Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցների հրապարակումների «հերոսները» ավելի հաճախ են դառնում այլասերվածները, այդ թվում մանկապիղծները: Հերթական աղմկոտ դեպքը վերջերս տեղի ունեցավ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում: Փետրվարի 27-ին «Հետք» լրատվական կայքը հրապարակել էր «Գյուղապետը աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ» վերնագրով հոդված, որտեղ նշել էր, որ համայնքի ղեկավար, միաժամանակ տեղի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը չորս օր առաջ փետրվարի 23-ին 8-րդ դասարանցիների միացյալ դասին աշակերտներին տարել է մարզադահլիճ և պատվիրել «խելոք խաղալ», իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) հանձնարարել է հետևել իրեն: «Դա առաջին դեպքը չի եղել, շուրջ երեք շաբաթ ամեն ֆիզկուլտուրայի ժամի Ղուկասյանը կանչել է Կարինեին ու տարել:
«Երեխաները կասկածել են... Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնացել է ու բանալու անցքից նայել»,- պատմել է Կարինեի հորեղբայր Գագիկը: «Տեսնելով` ինչ է կատարվում Կարինեի հետ, աղջիկն օգնության է կանչել ուսուցիչներին: Մեր տեղեկություններով սա առաջին դեպքը չէ, երբ 50-ամյա Ազատ Ղուկասյանի անունը կապում են նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրեն է եղել: Ըստ խոսակցությունների` պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Նրա այս անգամվա զոհը` Կարինեն, տառապում է մտավոր հետամնացությամբ: Հասկանալի չէ, ինչու Ազատ Ղուկասյանը մինչև հիմա կալանավորված չէ: Մի՞թե ՀՀԿ անդամն այս անգամ էլ կմնա անպատիժ»,- գրում է «Հետքը»:
Ոստիկանությունից եկել են դպրոց ու երեխաներին հարցաքննել, սակայն աշակերտները գերադասել են լռել: Կարինեի հորեղբայր Գագիկի պնդմամբ երեխաներին վախեցրել է գյուղապետի որդին, ասել է՝ եթե ինչ-որ բան պատմեք, ձեռքներիցս չեք պրծնի:
«Հետք» լրատվական կայքի հրապարակումների համաձայն` Կարինեն հոգեկան շատ ծանր վիճակում է եղել և միայն օրեր անց է կարողացել իր հետ կատարվածի մասին որոշ մանրամասներ պատմել քննիչին և հոգեբանին:
Դեպքի առթիվ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ըստ ՔՕ 142-րդ հոդվածի 1-ին մասի` «16 տարին չլրացած անձի նկատմամբ ակնհայտ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով: Այս հոդվածը սահմանում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Մի քանի օր անց, իսկ ավելի հստակ` մարտի 6-ին, Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել արդեն ՔՕ 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասների նկատմամբ): Հոդվածը պատժում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով, բայց բացառված չէ, որ այն վերաորակեն, քանի որ տուժող անչափահասը մտավոր հետամնաց է:
Ինքը՝ Ազատ Ղուկասյանը, հերքել է, որ նման բան է եղել` նշելով, որ ինքն առհասարակ երբևէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ: Ըստ նրա` շանտաժ անողներն են խաղում իր համբավի հետ: Բայց փորձաքննությունը փաստել է հակառակը, և գյուղապետը կալանավորվել է:
50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ամուսնացած է, ունի չորս երեխա: 2002-ից ղեկավարում է Հարթաշեն համայնքը, իսկ 1995-2002 թթ. եղել է
գյուղի դպրոցի տնօրենը:
...Պաշտոնական տվյալներով Հայաստանում 2000-2010 թթ. սեռական հանցագործություններից տուժել է 100 անչափահաս: Գրանցված ցուցանիշները չեն պատկերում հանցագործությունների իրական պատկերը, քանի որ դրանք լատենտային բնույթ ունեն: Հայկական շատ ընտանիքներում չեն ցանկանում շոշափել իրենց երեխայի նկատմամբ կատարված սեռական հանցագործության խնդիրը:
Երկու տարի առաջ նման հանցանքի համար Երևանի Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ այդ ուսուցչի անառակաբարո գործողությունների մասին առաջին անգամ բարձրաձայնեցին դպրոցում ՄԱԿ-ի ծրագրով գործունեություն ծավալած ակտիվիստները:
Լայն հասարակական հնչողություն ստացավ ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործը: Նա մեղավոր ճանաչվեց տասն անչափահաս տղաներին «բռնի սեռական գործողությունների ենթարկելու» մեջ և դատապարտվեց 15 տարվա ազատազրկման: Նա մեծ գումարներով գայթակղել էր անապահով ընտանիքների անչափահաս տղաներին ու պղծել նրանց:
Մեր երկրում օրենսդիրները և հասարակական կազմակերպությունները քննարկում են երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարող անձանց կամավոր կամ հարկադիր քիմիական ամլացման ենթարկելու հարցը:
ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է մանկապղծության համար սահմանվող պատժաչափերը խստացնել և կրկնահանցագործությունների դեպքում կիրառել քիմիական ստերջացում: Այն պետք է լինի կամավոր՝ մանկապիղծը պետք է կրի իր պատիժը, իսկ ազատվելուց առաջ հատուկ փորձաքննության ենթարկվի: Եթե փորձագետները եզրակացնեն, որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար, ապա կալանավայրից դուրս գալուց հետո պետք է կամ հարկադիր բուժում անցնի, կամ ամլացվի: Իսկ ամլացմանը համաձայնելու դեպքում հիվանդին քիմիական եղանակով հորմոններ կներարկվեն: Նա այլևս վտանգավոր չի լինի հասարակության և հատկապես երեխաների համար:
Քիմիական ստերջացում` հարկադիր կամ կամավոր կիրառվում է շատ երկրներում: Եվրոպայում ամենախիստը համարվում է Լեհաստանում ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2010-ին: Այնտեղ հարկադիր քիմիական ստերջացման են ենթարկվում արական սեռի բոլոր ներկայացուցիչները, որոնք մեղադրվում են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու համար:
Իսկ Գերմանիայում կամավոր ամլացման մասին օրենքն ընդունելուց ի վեր կրկնահանցագործությունների թիվը 84 տոկոսից դարձել է 3 տոկոս:
Վերջերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրեց մանկապիղծներին հարկադիր քիմիական եղանակով ամլացնելու մասին Պետդումայի ընդունած օրինագիծը: Իսկ մարտի 7-ին համանման օրինագիծն ընդունեց նաև Մոլդովայի խորհրդարանը:
Երկրի ամենափոքրիկ քաղաքացիների նկատմամբ բռնությունը ծանրագույն հանցագործություն է: Մանկապիղծները մեր հասարակությունում տեղ չպետք է ունենան: Այս չարիքի դեմ պայքարում կարող է իր ներդրումն ունենալ յուրաքանչյուրը` պետությունն իր համապատասխան կառույցներով, հասարակական կազմակերպությունները և պարզապես քաղաքացիները, որոնք անտարբեր չեն այս խնդրի նկատմամբ:














