Այսօր՝ հուլիսի 27-ին Լոնդոնում տեղի կունենա 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերին մասնակցելու է 10 500 մարզիկ՝ 204 երկրներից ու տարածքներից: Սաուդյան Արաբիան, Քատարն ու Բրունեյն առաջին անգամ Օլիմպիադա են ուղարկել նաև կին մարզիկների: Չորս մարզիկներ ելույթ են ունենալու որպես անհատներ՝ օլիմպիական դրոշի ներքո: Նրանցից են Հարավային Սուդանի մարաթոնյան վազորդը, ինչպես նաև Նիդեռլանդյան Անթիլյան կղզիների քաղաքացիները:
Այս երկուշաբթի Լոնդոնի օլիմպիական ավանում բարձրացվել է նաև Հայաստանի դրոշը: Հայկական պատվիրակության կազմում 50 մարդ է, այդ թվում՝ 25 մարզիկներ, ովքեր մրցելու են 10 մարզաձևերում, ինչպես նաև մարզիչներ, տարբեր մասնագետներ և լրագրողներ: Ակնկալվում է, որ հայ օլիմպիականներին սատարելու նպատակով Հայաստանից Լոնդոն կմեկնեն 50-ից ավելի երկրպագուներ: Ի դեպ Հայաստանի Օլիմպիական ազգային կոմիտեն շռայլ պարգևներ է խոստանում մարզիկներին՝ ոսկե մեդալի համար մրցանակային գումարը 30 մլն դրամ է (մոտավորապես 72 հազար դոլար), արծաթե և բրոնզե մեդալների համար համապատասխանաբար՝ 20 մլն դրամ (48 հազար դոլար) և 10 մլն դրամ (24 հազար դոլար ):
Այս Օլիմպիադայի մեդալները նույնպես ամենաթանկարժեքն են լինելու Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում: Դրանց պատրաստման համար ծախսվել է ուղիղ 8 տոննա արծաթ, պղինձ և ոսկի: Լոնդոնի Օլիմպիադայի մեդալները կրկնակի ծանր են նախորդ՝ Պեկինում անցկացված Օլիմպիադայի մեդալներից՝ 410 գրամ՝ 200-ի փոխարեն: Այդ թանկարժեք մեդալները պահպանվում են Թաուերում՝ թագավորական ընտանիքի թանկարժեք իրերի հետ: Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի մրցանակակիրներին պարգևատրելու համար պատրաստվել է 4,7 հազար մեդալ:
Ըստ Euromonitor International ընկերության անցկացրած հետազոտության արդյունքների՝ ակնկալվում է, որ Օլիմպիադայի օրերին՝ հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 12-ը, Լոնդոն են այցելելու մոտավորապես 330 հազար արտասահմանցի զբոսաշրջիկներ և Մեծ Բրիտանիայի 590 հազար բնակիչներ: Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում Օլիմպիական ամառային խաղերը դիտելու է 4,5 միլիարդ մարդ:
Մեկ երեկոն Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացնելը՝ ներառյալ չորսաստղանի հյուրանոցում օթևանելը, ընթրիքը, կոկտեյլները, մեկ շիշ գինին և տաքսու ուղեվարձը, արժե 330 ֆունտ, և այս առումով Լոնդոնը համարվում է Եվրոպայի ամենաթանկ քաղաքը: Օլիմպիադայի օրերին հյուրանոցների գներն ավելի կբարձրանան, օրինակ Premier InVictoria (չորսաստղանի) հյուրանոցում Խաղերի ընթացքում մեկ սենյակի օրավարձը կդառնա է 199 ֆունտ՝ առաջվա 87 ֆունտի փոխարեն: Լոնդոնում «օլիմպիական գոտիներ» մտցնելուց հետո, երբ ճանապարհներին հայտնվել են հնգօղակի նշանները, հսկայական խցանումներ են առաջացել: Խաղերի կազմակերպիչները մարզասերներին խնդրում են չօգտվել անձնական մեքենաներից, մարզադաշտեր հասնել հասարակական փոխադրամիջոցով, հեծանիվով կամ ոտքով: Պիկ ժամերին մայրաքաղաքի տարբեր մասերում սպասվում են տրանսպորտի էական ուշացումներ: Լոնդոնի բնակիչների և հյուրերի համար կփակվի մայթերի մի մասը, կվերացվեն հետիոտնի համար նախատեսված շատ անցումներ, կկրճատվեն անձնական փոխադրամիջոցների համար նախատեսված շատ կայանատեղիներ: Այդ կանոնները խախտողներին կարող են տուգանել 200 ֆունտով:
Խաղերի օրերին մարդկանց անվտանգությունն ապահովելու են 24 հազար ոստիկաններ և G4S ֆիրմայի աշխատակիցներ, բայց քանի որ այդ մասնավոր ֆիրման չի կարողացել հավաքել անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներ, ինչի մասին ազնվորեն զգուշացրել է Խաղերից մեկ ամիս առաջ, ներգրավվել են ևս տասնհինգ հազար զինվորականներ: Անվտանգությանը ջրից հետևելու են Թագավորական նավատորմի զինվորական նավը, օդից՝ ուղղաթիռները և կործանիչները, ինչպես նաև բնակելի տների կտուրներին տեղադրված ՀՕՊ սարքավորումները: Մի քիչ էլ՝ օլիմպիական վիճակագրություն. տվյալ պահին համացանցի միջոցով վաճառված է 7 միլիոն տոմս՝ 8,8 միլիոնից: Որոշ տեղեկություններով մոտավորապես 500 հազար տոմս մտել է սև շուկա, որտեղ վաճառվում են աստղաբաշխական գներով: The Sunday Times-ը և մյուս թերթերն անկախ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ տոմսերը սև շուկայում են հայտնվում հիմնականում տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեներին հատկացվող բաժնեմասերից: Առաջին նման սկանդալն արդեն ավարտվել է հրաժարականով՝ աշխատանքից հեռացվել է Ուկրաինայի ԱՕԿ քարտուղար Վլադիմիր Գերաշչենկոն: Ուկրաինային հատկացված 2 900 տոմսից 100-ը նա արդեն պատրաստ էր վաճառել BBC-ի թղթակցին, ով ներկայացել էր որպես միջնորդ: Բայց մյուս երկրների կոմիտեներում էլ դեմ չեն իրենց երկրպագուների հաշվին փող աշխատելուն: Ընդհանուր առմամբ՝ կասկածի տակ են հայտնվել 54 երկրների օլիմպիական ազգային կոմիտեները: Նշենք, որ Լոնդոնը կդառնա առաջին քաղաքը, որտեղ Խաղերն արդեն երրորդ անգամ են անցկացվում. առաջին երկու Օլիմպիադաներն այստեղ անց են կացվել 1908 և 1948 թթ.: Լոնդոնում Ամառային Օլիմպիադայի բացման այս արարողության համար ծախսվելու է 33 միլիոն եվրո: Սցենարը գաղտնի է պահվում, բայց արարողության ռեժիսոր Դենի Բոյլը հայտնել է մասնակիցների ընդհանուր կազմը՝ 10 հազար մարդ, 70 ոչխար, 12 ձի, 3 կով, 10-ական հավ և բադ, 9 սագ և երեք հովվաշուն: Իսկ Խաղերի բացումը կազդարարի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Բ-ն: Գերմանիայից բացմանը մասնակցելու համար կժամանեն կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանից՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստանից՝ նախագահ Սերժ Սարգսյանը: Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դը Կիրշները հրաժարվել է մեկնել Լոնդոն: Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև Ֆոլքլենդյան կղզիների շուրջ խորացող լարվածության պատճառով արգենտինական կառավարության ոչ մի անդամ ներկա չի գտնվելու Խաղերին: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրաժարվել են հավատարմագրել Օլիմպիադա-2012 համար: Մինչ այդ Լուկաշենկոն բացասաբար էր արտահայտվել Օլիմպիական խաղերի մասին՝ հայտարարելով, որ դրանք քաղաքականացված են: «Դա քաղաքականություն է, երբեմն՝ կեղտոտ քաղաքականություն», ասել էր նա: Ինչ վերաբերում է արքայազներին, շեյխերին ու իշխաններին՝ նրանք Օլիմպիադայում մեծաքանակ են լինելու: Հոլիվուդը ներկայացնելու են Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, Մայլքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը: Եվ իհարկե՝ ներկա կլինեն Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները՝ Մեծ Բրիտանիայում ոչ մի հեղինակավոր միջոցառում առանց նրանց մասնակցության չի անցնում:
Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշը Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը կկրի մեր առասպելական մարմնամարզիկը՝ Ալբերտ Ազարյանը: Հաջողություն մաղթենք մեր օլիմպիական մարզիկներին: Վերադարձեք հաղթանակո՛վ:













