Այս տարվա ապրիլին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կույրաղիքի վիրահատությունից հետո 5-ամյա Սոնա Դաշտոյանը կոմայի մեջ էր ընկել: Ծնողները մինչ օրս հրաշքի են սպասում, այնինչ աղջիկը դեռ գիտակցության չի եկել: Կենտրոնում բուժաշխատողներն անհաջող վիրահատության տարբեր պատճառներ են քննարկում, տարբեր վարկածներ են նշում, սակայն հիմնական եզրակացությունն այն է, որ եթե վիրահատող բժիշկները, առավել ևս անեսթեզիոլոգն ավելի աչալուրջ և բանիմաց լինեին` աղջիկն այսօր այդ վիճակում չէր լինի: Սա` ներքին խոսակցությունների ժամանակ, իսկ պաշտոնական վարկածը, որ ներկայացվում է հանրությանը, այն է, որ երեխայի ծնողները վիրահատությունից առաջ բժիշկներին չեն տեղեկացրել, որ Սոնան մինչև հիվանդանոց գնալը սնվել էր և նարկոզի ժամանակ բարդություններ էին առաջացել:
Սակայն ամեն ինչ` սկզբից. ապրիլի 12-ին 5-ամյա Սոնան որովայնի ցավեր է ունեցել, պարբերաբար փսխել է, և ծնողները նրան հասցրել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխային զննելուց հետո բժիշկն ախտորոշել էր կույրաղիքի բորբոքում` առաջարկելով անհապաղ վիրահատություն: Սոնայի մայրը` Ջուլիետա Դաշտոյանը, հիշում է, որ երբ բժիշկը որովայնային ցավի պատճառը հասկանալու համար իրեն հարցրեց` երեխան որևէ բան կերել է` ինքը բացասական պատասխան տվեց` տեղյակ չլինելով, որ Սոնային հիվանդանոց բերելուց մի քանի ժամ առաջ տատիկը երեխային հաց ու պանիր է տվել: Եվ երբ հետագայում նույն հարցը մորը տվել է անեսթեզիոլոգը` մայրը մտածելով, որ նա ևս հետաքրքրվում է զուտ ցավի պատճառը հասկանալու համար` նորից բացասական պատասխան է տվել: Հակառակ դեպքում, ինչպես պատմում է Ջուլիետան, եթե իրեն բացատրեին, որ լիքը ստամոքսով վիրահատություն չի կարելի անել, դա վտանգավոր է` ավելի լուրջ կվերաբերվեր հարցին ու գուցե փորձեր տատիկից էլ տեղեկանալ` երեխան որևէ բան կերե՞լ է, թե ոչ: Կամ էլ կասկածամտորեն կպատասխաներ հարցին, և գուցե այդ ժամանակ վիրահատությունը հետաձգվեր, մանավանդ, որ ինչպես հետագայում պարզվեց` շտապելու, իսկ բժշկական կենտրոնի որոշ բժիշկների հավաստմամբ` անգամ անհապաղ վիրահատելու անհրաժեշտություն չկար: «Մենք չէինք մտածել, թե երեխային կվիրահատեն այդ օրը, պարզապես տարել էինք ստուգման և բնականաբար չգիտեինք, որ վիրահատությունից առաջ չի կարելի սնվել` ստամոքսը պետք է դատարկ լինի, այլապես փսխման վտանգ կառաջանա», պատմում է Սոնայի մայրը` դեպքի համար մեղադրելով անեսթեզիոլոգին: Ի դեպ այս բժշկական կենտրոնում ևս մեկ աղմկահարույց պատմության (երբ բժիշկները վիրահատական սեղանին էին դրել ոչ թե հիվանդ երեխային, այլ բժշկական զննության եկած մեկ ալ երեխայի) ժամանակ կրկին մեղավոր էին նարկոզ տվող բժիշկները, ում անփութության պատճառով էր շփոթությունն առաջացել: Թերևս կենտրոնի ղեկավարությանն արժե վերանայել կադրային (հատկապես անեսթեզիոլոգիայի բաժնում) քաղաքականությունը: Ինչևէ:
Տատիկի տված հաց ու պանիրը ճակատագրական դարձավ փոքրիկ Սոնայի համար. նարկոզի ժամանակ փսխած զանգվածը շնչահեղձություն առաջացրեց: Ճիշտ է, բժիշկները մաքրել էին երեխայի շնչափողը, բրոնխոսկոպիա և վերակենդանացման գործողություններ արել, բայց այդ ընթացքում, որ տևել է 7-8 րոպե (թույլատրելի սահմանը, որը կարող է անհետևանք մնալ հիվանդի առողջության համար, 2-3 րոպեն է) ուղեղի թթվածնային քաղց է առաջացել, որն անդառնալի հետևանքներ է թողել երեխայի առողջության վրա: Չնայած դրան` վիրահատող բժիշկները մտածելով, թե վտանգն անցել է` այդ վիճակում անգամ շարունակել են վիրահատությունը, ավելի խոր նարկոզ են տվել և հեռացրել են կույրաղիքը: Այնինչ հիվանդանոցի մի քանի այլ վիրաբույժների հավաստմամբ նման դեպքերում հարկավոր է վիրահատությունը դադարեցնել` հիվանդի օրգանիզմը լրացուցիչ սթրեսից զերծ պահելով և զբաղվել հիվանդի առողջությունը վերականգնելով, ինչը չի արել ոչ Սոնային վիրահատող բժիշկ Գևորգ Հայրապետյանը և ոչ էլ միջադեպից հետո նրան փոխարինած վիրաբույժ Արայիկ Կարապետյանը, ով հիվանդանոցում ավելի հմուտ մասնագետի համբավ ունի: Իսկ ինչո՞ւ է Հայրապետյանը վիրահատական սեղանի մոտ իր տեղը զիջել բժիշկ Կարապետյանին` թերևս վիրահատության ընթացքից վախենալով, պատասխանատվությունից
փախչելով:
Ամեն դեպքում վիրաբույժ Կարապետյանը ավելի մեծ հմտություններ ի հայտ չի բերել և շարունակել և ավարտին է հասցրել գործընկերոջ սկսածը` նույնպես գլխի չընկելով, որ վիրահատությունը շարունակելով` ավելի մեծ վնաս է հասցնում երեխայի առողջությանը: Եվ հետո` հանցագործություն է կոմայի մեջ հայտնված հիվանդին վիրահատելը: Սա ևս հաստատում են հիվանդանոցի մի քանի վիրաբույժներ: Երևի այդ մեղքը թաքցնելու համար Սոնային վիրահատած բժիշկները համառորեն հերքում են, որ երեխան կոմայի մեջ է հայտնվել փսխելուց անմիջապես հետո` ասելով, թե միայն հետվիրահատական շրջանում է դա պատահել:
«Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով նպատակահարմար ենք գտնում չնշել, որպես բանիմաց ու փորձառու մասնագետ պարզաբանում է, որ շտապ և չնախատեսված վիրահատությունից առաջ ինչ վիճակում էլ երեխայի ստամոքսը գտնվեր` պարտավոր էին աղեստամոքսային համակարգի լվացում անել, սակայն բժիշկները թերացել են: Իսկ դրանում առաջին մեղավորը անեսթեզիոլոգն է, ով պատասխանատու է նարկոզը տալուց առաջ հոգ տանել, որպեսզի հիվանդի ստամոքսը լվացվի ու նարկոզի ժամանակ հնարավոր բարդություններ չառաջանան:
Նույն բժիշկը նաև տեղեկացրեց, որ հնգամյա Սոնայի կույրաղիքի բորբոքումն առաջին աստիճանի է եղել` բժշկական լեզվով` կատարալ բորբոքում (համենայնդեպս այդպես է նշվել երեխայի հիվանդության պատմության մեջ): Այդ պատմությունը հետագայում կեղծվել է և առաջին աստիճանի բորբոքումը ներկայացվել է որպես երկրորդ աստիճանի` ֆլեգմոնա: Ըստ երևույթին այդ աճպարարությամբ բժիշկը և նրան սատարող գլխավոր բժիշկը փորձել են արդարացնել երեխային շուտափույթ վիրահատության ուղարկելը, որպեսզի աղմուկ բարձրանալու դեպքում ապահովագրվեն պատժից: Այնինչ եթե վիրահատությունը նշանակվեր մեկ օր հետո` բժշկի ցուցումները խստիվ պահպանելով, ապա երեխայի համար կույրաղիքի սովորական վիրահատությունը ճակատագրական չէր դառնա:
Դրանով չեն սահմանափակվում այս պատմության մութ էջերը. հուլիսի սկզբին «Արմենիա» հեռուստատեսության «Սուր անկյուն» հաղորդաշարի անոնսով տեղեկացվել էր, որ առաջիկա կիրակի օրը կցուցադրվի ու կմեկնաբանվի, թե իրականում ինչ էր կատարվել «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնում: Բայց... Կիրակին եկավ, իսկ ռեպորտաժն այդպես էլ չհեռարձակվեց: Ինչո՞ւ: Այդ ո՞ր ամենակարող ձեռքն էր կարողացել արգելել ռեպորտաժի հեռարձակումը կամ ի՞նչ նպատակով, մի՞թե բժիշկներն ու կենտրոնի ղեկավարությունը վախենում են այս պատմությունը հասարակության սեփականություն դարձնելուց: Իսկ եթե վախենում են, թաքցնում են` նշանակում է` մեղավոր են: Մենք զանգեցինք «Սուր անկյան» հաղորդավար Վահե Ղազարյանին, և նա տեղեկացրեց, որ բժշկական կենտրոնի մասին ռեպորտաժը չի ցուցադրվել զուտ տեխնիկական պատճառներով` տեսաժապավենը փչացած է եղել, և նյութը չի տեսագրվել: Ինչո՞ւ հենց այդ ժապավենը պետք է շարքից դուրս գար:
