Նախկին ոստիկան, բազմազավակ ընտանիքի հայր Մխիթար Ալումյանի խոսքով` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարել է, որպեսզի հանրության և իշխանությունների ուշադրությունը սևեռի իր ընտանիքի, հատկապես հաշմանդամ դստեր վրա:
Օրեր առաջ հանրության, մամուլի, նաև` պատկան մարմինների ուշադրությունը գրավեց նախագահի նստավայրի դիմաց Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ Մխիթար Ալումյանի` բենզինով ինքնահրկիզվելու փորձը: Բարեբախտաբար ոստիկանները դա կանխեցին: Մխիթարն իր այս արարքը մեկնաբանել էր այսպես. գրեթե 14 տարի աշխատել է «Հրազդանի էներգաբլոկ» ձեռնարկությունում, սակայն տնօրինությունը հրաժարվել է վճարել հավելավճարները:
Որոշեցինք այցելել Մխիթար Ալումյանի տուն: Նրա բազմազավակ ընտանիքն ապրում է Կոտայքի մարզի Քաղսի գյուղում: Երբ փորձում էինք հարցուփորձով գտնել Մխիթարի տունը, գյուղի խանութներից մեկի աշխատողն ասաց. «Հաա, Մխիթարի՞ն, ոնց չգիտենք, 100 հազար դրամ էլ պարտք ունի: Ամիսներ շարունակ ապրանք են վերցնում, բայց գումար չունեն, որ վճարեն, գյուղի բոլոր խանութներին պարտք են»: Ու ցույց տվեց պարտքատուի տան ճամփան:
...Սոցիալապես անապահով վիճակ, հինգ անչափահաս երեխա, որոնցից մեկը` 10-ամյա Կարինեն, հաշմանդամ է: Մխիթարը տանը չէր` Կարինեին տարել էր վիրահատության: Երեխան աչքերի շտապ վիրահատության կարիք ունի, որպեսզի փրկվի կուրանալուց: 
Կինը` Շուշանը, մեզ հետ զրույցում նշեց, որ թեև իրենք ապրում են բավականին վատ պայմաններում, սակայն ամուսնու` ինքնահրկիզման քայլին դիմելու պատճառը երեխայի շտապ վիրահատության համար ֆինանսների բացակայությունն է եղել: Կարինեն հիվանդ է ոսկրային տուբերկուլոզով: Չորս տարի անցկացրել է Աբովյանի հանրապետական տուբդիսպանսերում: Այժմ հենակներով է քայլում: Այս տարի փոխադրվել է 6-րդ դասարան, սակայն դպրոց չի հաճախում: Մայրը դիմում է գրել կրթության նախարարություն, խնդրել, որ ուսուցիչները երեխային տանը դասավանդեն: «Բժշկուհին ասում էր` Կարինեին լավ սնունդ է պետք, որ չենք աշխատում` ինչպե՞ս սնունդ տանք նրան», - ասում է Շուշանը: Փորձել է դիմել պետական ատյաններին: «Հաշմանդամ երեխայի թղթերը ձեռքիս գնացի, որ «Փարոս» ստանամ, ոչինչ չունեմ` ոչ հողամաս, ոչ անասուն: Ասացին` պետք է ամուսնուդ հետ չապրես, որ «Փարոս» ստանաս: Ստիպված ամուսինս գրանցվեց սկեսուրիս տանը, որ ես լինեմ միայնակ ու «Փարոս» ստանամ, - պատմում է Շուշանը:
Ամուսինը վերջին անգամ աշխատավարձ է ստացել 9 ամիս առաջ: Ընտանիքը գոյատևում է երեխաների նպաստով և Կարինեի հաշմանդամության թոշակով:
Վերջերս էլ ծնողները նկատել են, որ Կարինեն տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Գույներն են հարցրել, տառերը ցույց տվել, սակայն Կարինեն չի կարողացել պատասխանել: Երեխային տարել են Երևանի 8-րդ հիվանդանոց, պարզվել է` սուր բորբոքումներ են: Ոսկրային տուբերկուլոզը բուժող դեղերի ազդեցությունից
ձախ աչքը կուրացել է, իսկ աջով կիսով չափ է տեսնում: Բժիշկները նշել են, որ շուտափույթ վիրահատությունն ու լինզաների տեղադրումը երեխային կփրկեն կուրությունից: «Ամուսինս դիմել էր ծայրահեղ քայլի` ինքնահրկիզման, ոչ թե նրա համար, որ վատ ենք ապրում, այլ որովհետև չենք կարողանում մեր երեխային օգնել: Հասկանո՞ւմ եք` ինչ է նշանակում, երբ երեխադ աչքիդ առաջ կուրանում է, ու դու ոչինչ ի վիճակի չես անել»: Շուշանի խոսքով` չնայած ընտանիքն ապրում է ծայրահեղ վատ պայմաններում, ոչ մեկից երբեք ողորմություն չեն խնդրել: «Ամուսինս ուզում էր, իր օրիանական աշխատավարձը որ վճարեին», - ասում է Շուշանը: Հիշեցնենք, որ բազմազավակ ընտանիքի հայր Մխիթար Ալումյանը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ՋԷԿ-ի առանձին վաշտի ոստիկան է եղել: Աշխատանքից ազատվել է 2011 թ. հոկտեմբերին, երբ սկսել է բարձրաձայնել արտաժամյա ծառայության հավելավճարները չստանալու մասին և պահանջել իրեն հասանելիք 4,5 միլիոն դրամը: Գումարն ստանալու պահանջով սեպտեմբերի 16-ին դիմում է գրել պետական պահպանության գլխավոր վարչություն, որից հետո` սեպտեմբերի 27-ին Մխիթարին կանչել են ու իր խոսքով` «վախի ու ճնշման» մթնոլորտում գրել տվել երկրորդ դիմումը, համաձայն որի «պարտք ու պահանջ չունի և նախորդ դիմումը գրել էր հոգեճնշված վիճակում»:
Շուշանի խոսքով` սեպտեմբերի 27-ին «իրենց ուզած» զեկուցագիրը գրել տալուց հետո ՊՊԳՎ պետ Ռոման Մկրտումյանը կանչել է տվել Հրազդանի ՋԵԿ-ի առանձին վշտի հրամանատար Սերգեյ Հարությունյանին և պատվիրել Մխիթարին փոխանցել 5 000 դոլար ու դրանով գործը փակված համարել` ասելով սուս ու փուս գնա: Մխիթարը վերցրել է գումարը: Բայց սուսուփուս հեռանալ չի պատրաստվել: «Էդ փողը Մխիթարը վերցրել էր, քանի որ մեզ շատ պետք էր, երեխայի բուժման համար ընդհանրապես գումար չունեինք: Բայց Մխիթարը մինչև վերջ պայքարելու է, որ հասանելիք ամբողջ գումարն ստանա», - ասում է կինը:
Աշխատանքից դուրս գալուց հետո դիմել է պետական պահպանության գլխավոր վարչություն` Իջևանի զորքերում ծառայության անցնելու համար, բայց դեռ պատասխան չի ստացել: Գլխավոր
վարչության պետ Ռոման Մկրտումյանը խոստացել է, որ նրան աշխատանքի կվերցնեն, սակայն 8 ամիս է` արձագանք չկա:
Մխիթարը բազմիցս դիմել է տարբեր ատյանների, ներկայացրել իր բողոքը, նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին: «Նախքան ընտրությունները` մայիսի 2-ին նախագահն այցելել էր մեր գյուղ: Մխիթարը նամակ էր գրել նախագահին ու անձամբ հանձնել նրան: Ասել էր` եթե հարցիս լուծում չտաք` կգամ նստավայրի դիմաց հացադուլ կանեմ: Նախագահն ասել էր` նամակը կկարդամ, քո հարցին անհապաղ լուծում կտանք»:
Մխիթարը հանդիպել է նախագահի աշխատակազմի աշխատակցին, սակայն այդպես էլ բազմազավակ հոր բողոքը տեղ չի հասել: Ստիպված դիմել է ծայրահեղ քայլի:
Ինքնահրկիզման փորձից հետո Ալումյանը որոշել էր հացադուլ անել նախագահի նստավայրի դիմաց: Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն ընդունել էր Ալումյանին, ասել, որ աշխատանքի հարցը կլուծվի: Նաև կարգադրել էր, որ ոստիկանությունում հաշվեն արտաժամերը և համապատասխան գումարը վճարեն: Հովհաննես Հովսեփյանը զանգահարել է 8-րդ հիվանդանոց և կարգադրել, որ հունիսի 12-ին Կարինեի աչքերի վիրահատությունն իրականացվի առանց որևէ վճարի: Բազմազավակ ընտանիք մեր այցելության օրը հենց նշանակված էր Կարինեի վիրահատությունը: Սակայն Մխիթարը զանգահարեց կնոջն ու տեղեկացրեց, որ Քանաքեռ-Զեյթունի հիվանդանոցի բժիշկների խոսքով բորբոքումները չափազանց սուր են, եթե վիրահատությունը կատարվի մեր երկրում, դժվար թե օգուտ լինի: Երեխային պետք է տեղափոխել Մոսկվա: Ավելի ուշ Մխիթարից տեղեկացանք, որ երեխային տարել են նաև «Նաիրի» առողջության կենտրոն: Այնտեղից բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկեն Մոսկվա, անհրաժեշտության դեպքում Մոսկվայից են մասնագետներ հրավիրելու, որպեսզի երեխայի աչքի վիրահատությունն այստեղ անցկացնեն:
Մխիթարի երազանքն է երեխային ազատել հենակներից, նրան տեսնել սեփական ոտքերի վրա: Դրա համար անհրաժեշտ է նաև ծնկի վիրահատություն, որը շատ թանկ արժե: Մխիթարը հույս ունի, որ ՊՊԳՎ-ից կստանա իր արտաժամյա ծառայության հավելավճարները, իր օրինական պահանջը կբավարարվի, ինքն էլ կկարողանա աշխատանք գտնել: Խոստացել են առաջիկա օրերին լուծել նաև Մխիթարի աշխատանքի հարցը: Բազմազավակ ընտանիքի հայրն իր երազանքն իրագործելու, աղջկան առողջ տեսնելու հույսը չի կորցնում:













