«Առաքելություն Հայաստան» կազմակերպության Շենգավիթ համայնքում գործող բարեգործական ճաշարանը հասարակության ամենաանապահով խավի` տարեցների ու հաշմանդամների հանդիպման վայր է դարձել: Ամեն օր ժամը 12-ին այստեղ են շտապում բազմաթիվ մարդիկ. կառավարության հատկացրած չնչին թոշակն ու նպաստը չեն բավարարում լիարժեք սնվելու համար:
Ճաշարանների այցելուներից յուրաքանչյուրը ժամանակին իր աշխատանքն ու երազանքն է ունեցել, բայց ճակատագիրն այնպես է «կամեցել», որ այսօր նրանք այստեղ են հայտնվել:
71-ամյա Սվետլանա Ղազարյանի համար ճաշարանը մի ափսե տաք ճաշ ուտելու միակ հնարավորությունն է: Այստեղ գալիս է թոռնիկի` Նազելիի հետ: Սա ընտանիքը սովից փրկելու եզակի միջոց է, քանի որ ընտանիքի միակ եկամուտը հաշմանդամ դստեր ու իր թոշակն է: «Ոչ ոք չունեմ, գալիս եմ այստեղ, որ օրվա մեջ գոնե մի անգամ ինձ մարդ զգամ, քաղցս հագեցնեմ», բացատրեց նա ու հուզմունքից այլևս չկարողացավ շարունակել...
Կան շահառուներ, ովքեր 7-8 տարի է` ինչ օգտվում են այս ճաշարանից: 81-ամյա Մարիա Հովհաննիսյանը միայնակ թոշակառու է: Ճաշարանում շատ է սիրում հատկապես խոհարարին. «Ճիշտ է, ամեն անգամ ճաշը մսով չի լինում, սակայն կարևորը` համեղ է լինում», խոստովանում է նա: Ճաշարանից օգտվելը նրա համար միայն քաղցը հագեցնելու հնարավորություն չէ: Այստեղ նա օրվա ընթացքում գոնե մի քանի ժամով փրկվում է նաև... միայնությունից: Արդեն ունի ընկերներ, որոնց հետ ճաշից հետո զրուցում է, տարբեր հարցեր քննարկում, հեռուստացույց դիտում (կենտրոնը կազմակ
երպում է նաև շահառուների ժամանցը): «Ես ահավոր վիճակում էի, այստեղ գալը փրկություն էր ինձ համար, միայն այդքանը կարող եմ ասել», տխուր ժպտում ու իր խոսքը եզրափակում է Մ. Հովհաննիսյանը:
Եթե Սվետլանան ու Մարիան չեն կարողանում զրույցը շարունակել հուզմունքի պատճառով, որոշ այցելուներ ընդհանրապես հրաժարվեցին խոսել... զայրույթից: «Մի նկարեք, ուզում եք ամբողջ աշխարհն իմանա՞, որ գալիս` այստեղ եմ հաց ուտում, դա՞ եք ուզում», ասաց նրանցից մեկը:
Այցելուներից մի քանիսն էլ համաձայնեցին զրուցել միայն մի պայմանով, որ անուն-ազգանուն չհրապարակենք: «Չեմ ուզում հարազատներս իմանան, որ ճաշարանում եմ սնվում: Չեմ կարողանում աշխատանք գտնել, ստիպված եմ գալիս, ինչ անեմ: Աղջիկ ունեմ, խնամի, բա որ հանկարծ իմանան, որ այստեղ եմ ճաշո՞ւմ», - ասաց այցելուներից մեկն ու խոստովանեց, որ թեև արդեն մի քանի տարի է` օգտվում է ճաշարանից, սակայն աշխատում է այնպես անել, որ ոչ ոք այդ մասին չիմանա: «Ճիշտ չեն հասկանա: Ասում են` երեխադ չի՞ կարողանում պահի, որ գնում` ճաշարանում ես հաց ուտում: Չեն հասկանում, որ երեխան իր ընտանիքը չի կարողանում պահի, ուր մնաց` ինձ: Իսկ ես ստիպված եմ, չէ՞, ինչ-որ մի ձևով ապրել», իր գաղտնիքն այսպես է բացատրում այցելուն:
«Գալիս ենք` պատրաստի ճաշ ենք ուտում, բա քի՞չ բան է: Բացի դա` այստեղ մեզ համար դիետիկ ճաշեր են պատրաստում», ասում է Ալվարդ Ալեքսանյանը: Ժամանակին նա գուլպաներ է գործել Արցախյան պատերազմի մասնակիցների համար. «Գիշերները չէի քնում, գործում էի: Նույնիսկ շնորհակալագիր եմ ստացել»:
«Առաքելություն Հայաստան» կազմակերպության սոցիալական աշխատող Սոնա Հովակիմյանի խոսքով` երբ մարդիկ դիմում են իրենց` ճաշարանից օգտվելու համար, ոչ ոք չի խոստովանում, որ ցանկանում է դա գաղտնի անել... Հետագայում է պարզվում, որ շատերն այստեղ սնվելու հանգամանքը թաքցնում են հարազատներից, հասարակությունից: «Ժամանակին նրանք հասարակության մեջ ունեցել են որոշակի դեր, կարգավիճակ, ու հիմա չեն ուզում,
որ մարդիկ իմանան այստեղ գալու մասին: Ժամանակին կրթություն են ստացել, աշխատել, բայց կյանքում եղել է փուլ, որ ամեն ինչ կորցրել են: Նրանց համար դա հոգեբանորեն ընդունելը շատ դժվար է», ասում է Սոնա Հովակիմյանը: Ըստ նրա` խնդիր է նաև հասարակության մեջ ձևավորված հետևյալ կարծրատիպը` վայ, տեսեք, գնում` ճաշարանում է հաց ուտում:
