ՄՄեկ տարի առաջ Երևանի քաղաքապետարանի իրավասության տակ գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած անհեթեթ միջադեպի արձագանքները մինչ օրս չեն լռում, և մարդիկ փորձում են գտնել իրական մեղավորներին, չնայած որպես քավության նոխազ` դատարանի առաջ են կանգնել այն բժիշկներն ու բուժաշխատողները, ովքեր անմիջական առնչություն են ունեցել միջադեպին: Հիշեցնենք, որ 2011 թ. մայիսի 3-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկները 2004 թ. ծնված էջմիածինցի Գևորգ Մովսիսյանի փոխարեն վիրահատական սեղանին պառկեցրել էին 2008-ին նշյալ կենտրոնում թոքերի վիրահատության ենթարկված և այդ օրը հիվանդանոցում պլանային ստուգում անցնող 5-ամյա Նարեկ Դարբինյանին: Դժվար է ասել` դեպքը տեղի է ունեցել բուժանձնակազմի անփութության պատճառո՞վ, թե հիվանդանոցում տիրող ամենաթողության:
Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը տեղի ունեցածն անկանխատեսելի և անհավանական է համարել իր հիվանդանոցի համար: Նրա մեկնաբանությամբ երկու տղաներն այդ օրը ծնողների հետ նստած են եղել սպասասրահում: Ըստ պարոն Դալլաքյանի` մանկական բժշկության պրակտիկայում շատ հաճախ երեխաներին վիրահատարան տանելիս իրերն իրենց անունով չեն կոչում և ասում են, թե իբր տանում են այս կամ այն օրգանը նկարելու: Եվ երբ գլխավոր բուժքույրը մտնելով սպասասրահ` հարցրել է, թե ո՞ր երեխային պետք է նկարել` Գևորգ Մովսիսյանի ծնողերն են արձագանքել: Իսկ վիրահատարան տարան Նարեկին, որտեղ երեխային պառկեցրել են վիրահատական սեղանին և հասցրել նարկոզ տալ: Բարեբախտաբար Նարեկի ծնողները հասցրել էին ժամանակին աղմուկ բարձրացնել և դադարեցնել վիրահատությունը, և երեխայի կյանքին լուրջ վնաս չի պաճառվել: Թեև մասնագետների խոսքով` այդ վիրահատությունը կարող էր ճակատագրական դառնալ փոքրիկի համար, քանի որ սովորաբար վիրահատությունից առաջ բժիշկները հիվանդին զգուշացնում են մեկ օր առաջ սնունդ չուտել, այլապես նարկոզի մեջ գտնվելու ժամանակ վտանգ է առաջանում, որ հիվանդի շնչափողը կարող է փակվել, ինչից հետո նրա կյանքը փրկելը գրեթե անհնար է դառնում:
Դեպքից հետո Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբուժական և վիրահատական բաժանմունքներում աշխատանքից ազատվեցին մի շարք բժիշկներ և բուժքույրեր: Ի դեպ բոլոր մեղավորները չէ, որ աշխատանքից հեռացվել են: Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչի և նույն բաժանմունքի ավագ բուժքրոջ պաշտոնները ցածրացվել են:
Իսկ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը գլուխն ազատել էր խիստ նկատողությամբ, չնայած առաջարկվել էր քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Սխալ վիրահատության պատմությունը հայկական ԶԼՄ-ներում մեծ աղմուկ բարձրացնելուց բացի հայտնվեց նաև իրավապահ մարմինների հետաքրքրության կենտրոնում, թերևս` աղմուկը մեծ լինելու հետևանքով: Այլապես այս գործի վրա էլ շատերի պես կարելի էր աչք փակել, մանավանդ որ այն առանց մահացու ելքի էր:
Դեպքից մի քանի օր անց բուժաշխատողներ Ելենա Մաթևոսյանի, Վերոնիկա Հայրապետյանի, Ռոբերտ Անտոնյանի, վիրաբույժի օգնական Արտակ Գևորգյանի և Մաթևոս Դալլաքյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Քր.օր.-ի 130-րդ հոդվածի («Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը») հատկանիշներով: Նախաքննության սկզբնական շրջանում դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել էր, որ տուժած փոքրիկին անզգուշությամբ միջին ծանրության վնաս է հասցվել` առողջության տևական քայքայումով: Սակայն նախաքննության ընթացքում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական սպասարկում իրականացնող մի շարք անձանց կողմից բազմիցս դիմումներ են հղվել Շենգավիթի քննչական բաժանմունք, առ այն, որ Դարբինյանի առողջությանը պատճառված վնասը չի կարող համարվել միջին ծանրության, քանի որ կտրվածքը եղել է 3,5 սմ, այլ ոչ թե 4,5, ինչպես նշված է եղել դատաբժշկական փորձաքննության մեջ: Կտրվածքը կատարվել է աճուկային շրջանում` առանց ստորադիր հյուսվածքների, մկանների վնասման, ինչը չէր կարող որևէ օրգան-համակարգի սահմանափակում կամ ֆունկցիոնալ խանգարում առաջացնել: Դիմումների հիման վրա նշանակվել է երկրորդ դատաբժշկական փորձաքննությունը, այս անգամ արդեն` հանձնաժողովային և պարզվել է, որ Նարեկ Դարբինյանի նկատմամբ բժշկական կենտրոնում կանոնակարգային խախտումներ են թույլ տրվել, դրա հետևանքով նա ենթարկվել է վիրահատական անհիմն միջամտության: Սակայն երեխայի առողջությանը հասցվել է թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Բժիշկների արարքներում նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության հիմքով վիրահատական անհիմն միջամտություն ցուցաբերելու և Նարեկ Դարբինյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով վարույթը կարճվեց:
Դեպքից մոտ մեկ տարի անց մեր խմբագրություն այցելեց վիրաբույժ Ռոբերտ Անտոնյանը, ում բախտն այն չարաբաստիկ օրը չար կատակ էր խաղացել իր հետ:
Բժշկի վարկածը
Մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռոբերտ Անտոնյանը, ով Գևորգի մոտ ախտորոշել էր ամորձիների ջրգողություն, տղայի անվամբ հիվանդության պատմություն էր բացել և հաջորդ օրը ժամը 10:00-ին նշանակել էր նրա վիրահատությունը: Հաջորդ օրը բուժքույր Ելենա Մաթևոսյանը վիրաբույժի հանձնարարությամբ միջանցքից սխալմամբ վիրահատարան էր ուղեկցել այդ պահին այդտեղ գտնվող Նարեկ Դարբինյանին և հանձնել վիրահատարանի բուժքույր, անեսթեզիստ Վերոնիկա Հայրապետյանին, ով մինչ այդ հետազոտել էր Գևորգին և պետք է որ նրան դեմքով ճանաչեր: Ավելի ուշ վիրահատարան էր մտել գլխավոր անեսթեզիոլոգ Մաթևոս Դալլաքյանը` հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի եղբայրը, և ինքն էլ հանձն առել թմրեցնել երեխային` առանց նրա տվյալներին ծանոթանալու և առանց երեխային հերթական զննման ենթարկելու: Երբ վիրաբույժ Ռոբերտ Անտոնյանը մտել է վիրահատարան` երեխայի դեմքը ծածկված է եղել նարկոզի դիմակով, իսկ մարմինը` սավանով, միայն վիրահատման դաշտն էր բացված, և նա չի կարողացել ճանաչել իր հիվանդին: Վստահ լինելով, թե վիրահատական սեղանին հենց Գևորգն է` վիրահատական կտրվածք է արել: Եվ երեխայի ծնողների միջամտությամբ էլ հանկարծակիի եկած բժիշկը դադարեցրել էր վիրահատությունը: «Հիվանդանոցի «ավանդույթները» բերեցին հասցրին այդ սխալին: Ես կոպիտ խախտում թույլ չեմ տվել: Իմ պարտականությունների մեջ չի մտնում, որ ես պետք է հիվանդին ուղեկցեմ վիրահատարան, դրա համար կան այլ մասնագետներ: Իմ գործը ախտորոշելն ու վիրահատելն է, ինչում ես չեմ թերացել», - պնդում է վիրաբույժը:
Գլխի տակ փափուկ բարձ է դրել
Վիրաբույժ Ռոբերտ Անտոնյանը «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի բացման օրվանից` 1982 թվից աշխատում է այնտեղ և միշտ իրեն դրսևորել է որպես բարեխիղճ վիրաբույժ. հավաստիացնում է բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենը: Մինչ այդ նա բարձրագույն բժշկական կրթություն է ստացել Մոսկվայում, եղել է զինվորական վիրաբույժ, հետո դասավանդել է, վիրաբույժների պատրաստել: Արցունքն աչքերին հիշում էր, թե ինչպես երկրաշարժից հետո զօրուգիշեր վիրահատում էին փրկվածներին, նրանց երկրորդ կյանք նվիրում: «Դժվար օրեր էին, հետո էլ ճգնաժամի տարիներն եկան: Երբ լույս չկար` լուցկու, մոմի լույսով էինք ցուրտ վիրահատարանում վիրահատություններ անում, փայտացած մատներով: Ես ընդունում եմ, որ սխալ է եղել, բայց այն աստիճանի, որ այդ ամենն անտեսվի՞»:
Պարոն Դալլաքյանն իր գործընկերոջը խոստացել էր տհաճ դեպքի շուրջ խոսակցությունները լռելուց հետո, մանավանդ, որ քրեական գործն էլ կարճվել էր, նրան նորից աշխատանքի ընդունել` որպես իր լավագույն վիրաբույժի, ում աշակերտն է եղել հենց ինքը: Այս մասին մեզ տեղեկացրեց բժիշկ Անտոնյանը: Բայց մի քանի անգամ նրա գլխի տակ փափուկ բարձ դնելուց հետո` թե համբերիր, խոսակցությունները դեռ չեն դադարել, այժմ արդեն նրա հեռախոսազանգերին չի պատասխանում: Երբ մենք փորձեցինք անմիջապես պարոն Դալլաքյանից պարզել, թե ինչու է նա դրժում իր խոստումը` պատասխանեց, որ «կան սխալներ, որոնց համար վարչական պատիժ է նախատեսվում, և մեղավորներն այդ տույժն ստացել են` ոմանց պաշտոնն է իջեցվել, ոմանք խիստ նկատողություններ են ստացել, ոմանք էլ հեռացվել են աշխատանքից: Բնականաբար իր խոստման մասին որևէ ակնարկ չարեց: Քրեական գործի կարճվելուց հետո պարոն Դալլաքյանի եղբայրը` այս պատմության գլխավոր մեղավորներից մեկը, բարեհաջող աշխատանքի անցավ մայրաքաղաքի հեղինակավոր հիվանդանոցներից մեկում: Իսկ պարոն Անտոնյանն արդեն մեկ տարուց ավելի է` գործազուրկ է և սպասում է արդարության վերականգնմանը:
Ի վերջո` ո՞վ է մեղավոր
Դատելով այս պատմության մանրամասներից` կարելի է եզրակացնել, որ նման խառնաշփոթ պատմություն չէր լինի, եթե «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում պատշաճ վարք ու բարք տիրեր: Նախ` ինչո՞ւ պետք է վիրահատության ենթակա հիվանդին հատուկ իր համար նախատեսված հիվանդասենյակից վիրահատարան տանելու փոխարեն` միջանցք-սպասասրահից տանեին: Որքան գիտեմ` ցանկացած հիվանդանոցում հիվանդին` երեխա, թե մեծահասակ, վիրահատարան համապատասխան հագուստով են տանում` իսկ այս պարագայում փաստորեն փոքրիկ Նարեկն իր հագին եղած հագուստով է պատրաստվել վիրահատարան իջնել` խախտելով հիգիենայի և հիվանդանոցային կանոնները: Սա չի՞ նշանակում, որ առաջին հերթին պետք է պատժվեր կենտրոնի տնօրենը, ում եղբայր-անեսթեզիոլոգը թմրեցնում է հիվանդին` առանց նրա հիվանդության պատմությանը ծանոթանալու և լրացուցիչ զննում կատարելու: Գուցե պարոն Դալլաքյանի հերթական վրիպումներից մեկն էլ կադրային սխալ քաղաքականությո՞ւնն է: Ի դեպ ինչպես մեզ տեղեկացրեց վիրաբույժ Անտոնյանը` իրեն աշխատանքից հեռացնելուց հետո նրա փոխարեն հիվանդանոցում մինչ օրս աշխատում է իր ասիստենտը, ով պատրաստ չէ պատասխաատու վիրահատություններ կատարել:















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post