Չնայած անցած աշնան ամբողջ ընթացքում Ազատության հրապարակում հնչած ռազմատենչ կոչերին՝ Հայաստանի ժողովուրդը, ինչպես երևում է, չի պատրաստվում այսօր կամ վաղը «ամեն գնով» փոխել երկրի իշխանությունը: Դա կարելի է բացատրել ինչպես դարերի ընթացքում թրծված նրա սթափ իմաստնությամբ, այնպես էլ իրենց հայրենիքին ծառայելու նախկին «փորձով» հայտնի գլխավոր ճչաններին ճանաչելով: Սակայն հաշվի առնելով երկրի և նրա հարևանությամբ տիրող իրադրությունը` ժողովրդի համբերությունը չարաշահելը և անորոշ ապագային վերաբերող խոստումներով գայթակղել շարունակելը և անհեռանկարային է, և ուղղակի անբարոյական` եթե ընտրենք հնարավոր ածականներից ամենամեղմերը: Վերաձևակերպելով անգլիական ասացվածքը՝ կարելի է ասել` փորձանքը կարող է ավելի արագ վրա հասնել, քան մեր պահապան հրեշտակն ընդունակ է թռչել:
Բոլոր դեպքերում «Ստորին խավերը չեն ցանկանում, իսկ վերին խավերն անկարող են» դասական բանաձևը, որը սոցիալական հակամարտության ելք է համարում իշխանության բռնի փոփոխությունը, չի կարելի կիրառել ներկա Հայաստանում: Նախ՝ այդ ելքը բոլորովին էլ ունիվերսալ չէ. համաշխարհային նորագույն պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ սոցիալական արմատական վերափոխումներն իրագործվել են առանց արյունահեղության, և հետո իր ներքին` սոցիալական խնդիրներից բացի Հայաստանն ունի մեկ այլ, գուցեև ավելի էական խնդիր` ազգային անվտանգությունը, որի լուծումն անհնար է պատկերացնել մի երկրում, որտեղ կա սոցիալական անկայունություն: Հենց այդ պատճառով կարելի է համոզված լինել, որ այդ երկու` փոխկապակցված և փոխպայմանավորված, ազգերի պատմության մեջ հազվադեպ զուգադիպող խնդիր-մարտահրավերները հաղթահարելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինեն թե համարժեք գաղափարական-տեսական մոտեցումներ, թե գործողությունների ոչ ստանդարտ հաջորդականություն:
Այդ ուղղությամբ կատարվելիք առաջին քայլը կարող է լինել մեր հասարակության անաչառ` զգացմունքային գնահատականներից զերծ վերլուծությունը, մեր կարողությունների և հնարավորությունների սթափ հաշվարկումը, որի արդյունքում թե վերևները, թե ներքևները կգիտակցեն, թե ինչու այսպես ապրել չի կարելի: Նմանօրինակ վերլուծությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պարզաբանվի, թե վերջին քսան տարիներին` կապիտալիզմի տիրապետության օրոք այնուամենայնիվ որո՞նք են եղել մեր երկրի դրական ձեռքբերումները, և թե ինչ կարող էին, բայց չեն արել իշխանությունները՝ ժողովրդի կենսամակարդակն արմատապես բարելավելու համար, իսկ ի՞նչն է, որ անհնար էր անել՝ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Հայաստանի պաշտոնական, հանդիսավոր կերպարը, որը ներկայացվում է իշխանական և իշխանամետ լրատվամիջոցների ջանքերով, լի է պայծառ գույներով, դինամիզմով և լավատեսությամբ: Նշենք այդ կերպարի հիմք ծառայող փաստերից մի քանիսը: Հայաստանում ժամանակակից արևմտյան քաղաքակրթության տեսանելի ապացույցներ` նոր ենթակառույցներ և ծառայություններ, խանութներում արդյունաբերական նորանոր ապրանքների և մթերքների առատություն, հերթերի բացակայություն, շատ` հատկապես երևանյան բնակավայրերի աչքի զարնող կերպարանափոխություն, մայրաքաղաքում միջազգային կարևորագույն կազմակերպությունների ներկայացուցչություն, ինչը վկայում է միջազգային տնտեսական և հասարակական-քաղաքական համակարգին երկրի ինտեգրման մասին: Դեսպանների ընդունելություն, սեփական դեսպանների առկայություն՝ աշխարհի տարբեր, անգամ հեռավոր երկրներում: Նաև, ինչը շրջանցել չի կարելի, արտաքին քաղաքականության և ցեղասպանության խնդիրների առումով ընդհանուր առմամբ համարժեք քաղաքականության իրականացում: Դրանց հետ մեկտեղ պարբերաբար հնչող զեկույցներ՝ երկրի տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում արձանագրվող հաջողությունների և նվաճումների մասին:
Դատելով այդ՝ գերազանցապես արտաքին նշաններից, կարելի է ասել. Հայաստանը որպես երկիր, շատերին զիջում է, բայցև գերազանցում է շատ ուրիշներին: Սակայն այդ ամենը կարելի կլիներ համարել «նորմալ», որքան հնարավոր է նորմալ համարել այն անխուսափելի քաոսն ու ավերածությունները, որոնք տիրում են բոլոր երկրներում՝ սոցիալական հեղաշրջումից հետո, եթե այն անձնական հաջողությունները, որոնք պատկանում են մի խումբ հարուստների և գերհարուստների, ինչպես նաև այն սակավաթիվ մարդկանց, ովքեր կարող էին դառնալ ապագայի` լիարժեք միջին դասի ներկայացուցիչներ, իշխանությունները չվերագրեին ընդհանուր հասարակությանը և եթե չհաստատվեին այնպիսի կարգեր, որոնց շնորհիվ դեպի բարեկեցություն տանող ճանապարհն այդքան հիմնավոր չփակվեր մյուսների առջև:
«Հարուստ Հայաստանի» երանելի պատկերին կտրուկ հակադրվում է երկրի բնակչության ճնշող մեծամասնության նյութական և հոգեկան վիճակը: Քիչ թե շատ արժանավայել աշխատանքի անվերջ և ապարդյուն որոնումներ («լավագույնները» բաժանվում են ըստ կուսակցական պատկանելության), ցածր աշխատավարձ և կենսաթոշակներ, որոնք հազիվ են բավարարում կոմունալ ծախսերին (շատ ընտանիքներ հազիվ են ծայրը ծայրին հասցնում՝ արտասահման մեկնած իրենց հարազատների ուղարկած գումարների շնորհիվ), քառասուն տոկոսից ավելի կիսաքաղց երեխաներ` ըստ միջազգային հեղինակավոր կազմակերպության տվյալների, մարդկանց ոգիները և քսակները քայքայող կաշառակերություն, անկուշտ պաշտոնյաների (չինովնիկների) անպատժելիություն: Եվ այդ ամենը՝ քսան տարի առաջ երկրում հաստատված հասարակական նոր կարգի` ինդիվիդուալիզմի ու մրցակցության հիմնական սկզբունքների սահմաններում և համապատասխանությամբ: Իսկ գագաթին ամենահաս և ամենակարող մենաշնորհային (մոնոպոլիստական) չգրված իրավունքի գերակայությունն է, որը ճանաչում է միայն ու միայն իր օրենքներն ու իր շահերը: Հատկապես նկատելի և վտանգավոր է այդ սկզբունքների ազդեցությունը հոգևոր-մշակութային ոլորտում: Պետական քաղաքականությունը մեր երկրում` ոչ Առաջին հանրապետության օրոք, ոչ էլ խորհրդային տարիներին` անգամ մշակույթի հանդեպ երկրի կուսակցական ղեկավարության երբեմն ոչ միանշանակ վերաբերմունքով հանդերձ, երբեք չի եղել այնքան անսկզբունքային և ոչ արդյունավետ, որքան հիմա: Ժողովրդավարությունն ու ազատությունը` որն ըստ էության ամենաթողության է վերածվել, պաշտպանելու պատրվակով պետությունը փաստորեն ինքնամեկուսացել է մշակույթում կատարվող գործընթացներից` ասպարեզը զիջելով գերազանցապես խոշոր գործարարներին և իբր՝ ազատ շուկային: Պետությունը ոչ միայն սկզբունքորեն դեմ է և չունի գաղափարախոսություն` համարելով, որ ցանկացած գաղափարախոսություն անպայման չարաղետ-«սովետական» պետք է լինի և անհարիր՝ դեմոկրատական պետությանը:
Որպես այլ օրինակներ թվարկենք` հանրամատչելի արվեստի համընդհանուր առևտրականացում` հարմարեցված կյանքի նոր տերերին և ժողովրդի` այլընտրանք չունեցող լայն խավերի պահանջներին, պարզունակ, հաճախ բովանդակությամբ վնասակար և ձևի տեսանկյունից անճարակ հեռուստահաղորդումներ՝ դերասանների կատարմամբ, ովքեր ավելի համապատասխան են այս «դեր-ասան» բառի ծագումնաբանական, քան գեղարվեստական իմաստին: Եվ նոր ճարտարապետությունը, որը դարձել է «նոր հայերի» և նրանց, մեղմ ասած՝ վիճելի նախասիրությունների և Երևանում ձևավորված քաղաքաշինական կանոնների և ավանդույթների հանդեպ ակնհայտ արհամարհանքի սպասավորը:
Նոր նախապատվություններն ու միտումները հսկայական, գուցե արդեն անվերականգնելի վնաս են հասցնում համազգային մեր ամենակարևոր հարստությանը` լեզվին: Երբեք մեր հայոց լեզուն, որն աշխարհի լեզուներից առանձնանում է իր արտակարգ հարուստ բառապաշարով, արտահայտչականությամբ և գեղեցիկ հնչողությամբ, այդ աստիճանի չէր նսեմացվել և այլասերվել նույն դերասանների, բարբառը չարաշահող, թոթովախոս հեռուստահաղորդավարների, պետական գործիչների բանավոր խոսքի, զվարճալի ծրագրեր և մրցույթներ վարող երիտասարդների պատճառով:
Այդ ամենի պատճառով կյանքի արհավիրքների` առաջին հերթին տնտեսական ճնշման և տեսանելի հեռանկարի բացակայության պայմաններում մենք կորցնում ենք մեր ազգային ինքնության թանկարժեք հատկությունները, ազգային արժանապատվության և հպարտության զգացումները, մեր ազգին հատուկ արժեհամակարգն ու չափանիշները, տեղի է ունենում հայկական ավանդական մտածողության աներևակայելի կերպարանափոխություն: Այն տղամարդու կերպարը, ով ընտանիքի թեկուզև համեստ բարեկեցությունն ապահովում է իր ազնիվ աշխատանքով, կորցնում է, եթե արդեն չի կորցրել, իր բարոյական հեղինակությունը՝ թե կյանքում, թե արվեստում: Թատրոնում ավանդական «հերոսի» տեղն զբաղեցրել է բիզնեսմենը, ճիշտ է, առայժմ որպես քրեական կերպար: Հեղինակներն առայժմ ընդամենը հիանում են նրանով: Սակայն եթե ամեն ինչ այսպես շարունակվի` թերևս կգան նաև այն ժամանակները, երբ նրանց կսկսեն «հերոսացնել» և «գեղագիտականացնել» (ինչպես կատարվեց ամերիկյան գանսգտեր Ալ Կապոնեի հետ): Այժմ ավելի հաճախ կարելի է լսել, թե ինչպես են ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում մոռանալ բարության և ուրիշներին օգնելու մասին հին հեքիաթները, հոգալ միայն իրենց և իրենց ընտանիքի անդամների մասին: Կերակրող տղամարդու երկարատև, պարտադրված բացակայության հետևանքով քայքայված և դժբախտացած ընտանիքներ և ազգային խայտառակություն` երիտասարդ հայուհիներ` Մեծ եղեռնի սերնդի ժառանգներ, ովքեր հոժարակամ վաճառում են իրենց մարմինը և գեղեցկությունը՝ մեր հարևան Թուրքիայում... Կարո՞ղ ենք արդյոք շարունակել ապրել այսպիսի կյանքով: Զարմանալի չէ, որ Հայաստանի հիասթափված բնակիչներից շատերը հեշտությամբ ենթարկվում են և հարում քայքայիչ նպատակներ ունեցող զանազան խմբավորումների:
Մեծ ցանկության դեպքում բոլոր այս բացասական և անհանդուրժելի երևույթները կարելի էր վերագրել հետխորհրդային բոլոր երկրների ձգձգված անորոշությանը` դա համարելով անխուսափելի և հաղթահարելի չարիք: Սակայն Հայաստանի դժբախտությունների ցանկում կա ևս մեկը, որը տարբեր է մյուսներից, և որը միանգամայն բավարար է՝ վերջ դնելու համար երկրում համակարգային ճգնաժամի առկայության մասին որևէ կասկած, թանկագին ժամանակի անիմաստ վատնում համարելով քաղաքական տարաձայնությունների և բախումների այժմյան ընթացքը, որն առավելապես սոցիալական ակտիվության նմանակում է, քան որևէ լուրջ նպատակի հասնելու փորձ: Բնակչության թվաքանակի նվազումը և զանգվածային արտագաղթը, անշուշտ, մեր գլխին կախված ամենամեծ վտանգն են: Մարդիկ շշուկով, կարծես պետական գաղտնիք լինի, միմյանց հաղորդում են երկրի բնակչության մասին վերջին տվյալները. «Գիտե՞ք, թե ինչքան ենք այստեղ մնացել»: Նրանք երկիրը լքում են ոչ միայն աղքատության պատճառով, այլև չեն ուզում իրենց իսկ հայրենիքում ստորացված լինել: Գիտեն, որ դրսում էլ դժվար կլինի, բայց այնտեղ գոնե երեխաները սոված չեն մնա, մինչդեռ սա միակ վայրն է ամբողջ մոլորակում, որտեղ հայերը փողոցներում հաց են մուրում:
Հատկանշական է, որ այս հենքին մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը ներկայացնող հեռուստահաղորդումները ոչ թե երբեմնի գոհունակությունն են առաջացնում՝ «Փառք Աստծո, նրանք այնտեղ վատ չեն», այլ ավելի շատ տարակուսանք և նույնիսկ կասկած՝ «Մի՞թե մեզ էլ են կոչ անում նրանց հետևել»: Հայաստանն առանց հայերի... Այդ մասին կարող է երազել միայն մեր ոխերիմ թշնամին: Մենք կորցնում ենք ժողովուրդ, ասել է թե՝ հայրենիք:
Իհարկե, այդ ամենով հանդերձ՝ Հայաստանը հազիվ թե վերանա աշխարհի երեսից, ինչպես մեր հակառակորդներն ու հոռետեսներն են կարծում: Սակայն միանգամայն հնարավոր է, որ կվերածվի համաշխարհային սովորական մի գավառի, որտեղ անհնար կլինի պահպանել և զարգացնել նրա եզակի մշակույթը, այն, ինչը բոլոր կապերից ավելի զորեղ է միավորում մարդկանց և նրանց դարձնում ժողովուրդ:
Հիրավի, պետք է լինել կույր և չունենալ տարրական գիտակցություն ու հիշողություն, չնկատելու համար, որ մեր պատմական հայրենիքի այս փոքրիկ պատառը, որը մեզ բաժին է ընկել այսպիսի թանկ գնով, մեր հայրենակիցների փոքր հատվածի համար դարձել է դրախտ, իսկ ճնշող մեծամասնության համար` դժոխք:
Մի՞թե այս ամենն անդառնալի է և հարատև: Մի՞թե մենք չունենք բավարար ուժ և կամք՝ փոխելու իրադարձությունների ընթացքը, քանի դեռ դա հնարավոր է: Եվ դեռ ինչքա՞ն պետք է նմանօրինակ հարցերը մեր երկրում հռետորական համարվեն:

