Հասարակության նմանօրինակ վերաբերմունքը, սակայն, չի հուզում նախկին օպերային երգիչ Գեղամ Ռումյանին: Ժամանակին ռեստորաններում է հաց կերել, հիմա այստեղ է, ու դա ոչ ոքից չի թաքցնում: Ավարտել է գեղարվեստի դպրոցը, սովորել է նաև կոնսերվատորիայում, բայց խնդիրներ է ունեցել` ու ուսումը կիսատ է թողել: Աշխատել է որպես ավիամեխանիկ, կինոմեխանիկ, իսկ Երևանի պետական համալսարանում` լուսանկարիչ: Երգել է Օպերային թատրոնում, Երաժշտական կոմեդիայի թատրոնում: Իր իսկ խոսքով` ակտիվ կյանքով է ապրել: Սակայն... ճակատագրի ծանր հարվածները միանգամից փոխել են Գեղամի կյանքը: Նախ` բանակում բախվել է սարսափելի դեպքերի, հետո եղբայրն է ձեռքերի վրա մահացել... Այս մասին մենք իմացանք ճաշարանի աշխատակիցներից: Ինքը` Գեղամը, հրաժարվեց որևէ բան պատմել: Սահմանափակվեց միայն մեկ արտահայտությամբ` հոգեկան ծանր կյանք եմ ունեցել: Միանյակ է ապրում: Փորձել է ընտանիք կազմել` չի հաջողվել: Գոյատևում է թոշակով ու նպաստով: Վերջին երկու տարիներին աշխատել է Արմեն Էլբակյանի խամաճիկների թատրոնում, բայց արդեն երկու տարի է` չի աշխատում: Ընկերների մեծ մասը երկիրը լքել է: Օրն անցկացնում է հեռուստացույց դիտելով, երբեմն նաև` հարևանների հետ զրուցելով: «Շատ ծրագրեր ու երազանքներ ունեի, բայց... ամենը մնաց կիսատ», տխուր ժպտում է նա: Համենայնդեպս չի չարանում: Փորձում է հանգիստ ապրել: Կենտրոնի պատերին փակցված նրա լուսանկարները` օպերային երգչի կարգավիճակով: «Մտածեցի` բերեմ գոնե այստեղ փակցնեմ, չկորչեն...», - ասում է նա:
***
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության ճաշարանների բաժնի ղեկավար Սոֆի Ներսիսյանի խոսքով` կազմակերպությունը նախկինում ամբողջ հանրապետությունում 32 ճաշարան է ունեցել: Ֆինանսավորում ստացել են USAID կազմակերպությունից, սակայն դոնոր կազմակերպություններն արդեն հետ են կանգնում ֆինանսավորումից` իրենց քայլը հիմնավորելով այսպես` ժամանակն է, որ ձեր կառավարությունը հոգա ձեր մասին:
Միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումից հետո, բնականաբար որոշ ճաշարաններ փակվել են: 2007-ից այս
կազմակերպությանը որոշակի գումար է հատկացնում պետությունը` սննդի ու աշխատավարձի համար: Այժմ կազմակերպության շահառուների թիվը հասնում է 2 200-ի: Երևանում գործում է նման 6 ճաշարան: Զրուցակցիս խոսքով` վարչական շրջաններից բազմաթիվ դիմումներ են ստանում` կապված սոցիալապես անապահով, գործազուրկ, բազմազավակ ընտանիքների հետ, բայց քանի որ ծրագրի հիմնական նպատակը տարեց և հաշմանդամ մարդկանց կերակրելն է, դրանցից շատերը ստիպված մերժում են: Եթե վարչական շրջանները ևս որոշակի գումար են տալիս, «ծախսը կիսում»` ընդունում են նաև տվյալ համայնքի անապահով խավի ներկայացուցիչներին, բայց շատ սահմանափակ թվով: Սոֆի Ներսիսյանի հավաստմամբ` հատկապես շրջաններում մարդիկ, չնայած կարիքին, ամաչում են օգտվել բարեգործական ճաշարաններից: Տարեցների ու հաշմանդամների հարազատներին տանջում է մեկ բառ` ամոթը:
Ճաշարանից դուրս գալիս բակում հանդիպեցի շահառու Մարիա տատիկին, նա ինձ խեթ հայացքով նայեց ու ասաց. «Հիմա ի՞նչ` թերթում գրելու եք, որ մենք ճաշարանում ենք ճաշո՞ւմ: Ի՞նչ կլինի, մի գրեք, ամոթ է: Բա որ նախկին գործընկերներս տեսնե՞ն»: Մյուս Շահառուների աչքերում նույն խնդրանքը կարդացի:
...Նրանք տարբեր անցյալներով եկել ու հասել են նույն ներկային: Բարեգործական ճաշարանների օժանդակությունը կյանքի մայրամուտին նրանցից շատերի համար փրկություն է: Անցյալում նրանցից ոչ ոք չի էլ մտածել, որ մի օր գալու է այստեղ: Երանի Հայաստանում նման ճաշարանների կարիք այլևս չլինի:













