Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական 5-րդ ընտրությունները: Դրանց մասնակցեց ընտրական իրավունք ունեցող 99 227 քաղաքացիների գերակշիռ մասը՝ 73,4 տոկոսը (72 958): Նախագահի պաշտոնում վերընտրվեց Բակո Սահակյանը՝ հավաքելով 47 095 քվե կամ քվեարկողների 66,7%-ը: Նրա հիմնական մրցակիցը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հավաքեց 22 967 ձայն կամ ընդհանուր թվի 32,5%-ը: Երրորդ թեկնածուն՝ Հայաստանի ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, 593 ձայն կամ քվեարկությանը մասնակցածների 0,8%-ը:
Բուն ընտրությանը նախորդեց երկարատև ու կոշտ պայքարով հագեցած նախընտրական գործընթաց: Պայքարի նման դրսևորումն առաջին անգամ էր Արցախում, այնուհանդերձ ակնհայտ էր, որ արցախցին լավ է հասկանում պետականակերտման այդ գործընթացի արժեքը: ԼՂՀ-ն միջազգային հանրությանն ապացուցելու շատ բան ունի, և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը նրա միջազգային ճանաչման գլխավոր քայլերից մեկն է: Նախագահական ընտրություններում նկատված անօրինականությունները կարող էին ԼՂՀ հեղինակության վրա լուրջ բիծ գցել և հարցի լուծման բոլոր փուլերում շահարկման առարկա դառնալ:
Կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախը ժողովրդավարության կղզյակ է այս տարածաշրջանում և կարող է հպարտանալ` իրեն և Հայաստանին շրջապատող երկրներից մի քանի քայլ առաջ անցնելու համար: Ընդամենը 4 անճշտություն է գրանցվել: Ապացուցվեց, որ ԼՂՀ-ում միս ու արյուն են ստացել և ակտիվորեն գործում են պետական կառույցները, ձևավորվել են ժողովրդավար պետական համակարգ և քաղաքացիական ակտիվ հասարակություն:
Թեև արտաքին աշխարհը ձևացնում էր, թե ուշադրություն չի դարձնում ԼՂՀ-ում ընթացող ընտրություններին, այնտեղ դիտորդական պատկառելի ներկայություն կար: Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էին 81 միջազգային և 21 տեղական դիտորդներ: Միջազգային դիտորդները հիմնականում օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ էին ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Չեխիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուրուգվայից, Սլովենիայից, Կիպրոսից, Արգենտինայից և այլ երկրներից: Սա Լեռնային Ղարաբաղի՝ որպես Հանրապետության կայացած փաստի հետ հաշվի նստելու դրսևորում է: Ընտրությունների ընթացքին հետևում էին շուրջ 100 լրագրողներ, որոնցից 55-ը՝ միջազգային:
Բնականաբար այս վիճակը խիստ անհանգստացրել էր Ադրբեջանին, որը արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևի մակարդակով հայտարարեց. «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ընտրությունների անցկացումը սադրանք է և հայկական կողմի փորձը՝ ամրապնդելու ներկայիս ստատուս քվոն, որի անընդունելիությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից»: Թուրքիայի արտգործնախարարությունը ևս հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին և նշելով, թե Ղարաբաղում անցկացվող ընտրությունները խախտում են միջազգային իրավունքը և նպատակ ունեն միակողմանիորեն օրինականացնել անօրինական իրավիճակը: Անմիջապես հնչեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կոշտ արձագանքը. «Իր երկրում հայերի ցեղասպանության իրականացումը ժխտող Թուրքիայի իշխանությունները որևէ բարոյական իրավունք չունեն դասեր տալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը, այն էլ ՄԱԿ Անվտանգության խորհուրդի որոշումների և ԵԱՀԿ սկզբունքների կեղծ մեկնաբանությամբ:
Ադրբեջանն անգամ հորինվածքներ էր թույլ տվել. ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով Շվեյցարիայում իրենց դեսպանությանը, տեղեկություն էին տարածել, իբր Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները,այն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի սուտը շատ արագ բացահայտվեց. Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտը հայտնեց, որ իրենք որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ:
ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ միջազգային գնահատական, այնուամենայնիվ, հնչեց՝ թե ընտրություններից առաջ, թե հետո:
Մինչ Արցախ մեկնելը Երևան այցելած դիտորդ, Ուրուգվայի խորհրդարանի անդամ Սյուզան Պեյերը ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպելով՝ նշեց. «Հպարտ եմ, որ իմ այս այցելությամբ կարող եմ ինչ-որ դերակատարություն ունենալ Արցախի ժողովրդի կյանքում… Իհարկե, որպես քաղաքական գործիչ եմ այստեղ, բայց նաև մարդկային և ջերմ զգացումներ ունեմ… Ես համոզված եմ, որ Արցախում տեղի ունեցող գործընթացները ճիշտ ուղու վրա են»:
Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ, միջազգայնագետ Դենիս Դվորնիկովը ԼՂՀ իրավիճակը համեմատեց Կոսովոյի անկախության ճանաչման փաստի հետ. «Միանշանակ պետք է ցրել միֆը… Պետք է ասել, որ կա ինքնորոշման միջազգային իրավունք, և որ Լեռնային Ղարաբաղի դեպքում այլ տարբերակ չի կարող լինել… Հակառակ դեպքում կլինի «նոու-հաու», հատկապես Կոսովոյից հետո… Ի դեպ այս առումով Կոսովոն շատ ավելի քիչ հիմքեր ուներ անկախանալու, քան Լեռնային Ղարաբաղը: Կարող եմ ասել, որ այն քաղաքական պայքարը, որ այսօր ընթանում է ԼՂՀ-ում, համապատասխանում է քաղաքական արդար մրցակցության ամենաբարձր չափորոշիչներին»:
ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բալբերովն էլ ասաց. «Կարծում եմ՝ կայանալիք ընտրությունները 5-րդ անգամ ցույց կտան, որ իսկապես անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, և ժողովուրդն է ընտրում իր իշխանություններին… Եվ գուցե այն կողմն իր իսկ կամքով վերադառնա 1994 թվական, երբ զինադադարի պայմանագիր կնքեց և սկսի նորմալ երկխոսություն, եթե ուզում է հասնել ինչ-որ լուծման: Այսօր այնտեղ ամեն ինչ ժողովրդավարական հունով է ընթանում: Այսինքն ժողովրդավարությունն առկա է»:
Ընտրության և դրան հաջորդող օրերին միջազգային դիտորդները միայն դրական գնահատականներ հնչեցրին: «Ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում նախընտրական քարոզարշավը հանգիստ է ընթացել: Տպավորություն ունեմ, թե ընտրությունները մաքուր են ընթանում», հայտարարեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, «Սովորական քաղաքացիների» կուսակցության առաջնորդ Պավել Չերնևը:
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիղանիսը, ով եղել է մոտ երեք տասնյակ տեղամասերում, լրագրողներից մեկի հարցին պատասխանելով նշել էր. «ԼՂՀ նախագահական ընտրությունները պարզապես իդեալական են անցնում: Ամեն ինչ տեղի է ունենում բարձր մակարդակով, ոչ ոք չի խոչընդոտում ընտրական գործընթացը, քվեատուփերը լցվում են օրենքով հաստատված նորմերին համապատասխան: ԼՂՀ նախագահական ընտրությունները միանշանակորեն համապատասխանում են միջազգային ստանդարտներին»:
«Լեռնային Ղարաբաղում ապահովված են բոլոր անհրաժեշտ՝ ժողովրդավարական պայմանները, ընտրությունների անցկացման համար: Ես անգամ կասեի, որ հարևան հանրապետությունները չեն պահպանում այն պայմանները, որոնք պահպանվում են Ղարաբաղում: Բոլորը, ում հետ զրուցել ենք, ընդգծում էին, թե թեկնածուների համար հավասար պայմաններ են ստեղծվել իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի տնօրեն Մաթեուշ Պիսկորսկին (Լեհաստան), Ղարաբաղն ունի բոլոր հիմքերը՝ որպես լիարժեք պետություն ճանաչվելու համար. ո՞վ կարող է բանակցություններ վարել ԼՂՀ-ի անունից, եթե ոչ նախագահը, խորհրդարանը և իշխանության այլ ներկայացուցիչները` ընտրված ժողովրդավարական ուղով: Իրական իշխանությունների ներկայացուցիչները»:
Ռուսաստանցի դիտորդները ևս փաստեցին ազատ ընտրության առկայությունը: 16 դիտորդներ միասին տարածեցին հայտարարություն և ընտրությունները համարեցին կայացած, թափանցիկ, օրինական, ազատ, ժողովրդավար, երկրի ընտրական օրենսդրությանը և ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին համապատասխան:
Գնահատականով հանդես եկավ նաև ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) հատուկ առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը` ասելով. «Ղարաբաղում նախագահի ընտրության գործընթացը հանրապետության քաղաքացիների կամարտահայտման, կայացած ժողովրդավարական ակտ է, որը համապատասխանում է միջազգային նորմերին:
Հայտարարություն տարածեց նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012 թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին: Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից և ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն»: Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որևէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման հասնելու համար:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը ևս հայտարարեց, թե չի ընդունում սահմանադրական և օրենսդրական կառուցվածքը, որում կայանալու են ընտրությունները, և դրանք չեն կարող կանխորոշել Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Այդուհանդերձ ընտրությունների անօրինական լինելու մասին ոչինչ չասվեց: Այսինքն բացի Թուրքիայից, Ադրբեջանից ու Վրաստանի ԱԳ նախարարությունից՝ ընտրությունների չճանաչման հայտարարություն չհնչեց: Վրաստանի այս կեցվածքն էլ բացատրվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների առկայությամբ:
«ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին Արևմուտքի քննադատական հայտարարություններն անհիմն են, ինչպես նաև այն տեսակետը, թե ընտրությունները վնասում են ԼՂՀ բանակցային գործընթացին», նշված հայտարարություններին որպես պատասխան՝ հնչեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի տեսակետը:
Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևն էլ նշեց. «Ընտրություններում 75-%-անոց մասնակցությունը կարող է նախանձի առարկա դառնալ ԱՊՀ մյուս երկրների համար: Ավելին, ընտրությունների արդյունքներն արդեն խոսում են իրենք իրենց մասին: Ձայների 30%-ը տրվել էր ընդդիմադիր թեկնածուին, և հետո վերջինիս կողմից ընտրությունների արդյունքների ճանաչումը խոսում է դրանց կազմակերպվածության բարձր մակարդակի մասին: Գործող նախագահի օգտին 65% ձայնը վկայում է այն մասին, որ անցած 5 տարիների ընթացքում երկրում շատ բան է դեպի լավը փոխվել: Մինչդեռ ընդդիմադիրի 30%-ը շատ խնդիրներ է մատնանշում` կաշառակերություն, արտաքին պասիվ քաղաքականություն և այլն, որոնց նկատմամբ դժգոհությունը ժողովուրդը կարող է արտահայտել ընտրություններով: Ընտրական գործընթացն ամենուր կազմակերպված էր բարձր մակարդակով: ԼՂՀ-ի նախագահի ընտրութուններն օրինակ կարող են ծառայել ժողովրդի կողմից իրենց իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրելու համար»:
Իրականությունն այն է, որ թեև ԼՂՀ անկախությունը դեռևս ճանաչված չէ, միջազգային հանրությունը փաստացի հաշվի է նստում առկա իրողությունների հետ: Իսկ Վիտալի Բալասանյանի ստացած պատկառելի ձայները վկայում են այդ երկրում առկա բազմակարծության մասին: Արցախում լուրջ ընդդիմության առկայությունն էապես կարող է նպաստել պետության զարգացմանը և նրա միջազգային ճանաչմանը:
Արցախն աշխարհին ապացուցում է, որ ժողովրդավարական ընտրությունների միջոցով պետականակերտման թեստն արդեն հանձնել է:














