Տարիներ առաջ գարնանը Երևանի օդում տարածվում էր ակացիայի և փշատի հոտը, իսկ քաղաքի փողոցներում կհանդիպեիր Հրաչյա Ներսիսյանին, Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին, Երվանդ Քոչարին, ավելի ուշ` Մինաս Ավետիսյանին, Հրանտ Մաթևոսյանին: Մի տեսակ աննկատ՝ քաղաքը զրկվեց ոչ միայն ակացիայից ու փշատից, այլև դեմքերից ու անձնավորություններից, թեպետ արմատավորվեց «բայց դու դե~մք ես» արտահայտությունը:
Յակով ԶԱՐԳԱՐՅԱՆՆ այն հազվագյուտ անհատներից է, ով պահպանել է իր ուրույն դեմքն ու անհատականությունը՝ դիմակայելով վերջին քսանամյակի փորձություններին: Երևանի Կոմիտասի անվան պետական կենսերվատորիայի խորհրդատու պրոֆեսորին, ՀՀ վաստակավոր մանկավարժին ճանաչում է ոչ միայն մայրաքաղաքի երաժշտասեր հասարակայնությունը, այլև գեղարվեստի գիտակները և երկրպագուները, ովքեր գնահատում են Զարգարյանի բարձրաճաշակ հավաքածուն: Գրասեր ընթերցողը բարձր է գնահատում նրա հումորով լի հրապարակախոսական հոդվածները, որ ժամանակ առ ժամանակ տպագրվում են հանրապետական մամուլում, երբեմն էլ լույս են տեսնում առանձին ժողովածուներով: Վերջերս Յակով Զարգարյանը հրատարակել է իր տասներորդ՝ հոբելյանական գիրքը` «ԾՌՎՏսպՑվՏրՑՌ», ուր ամփոփված են նրա զգայուն գրչի թրթիռները:
- Պարոն Զարգարյան, այս ի՞նչ տարօրինակ լուսանկար է ձեր ձեռքին՝ շատ հետաքրքիր մակագրությամբ՝ «Անդրկովկասցի հանգստացող տիկնանց համար... (հատուկ պատվեր), 1971 թ., հուլիս, Յ. Ս. Զարգարյան»:
- Տղայիս ընկերը վերջերս հանգստանալու էր մեկնել Դագոմիս կամ նման մի հանգստավայր, հաստատ չեմ հիշում, թե ուր: Երբ տանտիրուհին իմացել է, որ երևանցի է, նրան տարել էր բակում տեղադրված նստարանի մոտ և խնդրել, որ նստարանի տակը նայի: Զարմացել էր, բայց տանտիրուհու խնդրանքը չէր մերժել, ու ի՜նչ տեսնի` այո, հենց այդ մակագրությունը: 41 տարի է անցել, կատակ բան չէ:
Ես չեմ կարողանում հանգստանալ, ավելի ճիշտ՝ անբանություն անել: Մի օր կարող եմ պարապ մնալ, դե, երկու օր, իսկ հետո սկսում եմ ձեռքիս տակ ընկածը սարքել-նորոգել: Այդ նույն տանտիրուհու տանը 41 տարի առաջ ինչ անսարք բան կար՝ կարգի բերեցի, վերջում էլ այդ նստարանը սարքեցի, տակն էլ այդ մակագրությունը թողեցի: Այդ սարքել-վերանորոգելու հետ կապված՝ շատ զավեշտալի պատմություններ եմ հիշում: Մի անգամ Մինասի հետ Թբիլիսի մեկնեցինք, որպեսզի Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին այցելենք: Ապրում էր ահավոր պայմաններում, առաստաղից մի հատիկ լամպ էր կախված, դուռ-պատուհանները ոչ կարգին փակվում էին, ոչ բացվում: Մի խոսքով՝ Մինասի հետ ցանկ կազմեցինք, թե ինչ ենք գնելու, ինչի պակաս կա: Հարցրի Բաժբեուկ-Մելիքյանին՝ կարո՞ղ է տանը սկոչ ունենա, նա էլ թե՝ էդ քո սկոչ ասածը Ստալինի օրոք էր պրծել:
Երբ ինչ-որ հնարավոր էր սարքեցի, պրծա՝ հարցրեց. «Լսիր, ամեն բան ես սարքի գցո՞ւմ»: «Ի՞նչ է եղել որ», հարցրի՝ կարծելով, թե ինչ-որ բան վրիպել է ուշադրությունիցս: Նա էլ թե. «Պահեստամասերս շարքից դուրս են եկել, ոնց որ էն հին աթոռի ոտքերը, ա՜յ որ կարողանայիր տեղը գցել»:
- Այն տպավորությունն է, թե դուք ձեր գրքերում ու հոդվածներում արդեն ամեն բան ներառել եք` թե անցյալը, թե ներկան, թե լավը, թե վատը, չեք անտեսել նաև մեր մշակույթի ականավոր գործիչներին, որոնց ոչ միայն անձամբ ճանաչել եք, այլև հետները մտերիմ եք եղել: Մի՞թե դեռ գրելու բան է մնացել:
- Ես սրտիս շատ մոտ եմ ընդունում այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում, և եթե որևէ երևույթ անհանգստացնում է ինձ իսկ անհանգստացնելու շատ բան կա, չեմ կարող չգրել: Բացի այդ՝ կյանքն ինձ անմոռանալի հանդիպումներ է նվիրել մեծագույն մարդկանց հետ: Իմ ուսուցիչներն են եղել խորհրդային երաժշտության երախտավորներ Յակով Ֆլիերը, Գրիգորի Գինզբուրգը, Յակով Զակը: Ես հաճախ եմ եղել Մարտիրոս Սարյանի տանը, ընկերություն եմ արել Մինասի, Կարալովի, Օնիկ Մինասյանի հետ: Այսօր նման մարդկանց շա՞տ կգտնեք: Թեպետ իմ ընկերների շրջանում այսօր ևս կան շատ ինքնատիպ, հետաքրքիր նկարիչներ, կոմպոզիտորներ:
- Այսօր ձեր կյանքում առավել հաճախ ի՞նչ կարգի դեպքեր են պատահում` զավեշտալի՞, թե տխուր:
- Ժամանակը գիտի: Չէ՞ որ մարդ ուրախություն է ապրում ըստ հանգամանքի: Ասենք, 90-ականներին մեր տրամադրությունը, անգամ ուրախությունն ուղղակիորեն պայմանավորված էր նրանով, թե լույսը կամ ջուրը տվե՞լ են, թե ոչ:
- Իսկ ի՞նչն է վշտացնում:
- Երգիչների առատությունը:
- Ցուցահանդեսներ դեռ հաճախո՞ւմ եք:
- Երբեմն գնում եմ՝ ոչ այնքան ցուցադրվածը դիտելու նպատակով, որքան հուսալով, որ կհանդիպեմ այս կամ այն նկարչին, ով կհարստացնի իմ գեղազարդ ձվերի հավաքածուն: Ես միշտ պայուսակումս մի երկու չնկարազարդված ձու եմ կրում, այն հույսով, որ կհանդիպեմ որևէ նկարչի, որը դեռ ոչ մի ձու իմ հավաքածուի համար չի նկարազարդել:
- Պարոն Զարգարյան, գաղտնիք չէ, որ ձվերից զատ դուք գեղանկարչական գործերի ոչ պակաս հետաքրքիր հավաքածու ունեք, և ձեր գրքերը լույս են տեսնում բարտերային փոխանակմամբ` դուք հրատարակչին կտավ եք ընծայում, նա ձեզ` գիրք: Փոխանակ սեփական ուժերով գիրք հրատարակեք և այն անվճար բոլորին նվիրեք, ոչ մի շահույթ չակընկալելով այդ գրքերի հրատարակումից, կարող էիք, ասենք ճամփորդել աշխարհով մեկ: Ի դեպ ձեր կյանքի ընթացքում ո՞ր երկրներում եք եղել:
- Երկու շաբաթ եղել եմ Իտալիայում՝ համերգային խմբի կազմում՝ դեռ 73-ին և 2001-ին` Ամերիկայում, ուր մեկնել էի բարեկամներիս հրավերով, հենց նրանք էլ հոգացել էին ճանապարհածախսս և ապրուստս: Իտալական շրջագայությունից հետո գրեցի «Երկու շաբաթ Իտալիայում» ակնարկը, որը բազմաթիվ արձագանքների արժանացավ Իտալիա այցելած ընթերցողների շրջանում` նրանք զարմանքով հայտնաբերել էին, որ չեն նկատել այն ամենը, ինչը չէր վրիպել իմ ուշադրությունից:
Ինչ վերաբերում է Ամերիկային, ապա այն շատ հակասական տպավորություն թողեց: Համենայնդեպս ես չէի կարողանա այնտեղ ապրել, ուստի ոչինչ չգրեցի:
Գրքեր հրատարակելու հարցում հենց սկզբից բախտս բանել է, քանի որ ճակատագիրն ինձ ուղարկեց «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր ինժեներ Գագիկ Սուքիասյանին, նա մոլի հավաքորդ է, «Տիգրան Մեծ»-ից հեռանալուց հետո հիմնադրեց իր սեփական հրատարակչությունը` «Գասպրինտը»: Իմ բոլոր գրքերը հրատարակել եմ շնորհիվ Սուքիասյանի` բարտերային մեթոդով, ես նրան նկար եմ տվել, նա ինձ` գիրք: Հաճույքով այդ նույն ձևով կայցելեի Ֆրանսիա կամ Ճապոնիա: Բայց պատկերացնո՞ւմ եք տուրօպերատորի դեմքի արտահայտությունը, եթե դիմեմ նրան՝ նման առաջարկով:
- Սիրելի պարոն Զարգարյան, մեր զրույցի վերջում ուզում եմ մեջբերում կատարել ձեր «ԾՌՎՏսպՑվՏրՑՌ» նոր գրքից. «...Ինչ լավ է, որ մեր երկրում 70-ամյա մարդը դասվում է միջին տարիք ունեցողների շարքին, ինչպես ասել է մեր հերթական կարճատև առաջնորդը` Կոնստանտին Ուստինովիչ Չեռնենկոն: Հուսանք, որ նա իրավացի է»: Այդ մակագրությունը դուք արել էիք ձեր հորեղբոր տղայի՝ Գուրգենի 70-ամյակի առիթով նրան նվիրած նկարին, 1985-ին: Արի ու տես, որ «կարճատև առաջնորդ Չեռնենկոն», ում այսօր քչերն են հիշում, ձեր պարագայում իրավացի գտնվեց` 70 տարին ձեզ համար շատ բեղմնավոր շրջան եղավ և իր հետքն է թողել ձեր նոր՝ բարտերային ժողովածուում:














