Հոգեբուժության մեջ մի շատ լավ սկզբունք կա, որը հնչում է մոտավորապես այսպես. «Կյանքը պետք է հարատև բավականություն լինի»: Այդ պատճառով էլ հոգեբույժները խորհուրդ են տալիս. «Արեք ձեզ դուր եկածը, մի վախեցեք հիմար տպավորություն թողնելուց: Ի վերջո ինչո՞ւ եք մտահոգվում, թե ուրիշներն ինչ կկարծեն»: Սա իհարկե չի նշանակում, թե պետք է սանձարձակ լինեք ու անտեսեք բարեկրթության բոլոր կանոնները: Այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ պետք է փոքրիկ ուրախություններ վայելեք և լինեք այնպիսին, ինչպիսին ուզում եք:
Բոլորին մանկուց մի տարօրինակ ասացվածք է հայտնի. «Նախաճաշը կերեք ինքներդ, ճաշը կիսեք բարեկամի հետ, իսկ ընթրիքը տվեք թշնամուն»: Եվ իրոք՝ շատերը մտահոգվելով իրենց առողջության համար, գտնում են, որ երեկոյան ուտելը վնասակար է: Եվ Աստված հեռու տանի, եթե երեկոյան ժամը վեցից հետո ուտեն. դա հո իսկական ինքնասպանություն է:
Բայց իրականում այդպե՞ս է: Բազմամյա դիտարկումներից հետո աշխարհի սննդաբանները եզրակացրել են, որ երեկոյան ուտելը ոչ միայն վնասակար չէ, այլև օգտակար է:
Կարևորն այն չէ՝ ուտո՞ւմ եք, թե ոչ, այլ այն, թե ինչ եք ուտում և քնելուց քանի ժամ առաջ: Իհարկե եթե ուշ երեկոյան մի քանի կտոր ապխտած մսով բրդուճ ուտեք և թունդ գարեջուր խմեք, դրանից, մեղմ ասած, օգուտ քիչ կլինի: Բայց եթե քնելուց ոչ ուշ, քան երկու ժամ առաջ թարմ բանջարեղենից պատրաստված աղցան ուտեք և նույնիսկ մի կտոր հորթի խաշած միս, մրգային կամ կաթնային փունջ կոկտեյլ խմեք, ապա դրանից ոչ մի վնաս չի լինի: Հակառակը՝ առավոտյան կարթնանաք ավելի թարմ և եռանդով լի:
Իսկ երեկոյան ընթրիքից հետո ամաններ լվանալ, առավել ևս մաքրությամբ կամ այլ՝ տնային ոչ հաճելի գործերով զբաղվել՝ իսկապես չարժե: Ինչպես նշում են ֆիզիոլոգները, մկանների ուժը երեկոյան նվազում է: Երեկոյան ձեր օրգանիզմը ստիպված է լինում կրկնակի շատ էներգիա ծախսել նույն աշխատանքն անելու համար: Հետո էլ զարմանում ենք. «Կարծես թե երեկ ինչպես միշտ՝ նույն ժամին եմ պառկել, բայց արթնացել եմ հոգնած ու ջարդված, ասես առհասարակ չեմ քնել»: Օրգանիզմն ասես մի մեծ ժամացույց լինի, նրանում ամեն ինչ փոխկապակցված է, և եթե դուք ավելի շատ էներգիա եք ծախսել, ապա պետք է ավելի շատ էլ ստանաք: Այլ կերպ հնարավոր չէ: Այդ պատճառով էլ ժամը 20.00-ից հետո օրգանիզմը կենցաղային հարցերով մի ծանրաբեռնեք: Հակառակ դեպքում դուք առավոտյան կարթնանաք մեծ դժվարությամբ և չհանգստացած, դրանից ձեր աշխատանքի արդյունավետությունն ամբողջ օրվա ընթացքում կտուժի:
Մենք քննարկեցինք, թե երեկոյան ինչ կարելի է անել և ինչ չի կարելի, իսկ առավոտյա՞ն: Շատերիս համար դեռ մանկուց անհասկանալի է, թե ինչ կարիք կա առավոտյան հավաքել անկողինը, եթե երեկոյան նորից պառկելու ենք քնելու: Եվ իրոք՝ առավոտյան անկողին հավաքելը ոչ միայն տհաճ է, այլև վնասակար. այս մասին հաղորդում է ինտերնետային Boterus.de պորտալը՝ հղում կատարելով Քինգստոնի համալսարանի ուսումնասիրողներին (Մեծ Բրիտանիա): Բանն այն է, որ երբ արթնանալուց հետո անկողինը միանգամից հավաքում ենք, թույլ չենք տալիս, որ այն հարկ եղածին պես օդափոխվի: Գիշերվա ընթացքում այնտեղ կուտակված ջերմությունն ու խոնավությունը հիանալի միջավայր են փոշու տիզերի բազմացման համար: Անկողինն առավոտյան հավաքելով՝ դուք ապաստան եք տալիս մոտավորապես 1,5 միլիոն տիզերի, որոնք օրվա ընթացքում բազմանում են: Այս արարածներն ինքնին անվնաս են, բայց ահա դրանց կենսագործունեության արդյունքները կարող են առաջացնել ալերգիա և նույնիսկ ասթմայի պատճառ դառնալ: Այդ պատճառով էլ մի վախեցեք անբանի համբավ վաստակելուց և առավոտյան երբ արթնանում եք, համարձակորեն ձեր վրայից հանեք վերմակը և գնացեք ցնցուղ ընդունելու, սրճեք, նախաճաշեք, և ոչ թե միանգամից հավաքեք անկողինը: Թողեք որ այն գոնե 15-20 րոպե մնա բաց վիճակում: Այդքանը բավական է, որպեսզի ձեր անկողինն օդափոխվի, իսկ տիզերը և մյուս անցանկալի «բնակիչները» վերանան:
Առավոտյան մարզանք մի արեք: Թվում է, թե առավոտյան մարզանքի օգտակարությունն ընդունում են բոլորը, բայց ոչ բոլորը գիտեն, որ օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները կարգավորող հորմոնները արյան մեջ են արտանետվում միայն առավոտյան ժամը 11-ից հետո: Եթե դուք այդ ժամից ավելի շուտ եք ծանրաբեռնվում ֆիզիկական որևէ գործով, թեկուզ մարզանքով, դրանով խախտում եք ձեր օրգանիզմի բնական ռիթմը՝ ստիպելով, որ այն աշխատի այն ժամանակ, երբ ըստ էության դեռ քնած է: Դրանով իսկ խախտվում են կենսաբանական ռիթմերը, ինչը միգրենների, վատ ինքնազգացողության և մշտական հոգնածության պատճառ է: Բայց եթե դուք 10 տարի շարունակ ամեն օր առավոտյան մարզանք եք արել, ապա մի հրաժարվեք դրանից, քանի որ ձեր օրգանիզմն արդեն հարմարվել է դրան և հակառակին վարժեցնելը դժվար կլինի:
Որպես ամփոփում խոսենք երեխաների և շատ մեծահասակների սիրելի սովորություններից մեկի՝ քիթը քչփորելու մասին: Ըստ ամերիկացի և եվրոպացի ֆիզիոլոգների՝ քիթը քչփորելը օրգանիզմի համար բավականին օգտակար է: Ինքներդ դատեք՝ մատն ավելի հեշտությամբ է հասնում թաշկինակի համար անմատչելի տեղերը: Բայց սա չէ ամենկարևորը: Զանազան նստվածքներից շնչառական ուղիների մաքրման այս մեթոդի հիմնական առավելությունն այն է, որ քչփորելիս խթանվում են քթի թևիկներին և լորձաթաղանթի վրա գտնվող կենսաբանորեն ակտիվ կետերը: Մասնավորապես խթանվում է ուղեղի գործունեությունը, լավանում է արյան շրջանառությունը, բարձրանում տրամադրությունը: Սակայն չարժե մոռանալ, որ բոլոր առավելություններով հանդերձ, միևնույն է, դա տգեղ սովորություն է: Այդ պատճառով էլ չարժե դրանով հաճախ զբաղվել, հատկապես մարդկանց ներկայությամբ: Իսկ որևէ թաքուն վայրում ձեզ մի զրկեք «գանձ որոնելու» բավականությունից: Ինչեր ասես՝ հանուն առողջության չես անի:














