեր համարձակությունը:
- Սա ապացուցված գիտություն է, և եթե թուրքերը պատմությունը հերքում են, ապա գիտությունը հերքելու դեպքում կվարկաբեկեն իրենց գիտական հեղինակությունը: Այնպես որ նրանք ոչ միայն լռել-
յայն լսեցին զեկույցը, այլև գիտաժողովի զեկույցների ժողովածուում տպագրեցին իմ նյութը, որտեղ աչքի է զարնում Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը:
- Մինչ օրս որևէ մասնագետ չի բարձրաձայնել այդ հիվանդության` բռնությունների ժամանակ վերապրած սթրեսի հեռավոր հետևանք լինելու և հիվանդության` հոգեկան ծագում ունենալու մասին:
- Հիվանդությունն ունի մի շարք անուններ` ընտանեկան միջերկրածովյան տենդ, բարորակ պարօքսիզմալ պերիտոնիտ, հայկական հիվանդություն, ինչը բնորոշում է հիվանդության էթնիկական ծագումնաբանությունը: Դրանով հիվանդանում են հնագույն ազգերը, որոնց նախնիները բնակվել են միջերկրածովյան ավազանում` հայեր, հրեաներ, արաբներ: Հազվադեպ այս հիվանդությունը հատուկ է նաև հույներին, քրդերին, թուրքերին, իտալացիներին, իռլանդացիներին: Այսինքն դա այն ազգերի հիվանդությունն է, որոնք բազմիցս ենթարկվել են համազգային սթրեսների, իսկ սթրեսը տվյալ դեպքում բռնության ուղղակի հետևանք է: Եվ հետաքրքիր է, որ սթրեսը վերապրում են տվյալ ազգի բոլոր սերունդները` անգամ եթե նրանք անձամբ համաժողովրդական բռնության կամ ցեղասպանության ականատես չեն եղել: Այս ամենը մտածելու տեղիք է տալիս. եթե հիվանդությունն ազգային բնույթ է կրում, հարկավոր է պատճառները փնտրել նրա պատմության, ազգային հոգեբանության, սովորությունների, աշխարհագրական դիրքի մեջ` դուրս գալով բժշկության սահմաններից: Եվ ահա երբ ուսումնասիրություններ կատարեցի հիվանդների շրջանում` ակնհայտ դարձավ, որ այդ հիվանդությունից հաճախ բողոքում են 1915 թվականի ջարդերից հետո աշխարհասփյուռ դարձած գաղթականների սերունդները: Հայաստանում պարբերական հիվանդությունը մեծ տոկոս է կազմում այն շրջաններում, որտեղ գաղթել են ցեղասպանությունից մազապուրծ եղածները, օրինակ` Մարտունու, Գյումրու շրջաններում: Իմ գիտական թեզը` «Հոգեմարմնական խանգարումները պարբերական հիվանդության ժամանակ», փորձում է վեր հանել այդ առանձնահատկությունը և ցույց տալ, որ հիվանդության առկայության մեջ դեր է խաղում ոչ միայն ժառանգական նախատրամադրվածությունը, այլև անձի հոգեկան առանձնահատկությունները և սթրեսածին գործոնները: Այնինչ մինչ օրս այն համարվել է զուտ որպես մարմնական ախտանիշներով ընթացող հիվանդություն: Ընդ որում հիվանդության յուրահատկությունն այն է, որ ցավերը նոպայի պես գլուխ են բարձրացնում և անցնում: Հարկավոր էր հասկանալ հիվանդության էությունը: Հնարավո՞ր է, որ ցավն առանց բուժելու անհետանա, որտե՞ղ է հանելուկը: Եվ ես փորձեցի պատասխանը փնտրել նոպաների ժամանակ ի հայտ եկող հոգեմարմնական ախտանիշներում` գալով այն եզրակացության, որ պարբերական հիվանդությունը սովորաբար սկսվում է հոգեկան աշխարհից, դրսևորվում մարմնական ցավերով և կրկին վերադառնում հոգեկան աշխարհ: Այնինչ այդ հոգեկան նշանները մինչ օրս լրջորեն չեն ուսումնասիրվել և չեն կապվել այս խնդրի հետ: Հիվանդության` որպես հետտրավմատիկ սթրեսային խանգարման մնացորդային երևույթի մասին առաջին անգամ բարձրաձայնել է հոգեթերապևտ Է. Նազարեթյանը: Ավելի ուշ պրոֆեսոր Արտյոմ Այվազյանը եկել է այն եզրակացության, որ այդ հիվանդության պատճառները հարկավոր է փնտրել մարդու հոգեկան աշխարհում: Սակայն նրանց տեսություններն այդպես էլ գործնական կիրառում չստացան` մինչև իմ հետազոտությունները:
- Որո՞նք են հիվանդության հոգեկան դրսևորումները և ինչո՞վ է ապացուցվում դրանց կապը Հայոց ցեղասպանության հետ, եթե խոսում ենք հայերի սերունդներում հիվանդության դրսևորման մասին:
- Հիվանդները սովորաբար ունենում են գիշերային մղձավանջներ, նոպայից առաջ զարգացող անհանգստության զգացում, տրամադրության անկում, քնի խանգարումներ, ընկճախտ, երբեմն ագրեսիվ վարքագիծ են դրսևորում, վախի, փախուստի զգացում են ունենում: Այդ նույն ախտանիշներն ի հայտ են գալիս ցանկացած խոր սթրեսից հետո, ինչն էլ ենթադրում է պարբերական հիվանդության հոգեկանից բխող բնույթը: Այս հիվանդները շատ գերզգայուն են բռնության, ագրեսիայի հանդեպ: Թվում է` մարմնական հիվանդություն է, բայց երբ նրանք բռնության տեսարաններ են դիտում` հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացնում` նոր նոպա է սկսվում: Մի հիվանդ ունեի` երիտասարդ աղջիկ: Առաջին անգամ հիվանդությունը նոպայի ձևով ի հայտ էր եկել 16 տարեկանում` հեռուստատեսությամբ հայկական ջարդերի տեսարաններ դիտելու ժամանակ, երբ թուրքերը պատռում էին հղի կնոջ որովայնը: Եվ նա հիշում է, որ սուր ցավից փորը բռնելով` ընկել է հատակին: Հիվանդները երազում կոտորածի տեսարաններ են տեսնում, ինչը վերապրել են իրենց տատերն ու պապերը: Մի հիվանդ ունեի, ով խոստովանել է, որ երբ տատն իրեն պատմում էր տեսած վայրագությունների մասին, ինքն արյան հոտ էր առնում: Պարբերական հիվանդությամբ տառապող երեխաների նկարներում շատ է վառ կարմիր գույնը... Ինչ խոսք մեր` հայերիս մեջ այդ հիվանդության բուն պատճառը միայն ցեղասպանությունը չէ: Մինչ այդ էլ մեր գենետիկական հիշողության մեջ «վնասվածքները» շատ էին` պետականության կորուստ, բարոյաֆիզիկական հալածանքներ, խոշտանգումներ մեր կյանքում շատ են եղել, որոնց գագաթնակետը դարձավ 1915- ի հայկական ջարդը, որի հետևանքով մի հինավուրց ազգ տրոհվեց և տարածվեց աշխարհով մեկ` նրա մեջ թողնելով այդ գերհզոր ազդակի հետևանքները` իբրև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ:
- Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ եթե սթրես առաջացնող ազդակներ չլինեն` հիվանդությունը կարող է և գլուխ չբարձրացնե՞լ:
- Սովորաբար սթրեսը դառնում է այն ազդակը, որն արթնացնում է ցավի, տառապանքի մասին հիշողությունը: Այսօր սթրեսների պատճառներն ամենուրեք են և դժվար է դրանցից խուսափել: Բայց ինչպես ասացի` հիվանդության առաջացումը պայմանավորված է ոչ միայն ժառանգական նախատրամադրվածությամբ ու սթրեսածին գործոններով, այլև անձի հոգեկան առանձնահատկությամբ. որքան նա կայուն է սթրեսների հանդեպ` այնքան հիվանդանալու հավանականությունը փոքր է: Թեև այդ դեպքում գենետիկական հիշողությունն ազդում է նրա բնավորության վրա: Այստեղից հետևություն` հիվանդությունը կարելի է բուժել` փոխելով մարդու վերաբերմունքը սթրեսի հանդեպ: Իսկ դա արվում է հոգեթերապիայի, երբեմն հոգեմետ դեղորայքի միջոցով: Ընդամենը հարկավոր է հիվանդին անցյալից բերել ներկա և կյանքի կոչել:
Հիվանդության բուժման կարևոր նախապայմաններից է այն, որ հեռուստատեսությամբ արգելվեն բռնության, արյունալի տեսարանների, առավել ևս ապրիլի 24-ին ջարդերի տեսարաններ պատկերող ֆիլմերի ու դրվագների ցուցադրումը, ինչը հոգեկան ճնշվածություն է առաջացնում: Լացուկոծը չարացնում է մարդկանց, կատաղեցնում, հետո էլ թուրքերի հանդեպ այդ չարությունը միմյանց վրա ենք պարպում: Զոհերի հիշատակը պետք է հարգենք միմյանց հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերելով: Այդ օրը հարկավոր է բնակչությանը լավատեսություն և ոչ թե ագրեսիա ներշնչել, որ չնայած մեր հանդեպ կիրառած դաժանություններին ու կոտորածներին` մենք գոյա-
տևում ենք, պետականություն ունենք: Մի կարևոր հանգամանք ևս` մեր ազգի հանդեպ չի կարելի ներքին բռնություն կիրառել, որովհետև զգայուն ենք նման ցանկացած դրսևորման հանդեպ: Մենք սթրես տարած ազգ ենք, մեր կյանքում լուրջ տատանումներ, ցնցումներ չպետք է լինեն: Դրանք անցյալում տարած սթրեսը հիշողությունից վեր հանելու և դրանով իսկ հիվանդության զարգացումը խթանելու և անգամ անբուժելի հիվանդությունների առաջացման գործոններ են, եթե անտեսենք այն փաստը, որ պարբերական հիվանդության հետևանքներից մեկն էլ անպտղությունն է, իսկ դա արդեն վտանգում է ազգի վերարտադրությունը: Սա պետք է իմանան մեր պատգամավորներն ու իշխանավորները, բոլորը, որովհետև թերապևտները նկատում են պարբերական հիվանդացության կտրուկ ավելացում: Մեզ կյանքի նոր որակ է հարկավոր` բարոյահոգեբանական լավ մթնոլորտով: Քանի դեռ կան սոցիալական խնդիրներն ու դրանից առաջացող ճնշվածություն` հիվանդացության ավելացման միտում է նկատվելու:
- Տվյալաներ կան, որ հիվանդությունը թուրքերին ևս չի շրջանցում:
- Այդ հիվանդների մի մասը կրոնափոխ հայեր են, իսկ մյուսը՝ թուրքերի սերունդները, ովքեր իրականացրել են ջարդերը: Դա էլ մի սթրես է՝ հոգու վրա ծանրացած բեռ, որն էլ ըստ էության առաջացնում է հիվանդությունը: Եվ հոգեբանական տես-
անկյունից եթե դիտարկենք` թուրքերն այդ բեռից, հետևաբար հիվանդությունից կձերբազատվեն իրենց ոճրագործությունն ընդունելուց հետո: Ի դեպ այս փաստը մենք կարող ենք օգտագործել թուրքերի հետ երկխոսության նոր եզրեր գտնելու համար:















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post