Այս խմբի մասին իմացա պատահաբար. փորփրում էի ինտերնետում ու հանկարծ մի հայտարարություն տեսա` այսինչ օրը Մոսկվայում համերգ է տալու «Ջերմուկ» խումբը: Սկզբում կարծեցի, թե դա ինչ-որ ազգագրական խումբ է՝ Հայաստանից: Բայց հետո պարզեցի, որ դա բավականին հայտնի մոսկովյան ակումբային խումբ է, որը ժամանակակից էլեկտրոնային երաժշտություն է նվագում:
«Ջերմուկն» ստեղծվել է 2002 թ. աշնանը՝ որպես երաժշտական տարբեր կրթությամբ ու փորձով, իսկ գլխավորը` տարբեր գաղափարներով մարդկանց ստեղծագործական ազատ փորձ: Խմբի կազմում Նիկ Զավրիևն է, ով հայտնի է իր էլեկտրոնային Ambidextrous խմբով և «Պլացենտա» այլընտրանքային խմբի երկու անդամները` երգչուհի Արուսյակ Միրզոյանն ու բաս կիթառահար Սերգեյ «Մորկվա» Մոսկովկինը, ում հետագայում փոխարինեց Դենիս «Դոն» Դուբովիկը՝ հայտնի Ulockedoor և Myholiday խմբերով:
Խմբի անդամների խոսքով՝ իրենց ստեղծագործական առանձնահատկություններից մեկը վառ արտահայտված առաջնորդի բացակայությունն է: Բայցևայնպես ես ինչ-որ անբացատրելի համոզմունքով զգացի, որ խմբի հիմնական գաղափարակիրն ու «շարժիչը» ստեղնաշարային գործիքներ նվագող Նիկ ԶԱՎՐԻԵՎՆ է` երաժիշտ, ով արդեն տասնհինգ տարի մասնագիտանում է էլեկտրոնային երաժշտության ոլորտում: Հենց նրան էլ դիմեցի պարզաբանումների համար:
- Ձեր խմբի մասին կպատմե՞ք:
- «Ջերմուկը» Նիկ Զավրիևն է, Արուսյակ Միրզոյանն ու նա, ով իրեն պարզապես «Դոն» է անվանում: Ես ու Արուսյակը ծանոթացել ենք մոտավորապես տասը տարի առաջ, իմ զարմուհու` Արուսյակի համադասարանցու ծննդյան օրը: Զրուցեցինք, ընդհանուր հետաքրքրություններ գտանք և որոշեցինք փորձել միասին որևէ բան անել: Մի երգ ձայնագրեցինք, տվեցինք, որ մեր ընկերները լսեն: Երգը նրանց դուր եկավ, իսկ մեզ դուր եկավ համատեղ աշխատելը: Սկզբում այդ երգը ծրագրվում էր ավելի շատ իմ Ambidextrous խմբի համար, իսկ հետո ևս մի քանի երգ գրեցինք, և ի վերջո ստեղծեցինք մեր համատեղ խումբը` սկզբում միայն ես ու Արուսյակն էինք, իսկ հետո մեզ միացավ նաև Սերգեյ Մոսկովկինը: Ահա այդպես էլ մենք դարձանք խումբ:
Սկզբում մեր խմբում դերերի ոչ պաշտոնական բաժանում կար` ես ապահովում էի էլեկտրոնիկան, առաջին բաս կիթառահար Մորկվան` ռոքը, Արուսիկը` էթնիկ երաժշտությունը, և յուրաքանչյուրն ասես իր կողմն էր քաշում մյուսներին: Բայց հետո պարզ դարձավ, որ այդ դերերը պայմանական են, իսկ էլեկտրոնիկան, այսպես, թե այնպես, բոլորս էինք սիրում: Առաջին երգերն այսպես ասենք` էթնիկ թրիփ հոպ ոճում էին, հետո մենք ձայնագրեցինք մի քանի ավելի աշխույժ երգ, ստացվեց պարային ինդի փոփի նման մի բան` դարձյալ վառ արտահայտված հայկական բաղկացուցիչով: Մինչև ալբոմի թողարկումը մեր երգերից մի քանիսը նույնիսկ հայտնվեցին ռադիոեթերում` օրինակ Moutais երգն անընդհատ հնչում էր Մոսկվայի «Արծաթե անձրև» ռադիոկայանում, Երևանում` նույնպես: Փորձի համար մի քանի անգլերեն և մեկ ռուսերեն երգ ձայնագրեցինք` Մանդելշտամի բանաստեղծության հիման վրա: Այդպիսով 2006 թ. թողարկվեց մեր առաջին ալբոմը` Have a ice Trip: Հետո Սերգեյը հեռացավ խմբից, նրան փոխարինեց Դոնը: Երկրորդ` Sogs From The Trees ձայնասկավառակը մենք արդեն նոր կազմով ձայնագրեցինք: Այն իսկական խառնուրդ էր` և դիսկո, և ինչ-որ դաբստեպյան մոտիվներ, և IDM, և թրիփ հոպ, իսկ այդ ամենը միավորում էին Արուսիկի ձայնը ու էլեկտրոնային ընդհանուր գործիքավորումը: Հիմա մենք սկսել ենք ձայնագրել երրորդ ալբոմը, առայժմ այն ավելի պարային է ստացվում (գերակշռում է ժամանակակից կոտրտված ռիթմը) և ազգագրական: Այդ ալբոմից մի քանի նոր երգ արդեն նվագել ենք անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած մեր համերգում:
- Դատելով կազմից (վոկալ, ստեղնաշարայիններ և բաս) և ձեր կատարած երաժշտությունից` «Ջերմուկը» մաքուր ստուդիայական խումբ է...
- Դե, էլեկտրոնիկան առաջին հերթին ստուդիական ժանր է, բայց մենք բավականին հաճախ ենք ելույթ ունենում կենդանի հնչողությամբ` ակումբներում, փառատոներում, նվագել ենք Ռուսաստանի «Ներխուժում» ռոք փառատոնում, մյուս քաղաքներում էլ ենք մի քիչ շրջագայել: Բավականին հաճախ ենք նվագում «Ավանտի» կազմակերպած միջոցառումներում. նրանք Մոսկվայում ամեն տարի ինտերնացիոնալ փառատոն են կազմակերպում, որին մենք նույնպես մի քանի անգամ մասնակցել ենք: Մենք առհասարակ սիրում ենք մեր համերգներին ուրիշ երաժիշտների հրավիրել` մեր բեմական ելույթներում հնչում են, և հարվածայիններ, և կիթառ:
- Իսկ ինչո՞ւ է մոսկովյան էլեկտրոնային խումբը «Ջերմուկ» կոչվում:
- Դա երկար պատմություն է: Երբ խումբը ձևավորվեց՝ սկսեցինք անուն փնտրել: Մենք ուզում էինք, որ անունն անմիջական կապ ունենա Հայաստանի հետ և մոսկվացիներին էլ ծանոթ լինի: Երկար մտածեցինք, քննարկեցինք, հետո հանկարծ հիշեցինք հայկական հանքային ջրի անունը, որը Մոսկվայում լավ գիտեն, և մեզ դուր եկավ այդ անվան հնչողությունը: Ճիշտ է՝ գրության ձևերը տարբերվում են` ոչ թե Jermuk, այլ Jermook: Այնպես որ հեղինակային իրավունքի ոչ մի խնդիր չկա:
- Իսկ ես կարծում էի, թե դուք ջերմուկցի եք...
- Ոչ, Արուսիկը Երևանից է, հայրս թբիլիսահայ է, ինքս Մոսկվայում եմ ծնվել:
- Այսինքն երեք անդամներից երկուսդ հայ եք:
- Ես՝ կիսով չափ: Դոնը ռուս է, այսինքն երեքից մեկուկեսն են հայ: Արուսիկը հայերեն է երգում, և դա է պատճառը որ մեզ ընկալում են որպես հայկական խմբի:
- Իսկ ո՞վ է «Ջերմուկի» համար երգեր գրում և ինչո՞ւ՝ հայերեն: Մոսկովյան հանդիսատեսն ինչպե՞ս է արձագանքում դրան:
- Երգերը գրում ենք ես ու Արուսիկը, գործիքավորումն անում եմ ես: Երբեմն Արուսիկը ինքն է բառերը հորինում, երբեմն էլ օգտագործում է հայկական պոեզիան: Ինչո՞ւ հայերեն` դե, Արուսիկի համար դա բնական է, հայերենը նրա հարազատ լեզուն է: Իսկ հանդիսատեսը լավ է արձագանքում: Եվ հետո՝ տարօրինակ ի՞նչ կա: Չէ՞ որ «Պիկասոյի զավակները» խումբը նույնպես հայերեն էր երգում, իսկ Մոսկվայի հանդիսատեսը դրան շատ լավ էր արձագանքում:
- Ի դեպ դուք որևէ կապ ունե՞ք այդ «Զավակների» հետ:
- Գրեթե ազգակցական կապ ունենք: Մեր Արուսիկն ամուսնացել է Կարենի` «Պիկասոյի զավակները» խմբի ղեկավարի հետ, և հիմա նրանք Բուդապեշտում են ապրում: Բանն այն է, որ նրանք Հունգարիայի հետ վաղուց կապեր ունեն: Նրանք նաև հունգարացի երաժիշտների հետ էին նախագիծ ձեռնարկել, ու բացի դրանից՝ Գայանեի (Կարենի քրոջ և խմբի երգչուհու) ամուսինը նույնպես հունգարացի է: Արուսիկն ու Կարենը նաև համատեղ նախագիծ ունեն, որը կոչվում է «Յոթ երգ՝ վերջին մոհիկանի համար», այն ցուցադրվել է Մոսկվայում և լավ ընդունելություն է ունեցել:
- Իսկ ինչպե՞ս եք աշխատում` Արուսիկը հիմա ամուսնու ու փոքրիկ դստեր հետ Բուդապեշտում է, դու` Մոսկվայում:
- Մենք էլեկտրոնային փոստով ենք գաղափարներ փոխանակում, իրար ֆայլեր ուղարկում: Իսկ երբ Արուսիկը գալիս է Մոսկվա` հանդիպում ենք, նստում, քննարկում ու միասին աշխատում:
- Եվ վերջում՝ մի քանի «հայկական հարց»` եղե՞լ ես Երևանում, հայկական խոհանոցից ուրիշ ի՞նչ ես սիրում՝ ջերմուկից բացի, ծրագրո՞ւմ եք համերգներ տալ Հայաստանում կամ պարզապես այցելության գալ:
- Ինչ վերաբերում է խոհանոցին`առաջինը հիշում եմ տոլման, քույրս շատ լավ է եփում, այն իմ ծննդյան տոներին արդեն խոհանոցային հիթ է դարձել: Թբիլիսիում հորս հարազատներին շատ եմ այցելել, Երևանում միայն մեկ անգամ եմ եղել և շատ վաղուց: Ես Երևանում մորաքույր ունեմ, նա էլ է ստեղծագործող մարդ` դասավանդում է դիզայն, տիկնիկներ է պատրաստում, բանաստեղծություններ գրում և այլն: Նա ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել: Ամեն տարի մենք մտադրվում ենք համերգներով Երևան գալ, բայց ինչ-որ բան միշտ չի ստացվում, դժվար է հեռավորության վրա ամեն ինչ կազմակերպելը, բացի դրանից՝ առայժմ մենք, ցավոք, հայ փրոմոթերների հետ լավ կապեր չունենք: Բայց Երևան գալու մտադրություն ունենք և հուսով եմ` մի օր անպայման կգանք:

















