Կուսակցությունները տարբեր են լինում` ազատական և սոցիալիստական, դեմոկրատական և ընդգծված կենտրոնացված, մեծ և փոքր, ազգային և կոսմոպոլիտական: Ամեն տեսակի: Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե որ հարթության մեջ ես դիտարկում սոցիալ-քաղաքական այդ եզակի երևույթը: Բայց կա կուսակցությունների մի տեսակ, որն իր կազմակերպչական ու մեթոդոլոգիական առանձնահատկություններով այնքան հազվագյուտ է` դժվարությամբ է դասակարգման ենթարկվում: Հակառակ դրան` Ելի ԱՄՆ համալսարանի անվանի սոցիոլոգ Իմանուիլ Վալերսթայնը փորձել է բնութագրել և դասակարգել այն` անվանելով մի ընդգրկուն ու ծանոթ տերմինով` լենինյան տեսակի կուսակցություն: Վալերսթայնը նշում է 6 առանձնահատկություն, որոնք բնորոշ են այդ տեսակի կուսակցություններին: Դրանք քննարկենք հայկական իրողությունների համատեքստում:
Նման կուսակցության քաղաքական պրակտիկան ցանկացած գնով իշխանության հասնելը և այն ցանկացած գնով պահելն է: Բացատրությունը շատ պարզ է` ենթադրվում է, որ առանց պետական իշխանության լծակների` կուսակցական ոչ մի նպատակ հասանելի չէ, ուրեմն պետք է կառչել իշխանությունից և ոչ մի դեպքում չհանձնել այն:
Լենինյան տեսակի կուսակցությունն իրեն չի էլ պատկերացնում իշխանությունից դուրս: Նրա համար ընդդիմության կարծիքը, հասարակական տրամադրությունները դատարկ բաներ են, քանի դեռ դրանցում սեփական շահ չի նկատում: Այդ պատճառով էլ նման կուսակցությունն իրեն ընդդիմության մեջ չի տեսնում` ենթադրելով, որ այնտեղ իր դերը զրոյի կհասնի: Որևէ այլ սխեմա լենինյան տեսակի կուսակցությունը պարզապես չի պատկերացնում: Ճանաչեցի՞ք: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են իշխանամետ կուսակցություններն այդքան կատաղի դիմադրում ընդդիմության ցանկացած նախաձեռնության: Բայց բացի դրանից` Հայաստանի իշխանական կուսակցություններն ամեն օր մեզ տրամադրում են տասնյակ օրինակներ, որոնք հաստատում են Վալերսթայնի հայեցակարգի այդ կետը:
Իշխանության հասնելուց հետո լենինյան տեսակի կուսակցությունն անմիջապես փութկոտ քայլեր է ձեռնարկում պետական ապարատն ամրապնդելու համար: Դա արվում է գոյություն ունեցող բյուրոկրատական ապարատը կուսակցականացնելու և այն հավատարիմ կադրերով համալրելու միջոցով: Դրա հետևանքով պետապարատը անչափ ուռճանում է, ինչպես մեր երկրում, բայց նպատակն արդարացնում է միջոցները: Իսկ նպատակը պարզ է, ինչպես ինքը Լենինը` տիրանալ իշխանությունը պահելու բոլոր լծակներին` թե ուժային, թե քաղաքական ու տնտեսական: Դրա շնորհիվ նաև հնարավոր է դառնում ճնշել ներքին այլախոհներին, որոնք անխուսափելիորեն ծնվում են ինստիտուցիոնալ իրավունքներից զրկված ընդդիմությունից: Ապարատը սվիններով է զինվում ոչ միայն ներքին ռեֆորմատորների, այլև զանազան արտաքին ազդեցությունների դեմ: Այդ արտաքին ազդեցությունները կրում են ոչ միայն դրական բարեփոխումների բնույթ. հաճախ դրանք պարզապես զզվելի և վնասակար են, այդ պատճառով էլ լենինյան տեսակի կուսակցություններին հեշտությամբ հաջողվում է թացն ու չորն իրար խառնել և «օտարածին ազդեցությունների» կեղտաջրի հետ բարեհաջող կերպով դեն շպրտել նաև բարեփոխումների նորածնին: Դե ինչ, ծանո՞թ իրավիճակ է: Որքան է գրվել, որ չի կարելի հասարակական ցանկացած շարժում դիտարկել լրտեսամոլության և հայրենիքի թշնամիների դեմ պայքարի դիտանկյունից... Բայց իշխանական կուսակցությունը դեռ առաջնորդվում է հետևյալ սկզբունքով` «ով մեզ հետ չէ` մեր դեմ է»:
3. Լենինյան տեսակի կուսակցության համար բնորոշ է աստիճանակարգային կառուցվածքը` կուսակցական ամբողջ կառույցի լիակատար ենթակայությունը մեկ առաջնորդի, որի հսկողությունը վերևից մինչև ներքև նորմա է և կուսակցական ղեկավարման հիմնական մեթոդը: Կուսակցության միջին ու ցածր օղակների միջև կապերի խախտման հետևանքով դրանք վեր են ածվում արհեստական կցորդների` զուրկ որևէ ինքնուրույնությունից: Ամեն ինչ որոշվում է միայն կուսակցական բուրգի ամենավերևում: Հնարավոր չեն ներքին կուսակցական ժողովրդավարական վերափոխումներ: Միանձնյա առաջնորդի փոփոխությունը բացառվում է, քանի դեռ նա ողջ է կամ չի որոշել կամավոր հեռանալ: Քանի որ վերջին տարբերակը ծայրաստիճան հազվադեպ է, իսկ Հայաստանում առհասարակ չի կիրառվում, ապա այս հարցում կարելի է ուղիղ համեմատություն անել մեր կոալիցիոն (և ոչ միայն) կուսակցությունների հետ:
4. Լենինյան տեսակի կուսակցությունն իր սեփական հաջողությունը չափում է միայն ու միայն տնտեսական աճի ցուցանիշներով, ընդ որում բացառապես «մակրո» ոճով` որը թույլ է տալիս համաշխարհային մակարդակով համեմատություններ և ընդհանրություններ անել, որոնք դժվար է արտահայտել հանրամատչելի հասկացություններով: Մարդկային գործոնը ոչ մի դեր չի խաղում: Բնապահպանությունը, մշակույթը, գիտությունը, կրթությունը, պատմական ժառանգությունը, մարդու իրավունքները, երիտասարդների, բնակչության սոցիալապես խոցելի շերտերի խնդիրները, իրական կենսամակարդակը` այս ամենը երկրորդական է` տնտեսական առասպելական նվաճումների համեմատությամբ: Հետաքրքիր է, որ այդ բնորոշ գիծը բազմակողմ է` դրսևորվում էր թե կոմունիստական վարչակարգում, թե ժամանակակից Հայաստանում, որտեղ այդ հաջողության միևնույն չափման միավորն են կիրառում իրար հաջորդող կառավարությունները` անկախ նրանից, թե ինչ պիտակ են կրում` հհշակա՞ն, ազատակա՞ն, տեխնոկրատակա՞ն, հանրապետակա՞ն, կոալիցիո՞ն, թե այլ:
5. Լենինյան տեսակի կուսակցությունը գաղափարական առումով իրեն ներկայացնում է որպես իմպերալիստական ոտնձգություններից ազգի պաշտպան` անկախ նրանից` այդպիսիք իրականում կա՞ն, թե ոչ: Կուսակցական ճարտասանության մեջ ազգայնական բաղկացուցիչը ակնհայտորեն գերազանցում է «համամարդկային»-ին: Այդ կուսակցությունների քարոզչության բնորոշ գիծը մեջբերումներն են, որոնցով չափվում է (կամ որոնց հարմարեցվում է) արտահայտված մտքերի ճշմարտացիությունը: Դե, այս առումով ոչ միայն մեր ընդդիմադիր շրջանակները, այլև կոալիցիոն գործընկերներից որևէ մեկը հանրապետականներին չի հասնի:
6. Չնայած հռչակած նպատակասլացությանը` լենինյան տեսակի կուսակցություններին բնորոշ է ամենաանսկզբունք պրագմատիզմը, որն առհասարակ հնարավոր է պատկերացնել: Իրավիճակային քաղաքականությունը բոլոր ոլորտներում` այդ կուսակցության ամենաբնորոշ գծերից է: Մեր երկրում խորհրդային վարչակարգի ընդերքից ծնունդ առած և արդեն երկու տասնամյակ տարբեր անվանումներով գործող իշխանական միևնույն կուսակցությունը, մանավանդ դրա պաշտոնական և ոչ պաշտոնական առաջնորդները ևս «պրագմատիզմը» դարձրել են իրենց քաղաքականության գլխավոր շարժիչը: Երբեմն մենք տեսնում ենք նման պրագմատիզմի համեմատաբար քաղաքակիրթ տեսակներ, օրինակ` փոխլրացնող` կոմպլեմենտար քաղաքականությունը, իսկ երբեմն էլ տեսնում ենք անհեթեթ թռիչքներ` հայ-թուրքական արձանագրություններից մինչև արցունք քամող հերոսահայրենասիրական ճառեր` երդումով հռչակված եվրոինտեգրացիայից մինչև տրամագծորեն հակառակ արտաքին քաղաքական միտումներ:
Ինչպես կարող է նկատել ուշադիր ընթերցողը, հայկական գրեթե բոլոր ժամանակակից կուսակցությունները, որոնք առաջացել են քսանամյա անկախության ժամանակաշրջանում, այս կամ այն չափով ունեն վերոհիշյալ առանձնահատկությունները կամ գոնե դրանցից մի քանիսը: Իշխանական կուսակցություններին բնորոշ են այդ բոլոր գծերը, այսինքն հստակորեն համապատասխանում են Վալերսթայնի դասակարգմանը և անէական տարբերություններով լենինյան տեսակի դասական կուսակցություններ են` անկախ նրանից, թե ինչի շուրջ են ի սկզբանե ձևավորվել` իշխանությա՞ն, անհատի՞, թե փողի: Հետաքրքիր է` իշխանությո՞ւնն է դրանց այդպիսին դարձրել, թե պարզապես դրանց հիմքում ի սկզբանե եղած լենինիզմն է օգնել, որպեսզի իշխանության հասնեն: Եթե իշխանությունն այդքան փչացնում է կուսակցությանը, ուրեմն ժամանակն է փոխել այդ իշխանության բնույթը, այսինքն հենց իշխանությունը, իսկ եթե իշխանության ղեկին հասած կուսակցություններն են նրան հասցրել նման անմխիթար վիճակի, ուրեմն ժամանակն է հենց դրանց վտարել: Երկու դեպքում էլ` ժամանակն է:













