Անցած շաբաթ կատարված ու բարեհաջող ավարտված (համենայնդեպս այսօրվա դրությամբ) «Հայկական ժամանակ» օրաթերթի մեր գործընկեր Հայկ Գևորգյանի ձերբակալության պատմության մեջ անձամբ ինձ ուրախացրեց մի ուշագրավ փաստ` մեր բարեխիղճ ոստիկանությունը ոչ միայն ակտիվորեն յուրացնում է առաջատար մեդիատեխնոլոգիաները, այլև գործնականում դրանք հաջողությամբ կիրառում է:
Փետրվարի 3-ին, ինչպես հայտնի է, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հայկին ձերբակալեցին և արդեն փետրվարի 4-ին իրավապահ մարմինները նախանձելի օպերատիվությամբ YouTube-ում տեղադրեցին մի տեսահոլովակ. կադրից դուրս հնչող ցասումից շիկացած ձայնը շարադրում էր լրագրողի ձերբակալության ոստիկանական վարկածը: Պետք է արժանին հատուցել ոստիկանությանը` հանճարեղ մտահղացում էր: Թշնամու, այսինքն մեր եղբայր լրագրողի դեմ պետք է պայքարել նրա իսկ զենքով և նրա իսկ դաշտում` տվյալ դեպքում` տեղեկատվական տարածքում: Եվ վատ չէր իրականացված` ես ոստիկանական տեսահոլովակի հեղինակներին ղեկավարության անունից բարձր պարգևներ կհատկացնեի: Ինչ հմտությամբ նրանք այդ գործը գլուխ բերեցին` շեշտադրումն անելով խեղճ տուժածի ճակատագրի վրա` լրագրողի կողմից ցինիկ կերպով վրաերթի ենթարկված հասարակ աշխատավորի, ով, ճիշտ է, չի ամաչում տեսախցիկի առաջ անպարկեշտ խոսքեր ասելուց ու առհասարակ՝ վերակենդանացման բաժանմունքից հենց նոր դուրս գրված մարդու համար բավականին լավ տեսք ունի: Բայց դրանք այնպես` մանր-մունր նրբերանգներ են, որոնց վրա կարելի է աչք փակել: Իսկ ընդհանուր առմամբ տեսահոլովակն իրոք հուզիչ էր: Համոզված եմ` ոմանք նույնիսկ լացել են: Հատկապես լսելով այն խոսքերը, որ մեր իրավապահ մարմինները բացառապես պաշտպանում են տուժած կողմի շահերը: Ի տարբերություն լրագրողների, ովքեր չգիտես ինչու՝ օրը ցերեկով վրաերթի են ենթարկում խեղճ անցորդներին, հետո նրանց հայհոյում, սպառնում ոստիկանությամբ և նույնիսկ չեն էլ հետաքրքրվում նրանց հետագա ճակատագրով: Կարող էին գոնե հարցնել, թե ո՞ղջ է տուժածը և ինչպե՞ս է իրեն զգում:
Ազնիվ խոսք, եթե ես անձամբ չճանաչեի Հայկ Գևորգյանին, այն էլ երկար տարիներ, հավանաբար կհավատայի: Կմտածեի` դե գուցե այդ լրագրողը մոլագարի մեկն է, ով նման հոբբի ունի` վրաերթի ենթարկել անցորդներին կամ էլ այդ օրը նրա ուղեղը ժամանակավորապես մթագնել էր, և նրան պետք է շտապ ուղարկել դատահոգեբանական փորձաքննության: Գուցե նա առհասարակ վտանգավո՞ր է հասարակության համար, իսկ այդ դատախազը վերցրել ու ազատ է արձակել նրան` բավարարվելով միայն երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ: Ի դեպ չի բացառվում, որ այս փայլուն միտքը կարող է այցելել ոչ միայն ինձ, և շուտով կսկսեն ոստիկանություն գալ խնդրանքներ՝ արդեն ոչ լրագրողական համայնքից, որն իր գործընկերոջն էր պաշտպանում, այլև հակառակը` աշխատավոր զանգվածներից` վտանգավոր հանցագործին հասարակությունից մեկուսացնելու պահանջով:
Չէ՞ որ պատերազմում՝ ինչպես պատերազմում: Ինչպես ասում են` ով սուր բարձրացնի՝ սրից էլ կընկնի: Դուք հասարակական կարծիք եք ձևավորում, բայց մենք էլ հիմար չենք և նույնպես կձևավորենք այն: Գուցեև որևէ մեկը հավատա: Ու եթե նույնիսկ չհավատա` էլի սարսափելի չէ: Ի վերջո այդ ե՞րբ են մեր իշխանություններն առանձնապես հետաքրքրվել հասարակական կարծիքով: Նրանք որպես կանոն՝ թքած ունեն այդ կարծիքի վրա: Ու դրա ամենավառ ապացույցը ևս մեկ օրինակելի արտահայտություն է՝ վերոհիշյալ ոստիկանական տեսահոլովակից. իբր ոչ Հայկ Գևորգյանը, ոչ էլ նրա մասնագիտական գործունեությունը ոչ ոքի (ասել է, թե՝ ոստիկանությանը) չի հետաքրքրում: Եվ պետք է ասել` այս խոսքերը հիմնականում ճիշտ են: Մեր ոստիկաններին իրոք չի հետաքրքրում, թե իրենց մասին ինչ են գրում լրագրողները, թե չէ մի փոքր այլ կերպ կարձագանքեին նրանց քննադատական դիտողություններին: Իսկ ահա լրագրողները նրանց դեռ հետաքրքրում են: Ընդ որում` շատ: Այնպես որ իմ խորհուրդը գործընկերներիս՝ մի խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները և փողոցն անցեք նախատեսված տեղերով: Նույնիսկ եթե գլխավոր ոստիկանն ինքն է դրանք խախտում: Նրան կարելի է: Համենայնդեպս ինքը, ըստ ամենայնի, դրանում համոզված է:

















