Անցած տարի աշխարհը նշում էր 20-րդ դարի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ Յուրի Գագարինի տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակը: Այդ իրադարձությունը ոչ միայն խորհրդային գիտնականների գիտատեխնիկական մեծագույն նվաճում դարձավ, այլև մյուս երկրների կողմից տիեզերական տարածքի յուրացման սկիզբը: Հայկական հեռուստատեսությունն ու լրատվամիջոցները նույնպես անդրադարձան այդ հոբելյանին: Բայց չգիտես ինչու՝ չհիշատակեցին մեր անվանի հայրենակցի՝ Անդրանիկ (Անդրոնիկ) Իոսիֆյանի անունը: Չէ՞ որ այդ մարդն առասպել է, Խորհրդային Միությունում նրան անվանում էին հայրենական էլեկտրատեխնիկայի նահապետ: Նա անկասկած այն գիտնականների ու ինժեներների առաջին շարքերում էր, որոնք ապահովել են Յուրի Գագարինի պատմական թռիչքի հաջողությունը:
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Սերգեյ Կորոլյովը, ով ղեկավարում էր ԽՍՀՄ տիեզերական ծրագրերին առնչվող աշխատանքները, Անդրոնիկ Իոսիֆյանին ընդգրկեց իր ստեղծած գլխավոր կոնստրուկտորների խորհրդի կազմում: Իոսիֆյանը դարձավ տիեզերական սարքավորումների, բալիստական հրթիռների, ատոմային սուզանավերի էլեկտրասարքավորումների մշակման գծով գլխավոր կոնստրուկտոր: Այնպես որ Յուրի Գագարինի թռիչքը դեպի տիեզերք ապահովվեց նաև այն էլեկտրատեխնիկական սարքավորումների շնորհիվ, որոնք մշակել էր մեր տաղանդավոր հայրենակիցը: Ինչպես այն ժամանակ էին ասում՝ «Կ»-երի մեծ եռյակի (Կուրչատով, Կորոլյով, Կելդիշ) «ջրերում» քչերին էր բախտ վիճակվում լողալ: Այդ քչերից մեկն էլ հենց Անդրոնիկ Իոսիֆյանն էր:
Սերգեյ Կորոլյովն ամենևին պատահական չէր Անդրոնիկ Իոսիֆյանին ընդգրկել տիեզերական ծրագրերի աշխատանքներում՝ մինչպատերազմական և պատերազմի շրջանում նրա գիտատեխնիկական գործունեությունն այնքան փայլուն էր, որ հենց նրան էր վիճակված արժանանալ այդ պատվին: Նրա մեջ գիտնականի հետաքրքրասիրությունը համատեղված էր գյուտարարի ու ինժեների անզուսպ երևակայության հետ: «Գաղափարը երկաթին հասցնել» (այսինքն
գործնական իրականացմանը հասցնելը) գիտնականի գլխավոր կարգախոսն էր:
Մինչպատերազմական ժամանակաշրջանի նրա առաջին անհատական աշխատանքն էլեկտրական պտուտակավոր հրանոթի գյուտն էր: Գիտնականի այդ նույն ժամանակաշրջանի մեկ այլ կարևորագույն գյուտն անշփում սելսինն էր (էլեկտրամեխանիկական կառավարման կապ), որը պատերազմի տարիներին լայն կիրառում գտավ կրակի ուղղորդման համակարգերում, լոկացիոն սարքերում, ավիացիայում և այլն:
1941 թ. Իոսիֆյանին նշանակեցին գիտատեխնիկական հատուկ ձեռնարկության տնօրեն (հետագայում վերածվեց Էլեկտրամեխանիկական գիտահետազոտական համամիութենական ինստիտուտի), որտեղ ռազմաճակատի կարիքների համար տեխնիկական տարբեր մ
իջոցներ էին ստեղծվում:
Հետպատերազմյան շրջանում Ա. Իոսիֆյանի եռանդի ու կազմակերպչական տաղանդի շնորհիվ ինստիտուտը դառնում է էլեկտրամեխանիկական կայսրություն (այդպես էին անվանում), որն ուներ բարձրակարգ մասնագետներ և արտադրական հզոր բազա:
Նշանակալի էր Ա. Իոսիֆյանի ավանդը՝ Երկիր մոլորակի արհեստական արբանյակների, «Օմեգա» էլեկտրատեխնիկական տիեզերական լաբորատորիայի և «Մետեոր» կայանի ստեղծման գործում (դրանց համար արժանացել է Լենինյան մրցանակի):
Արցախյան արմատներ ունեցող Անդրոնիկ Իոսիֆյանը նվիրված էր Հայաստանին, հսկայական ավանդ ուներ մեր հանրապետության էլեկտրատեխնիկական և ռադիոէլեկտրական մի շարք ձեռնարկությունների և ինստիտուտների ստեղծման գործում:
Տպավորիչ է նաև նրա կառավարական պարգևների ու կոչումների ցանկը՝ Ստալինյան, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, ՌԽՍՀ և Հայաստանի գիտության ու տեխնիկայի վաստակավոր գործիչ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Անդրոնիկ Իոսիֆյանը պարգևատրվել է Լենինի չորս շքանշաններով, երկու անգամ ստացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան: Կարծում եմ՝ նրա համար պակաս թանկ չէ նաև «Ամենայն հայոց էլեկտրիկոս» տիտղոսը, որը նրան տվել էր տիեզերական տեխնիկայի հայտնի կոնստրուկտոր Միխայիլ Յանգելը:
Միայն թե վիրավորական է, որ նրա հայրենակիցները, ովքեր տարբեր հոբելյանների առիթով իրենց մասնագիտական գործունեության բերումով պարտավոր են հիշատակել տաղանդավոր գիտնական և ինժեներ Անդրոնիկ Իոսիֆյանի վաստակի մասին, մոռանում են դա անել:









