«Հայաստանի զրուցակիցը» շարունակում է Թուրքիայի սևծովյան արևելյան ափին բնակվող մուսուլման հայախոս համշենցիների մասին պատմող ակնարկի տպագրությունը: Լրագրող Վահան Իշխանյանը 12 օր եղել է նրանց բնակավայրերում: Նախորդ համարում տպագրված առաջին մասը պատմում էր համշենցիների գյուղերի և այն համշենցիների մասին, որոնց մի մասն իրենց թուրք է համարում, մի մասը՝ ոչ թուրք և ոչ էլ հայ, այլ առանձին ինքնություն` համշենցի:
Սկիզբը՝ թիվ 4
Հոյիվները
Հոփա քաղաքի «Հայդե» բարի բարմենն ինչ-որ տեղից հանեց կավալը ու տվեց Հարունին: «Ես ասեմ, թե ով է համշենցին, համշենցին հոյիվ է»,- ասաց Հարունը ու սկսեց նվագել կավալը: Համշենցիների հովվությունից մնացել է միայն երաժշտությունը, որ հիմա գարեջրի ու կաթնագույն անիսոնի օղու ընկերակցությամբ մեզ պատմում է լեռնային կյանքի ու անհետացող հովվերգական ավանդույթների մասին:
Ու նաև շուրջպարը. «Հայդեի» վերին հարկի սրահում ծխի ու կիսախավարի մեջ ամեն երեկո երիտասարդները գոչյուններով ու համաչափ ոտք առնելով պարում են իրենց պապերի սարերի շուրջպարը՝ կավալի, պարկապզուկի և կիթառի նվագակցությամբ: 
Համշենցիները հովիվներ են եղել, հովվությունից մնացել են կավալի երաժշտությունը ու յայլաները:
Անասնաբուծական մեծ ֆերմաները կուլ տվեցին հովիվների փոքր տնտեսությունները, և համշենցիները «հոյիվի» մահակը փոխարինեցին մեքենայի «ղեկավ», հանդիպածս տղամարդիկ հիմնականում վարորդներ են: Շատերն էլ սկսեցին զբաղվել թեյի արտադրությամբ:
«Հիմա 20-25 հազար ոչխար ունեցող ֆերմերներ կան, էլ անասնապահություն անելն անիմաստ է»,- ասում է Քայաքոյի բնակիչ Ջեմալ Վայիչը, ով աշխատում է Քեմալփաշայի թեյի ֆաբրիկայում:
Գյուղացիների հիմնական եկամուտը թեյն է, Ջեմալն ասում է, որ տարեկան մոտ 15-20 հազար դոլարի եկամուտ է ունենում:
Ուրբանիզացիան և արդիականացումը 60-ական թվերից գյուղերից համշենցիներին իջեցրին քաղաքներ` Քեմալփաշա, Հոփա, ապա նաև դեպի մեծ քաղաքներ՝ Տրապիզոն, Սամսոն, Ստամբուլ, Անկարա և այլն: Մարդահամարից մարդահամար գյուղերի բնակչությունը նվազում է: Հիմա շատ համշենցիներ երեք բնակավայր ունեն` յայլա, նախկին արոտավայրերը, ուր ամառները մեկնում են ոչ այնքան անասուն արածեցնելու, որքան շոգից պատսպարվելու համար, Քեղ-գյուղ` ծննդավայրը և Չարխի կամ ձիափ-ծովափ` այսինքն քաղաք:
Հովվության մասին հիշողությունը դեռ թարմ է մնացել տարեց մարդկանց հիշողություններում, բայց դրանից էն կողմ հիշողությունն ընդհատվում է: Իսկ ի՞նչ էին անում նրանք՝ մինչև Արդվինի սարերում հովվություն անելը և ինչո՞ւ են համշենցիները բուն Համշենից եկել Հոփա, եկել են նո՞ր են մահմեդական դարձել, թե արդեն որպես մահմեդական են եկել և՝ ե՞րբ են եկել: Այս հարցերի պատասխանները չկան:
Կոմունիստական Հոփան. «Ես հայ եմ»
«Հայդե» բարը Հոփայում այն հազվագյուտ տեղերից է, ուր չկա Աթաթուքի դիմանկարը:
«Իմ Աթաթուրքը նա է»,- համշենցի կոմունիստը ցույց է տալիս ծերունու լուսանկարը` կոմունիստ Նուրի Յասատաղիս, մականունը` Դոկտոր:
Կոմունիստ և սոցիալիստ բառերն այստեղ կուսակցական պատկանելություն չեն, համոզմունք են, (Թուրքիայում այսօր գործում է մի Կոմունիստական կուսակցություն, որը համարվում է իշխանության ստեղծածը՝ արևմուտքի առաջ դեմոկրատ երևալու համար և
ձախ համշենցիների արհամարհանքին է արժանացել):
Հոփայի 17 հազար բնակչության մոտ 7 հազարը համշենցի է, 7 հազարը՝ լազ (սևծովյան ժողովուրդ, որ խոսում է մենգրելերենին մոտ լեզվով), մնացածը տարբեր ազգություններ են:
Որպես սևծովյան մշակույթի քաղաք՝ հանրային կյանքը եռում է Հոփայի երկու կենտրոնական նեղ փողոցներում, ուր տղամարդիկ թեյ են խմում, նարդի խաղում ու սափրվում: Փողոցների մի ծայրում մզկիթն է, որտեղից բարձրախոսով քաղաքով մեկ տարածվում է աղոթքի հրավերը՝ կոչը (eza), իսկ նկուղային բարերում նստած են նախկին սովետական տարածքից եկած մարմնավաճառները՝ բավարարելու երկար ճամփաներից հոգնած վարորդներին:
Եթե տեսել ես Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը, որի մի մասը Հոփայում է նկարահանված, ապա աշնանը Հոփայում դեժավյու կունենաս. անձրև, ծովից եկող ցուրտ և վրացուհի մարմնավաճառ, միայն մի տարբերություն. ֆիլմի վրացուհին դրսի ավտոմատ հեռախոսից է զանգահարում հարազատներին, իսկ հիմա նա ձեռքի հեռախոսով վրացերեն զայրացած խոսում է գիշերային ակումբ տանող աստիճաններին:
«Որտե՞ղ կարելի է նստել, նորմալ գարեջուր խմել»,- հարցնում է Խաչիկը՝ համշենցի մի ծանոթի: Նա գլուխը բացասաբար շարժում է՝ ցույց տալով գիշերային ակումբները, չէ, էնտեղ չարժի, ու հայացքն ուղղում դիմացի շենքի երրորդ հարկին. «Հայդեն», Հարուն Աքսուի հեղափոխական բարը:
Որտեղի՞ց գիտի Մումի Յըլմազը մեզ: Հենց ոտք դրեցինք «Հայդե»՝ ուրախ-ուրախ ձեռքը պարզեց` ես էլ եմ հայ: Նստում ենք հետները. օղի՞, թե գարերջուր: Թուրքական գարեջուրը` Efes-ը շատ համով է: Երեք ընկերներով խմում են անիսոնի օղի, լցնում են բաժակը, վրան ջուր ավելացնում, հեղուկը դառնում է կաթնագույն:
«Մենք գիտենք ձեր դատի մասին, մենք նույն արյունից ենք,- ու երակներն է պարզում Մումին,- մենք եղբայրներ ենք, մենք բոլորս հայ ենք»:
Ընկերը՝ Նաջին, 15 տարի առաջ եղել է Հայաստանում, պատմում է, որ հենց Վրաստանի սահմանը հատել է ու ոտք է դրել Հայաստան՝ կռացել, հողը համբուրել է: Բայց հետո ծիծաղելով ավելացնում է` ամերիկացի, հայ, վրացի, ադրբեջանցի՝ բոլորը մարդ են, պրոբլեմ չկա, պրոբլեմը մարդկանց գլխի մեջ է:
«Դու ի՞նչ գիտես, թե հայ ես, դու ոչ մի պատմություն չգիտես, որտեղի՞ց ես վերցրել, թե հայ ես,- լսելով Մումիին՝ հարցնում է Հարուն:
Մումին խոցվում է, հետո գնում ենք փոքրիկ խանութ, տաբուրետկեքին նստում ու շշով գարեջուր խմում: Մումին անընդհատ հիշում է Հարունի կշտամբանքը. «Հարունն ասում է` դու պատմություն գիտե՞ս, որ ասում ես՝ հայ եմ: Այ քեզ բան: Ինձ պատմություն պետք չէ իմանալ, իմ պատմությունը պապս է: Իմ պապն ինչ ասել է՝ դա է իրականությունը, ես ինչ գիտեմ՝ նրանից եմ ժառանգել: Պապս սարերից իջել է, որ իր ունեցածը ծախի, ունեցած-
չունեցածն էլ ի՞նչ էր` կաթ, յուղ, պիտի փոխանակեր ուրիշ ապրանքի հետ, բայց ասել են հայ ու գլխին տվել են, գլուխը ջարդել են, թալանել են, ձին էլ ձեռից առել են: Առաջ, երբ սարերում էինք, իջնում էինք ներքև՝ ծեծում էին ու ծեծում, մեզ ասեցին` հայ են սրանք, բայց հիմա մենք իջել ենք ներքև, ու արդեն չեն կարող մեզ ճնշել»:
Խանութպանը հենց իմացավ Հայաստանից ենք, կերպարանափոխվեց, բայց ոչ Հաջի Սուլեյմանի պես մռայլվեց, հակառակը` դեմքն սկսեց փայլել. «Այնտեղ գիտե՞ն մեր մասին»,- հարցնում է նա: Խաչիկը ասում է, որ այնքան էլ տեղյակ չեն Հայաստանում: «Էէէ, մենք ծախեցինք մեր կրոնը, մենք ծախեցինք քրիստոնեությունը, դարձանք մուսուլման»:
Նույնիսկ այն համշենցիները, ովքեր խուսափում են հայ կոչվելուց, իրենց թուրք են համարում, պրծում չունեն մյուս ժողովուրդների, մասնավորապես լազերի վերաբերմունքից, ովքեր իրենց որպես հայհոյանք՝ ասում են էրմենի: «Չգիտեմ ինչի՝ մեզ էրմենի քոք են ասում»,- Չամուռլուում ասում էր մի գյուղացի կին:
Թեև համշեն-լազ հակամարտությունը մեղմացել է, բայց համշենցիների հոգու խորքում մնացել է իրենց պապերի վիրավորանքը:
Իշխանությունները պատմություն են հորինել համշենցիներին հայկական արմատներից կտրելու համար, միաժամանակ տեղական իշխանությունները նրանց հայ ասելով ճնշել են ու չեն թողել իսպառ մոռանալ իրենց հայկական ծագումը:
Բաշոբայում Հաջի Սուլեյմանն ինչպես իր հաջի դառնալն է պարզ հիշում որպես ամենաերջանիկ օրեր, այնպես էլ մտքից չեն հեռացել հալածանքի տարիները. «Լազերը մեզ չէին թողնում, որ Հոփա մտնենք, մեզ քարկոծում էին»:
Համշենցիները երկու լուծում են գտնում` դիմադրել և միանալ նրանց, «ում կյանքը անիծյալ է», որդեգրել ճնշված ժողովուրդների գաղափարախոսությունը` մարքսիզմը, կամ էլ դառնալ Հռոմի պապից ավելի կաթոլիկ, լազերից էլ ավելի՝ թուրք նացիոնալիստ:
Ինչպես Մումին, այնպես էլ «Հայդե» բարում Ասլանը հենց մեզ տեսավ, որպես հին ընկեր` ոտքի ելավ ու ձեռքը պարզեց:
«Ես հայ եմ, հայ եմ»,- ձեռքս սեղմելով՝ ասում է նա ու հրավիրում իրենց սեղանի մոտ: Նա փորձում է միայն համշեներեն խոսել: Երեք սեղանակիցներն առանձնապես մեզ վրա ուշադրություն չդարձրին, ենթադրում եմ, որ համշենցի չեն: «Նրանք քուրդ են, մեր ընկերներն են (ձախեր): Նրանք լավ գիտեն, որ մորթել են հայերին, հիմա զղջում են իրենց արածի համար,- ու Ասլանը նրանց դիմում է թուրքերեն: Դիմացի քուրդը գլխով է անում` իհարկե:
«Թուրքիան երկու պրոբլեմ ունի` երկու բան է ատում` հայ և կոմունիստ, ես հենց Թուրքիայի այդ ատելի երկու բանը մարմնավորում եմ իմ մեջ` և հայ եմ և կոմունիստ,- անընդհատ կրկնում է Ասլանը: Նաև հատուկ շեշտում է, որ ինքը սովետական կոմունիստ չէ, որ չի ընդունում սովետական կոմունիստական գաղափարախոսությունը ու հատկապես Ստալինին. «Ինձ համար Ռուսաստանը երեք կոմունիստ է տվել՝ Տրոցկի, Քալանթայ և նաև Լենին»: Լենինի անունը վերապահությամբ է տալիս:
2004 թվին առաջին անգամ Հոփայի քաղաքապետ ընտրվեց համշենցին և կոմունիստը՝ Յըլմազ Թոփալօղլուն (ընտրվել է «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունից, այժմ անդամակցում է «Հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությանը):
Յըլմազ Թոփալօղլուն. կոմունիստն ու համշենցին՝ ընտրված քաղաքապետ
«Իմ անձով մենք առաջին անգամ կարողացանք հասնել նրան, որ համշենցի կոմունիստը դառնա քաղաքապետ,- ասում է հիսնամյա Յըլմազը,- իհարկե, մեր ընդդիմադիրները ասեցին` սրանք ի՛նչ են հասկանում քաղաքականությունից, սրանք վայրենի են, միայն ոչխար արածեցնել գիտեն, բայց ես համոզված եմ, որ իմ քաղաքապետության ժամանակ բավական լավ ենք անցկացրել և հպարտ եմ, որ առաջին համշենցին եմ, որ նման պաշտոնի եմ հասել»:
Սակայն առաջին հաջողությունը տապալվեց, երբ 2009-ի ընտրություններում համշենցիները երկու ձախ թեկնածու ներկայացնելով՝ ձայներն իրար միջև կիսեցին` Յըլմազը ստացավ 2 200 ձայն, մյուս համշենցին 800, և քաղաքապետարանը կրկին անցավ նացիոնալիստական CHP-ի (Ժողովրդահանրապետական կուսակցություն) ձեռքը. 3 400 ձայնով անցավ լազ թեկնածուն:
«Եթե գումարենք իմ ու էդ ձայները՝ էլի չէինք անցնի, բայց եթե թիկունքդ ուժեղ է՝ ձայներն էլ են շատանում, և եթե միասնական լինեինք՝ կարող է հաղթեինք,- ասում է Յըլմազը:- Այսուհանդերձ եթե համշենցի միասնական թեկնածու լիներ՝ դա չէր նշանակի, թե բոլոր համշենցիներն իրենց ձայները կտային, ազգայնականները ընդհանուր հակահայ մթնոլորտ են ստեղծում, ուր հայկական անցյալ ունենալը համարյա հանցանքի է հավասարեցվում: Ու շատ համշենցիների մեջ էդ վախը կա, որ հանկարծ հայի հետ չնույնացնեն իրենց ու որ պրոպագանդ է տարվում՝ եթե թեկնածուն հայ է՝ ընդդիմանում են»:
Ասում է, որ որպես քաղաքապետ փորձել է փոքրամասնությունների մշակութային խնդիրներն արծարծել, սակայն կենտրոնական իշխանությունն արգելքներ է ստեղծել:
«Փոքրամասնությունների համագործակցության առաջին կայծերը արվեստով և գրականությամբ կարող են սկսվել: Փորձել ենք ֆեստիվալներ կազմակերպել լազերով և համշենցիներով, նաև Դիարբեքիրի մի թաղապետի հետ մի պրոյեկտ կազմեցի, միջոցառման թեման էր մշակույթների մերձեցումը: Այնտեղի քրդերի և էստեղի լազերի ու համշենցիների միջև: Աշխարհը տակնուվրա եղավ, կենտրոնական իշխանության միջամտությամբ ավարտին չհասավ, աղմուկ բարձրացավ, թե քրդերն ու համշենցիք միանում են ընդդեմ իշխանության, հետո էլ սրանք պիտի անկախություն պահանջեն: Իշխանությունը կորցնելուս պատճառներից մեկն էլ սա էր, որ մեզ մեղադրում են հակապետականության ու հակաթուրքականության մեջ»:
Յըլմազը Երիտասարդ տարիներին եղել է անլեգալ կոմունիստական կուսակցության անդամ, 1980 թ. սեպտեմբերյան հեղաշրջումից հետո որպես կոմունիստ դատվել է ու երեք տարի անցել թուրքական բանտի բոլոր տանջանքներով: Առաջին կինը համշենցի է եղել, դստեր հետ ավտովթարից զոհվել է, երկրորդ կինը թուրք կոմունիստ է, դուստր ունի, որդին մի քանի օր առաջ էր ծնվել:
Ջեմիլ Աքսու
«Հարցաքննությունների ժամանակ երբ իմացան Հոփայից եմ՝ հարցրին` լա՞զ ես, թե համշենցի, ասեցի` համշենցի եմ: Ուրեմն էրմենի ես,- ասեցին: Այո,- ասեցի,- հայ եմ, և դրանից հետո ավելի հատուկ վերաբերմունքի էի արժանանում, հայհոյում էին որպես հայի, աչքերս փակ էին, և ոստիկանները ծեծում էին հենց հայ լինելու համար»:
34-ամյա Ջեմիլ Աքսուն Սամսունում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է ձախակողմյան շարժումներին, եղել է Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության
անդամ, 19 տարեկանում 1996 թվին ձերբակալվել է, մեղադրվել ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեջ, 8 տարի նստել է: Ազատվելուց հետո ինն ամիս իշխանություններից թաքնվել է, որ բանակ չգնա՝ «նոր ազատվել էի, ու միանգամից պիտի տանեին բանակ, ուզում էի մի քիչ ազատ լինել, ապա մեկուկես տարի ծառայել է բանակում: Ստեղծել է «Մի կյանք» ՀԿ-ն, խմբագիրն է իր հիմնադրած «Բիրյաշամ» ամսագրի:
- Իսկ ինչո՞ւ էին աչքերդ կապել:
- Կալանավորման ժամանակ օրերով աչքերս փակ էին: Մեզ անընդհատ տանջում էին, և մեր աչքերը փակում էին, որ չտեսնենք, թե ով է մեզ տանջում: Երբ ձերբակալեցին, ութ օր կալանքի տակ մնացի, հետո դատարան պետք է ներկայանայինք: Մինչև դատարան գնալը միջանցքում մեզ հավաքեցին` 18 հոգի էինք, մեկը` պետության ինչ-որ պաշտոնյա քարոզ կարդաց` դուք ինչո՞ւ եք մի հայի հետևորդները դարձել, նրա ձեռքը խաղալիք դարձել, նրա գաղափարներին հետևում:
Ջեմիլի մասին առաջին անգամ իմացա երկու տարի առաջ, երբ նայեցի Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը, որ պատմում է թուրքական բանտից ազատված, առողջությունը քայքայած քաղբանտարկյալ Յուսուֆի մասին: Իմացա, որ Յուսուֆը նախատիպ ունի, ու ի տարբերություն ֆիլմի հերոսի, ով մահանում է ֆիլմում, նա ողջ է: Ջեմիլն էր:
- Ո՞րն է եղել քո ներդրումը ֆիլմում:
- Ինչպիսի՞ն են բանտից դուրս եկող մարդու հոգեբանական վիճակը, ապրումները, ինչպե՞ս է նա կարողանում կրկին մտնել սոցիալական միջավայր, այդքան ժամանակ բանտում մնալուց հետո նորից շփվել մարդկանց հետ: Նաև բանտից ուղարկածս նամակներն օգտագործեցինք ֆիլիմում, նաև մասնակցեցի համշեներեն երկխոսությունների խմբագրումներին:
- Թուրքական բանտերի դաժանությունների մասին շատ ենք լսել, կարո՞ղ ես պատմել:
- Մինչև մի քանի տարի առաջ ահավոր վիճակ էր թե բանտերում, թե ոստիկանատներում: Ոստիկանատներում նույնպես տանջանք ու կտտանքներ կան: Իմ ութ տարիների ընթացքում ես և իմ ընկերները մշտապես ենթարկվել ենք տանջանքների: Միայն մեր բանտում տասը հոգի մահացավ: 2008 թ., թե 2009-ին Դիարբեքիրի բանտում 12 հոգի մահացան, բոլորը քրդեր էին: 2000 թվին մի շարք բանտերում ձախակողմյան դատապարտյալներ ապստամբություն բարձրացրին, 28 քուրդ սպանվեց, հարյուրավոր վիրավորներ եղան: Վերջին տարիներին Եվրոպայի միություն մտնելու հետ կապված՝ ոստիկանատներում տանջանքները բավականին պակասել են, բայց հատկապես բանտերում դեռ լինում են:
- Ինչպե՞ս մահացան:
- Օրինակ մի բանտում նույն խցում երեսունի փոխարեն հարյուր հոգի էր նստած: Այդ պայմանները փոխելու համար շարժում էր ստեղծվել, պետությունն էլ կեսգիշերին կրակոցներով արցունքաբեր գազով, հրդեհելով ճնշեց, արդյունքում այդքան մարդ մեռավ: Նաև ամբողջ օրը զինվորները ծեծելով էլ սպանեցին, բոլորն էլ ձախ սոցիալիստ մարդիկ էին:
- Իսկ տանջանքները կոնկրետ ինչպիսի՞ն էին:
- Միայն մի երկու օրինակ. հոսանք են տալիս մարմնիդ կամ կախում են թևերից ու ոտքերից, երկու կողմից քաշում են, էլի շատ օրինակներ կան: Հիվանդներին չեն խնամում, դեղորայք չեն տալիս, հիվանդանոց չեն ուղարկում, հաճախ գալիս են այցելության միայն ծեծելու համար:
- Ինչո՞ւ էին անընդհատ ծեծում: Եթե չբողոքեիր, հանգիստ նստեիր, էլի կծեծեի՞ն:
- Երկու դեպքերն էլ կային, հատկապես պրովոկացիաներ են անում, առիթներ են ստեղծում ծեծելու համար: Տեղում մեկ էլ նոր օրենքներ են հանում, օրինակ, գիրք ես ստանում, բայց չի տալիս քեզ կամ՝ խցից պիտի դուրս գանք զբոսանքի, ասում են՝ պիտի հանվեք, մերկ գնաք, որ օրենքի դեմ է: Դու էլ դիմադրում ես ու սկսում են ծեծել, միշտ առիթ գտնում են ծեծելու համար:
- Ինչպե՞ս էիր դիմանում:
- Ելք չունես, հնար չունես, ուզում ես կյանքդ շարունակել, և քո արժանապատվությունը քեզ ուժ է տալիս, որ դիմադրես ու ապրես:
- Հայ և կոմունիստ. Թուրքիան այս երկուսին այդպես ատո՞ւմ է:
- Թուրքիայում բոլորի գիտակցության մեջ նստած է, որ Թուրքիան երեք թշնամի ունի` հայերը, ալևիները և կոմունիստները: Դա արտացոլվում է նաև դասագրքերում, նրանց մասին խոսում են թշնամական արտահայտություններով` հպարտ ենք, որ թուրք ենք, թուրքից լավը չկա, մեր բոլոր հարևանները աչք ունեն մեր հողերին. այս բոլորը դասագրքերում արտահայտվում է: Իշխող գաղափարախոսությունն այն է, որ ովքեր թուրքերեն են խոսում՝ քաղաքակիրթ են, իսկ մնացած լեզուները համարվում են վայրենի մարդկանց լեզուներ, և այս մոտեցումը ամբողջ ժողովրդի մեջ մտցվում է:
- Ձախ գաղափարները Հոփայում և շրջակայքում արդյո՞ք կապ ունեն այն հանգամանքի հետ, որ համշենցիները փոքրամասնություն են այստեղ և թուրքական իշխանությունից մշտապես ճնշվել են:
- Մենք պետության ճնշումներին ենթարկված համայնքներ ենք, և հարյուր տոկոս համաձայն եմ, որ դա է դեր խաղացել: Մեր համշենական ինքնությունը շատ կարևոր գործոն է, մեծ դեր է խաղում կենտրոնական իշխանությանն ընդդիմանալու մեջ: Սա սոցիոլոգիական անհերքելի իրականություն է: Մյուս պատճառները սոցիալ-տնտեսական են՝ գյուղերի փլուզումը, վերջին տարիներին ՀԷԿ-երի կառուցումից առաջացած բնության ավերումը:
- Համշենցիներն իրենց մեջ կրելով հայկական և թուրքական մշակույթը՝ կարո՞ղ են արդյոք օղակ դառնալ հայերի ու թուրքերի համագործակցության ու հարաբերությունների մեղմացման համար:
- Լրիվ համաձայն եմ, որ համշենցիները կրում են թե հայկական, թե թուրքական մշակութային տարրեր: Բայց թուրք-հայ հարաբերությունների առումով Թուրքիան որպեսզի Հայաստանի հետ կապեր հաստատի՝ ստիպված է լինելու առերեսվել իր արած ցեղասպանության հետ և նաև ընդունել հոգևոր և նյութական հասցրած վնասը: Օրինակ, 1923-ից ի վեր՝ հանրապետության հիմնադրումից հետո ժողովրդին միշտ դաստիարակել են, որ հայերը մեր թշնամիներն են, մեզ դավաճանել են: Հիմա, այս պահին այդ մոտեցումը, եթե ուզենան կտրուկ կերպով փոխել, շատ ուժեղ ռեակցիայի կարժանանան ժողովրդի կողմից: Հայաստանի և Թուրքիայի բարեկամության գլխավոր ջատագովը Հրանտ Դինքն էր և բոլորի աչքի առջև նա սպանվեց, կարող ենք ասել, որ պետությունը սպանեց, սա ոչ ոք չի կարող ժխտել: Թուրքիայի պետությունը ինչո՞ւ պետք է ուզի Հայաստանի հետ հարաբերություն ստեղծել՝ հիմնականում առևտրական նպատակով, իսկ թուրքական հասարակության մեջ շատ ավելի հոգեբանական խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս հայերի հետ նորմալ հարաբերություններ ստեղծել: Դրա հաղթահարումը երկար գործընթաց է պահանջում: Թուրքիայում նախ պետք է բուժել հիվանդությունը` նացիոնալիզմ, շովինիզմ, հակահայկականություն, որից հետո կարող են ժողովուրդները հանգիստ շփվել:
- 15 թվի ցեղասպանության վերաբերյալ մուսուլման համշենցիները հիշողություններ ունե՞ն:
- Շատերի հիշողության մեջ կա: Պապս պատմում էր, թե ինքը տեսել է, բայց երևի իր հայրն է պատմել, երբ հովիվ էր ինքը, Արդանուշի կողմը ոչխարները արածեցնում էր և հենց իր աչքերով տեսել է, որ մի մեծ խումբ հայերի անդունդից գցել են ներքև, և մի հղի կին էլ աղաչում-պաղատում էր, որ չսպանեն իրեն, բայց նրան էլ գցել են: Ու մասնակցել են ժանդարմներն ու զինվորները: Էս պատմությունը եղել է Ջեհնեմ դերեսիում (դժոխքի ձոր): Հայերի ջարդի մասին պատմություններ հիսունն անց մարդկանց մեջ շատերը գիտեն:
Կես-կեսի վերադարձը
Ջեմիլի մեկուկես տարեկան որդու անունը Արև է: Հորեղբոր թոռան անունը` Լուսենկա: Ջեմիլը համշեներեն ևս մի քանի անուններ է թվարկում, որոնք դրվել են վերջին մի քանի տարիներին` Ժեմնա (հասնող), Էրանդ (եռանդ), Թունես (դու ես): Երեք հարյուր տարվա ընդմիջումից հետո 2005 թվականից համշենցիները կրկին հայկական անուններ են դնում ու նրանց անուն-ազգանունները դառնում կես-հայկական կես-թուրքական՝ ինչպես Ջեմիլի որդին՝ Արև Աքսու:
Լևոն Խաչիկյանը իր «Էջեր համշենահայ պատմությունից» աշխատության մեջ գրում է, որ քրիստոնեությունից դեպի մուսուլմանություն անցումային շրջանում համշենցիները կես-թուրքական կես-հայկական անուններ ունեին, ինչպես օրինակ՝ Ալի-Սարգիս Կարապետօղլի, Մահմուդ Հովհաննեսօղլի: Հետզհետե անհետանում են հայկական անունները, ու մնում միայն թուրքականը:
200-300 տարի անց համշենցիների անուններն էլի կես-կես են դառնում` կես հայկական կես թուրքական:
Լուսանկարներն` Անահիտ Հայրապետյանի


















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post