Այսօր «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնում բժիշկները պայքարում են Սոնայի կյանքի համար: Բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանի խոսքով` արվում է ամեն բան, որպեսզի փոքրիկին հնարավորինս շուտ դուրս բերեն այդ վիճակից, իսկ թե ինչ հետևանքներ այն կթողնի` այս պահին մասնագետները հուսադրող ոչինչ չեն ասում: Դժվարանում են անգամ կանխորոշել՝ վերակենդանացման բաժանմունքում այսպես անշարժ, առանց ռեակցիայի պառկած երեխան կմնա երկո՞ւ, հի՞նգ, թե տասն ամիս: Իսկ Սոնայի ծնողները` Ջուլիետա և Կարեն Դաշտոյանները, սպասում են` հավատալով, որ իրենց դստեր առողջությունը կկարգավորվի, և բժիշկների օգնությամբ նա կկարողանա ուշքի գալ: «Հիմա երեխային բժշկական օգնություն է ցուցաբերվում, շնորհակալ ենք բժիշկներից, ովքեր փորձում են երեխային կյանք վերադարձնել», հրաշքի ակնկալիքով ասում է աղջկա մայրը:
Բժիշկների ջանքերի շնորհիվ աղջիկն արդեն սկսել է ինքնուրույն շնչել, արհեստական շնչառության սարքը անջատել են, այդուհանդերձ Սոնան դեռ գիտակցության որևէ նշան ցույց չի տալիս: Կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Անահիտ Չոբանյանն ասում է, որ նա հիմա կոմայի մեջ չէ, բայց անգիտակից վիճակում է, և շուտ է ասելը, թե առողջանում է: Օրգանիզմը կայուն վիճակում է, և դեղորայքային բուժումը հասցված է նվազագույնի: Բժիշկներից շատերն էլ հավատացած են, որ եթե երեխան ուշքի գա` այնուհանդերձ նրա մոտ անդառնալի ֆիզիկական արատներ ի հայտ կգան: Թե ինչ հրաշք կլինի հետագայում` անկանխատեսելի է:
Այս դեպքի մասին առաջին հրապարակումը տպագրվել է Panorama.am լրատվական կայքում: Արձագանքելով` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը հանձնարարել է ստեղծել մասնագիտական հանձնաժողով` ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Կ. Կոստանյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովին հանձնարարվել է իրականացնել ուսումնասիրություններ` 2012 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների մանկական և մեծահասակների վերակենդանացման բաժանմունքներում` անգիտակից վիճակում (կոմա) գտնվող հիվանդների բուժօգնության կազմակերպման վերաբերյալ: Մենք փորձեցինք նախարարությունից ճշտել հանձնաժողովի կատարած աշխատանքի և վերոնշյալ դեպքի եզրակացությունները, բայց մեզ ասացին, որ հանձնաժողովն աշխատանքը դեռ չի ավարտել, միայն դրանից հետո հնարավոր կլինի հետևություններ անել: Փաստորեն` այս պահին ՀՀ առողջապահության նախարարության դիրքորոշումը պարզ չէ:















Մեկնաբանություններ
Խորհուրդ կտայի գրելուց ու հասարակության ուշադրությանը ներկայացնելուց առաջ համոզվեք արդյոք դուք լսել եք ադեկվատ մասնագետի կարծիք ,թէ հնչեցնում եք հիմար ու դատարկաբան ինչ որ կիսագրագետի կարծիք. Ինչի կիսագրագետի կմեկնաբանեմ ստորև... 1)" որ եթե վիրահատող բժիշկները, առավել ևս անեսթեզիոլոգն ավելի աչալուրջ և բանիմաց լինեին` աղջիկն այսօր այդ վիճակում չէր լինի" այպիսի հիմար ֆրազա կարող է արտահայտի միայն անգրագետ ու տխմար բժիշկը: Լինելով անեստեզիոլոգ ռեանիմատոլոգ և ուսումասիրելով այս հիվանդի հետ կապված դեպքը կարող եմ ասել, որ հիվադի հետ աշխատել են ճիշտ ու առանց սխալների: Ինչ վերաբերվում է աչալրջությանը, եթե աչալուրջ չլինեին մասնագետները երեխան կմահանար վիրահատարանում:
RSS feed for comments to this post