Բարեփոխումների իմաստն ու տրամաբանությունն իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը ծառայեցնելու օրինակները Հայաստանում բավականին շատ են: Պետք է ընդունել, որ դրանց մեջ կան նաև կառավարության դրական նախաձեռնությունների հանդեպ (այդպիսիք նույնպես երբեմն լինում են) իշխող վերնախավի կողմից ակնհայտ դիմադրության մասնավոր դեպքեր: Այդ վերնախավը՝ քաղաքական կեղծ էլիտայի բաղկացուցիչ մասը, ինչպես հայտնի է, պարբերաբար բռնագրավում է Ազգային ժողովի մեծամասնությունը, այնպես որ կառավարության կամ առավել ևս ընդդիմության ոչ մի բարեփոխիչ նախաձեռնություն այդ պատնեշը ճեղքել չի կարող:
Բայց բարեփոխումների մեծ մասն ի սկզբանե պարունակում է զտիչ մեխանիզմներ, որոնք ի զորու են չեզոքացնել ցանկացած վտանգ, որը սպառնում է մեր «իսթեբլիշմենթի» բազմիցս հիշատակված գլխավոր նպատակին՝ իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը:
Ես հիմա չեմ պատրաստվում մանրամասնորեն անդրադառնալ պետական կառուցվածքի վերաբերյալ այն հետաքրքիր ու կարևոր առաջարկներին, որոնք անկախության առաջին տարիներին հայտնվում ու բուռն քննարկվում էին մեր՝ դեռ թարմ ու հույսերով լի հասարակության մեջ: Դրանք բոլորը՝ սկսած Սահմանադրական ժողովի առողջ գաղափարից, թաղվեցին Հայաստանի հետխորհրդային՝ նոր նոմենկլատուրայի կողմից: 90-ականների վերջի ցնցումները՝ սկսած առաջին նախագահի հրաժարականից մինչև 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը, բացահայտեցին մեր պետական կառուցվածքի թե դրական կողմերը, թե բազմաթիվ սխալները. փոփոխությունների անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ:
Սահմանադրության փոփոխությունը, օրինակ հասունացել էր 2005-ից շատ առաջ, բայց իրականացվեց ոչ այնքան ընդդիմության պահանջով, որքան իշխող կոալիցիայի մաս կազմած «Դաշնակցության»՝ ներսից գործադրվող ճնշման շնորհիվ: Բայց նույնիսկ այդ փոփոխություններն ու լրացումները թեև կարևոր, բայց թերի էին: Դրանցից մի քանիսն ի սկզբանե ունեին քողարկված նշանակություն, որը դարձյալ ծառայում էր իշխանության վերարտադրման գերնպատակին: Օրինակ՝ խորհրդարանի պատգամավորներն սկսեցին ընտրվել ոչ թե չորս, այլ հինգ տարով՝ ինչպես նախագահը: Կարծես թե այնքան էլ էական նորամուծություն չէ, բայց միայն՝ առաջին հայացքից: Բանն այն է, որ մինչև 2005 թ. նախագահական ընտրությունները երբեմն նախորդում էին խորհրդարանականին, երբեմն էլ՝ հաջորդում: Դա որոշ ճկունություն էր հաղորդում քաղաքական գործընթացին և ինչ-որ չափով ապահովում ընտրությունների արդյունքների անկանխատեսելիությունը, ինչն իր հերթին կարող էր ժամանակի ընթացքում ժողովրդավարական ավանդույթների ձևավորման հիմք դառնալ: Բայց իշխանություններն այլ կերպ դատեցին: 2007 թ. ընտրություններից սկսած՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջև կես տարվա միջակայք կա. գարնանը խորհրդարանական ընտրություներն են անցկացվում, իսկ հետո՝ ընդամենը մի քանի ամսից՝ ձմռանը, նախագահականը: Դրանով իսկ խորհրդարանական ընտրություններն ասես դարձան նախագահականի նախապատրաստական փուլը՝ կորցրին իշխանության անկախ ճյուղը ձևավորող քաղաքական ինքնուրույն ակցիայի բնույթը և ձեռք բերեցին օժանդակ նշանակություն. հենց այդկերպ էլ ընկալվում են թե իշխանության, թե ընդդիմության, թե հասարակության կողմից: Ի դեպ այս հանգամանքն ինքնին նպաստեց խորհրդարանի՝ որպես օրենսդրական իշխանության ինստիտուտի դերակատարման աստիճանական նվազեցմանը, դրա հանդեպ հասարակական պահանջների նշաձողի իջեցմանը և որպես հետևանք՝ դարձավ դրա որակական արժեզրկման գործոններից մեկը:
Պատկերը գրեթե է նույնն է բոլոր այն դեպքերում, երբ իշխանության նորամուծություններն իբր կոչված են արձագանքելու հասարակական հասունացած անհրաժեշտությանը, որն արտահայտված է ընդդիմության ծրագրային պահանջներում:
Հանրային պալատը, որի ստեղծման գաղափարը ժամանակին առաջ են քաշել քաղաքական տարբեր ուժեր, իշխանություններն ի վերջո ստեղծեցին: Բայց Պալատն այդպես էլ չդարձավ այն մարմինը, որը պետք է կոչված լիներ քննարկելու և հայեցակարգային լուծումներ առաջարկելու գոյություն ունեցող, հնարավոր և կանխատեսելի հասարակական տարաձայնություններին և դիմակայություններին (օրինակ՝ աշխատողների ու գործատուների, գյուղական ու քաղաքային համայնքների, Հայաստանի ու սփյուռքի հայերի, տեղական ու արտասահմանյան ներդրողների միջև և այլն): Իշխանությունների ջանքերով այն վերածվեց քաղաքական կենսաթոշակառուների անատամ ակումբի:
Հայաստանում, Ղարաբաղում և սփյուռքի՝ դեռ վերջնականապես չհուսահատված շրջանակներում մի քանի տարի առաջ այնքան պահանջված և սպասված սփյուռքի նախարարությունը վերածվեց կառավարական PR գործակալության:
Ավելի անփառունակ ճակատագրի արժանացան մեր քաղաքական կեղծ էլիտայի հակակոռուպցիոն ջանքերը: Կոռուպցիան քայքայում է երկիրը և ազգային անվտանգության հիմնական սպառնալիքն է դարձել. դա պարզ էր դեռ 10-15 տարի առաջ: 2000-ականների առաջին տասնամյակում սա երկրի քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցն էր: Հասարակական մթնոլորտը նպաստում էր վճռական գործողություններին, ինչն այն ժամանակ բավականին ակտիվ «Դաշնակցություն» կուսակցությանը դրդեց զանգվածային գրոհ սկսել՝ ներգրավելով արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններին և մասնագետներին: Մի շարք բանակցություններից, օրենսդրական նախաձեռնություններից և միջազգային GRECO կազմակերպության հետ համաժողովներից հետո դաշնակցականներին հաջողվեց համոզել երկրի այն ժամանակվա ղեկավարությանը՝ անդամագրվել այդ կազմակերպությանը և նրանց խորհուրդներով առաջնորդվելով՝ համապատասխան կառույցներ ստեղծել: Բայց ոտքը դեմ առավ քարին: Դաշնակցականները և նրանց միացած ընդդիմադիր ուժերը պահանջում էին ստեղծել հակակոռուպցիոն անկախ մարմին՝ իրավասությունների լայն շրջանակով: Բայց իշխանությունն այլ կերպ վարվեց: 2003 թ. ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի կազմում ընդգրկվեցին կառավարության, ուժային գերատեսչությունների, դատական իշխանության ներկայացուցիչներ, իսկ այն գլխավորեց վարչապետը, այսինքն կոռուպցիայի դեմ պայքարը հանձնվեց հենց այն մարդկանց և ինստիտուտների ձեռքը, ում գործունեությունն էլ ըստ էության պետք է դառնար կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից մանրակրկիտ ուսումնասիրության առարկա: Ճիշտ է՝ խորհրդի և մոնիտորինգային խմբի կազմում ընդգրկեցին նաև դաշնակցականներին, բայց նրանք այնտեղ այնպիսի խուլ փոքրամասնության մեջ հայտնվեցին, որ շուտով դադարեցրին իրենց մասնակցությունն այդ խամաճիկային, ոչ երկարակյաց կառույցների աշխատանքին:
Հիշեք հին առասպելը Միդաս թագավորի մասին, ով ձեռքի հպումով ամեն ինչ ոսկու էր վերածում և ի վերջո մահացավ սովից: Մեր երկրում էլ է մոտավորապես այդպես, բայց հակառակ նշանով՝ ցանկացած առողջ միտք, որն իշխանությունները վճռում են իրականացնել, վեր է ածվում ... մի խոսքով՝ միանգամայն ուրիշ սուբստանցիայի, որն իհարկե նույնպես ուտելի չէ: Իհարկե դրանից իշխանություններին սովամահության վտանգ չի սպառնում, բայց հասարակությունն զգալիորեն տուժում է: Քաղաքական կեղծ էլիտայի կողմից հասարակական պահանջի պրոֆանացիայի՝ գռեհկացման առավել արտահայտիչ օրինակն Անվտանգության խորհուրդն է: Ես հիմա մտադիր չեմ անդրադառնալ Անվտանգության խորհրդի քարտուղարի անձի՝ մամուլում չարչրկած հարցին. այն փաստը, որ այդ պաշտոնում նշանակեցին մի մարդու, ում դրանից ոչ շատ առաջ հենց նախագահամետ թերթերն էին անարգում արտասահմանյան կասկածելի կապերի համար և ում քիչ էր մնում մեղադրեին դավաճանության և գործակալական գործունեության համար, անձամբ ինձ ամենևին էլ չի զարմացնում և նույնիսկ չի էլ հետաքրքրում: Ավելի լավ է խոսենք այն մասին, թե ինչպիսին պետք է լիներ Անվտանգության խորհուրդը՝ մեր փոքր, մահացու սպառնալիքների ճիրաններում հայտնված երկրում և ինչպիսին է այն հիմա:
Այն պետությունները, որոնք լուրջ են վերաբերում ազգային անվտանգության հարցին, մշակել են (զանազան տարբերակներով) հետևյալ մոտեցումը՝ գործադիր իշխանությունը պետք է ունենա տարբեր գործառույթներ իրականացնող երկու մակարդակ՝ կառավարությունը և Անվտանգության խորհուրդը: Առաջին մակարդակի կառույցները (նախարարություններ, գերատեսչություններ) երկարակյաց չեն, դրանք ընտրությունից ընտրություն քաղաքական նոր բովանդակությամբ են լցվում և իրականացնում են կառավարման խնդիրներին և իհարկե՝ գալիք ընտրություններին առնչվող կարճա կամ միջնաժամկետ ծրագրեր: Գործադիր իշխանության երկրորդ մակարդակը՝ Անվտանգության խորհուրդը, պարտավոր է իրականացնել ոչ թե այսօրվա, այլ վաղվա Հայաստանի վիրտուալ կառավարումը: Դրա համար նախ՝ պետք է մշակի և մշտապես թարմացնի ազգային անվտանգության հայեցակարգը, դրա հիմքում պետք է լինի այն կենսունակ, մրցունակ երկիրը, որը պետք է կառուցի մեր հասարակությունը: Դրա համար նախևառաջ պետք է, որ գոնե մենք ինքներս պատկերացնենք այդ ապագա Հայաստանը՝ ինչպիսի՞ն է այն լինելու (պետք է լինի) 20, 50, 100 տարի անց: Ի՞նչ տարածք պետք է ունենա, ի՞նչ բնակչություն, պաշտպանական ի՞նչ ներուժ, ովքե՞ր են լինելու մեր հարևանները, ինչպիսի՞ն է լինելու աշխարհը, ի՞նչ բարեփոխումներ, գիտական, արդյունաբերական գյուղատնտեսական, մշակութային, կրթական ի՞նչ առաջնայնություններ է պետք ունենալ՝ ապահովելու համար ազգային թռիչքաձև, այնուհետև՝ համաչափ ազգային զարգացումը: Հենց այսպիսի մանրակրկիտ մշակված հայեցակարգի դիտակետով էլ Անվտանգության խորհուրդը պետք է վերլուծի գործող կառավարության բոլոր որոշումները՝ որքանո՞վ են համապատասխանում կամ գոնե չեն հակասում դրան: Եվ Անվտանգության խորհուրդը պետք է ոչ միայն սեփական կարծիքի իրավունք ունենա, այլև գործադիր իշխանության առաջին մակարդակի որոշումների վրա ներգործելու անխափան մեխանիզմ: Դրա համար կպահանջվեն համակարգային վերափոխումներ, ամենայն հավանականությամբ անհրաժեշտ կլինի վերանայել նաև Սահմանադրությունն ու ազգային անվտանգության հայեցակարգը, բայց նախևառաջ ամբողջ գործադիր իշխանությունը պետք է հասկանա, գիտակցի, որ Անվտանգության խորհուրդն օժանդակ մարմին չէ, այն չի կարելի լցնել գործող կառավարության անդամներով՝ «ըստ ծառայողական դիրքի», օգտագործել քաղաքական իրավիճակային նպատակների համար, դարձնել առուծախի առարկա կամ վերածել ինչ-որ մեկի քաղաքական հավակնությունները բավարարելու միջոցի: Իսկ Հայաստանում հենց այդպես էլ կա: 2000-ականների կեսերին հասարակության առաջադրած խնդիրը՝ ստեղծել ինստիտուցիոնալ Անվտանգության խորհուրդ, որն ի վիճակի լինի ուրվագծել Հայաստանի ճանապարհը դեպի ապագա, այդպես էլ մնաց չիրագործված:
Դուք հավանաբար նկատել եք, որ կեղծ էլիտայի մասին խոսելիս ես ավելի շատ անդրադառնում էի դրա քաղաքական բաղկացուցչի գործունեությանը: Մշակույթի, գիտության, կրթության ու հասարակական հարաբերությունների բնագավառներում տեղի ունեցած ավերմունքին գրեթե չեմ անդրադարձել: Բայց մի՞թե մանրամասնելն իմաստ ունի: Ամեն ինչ շատ պարզ բացատրում է հայկական հումորային հեռուստասերիալներից մեկը: Էկրանային ընտանիքի անդամներից մեկը՝ ամենաճնշված, ամենավախկոտ, ստորացված, ագահ, կամազուրկ և հիմար կերպարը մտավորականն է՝ բժիշկ, ով օտար լեզուներ գիտի: Կարծում եք՝ պատահականությո՞ւն է: Ցավոք, ոչ, բարեկամներս: Հիշո՞ւմ եք Պլատոնի «Երկխոսություններից» մեկում մեծ աթենացիների քաղաքացիական հատկանիշների մասին վեճը հանգեցնում է հետաքրքիր եզրակացության՝ առաջնորդի արժանիքն իր համաքաղաքացիներին ավելի լավը դարձնելու ունակությունն է: Բայց դառնալով ավելի լավը՝ այդ համաքաղաքացիներն սկսում են քննադատաբար վերաբերվել առաջնորդին, ավելի պահանջկոտ են դառնում նրա և իրենց հանդեպ: Ակնհայտ է, որ հայրենիքում մնացած մեր համաքաղաքացիների զգալի մասն անկախության տարիներին ավելի լավը չդարձավ: Ահաև՝ հայկական կեղծ էլիտան էկրանից նրանց բացատրում է, որ այլևս չկա մտավորականություն, չկան մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել, հենվել, չկան քննադատական ոգի ունեցողներ, չկան մարդիկ, ովքեր ունակ են պահանջկոտ լինել իրենց և ուրիշների հանդեպ, անհնազանդ և ազատամիտ լինել, ովքեր պատրաստ են ինքնազոհաբերման, այսինքն չկա իսկական էլիտա, մոռացե՛ք: Կան միայն նրանք՝ փողի, իշխանության և ինֆորմացիայի այսօրվա տերերը:
Բարեկամներ, ժամանակը չէ՞ ապացուցել` նրանք չարաչար սխալվում են:














