2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կատարող տեղական հասարակական կազմակերպությունների թիվը շաբաթվա սկզբին 44 էր: Ամենաշատ դիտորդներ ներկայացրել են «Ընտրությունը քոնն է» (4 000), «Էրեբունի» (2 311), «Ազատ հասարակության ինստիտուտ» (2 050), «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» (1 727), «Շենացնենք մեր գյուղը» (1 623), «Բռունցք» (1 604), «Երիտասարդ դիվանագետների ակումբ» (1 535), «Անկախության սերունդ» (1 441), «Հաղթանակի զավակներ» (1 248) կազմակերպությունները:
Մեկ տասնյակից քիչ դիտորդ են պատրաստվում ներկայացնել «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը, «Իրավունքների տեղեկատվական կենտրոնը» և «Իրազեկը»: Տեղական 44 հասարակական կազմակերպությունների կողմից ընտրությունները դիտարկելու է 23 883 դիտորդ:
Բնականաբար մինչև ընտրությունների օրն այս թիվը կփոխվի՝ կավելանան նոր կազմակերպություններ:
2007 թ. խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն էին իրականացնում 53 տեղական կազմակերպություններ` մոտ 14 000 դիտորդով: Թեև այս պահին հավատարմագրված կազմակերպությունները քիչ են՝ մոտ 10 հազարով շատ են դիտորդները: Նախորդ ընտրություններում մեծ էր 100-ից պակաս դիտորդ ներկայացրած կազմակերպությունների թիվը: Թե նախորդ ընտրություններում, թե հիմա ամենաշատ դիտորդ է ներկայացրել «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն:
Հայաստանի համապետական ընտրությունների ժամանակ սովորաբար նկատվում է նաև միջազգային կառույցների հետաքրքրությունը: Թե նախորդ, թե այս ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները 6-ն են: Հայտ են ներկայացրել հետևյալ կազմակերպությունները՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ դիտորդական առաքելություն, Այ Էֆ Ի Էս (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ),
Այ Սի Ի Էս (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն):
Նախորդ ընտրություններին մասնակցում էին հետևյալ կենտրոնները` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդ (52 դիտորդ), Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն (186), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (387), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով (78), ԵԽԽՎ (46), Եվրոպական խորհրդարան (18): ԱՊՀ-ից մասնակցում էին Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները…
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այս ընտրություններում հավատարմագրել է 13 միջազգային փորձագետի, 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդների:
Հայաստանյան ընտրությունների յուրահատկություններից մեկն այն է, որ ընտրակեղծիքներ են լինում անգամ միջազգային դիտորդների ներկայությամբ, նրանց խոսքը հաշվի չի առնվում: Սակայն դա չի խանգարում, որ դիտորդները ցանկացած ընտրություն, անկախ խախտումների աստիճանից, համարեն մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն: Իսկ իրականությունն այն է, որ ընտրություններից հետո ամեն անգամ բանաձևեր են ընդունվում Հայաստանի վերաբերյալ, նշվում պարտավորություններ, որոնց կատարումը ևս հարցականի տակ է հայտնվում:
Վերջերս բուհերի ուսանողների հետ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը հարցրել էր, թե ինչ կանի ամերիկյան կողմը՝ ընտրակեղծիքները կանխելու համար: Դեսպանը պատասխանել էր. «Ձեր պետությունն է, մերը չէ, ուստի ոչինչ չենք կարող անել»: Սա յուրահատուկ կոչ էր, որպեսզի մենք հասկանանք` այս ընտրությունների «մարդավարի» անցկացումը կարևոր է առաջին հերթին մեզ համար, մեր միջազգային հեղինակության, ներքին կայունության ու զարգացման համար: Իսկ դրսում դրանցով այնքան էլ չեն հետաքրքրվում, ավելին, որքան թերություններ լինեն, այնքան առիթ կլինի մեզ վրա մատ թափ տալու: Իսկ դա ԵԽԽՎ-ն ու մյուս կառույցներն անում են ոչ առանց հաճույքի:
Ապրիլի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելով ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելությանը, ասաց, որ Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ զգալի բարեփոխումներ են կատարվել, ինչը հնարավորություն կտա առաջիկայում անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ:
Իսկ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ԵԽԽՎ դիտորդների հետ հանդիպման ժամանակ կասկածներ էին հայտնել արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Թե «Ժառանգության», թե ՀԱԿ-ի, թե ՀՅԴ-ի ներկայացուցիչները դժգոհել էին անհավասար մրցակցությունից, իշխանության կողմից վարչական ռեսուրսների օգտագործումից, «բարեգործություններից» հատկապես գյուղական վայրերում, որոնք ընկալվում են որպես ընտրակաշառք: Դժգոհությունը մեծ է նաև շտաբի համար տարածք չտրամադրելուց: Իսկ ի՞նչ է պատասխանում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը. կարծիք է հայտնում, որ նմանօրինակ խնդիրներ առկա են նաև այլ երկրներում, և այդ իմաստով Հայաստանը բացառություն չէ: Այս պատասխանից հետո միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու են մեր ընտրությունները մեկ քայլ առաջ և ինչո՞ւ մոտ ապագայում ժողովրդավարության չափանիշներին չենք համապատասխանի:
«Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են երկրում գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան… ԱՊՀ դիտորդներն անցկացված ընտրությունները ճանաչում են ազատ, արդար և թափանցիկ, փաստում են, որ ընտրությունները կայուն զարգացման և հանրապետության կյանքի հետագա ժողովրդավարացման կարևորագույն գործոն են… Պետական մարմինները կոնկրետ գործնական միջոցառումներ են իրականացրել ընտրողների՝ ազատ ընտրություն կատարելու իրավունքը, հանրապետությունում համոզմունքների և կարծիքների ազատ արտահայտման զարգացումն ապահովելու ուղղությամբ»,- 2007 թ. ընտրություններից երկու օր անց հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն…
Նա նշել է մի քանի թերություն՝ տեղամասային որոշ կենտրոններում համարները բացակայում էին, մի տեղամասում քվեարկությունը 15 րոպե ուշ է սկսվել, մի տեղամասում էլ քվեատուփը ժամանակին չի կնքվել, մի քանի տեղամասերում խմբակային քվեարկություններ են գրանցվել և այլն: Սրանք, սակայն, այն խախտումները չեն, որոնք կարող էին անդրադառնալ վերջնական արդյունքի վրա: Մինչդեռ վստահված անձինք որոշակի խախտումներ էին մատնանշում: Հանձնաժողովի անդամներն ու միջազգային կառույցների դիտորդները դրանք անտեսում էին՝ ասելով նույնը՝ նման բաներ լինում են բոլոր երկրներում:
Ի դեպ թե նախորդ, թե առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելության հայտ ներկայացրած տեղական կազմակերպություններից ոչ բոլորն են մասնագիտացված կառույցներ, նրանք այլ առաքելություն ունեն՝ «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ», «Շահեն», «Գորիսի երիտասարդական միություն», «Երիտասարդական նվաճումներ», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Կանանց հանրապետական խորհուրդ», հաշմանդամների «Փարոս» կենտրոն, «Արուսյակ» բարեգործական սոցիալական ՀԿ, «Կանթեղ» մանկապատանեկան ՀԿ և այլն: Շատ են այն ՀԿ-ները, որոնք գործում են իշխող կուսակցությունների, նաև՝ ՏԻՄ-երի հովանու ներքո, ինչն արդեն իսկ կասկածի տակ է առնում արդար դիտարկումը:
Առայժմ մնում է հավատալ իշխանության հայտարարություններին, թե առաջիկա ընտրությունները կլինեն Հայաստանում երբևէ անցկացված ամենաազատն ու ամենաարդարը:













