Հաճախ է պատահում, երբ կանայք իմանալով իրենց հղիության մասին` այդ ուրախալի լուրը հայտնում են նաև գործատուին: Սակայն գործատուն չի ուրախանում, և շնորհավորանքի փոխարեն հղի կինն աշխատանքից ազատվելու առաջարկ է ստանում: Այո, ցավոք, դեռևս կան գործատուներ, ովքեր կամ վատ գիտեն օրենսդրությունը, կամ մտածում են, թե կարող են այն շրջանցել:
Երեխայի ծնունդը ծրագրել էր, աշխատանքից հեռանալը` ոչ
Տաթևիկ Առաքելյանը տեղական հեռուստաընկերություններից մեկում աշխատում էր որպես միջազգային լրագրող: Ղեկավարությունն իմանալով նրա հղիության մասին` որոշեց հաստիքների կրճատում կատարել: Բայց այն վերաբերում էր միայն Տաթևիկին: «Ասացի` ձեզնից ոչինչ չեմ ուզում, պարտք ու պահանջ չունեմ, միայն թույլ տվեք մինչև արձակուրդ գնալը հանգիստ աշխատեմ, ստաժս չընդհատվի, և արձակուրդային ստանամ»,— պատմում է Տաթևիկը:
Ղեկավարությունը, սակայն, անդրդվելի էր: Տաթևիկն սկզբում կարծում է, թե նրանք իրավացի են, այնինչ իրավաբանի հետ զրուցելուց հետո պարզում է, որ գործատուն հղի կնոջը ոչ մի դեպքում չի կարող աշխատանքից հեռացնել:
Իրավաբանը Տաթևիկին խորհուրդ է տալիս հղիությունը հաստատող փաստաթուղթն ուղարկել հեռուստաընկերության ղեկավարությանը, որպեսզի նրանք չպատճառաբանեն, թե այդ մասին չեն իմացել: Հղիությունը հաստատող փաստաթուղթը Տաթևիկն անձամբ է հանձնում ղեկավարությանը, սակայն հետո տեղեկանում է, որ այն ոչնչացրել են, որպեսզի ասեն, թե չեն ստացել: Այնուհետև նա փաստաթուղթը որպես պատվեր-նամակ փոստով ուղարկում է և ստանում համապատասխան ստացական:
Երկու ամիս աշխատանքի չգնալուց ու չվարձատրվելուց հետո Տաթևիկը դիմում է աշխատանքի պետական տեսչությանը. դիմում է գրում, որով գործատուից պահանջում է պարապուրդի վճարը, ինչպես նաև օրենքով իրեն հասանելիք վճարովի արձակուրդն ու դրա համար նախատեսված գումարը: Տեսչությունը գործատուին գրավոր տեղեկացնում է, որ պարտավոր են հղի աշխատակցուհուն չհեռացնել կամ պարապուրդ ձևակերպել: Գործատուն ստիպված պարապուրդը ձևակերպում է:
Ի դեպ Տաթևիկն ու ամուսինը նույն վայրում են աշխատել: Հասկանալով, որ չի կարողանում հղի կնոջն աշխատանքից ազատել` «հնարամիտ» գործատուն ամուսնուն է հեռացնում: Իսկ Տաթևիկին էլ ասում են, թե նա իրենց հետ մարդկային ձևով չվարվեց, դիմում գրեց, իրենց անունը խայտառակեց: «Եթե իրավունքներդ պաշտպանում ես` նշանակում է անմարդկայի՞ն ես»,— զարմանում է Տաթևիկը:
Տեղեկացված ես, ուրեմն զինված ես
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` հղի կնոջն աշխատանքից ազատելու իրավունք չունեն, երբ նա այդ փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ է ներկայացնում: Սակայն օրենքի այս պահանջի մասին, ցավոք, շատ քչերը գիտեն:
Հղի կանանց իրազեկվածության անհրաժեշտությունը շեշտում է նաև աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը: Ըստ նրա` տեսչությունը երբևէ չի առնչվել այնպիսի դեպքի, երբ հղի կնոջն աշխատանքից ազատած լինեն տեղեկանքի առկայությամբ: «Եղել են դեպքեր, երբ կինը տեղեկանք չի ներկայացրել, և գործատուն նրան ազատել է աշխատանքից: Տեսչությունը նման բազմաթիվ ահազանգեր է ստանում: Մենք կնոջը հարցնում ենք` հղիության մասին տեղեկանք ներկայացրե՞լ եք: Պատասխանում են` ոչ,— պատմում է տեսչության աշխատակիցը:— Քրեական օրենսգրքում կա «ակնհայտ հղի վիճակում» հասկացողություն, սակայն ըստ Աշխատանքային օրենսգրքի` որքան էլ հղիությունն ակնհայտ լինի, քանի դեռ բժշկական տեղեկանք չկա, գործատուն հղի աշխատակցին հեռացնելու համար պատասխանատվություն չի կրում»:
Իրավաբանը նշում է, որ տեսչությունն ապագա մայրերին կարող է աջակցել, եթե միայն նրանք իրենց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստաթղթերով զինված լինեն:
Եթե աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է
Աշխատանքի պետական տեսչությունը նաև այնպիսի դիմումներ է ստանում, որոնցում նշվում է, որ պայմանագրի ժամկետը լրանալուն պես գործատուն հղի աշխատակցին գործից ազատել է: Լինում են դեպքեր, որ անձի հետ կնքում են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, ասենք 2012‑ի հունվարից մինչև 2012-ի դեկտեմբերը, բայց աշխատողը հունիսին ներկայացնում է հղի լինելու մասին տեղեկանք:
Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածը մի քանի կետ է սահմանում, որոնց դեպքում արգելում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելը: Սակայն նույն հոդվածը նաև սահմանում է` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում կնոջը գործատուն չի կարող ազատել աշխատանքից` բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնարկը սնանկ է ճանաչվում: Գործատուն հղիին կարող է ազատել նաև այն դեպքում, եթե նա չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին և պարտականությունները չի կատարում:
Օրենքը պարտադրում է հղի կանանց համար սահմանել ոչ լրիվ աշխատաժամանակ. եթե սովորական մարդիկ աշխատում են 8 ժամ, նրանց համար օրենքը սահմանում է 4-6 ժամ, ինչը բնավ չի նշանակում, թե աշխատավարձը ևս պետք է կրճատվի: Հատկապես օրենքի այս պահանջին կանայք ծանոթ չեն: Գործատուն հաճախ ասում է` քեզ համար սահմանել են 6 ժամ` ես էլ 6 ժամվա համար կվճարեմ:
2005 թ. կառավարության ընդունած համապատասխան որոշումը հղիներին լրացուցիչ արտոնություններ է տալիս. մասնավորապես սահմանում է աշխատանքի այն ոլորտների ցանկը, որտեղ հղի կանանց չեն կարող ներգրավել` կապված դրանց վտանգավորության աստիճանի, առողջության համար վնասակար լինելու հետ: Հղի կինը կարող է արտաժամյա աշխատանքում ներգրավվել միայն իր համաձայնությամբ:
Ինչո՞ւ հղի աշխատողը ձեռնտու չէ
Այս հարցի պատասխանը չունի նաև աշխատանքի պետական տեսչության աշխատակիցը: «Որքան փորձում եմ մտածել, թե հղի աշխատակիցն ինչու ձեռնտու չէ գործատուին, չեմ կարողանում հասկանալ»,— ասում է Վարազդատ Դանիելյանը: Ըստ նրա` գործատուն իմանալով աշխատակցի հղիության մասին, նրան շտապում է աշխատանքից ազատել իր իսկ անտեղյակության պատճառով: «Գործատուն մտածում է, որ եթե հղի կնոջը ժամանակավոր անաշխատունակության նպաստ է վճարում` ինքը տուժում է: Նրան թվում է, թե այդ գումարն իր գրպանից է վճարում: Մինչդեռ ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է պետական բյուջեից»,— ասում է տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետը:














