Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ առևտրային կենտրոն կառուցելու նախագիծը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության, ճարտարապետների, անգամ մեր ֆուտբոլիստների շրջանում: Դրա շնորհիվ հնարավոր եղավ (գուցեև ժամանակավոր) կառուցելու համար նախատեսած հողակտորի սեփականատեր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ համաձայնության գալով` դադարեցնել շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին սեփականատիրոջ, Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի` 2011 թ. օգոստոսին ձեռնարկած գործարքի արդյունքում: Դա կանաչ լույս էր վառել «Հրազդան» մարզադաշտի ամբողջականությունը խախտելու և այնտեղ տեղի ունեցող միջոցառումներին ներկա գտնվողների կյանքը լրջորեն վտանգելու անհեռատես նախաձեռնության առաջ: Իսկ այդ ձեռնարկը հղի է մեծ վտանգներով, ինչպիսին վերջերս տեղի ունեցավ Եգիպտոսի մարզադաշտում բռնկված անկարգությունների հետևանքով, և հանդիսատեսին անվտանգ տարհանելու համապատասխան տարածքների բացակայության պատճառով բազմաթիվ մարդկային զոհեր եղան:
Համաձայն արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացության, ինչպես նաև բանիմաց ճարտարապետների ահազանգերի` «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում անվտանգության նկատառումներով նպատակահարմար չէ որևէ շինություն կառուցել, քանի որ դա արտակարգ միջադեպերի դեպքում կխաթարի մարդկանց արագ և անվտանգ տարհանումը: Հասարակական պայքարը, թվում է, արդյունք տվեց: Այժմ լուրեր են շրջանառվում, թե քաղաքապետարանը վերանայում է առևտրի կենտրոնի համար նախատեսված հողակտորն այլ` համարժեք հողակտորով փոխարինելու հարցը: Իսկ մարզադաշտից անջատած հողակտորին կվերադարձվի նախկին մարզական գործառնական նշանակությունը: Համենայնդեպս այդպես են խոստացել սեփականատերն ու նոր քաղաքապետը, սակայն նման որոշումները շատ անկանխատեսելի են, և մարզադաշտի ճարտարապետական նախագծի համահեղինակ, վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մտավախություն ունի, թե մի գեղեցիկ օր դադարեցված շինարարությունը կվերսկսվի նույն տեղում:
Ինչպես ամեն ինչ սկսվեց
«Հրազդան» մարզադաշտը կառուցելուց առաջ ոչ ոք չգիտեր, որ այն Խորհրդային Միությունում համարվելու էր երրորդ նման կառույցը` Մոսկվայի «Լուժնիկի»-ից և Կիևի «Դինամո»-ից հետո: 1982 թ. Վարշավայում լույս տեսած ճարտարապետական ստվարածավալ հանդեսներից մեկում ներկայացված են աշխարհում` անտիկ ժամանակներից մինչ այդ գոյություն ունեցող բոլոր մարզական եզակի կառույցները, որոնց թվում` նաև «Հրազդանը»: Ավելին` մեր մարզադաշտը զարդարում է այդ հանդեսի շապիկը:
Հրազդան մարզադաշտը դարձել է Երևանի կենսագրության մի մասը` լի բազում հաղթանակներով ու տոնահանդեսներով: Հենց այդպիսի նպատակադրությամբ էլ այն կյանքի էր կոչվել 1970-ական թվականներին: 1970 թ. լրանալու էր Խորհրդային Հայաստանի ծննդյան 50-ամյակը: Երկրի ղեկավարներն այդ կապակցությամբ մի քանի տարի առաջ մի շարք միջոցառումներ էին ձեռնարկել, որոնցից մեկն էլ սպորտի պալատի կառուցումն էր: 1965-66 թթ. նույնիսկ նախագծի մրցույթ հայտարարվեց, սակայն հետագայում Հրազդանի կիրճում մարզադաշտ կառուցելու գաղափարի հասունացմանը զուգընթաց` նախորդ նախագիծը չեղյալ հայտարարվեց: Հրազդանի կիրճում մարզադաշտ կառուցելու միտքն առաջին անգամ հնչեցրել էր Անաստաս Միկոյանը, ով հյուրընկալվելով Հայաստանում և օթևանելով ձորի պռնկին բազմած` կառավարական ամառանոց ծառայող հայտնի սև շենքում` Հրազդանի կիրճում նկատել էր բնական ամֆիթատրոնը և առաջարկել այդ վայրում 20 հազար տեղանոց մարզադաշտ կառուցել: Բայց մարզադաշտի կառուցման գաղափարը լավ խմորվելու և հասունանալու կարիք ուներ` մինչև 1968 թ, երբ այն կառուցելու վերաբերյալ պետական որոշում կայացվեց: Որոշման պատճառը միայն Խորհրդային Հայաստանի համար նշանակալի հոբելյանական տարին չէր: Կար ավելի հիմնավոր հանգամանք. Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմն իր հաջողություններով երկրի ղեկավարությանը «պարտադրեց» մտածել նոր` ավելի տարողունակ ու հարմարավետ մարզադաշտ կառուցելու մասին: Հին` Հանրապետական մարզադաշտը, որը առավելագույնը 20 հազար հանդիսատեսի համար էր նախատեսված, այլևս չէր բավարարում հանրապետությունում օրեցօր աճող ֆուտբոլասերներին:
Եվ այն ժամանակվա Հայաստանի կոմկուսի կոնտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը խորհրդակցելով ճարտարապետների հետ` որոշում է 70 հազար տեղանոց մարզադաշտ նվիրել մայրաքաղաքին:
Այդ գործին մասնակցած մարդկանցից այսօր քչերն են ցավոք կենդանի: Նրանցից մեկը ճարտարապետական նախագծի համահեղինակն է` Գուրգեն Մուշեղյանը, ով սիրով համաձայնեց պատմել այդ բացառիկ կառույցի շինարարության ոդիսականը: Գուրգեն Մուշեղյանը, ում համար մարզադաշտի նախագծային առաջարկը դարձավ դիպլոմային աշխատանքի թեմա, այդ ժամանակ աշխատում էր «Հայպետնախագիծ» ինստիտուտում: Երբ մարզադաշտի կառուցման որոշումը կայացվեց, նախագծային աշխատանքները ղեկավարող Կորյուն Հակոբյանը, ով նաև Գուրգեն Մուշեղյանի դիպլոմային աշխատանքի ղեկավարն էր, իր ուշիմ, նորարարական գաղափարներով լի ասպիրանտին ընդգրկեց նախագծի հեղինակային խմբում: «Սկզբնական շրջանում խումբը բավականին մեծ էր,- հիշում է Գուրգեն Մուշեղյանը,- նախագծի բազմաթիվ քննարկումներից հետո այն կրճատվեց, և նախագիծն ավարտին հասցրեց երեք հոգուց բաղկացած հեղինակային խումբը, որում ընդգրկված էին Կորյուն Հակոբյանը, ես և կոնստրուկտոր Էդվարդ Թոսունյանը»: Երեք համահեղինակներն էլ սպորտի մեծ սիրահարներ էին. Էդուարդ Թոսունյանի մարզական տարերքը շախմատն էր, իսկ Կորյուն Հակոբյանը ճարտարապետությամբ և մանկավարժությամբ զբաղվելուց զատ ձեռքբերումներ ուներ նաև ծանրամարտում: Մուշեղյանը ժամանակին հրապուրվելով սուսերամարտով` մինչև ճարտարապետությամբ զբաղվելը հասցրել էր մի շարք համամիութենական մրցումներում մրցանակային տեղեր նվաճել, դարձել Խորհրդային Միության սպորտի վարպետ և միութենական առաջնության մրցանակակիր:
Կառույցի շինարարությունը և նախագծումն ընթանում էին զուգահեռ` ժամանակ խնայելու նպատակով: Շինհրապարակում զօրուգիշեր եռուզեռ էր: Մարդիկ ամիսներով տուն չէին գնում, ապրում, աշխատում, սնվում ու քնում էին հենց շինհրապարակում` աշխատելով գիշերային հերթափոխով:
Շինարարության ողջ ընթացքում մարզադաշտի դիմացի փողոցը, մայթերը ամեն օր լցվում էին շինարարությանը հետևող մարդկանցով` երևանցիները ժամանակ առ ժամանակ իրենց պարտքն էին համարում գնալ շինհրապարակ և տեսնել, թե շինարարությունն ի՞նչ թափով է առաջ գնում: Մարզադաշտի կառուցման ողջ ընթացքին հենց տեղում հետևում էին նաև «Արարատի» մարզիկները, ովքեր մարզումների ժամանակ ապրելով շինհրապարակի դիմացի բարձունքին գտնվող ամառանոցում` անհամբերությամբ սպասում էին, թե երբ իրենց հնարավորություն կտրվի փորձարկել մարզադաշտը: Պատմում են, թե շինարարության ավարտից հետո շինարարների հանպատրաստից կազմված թիմը «ընկերական հանդիպում» է կազմակերպել արարատցիների հետ և կարողացել է 20 րոպե դիմակայել: Հանրապետության ղեկավարությունը ևս ուշիուշով հետևում էր շինարարությանը. չէ՞ որ այն դառնալու էր մեր երկրի պարծանքն ու հպարտության առարկան: Շինաշխատանքները կարգավորում էր ՀԿԿ Երևանի քաղկոմի երրորդ քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ով արդեն նման վիթխարի շինարարության ղեկավարման փորձ ուներ: Նրա վերահսկողությամբ էր իրականացվել Եղեռնի հուշարձանի կառուցումը, և նա արդեն հասցրել էր ներկայանալ որպես պատասխանատվության մեծ զգացում, ղեկավարելու հրաշալի ունակություն ունեցող և հարգանք ներշնչող անձնավորություն: Նրա ամենօրյա ներկայությունը շինհրապարակում, խստապահանջությունն ու վերահսկողությունը մեծ դեր ունեցան այդքան մեծածավալ կառույցը ռեկորդային ժամանակահատվածում շահագործման հանձնելու գործում` տեխնիկայի, շինանյութի մատակարարման այն ժամանակվա սուղ պայմաններում:
Կրեմլը շինարարությունն արգելեց
Երբ շինարարությունը մեծ թափ էր առել` Կրեմլից աշխատանքները դադարեցնելու հրահանգ եկավ` այն պատճառաբանությամբ, թե 750 հազար բնակիչ ունեցող քաղաքի համար 70 հազար տեղանոց մարզադաշտը չափից դուրս մեծ է: Մեծ ջանք անհրաժեշտ եղավ` մայրաքաղաքում նման մեծածավալ մարզադաշտի շինարարությունը հիմնավորելու և միութենական ղեկավարությանը համոզելու համար, որ շարունակի մարզադաշտի շինարարության ֆինանսավորումը: Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին հաջողվեց Կրեմլին ապացուցել, որ մարզադաշտը ծառայելու է ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության բոլոր մարզասերներին, ովքեր մեծաթիվ էին և ֆուտբոլային խաղերի ժամանակ գալիս էին մայրաքաղաք` իրենց սիրելի թիմին ոգևորելու: Ի վերջո շինարարության մեծ մասն արդեն արված էր, հսկայական գումարներ էին ծախսվել միութենական բյուջեից և կառույցն անավարտ թողնելն անիմաստ էր: Այդ հանգամանքները հաշվի առնելով` ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն այլ առարկություններ չներկայացրեց, և շինարարական աշխատանքներն սկսելուց 18 ամիս անց Հրազդանի կիրճում շահագործման հանձնվեց Հայաստանի ամենամեծ կենտրոնական մարզադաշտը: Ինչպես նախապես որոշված էր` մարզադաշտի բացման արարողությունը պետք է կատարվեր 1970 թ. նոյեմբերի 29-ին` Բրեժնևի մասնակցությամբ: Սակայն նախօրեին քաղաքում տեղացած առատ ձյան պատճառով շքեղ բացում չեղավ: Այն հետաձգվեց մինչև 1971 թ. մայիսի 19-ը, երբ Երևանի «Արարատը» իր նորակառույց հարկի տակ հանդիպեց Ալմա-Աթայի «Կայրաթի» հետ, և մայրաքաղաքին արված հոյակերտ նվերը նշանավորվեց մեր թիմի փայլուն հաղթանակով` 3:0: «Երբ «Արարատը» խփեց առաջին գոլը, ամբողջ մարզադաշտն ալիքվեց վեր բարձրացած ձեռքերից: Դա նաև մեր աշխատանքի գնահատականն էր: Իսկ վերջում ֆուտբոլասերներն սկսեցին այրել իրենց ձեռքի թերթերը և ծածանել օդում: Այնպիսի տպավորություն էր` կարծես այրվում էր մի հսկա թաս: Դա իմ կյանքի երջանիկ ու անմոռանալի պահերից էր»,- պատմում է զրուցակիցս:
Այդ օրը դարձավ նաև «Արարատի» մեծ հաղթարշավի սկիզբը, որի գագաթնակետը դարձավ 1973 թ., երբ մեր թիմը դարձավ ԽՍՀՄ գավաթակիր և չեմպիոն:
Հ. Գ. Այսօրվա պահանջներին և չափորոշիչներին համապատասխանող մեծ և տարողունակ մարզադաշտի անհրաժեշտությունը ոչ պակաս արդիական է, քան այն տարիներին, երբ Խորհրդային Միության ֆուտբոլային դաշտերում փայլում էր մեր թիմը` «Արարատը»: Մեր ազգային հավաքականի անցած տարվա հաջող ելույթները երկրպագուների սրտերում վերարթնացրին հայկական ֆուտբոլի վերածննդի մասին փայփայած և վաղուց մարած հույսերը: Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի հավաքականի խաղերին՝ 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Ինչպես խոստացել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հավաքականի հետ մեր ազգային հավաքականի մրցախաղը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում: Նա վերջերս նման գրառում է թողել Facebook սոցիալական ցանցի իր էջում:

















