Ըստ աղանդից տուժածների` այն զբաղվում է խաբեությամբ, ոսկեղենի, հագուստի, փողի և թանկարժեք իրերի թալանով
Հայաստանում բնավորվում է նոր աղանդ` «Խորան միջազգային քրիստոնեական» եկեղեցի անունով: Կառույցն իր հիմնական գործունեությունը ծավալում է Իսպանիայի մի փոքրի քաղաքում` հայ համայնքի շրջանակներում: Այս աղանդի մասին Հայաստանում առաջինը խոսեց «Միացյալ երիտասարդական լիգա» (ՄԵԼ) շարժումը: ՄԵԼ-ին աղանդի վերաբերյալ բողոք-նամակով տեղեկություններ էին տվել Իսպանիայի` աղանդից տուժած մեր հայրենակիցները: «Իսպանիայի հայ համայնքի մեծամասնությունն ընդգրկված է աղանդում, որի ղեկավար Հրաչյա Խաչատրյանն արվամոլ է և ոչնչացնում է երիտասարդների ես-ը: Տիրում է իսկական այլասերություն: Այս աղանդի պատճառով բազմաթիվ ընտանիքներ են բաժանվել», - նշվում է բողոք-նամակում:
Տուժածների խոսքով` աղանդի առաջնորդները չեն ենթարկվում հայկական եկեղեցուն, հորդորում են չկնքել երեխաներին, հարսանիք չանել, փոխարենն այդ գումարները նվիրաբերել իրենց: Ըստ նրանց` «Խորանի» անդամներից շատերը բանակից փախուստի դիմած երիտասարդներ են: Իսկ աղանդի կարգախոսը հետևյալն է` «Բանակում ծառայելը հավասար է սատանային ծառայելուն»: Ինչպես բոլոր աղանդները, այս մեկն էլ զբաղվում է հոգեորսությամբ: Մարդկանց մոլորեցնում են, թե քաղցկեղ են բուժում, շաքարախտ, կուրություն ու նրանցից մեծ գումարներ կորզում:
ՄԵԼ-ի նախագահ Սևակ Հովհաննիսյանի խոսքով` աղանդից տուժած իսպանահայերը նախ դիմել են այնտեղի հայկական եկեղեցուն, սակայն աջակցություն չստանալով` դիմել են բազմաթիվ հայկական հասարակական կազմակերպությունների: ՄԵԼ-ը միակն է եղել, որ արձագանքել է:
Սակայն երբ Երիտասարդական լիգան բարձրաձայնել է «Խորանի» գործունեությունից արտերկրում տուժած հայերի մասին, աղանդի ներկայացուցիչներն սկսել են սպառնալ լիգայի անդամներին, թե պետք չէ խառնվել իրենց գործերին, հակառակ դեպքում «վատ կլինի»: Սկզբում կաշառք են առաջարկել, այն պայմանով, որ իրենց օգտին խոսեն: Սակայն Սևակ Հովհաննիսյանի խոսքով իրենք հրաժարվել են` նախընտրելով բացահայտել աղանդի բուն գործունեությունը:
ՄԵԼ-ը տեղեկություններ ունի, որ այս նոր աղանդի առաջին ղեկավարը Հրաչյա Խաչատրյանի կինն է` Գայանեն: «Եթե Հրաչին կամ նրա կնոջը` աղանդավորների ունեցվածքից որևէ զարդ կամ թանկարժեք մուշտակ է դուր գալիս` ասում են, որ երազում տեսել են, թե իբր չար դև է մտել այդ իրերի մեջ և դրանք վերցնում են նրանց ձեռքից: Դրանք ուղարկում են Հայաստան», - ասում է Սևակ Հովհաննիսյանը: Ըստ նրա` Երևանի ոսկու շուկայում այդ զարդերն ու մուշտակները վաճառում է Հրաչի աներձագ Ռուդիկ Հարությունյանը:
Աղանդի վերաբերյալ որոշ բացահայտումներ անելուց հետո Երիտասարդական լիգայի անդամները խաղաղ ցույց են կազմակերպել ԱԳՆ-ի դիմաց, նախարարին պահանջ ներկայացրել մանրամասնորեն ուսումնասիրել այդ անձի գործունեությունը և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Սակայն ցույցից հետո նախարարությունից արձագանք չի եղել:
ՄԵԼ-ի անդամները բաց նամակ են հղել նաև ՀՀ ոստիկանապետին, սակայն վերստին պատասխան չեն ստացել: Ըստ Սևակ Հովհաննիսյանի` Ռուդիկ Հարությունյանը ոսկու շուկայում այժմ էլ շարունակում է վաճառել իսպանահայերից խաբեությամբ վերցրած ոսկեղենը:
ՄԵԼ-ը Իսպանիայի հայերից տեղեկացել է, որ Իսպանիայում լուրեր են պտտվում, թե ով դեմ է դուրս գալիս աղանդին, «պատահաբար» ավտովթարի է ենթարկվում, կորչում կամ մահանում»: Ըստ այդ լուրերի` Կոլլերայի բնակիչ Սերգո անունով մի հայ երիտասարդ (այդ աղանդի զոհ), հոգեկան խանգարում է ստացել և 4-րդ հարկից ցած նետվել: Պնդում են, որ Սերգոն ինքնասպանության փորձ է կատարել Հրաչի դրդմամբ:
4 տարի առաջ Արմեն անունով մի երիտասարդ մի քանի ընկերների հետ փորձել է պայքարել այդ արատավոր երևույթի դեմ: Մի քանի օր հետո Արմենը «պատահաբար» ավտովթարի է ենթարկվել Կուլլերիա-Սուեկա ավտոմայրուղում:
Աղանդի դեմ պայքարող և նրա գործունեության մասին տեղեկություններ բացահայտող Երիտասարդական լիգան ևս հայտնվել է աղանդի սև ցուցակում: Սևակ Հովհաննիսյանի խոսքով` իրենք աղանդի ներկայացուցիչներից բազմաթիվ սպառնալի զանգեր են ստանում:
Վերջերս նրանց զանգահարել է Լուսինե անունով մի կին, ով ներկայացել է որպես «Խորան միջազգային քրիստոնեական եկեղեցու» անդամ: Նա Սևակ Հովհաննիսյանին բազմաթիվ սպառնալից խոսքեր է ուղղել, որից հետո էլ հայտարարել է. «Իսպանիան ձեր պիղծ երկիրը հո չէ, Հրաչ ախպերն ասում է, որ «տռաս» է հանելու ձեզ», - իր «հովվի» ժարգոնային խոսքերն է փոխանցել Լուսինեն: Ի դեպ Լուսինեի և ՄԵԼ-ի նախագահի հեռախոսազրույցի ձայնագրությունն ամբողջովին կա, մենք ինքներս լսել ենք այն:
«Միացյալ երիտասարդական լիգային» հաջողվել է որոշ փաստեր պարզել վերոնշյալ Լուսինեի ու աղանդի վերաբերյալ: Պարզվում է` Լուսինե Սարդարյանի ամուսինը ձերբակալված է եղել: Իսկ նրան ձերբակելել է տվել Հրաչ Խաչատրյանը: ՄԵԼ-ի տեղեկություններով Լուսինեի ամուսինը դեմ է եղել, որ կինը մտնի այդ աղանդի շարքերը: Լուսինեն Հրաչ Խաչատրյանի դրդմամբ ցուցմունք է տվել` ամուսնուն մեղադրելով բռնության մեջ: Մինչդեռ իրական պատճառը եղել է ամուսնու` կնոջն աղանդից հեռացնելու զուր ջանքերը: Պատմությունն ավարտվել է Լուսինեի նախկին (քանի որ Հրաչի ջանքերով նրանք բաժանվել են) ամուսնու` Ժորայի դատապարտությամբ: Ժորան վերջերս է ազատվել բանտարկությունից, նա ՄԵԼ-ին տեղեկացրել է, որ աղանդի ղեկավար Հրաչ Խաչատրյանը պատվազրկել է վերը հիշատակված Լուսինեի քրոջը` Լիլիթին, հետո նրան ամուսնացրել է աղանդավորներից Սաշա անունով մեկի հետ, իսկ որոշ ժամանակ հետո բաժանել նրանց: Այս խայտառակ պատմության մասին իմացել են Սաշայի ծնողները և իրենց որդուն մի կերպ դուրս քաշել աղանդից, տարել Գերմանիա:
Սևակ Հովհաննիսյանի խոսքով` լիգան վերջերս նորանոր փաստեր է բացահայտել «Խորան» աղանդի ղեկավարի վերաբերյալ: 3-4 տարի առաջ Հրաչը փորձել է իր «բիզնեսի» մասնաճյուղը բացել Վեդիում: Աղանդավորներից մեկի` ոմն Ասատուրի հետ մեկնել է Վեդի (Ասատուրի ծննդավայրը) և իջևանել նրա հայրական տանը: Մի գիշեր էլ պատահաբար Ասատուրի հայրը նրանց մի անկողնու մեջ է տեսել և երկուսին անմիջապես տնից վտարել, հրաժարվել իր որդուց:
Հաջորդ փաստը. Հրաչը Երևանում` բանակում ծառայելու տարիներին սուտ ցուցմունքներ է տվել իր հետ ծառայության մեջ գտնվող ոմն Ստեփանի դեմ, որի պատճառով նրան դատապարտել են: Ստեփանն ազատազրկումից հետո հայտարարել է, որ Հրաչը դեռևս բանակում ծառայելիս արվամոլ է եղել, Հրաչն էլ ի պատասխան ասել է, թե ինքն արդեն սրբացել է:
Ահա այսպիսի պատմություններ` «Խորան» աղանդի պարագլուխ` Հրաչ Խաչատրյանի մասին:
Սևակ Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանում աղանդը գործում է Նոր Արեշ թաղամասում: Աղանդի ղեկավարը Հրաչյա Խաչատրյանի զոքանչն է:
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի խոսքով` «Խորանը» կազմավորվել է Իսպանիայի հայ համայնքի կողմից` 2004-ին, իսկ 2009-ին` ՀՀ-ում գաղտնի գրանցվել է որպես կրոնական կառույց: Այն պատկանում է խարիզմատիկ եկեղեցուն: Գործունեության նպատակն են` փողը և իշխանությունը:
ՄԵԼ-ի վերջերս հրավիրած ասուլիսից հետո նրանց հետ կապ է հաստատել աղանդի ներկայացուցիչ Լուսինեի մայրը և ցանկություն հայտնել համագործակցել լիգայի հետ ու տեղեկություններ տրամադրել նրանց, միայն թե կարողանան աղջկան դուրս քաշել աղանդից:














Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post