Երևանի «գեղեցկացումն ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցումն» ամենօրյա խնդիրներ ու դժգոհություններ են առաջացնում: Մշտական են դարձել բողոքի գործողություններն ու շարժումները` երկրի նախագահի, կառավարության, Ազգային ժողովի, քաղաքապետարանի, պետական ու մասնավոր կառույցների առջև` բնապահպանական և քաղաքաշինական շարժառիթներով: Թվում էր, թե այլևս որևէ մետր տարածք չկա` Երևանի կենտրոնը «կառուցապատելու» համար: Պարզվում է` այդպես չէ: «Բացի բակային տարածքների բարեկարգումից` կենտրոնում որևէ այլ շինթույլտվություն սկզբունքորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որևէ շինարարություն չի լինելու»,- նմանաբովանդակ հայտարարություններ են արել Երևանի վերջին երեք քաղաքապետները:
Մինչդեռ հասունանում է քաղաքի արտաքին տեսքի խեղաթյուրման և ի հաշիվ զբոսայգիների` առևտրի հերթական կետերի բացման դեմ բողոքի հերթական ալիքը:
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընտրվելուց անմիջապես հետո դադարեցրեց փողոցային կամ բացօթյա առևտուրը` հանուն քաղաքի մաքրության և տեսքի անաղարտության: Եղան մեծ դժգոհություններ, սակայն քաղաքապետն անդրդվելի էր: Հաջորդեց կենտրոնի կրպակների ապամոնտաժումը: Մաշտոցի և Աբովյան փողոցների շատ կրպակներ ապամոնտաժվեցին, որոնց տերերը լրացրին գործազուրկների շարքերը: Կրպակատերերի դժգոհությանը, թե ինչու մայթերին բազմած առևտրի խոշոր կետերը ևս չեն ապամոնտաժում, վստահեցում եղավ, թե դրանց հերթն էլ կգա: Այլ կերպ ասած` վստահեցրին, որ օրենքը միայն «անկռիշների» համար չէ:
Եկավ: Օրերս Աբովյան փողոցի որոշ «էլիտար» խանութներ, որոնք թեև պետք է ժամանակավոր կառույցներ լինեին, արդեն բետոնե հիմքերով էին ամրացվել և անգամ նկուղներ փորվել, ապամոնտաժվեցին: Թվում էր, թե օրենքն սկսել է գործել, սակայն այս երկրում պետական մակարդակով իրականացվող ամեն ինչ իրականացվում է կիսատ-պռատ: Նույնը և` այս պարագայում: Հունվարի 30-ին քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, թե հագուստի այդ խանութները տեղափոխվում են Արամի և Բուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք: Սա թերևս, կենտրոնի բացառիկ այգիներից էր, որը դեռ ամբողջությամբ սրճարաններին զոհ չէր դարձել: Քաղաքապետարանը հանդես եկավ որոշման բացատրությամբ. «Բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին»: Քաղաքապետարանից նաև հայտնեցին, թե այդ տարբերակի հետ համաձայն են կրպակատերերը: Իհարկե, ո՞վ չէր համաձայնի: Իսկ ինչո՞ւ փոխհատուցում չառաջարկվեց այն 200 կրպակատերերին, որոնց բռնի դուրս քշեցին իրենց կետերից: Ինչո՞ւ ընտանիքի հացը հազիվ վաստակող փոքրիկ կրպակատիրոջը որպես փոխհատուցում որևէ տեղ չառաջարկեցին կրպակ հիմնել: Թեև քաղաքապետարանը վստահեցնում է, որ այգում ծառեր չեն հատվելու, բայց դա արդեն էական չէ, քանի որ այգին դադարում է գոյություն ունենալ: 2010 թ. նոյեմբերին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կազմվեց մայրաքաղաքի զբոսայգիների վերականգնման ծրագիր: Գուցե սա դասվում է վերականգնումների շարքի՞ն:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները քաղաքացիների հետ սկսել են ակցիաներ` նպատակ ունենալով հերթական կանաչ գոտին փրկել հերթական կառուցապատումից: Թե ինչ արդյունքի կհասնեն շարժումները, դեռ հարց է, սակայն նման դժգոհություններն ու շարժումները մեր երկրում գրեթե ամենօրյա են, քանի դեռ չի փակվել «ամենակարողների» ախորժակը:
Ներկայացնենք մի քանի հնչեղ դեպքեր, որոնք վերջին երկու տարիներին փողոց են դուրս հանել բազմաթիվ կազմակերպությունների ու քաղաքացիների:
2010 թ. մայիսին Հայաստանի ազգային գրադարանի և պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված «Ուսանողական» այգում կառուցվող սրճարանի դեմ մեծ դժգոհություն բարձրացավ: Նախաձեռնության անդամները սկզբում նամակով դիմեցին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ով ակցիաները համարեց քաղաքական պատվեր` ուղղված իր աշխատանքը վարկաբեկելուն: Երևանի գլխավոր ճարտարապետն էլ նշեց, թե դա պարզապես 1996 թ. գործող հնաոճ տեսքով սրճարանի արդիականացում է: Իրականացվեց ստորագրահավաք, որին միացավ 20 000 քաղաքացի: Ստորագրություններն ուղարկվեցին ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ու Երևանի քաղաքապետին…
Դեռ այս աղմուկը չդադարած` նոր դժգոհության առիթ դարձավ Նալբանդյան 106 հասցեում գտնվող մանկապարտեզի քանդման ու փոխարենը էլիտար շենքի կառուցման թույլտվությունը:
2010 թ. հուլիսին սկսվեց բողոքի նոր ալիք` ստորագրահավաքի տեսքով, ընդդեմ Մաշտոցի ու Սարյանի փողոցների միջև եղած («Մալիբու» սրճարանի մոտ) այգում առևտրի հերթական սրահի ու ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման: Նախաձեռնության ակտիվիստների պնդմամբ` քաղաքապետը թույլտվությունը հիմնավորել է այգու անբարեկարգ ու անխնամ լինելու հանգամանքով: Տվել են, որպեսզի մասնավորը բարեկարգի: Պետությունը չի կարողանում: Այնուհետև քաղաքացիական նախաձեռնությունների կոչն ուղղվեց «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին` դադարեցնելու սկսածը:
Ապա կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը որպես կաթողիկոսի նստավայր վերակառուցելու հարցը մեծ աղմուկ հանեց. այս մեկն ավարտվեց ի վնաս կաթողիկոսի:
2010-ի օգոստոսին երիտասարդ ակտիվիստները շտապեցին Կոմիտասի 5ա` հարակից շենքերի բնակիչների «դարդը լացելու»: Նրանք կռիվ էին տալիս իրենց շենքերին կից բազմահարկ շենքի կառուցման դեմ: Դարձյալ ստորագրահավաք իրականացվեց:
2010-ի ավարտին աղմուկ բարձրացավ Կոմիտասի անվան զբոսայգում կառուցվող դելֆինարիումի շինարարության շուրջ: Դելֆինարիումն ամիսներ անց հանձնվեց շահագործման: Այժմ էլ երբեմն հնչում են այն քանդելու կոչեր:
2010-ի դեկտեմբերին աղմուկ հանեց Նորքի «Վիշապի կոթողներ» այգում բարձրահարկ շենքի կառուցումը: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե դեմ է այգում կառուցապատում իրականացնելուն, եթե իհարկե «այն խանգարում է այգու ֆունկցիոնալ գործունեությանը»: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարեց, թե այգում շինարարության շուրջ հանրային լսումներ չեն եղել, ստորագրությունները կեղծվել են, լսումների փոխարեն իրականացվել է ստորագրահավաք` ծանոթների շրջանում կամ էլ ստորագրել են անչափահասները: Ռ. Կարախանյանի Գայի 19/71 հասցեում շինարարություն իրականացնելու ծրագիրը չիրականացավ, չնայած արդեն 9 տարի նա տարածքի սեփականատերն էր: 2011-ի հունիսի 24-ին Երևանի քաղաքապետարանը դադարեցրեց շինարարական աշխատանքները:
2011 թ. հունվարի 24-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի շարք բնակիչներ բաց նամակ հրապարակեցին` դժգոհելով, որ համայնքի «Հայորդյաց տան» շրջակա անտառում, որը միշտ իր կանաչապատ զանգվածով համարվել է համայնքի «թոքերը», բուռն ծառահատումից հետո սկսվել է անօրինական սեփական տների շինարարություն: Սա դարձավ բնապահպանական և քաղաքաշինական ակցիայի առիթ:
2011-ի փետրվարի վերջին Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ն սկսեց հատել 60-70 տարեկան տասնյակից ավելի ծառեր` 16 հարկանի էլիտար շենք կառուցելու համար: Տեղի բնակիչներն անմիջապես անցկացրին ստորագրահավաք, դրան միացան նաև պատգամավորներ: Իզուր:
2011-ի ապրիլին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ ուղարկեց Երևանի քաղաքապետին` բացատրություն պահանջելով, թե ինչու է Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում` մայթի և փոստի շենքի միջև եղած կանաչ տարածքում, շինարարություն թույլատրել: Շինարարությունը շարունակվեց:
2011-ի մայիսին ահազանգ ստացվեց, որ Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտա-24 հասցեում հարսանյաց սրահ է կառուցվում` կանաչ տարածքների հաշվին: Քաղաքապետարանը տվել էր հերթական կանաչ տարածքի ոչնչացման թույլտվություն: Բողոքներն արդյունք չունեցան:
2011-ի մայիսին աղմուկ բարձրացրեց Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարական թիվ 1 շենքի վրա աշտարակի կառուցման հավանությունը: Քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները կոչ էին անում դա կառուցել քաղաքի ծայրամասերում: Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, թե կառավարության թմբուկը հանրային քննարկման խնդիր չէ: Նա ասաց` եթե հանրային քննարկում լիներ` չէր կառուցվի Օպերան, Կառավարության շենքը, Էյֆելյան աշտարակը և այլն:
Նախորդ տարվա օգոստոսին էլ սկսվեցին դժգոհությունները` Հանրապետության հրապարակում 7 հարկանի հյուրանոց կառուցելու շուրջ: Սակայն արդեն առկա էր կառավարության համապատասխան որոշումը, որն անցել էր քաղաքաշինական խորհրդի նիստով:
2011-ին աղմուկ բարձրացավ նաև «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ առևտրի կենտրոն կառուցելու` ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի որոշման շուրջ: Մարզադաշտի վարձակալը ցանկանում էր «Հրազդանի» տարածքում գործող տոնավաճառը քանդել, տեղում կառուցել առևտրի կետ, ինչը թեև Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն անթույլատրելի էր համարել, հանրապետական պատգամավորն անդրդվելի էր` մինչև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ երկարատև բանակցությունների ավարտը:
Ամբողջ տարվա ընթացքում մոտ 50 անգամ Դալմայի հողօգտագործողներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին ՀՀ նախագահի նստավայրի և Կառավարության շենքի դիմաց` ընդդեմ ընթացող շինաշխատանքների:
«Մայրաքաղաքի սեփականաշնորհման» ամենաթարմ օրինակը Երևանի կենտրոնում գտնվող «Փակ շուկայի» գնումն ու «բարեկարգումն» է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից: Թեև հնչեց խոստում, որ այն հերթական «Երևան սիթին» չի դառնալու, կարծեք թե դա այնքան էլ հիմնավոր չէ: Շուկան, որը ներառված էր Երևանի պատմական արժեքներում, դադարում է որպես արժեք գոյություն ունենալ, թեկուզ հենց «եվրոռեմոնտի» պատճառով:
Մենք թվեցինք բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
2011-ի հունվարի 20-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, թե քաղաքապետարանն այսուհետ իր որոշումներում հաշվի կառնի Հայաստանի ճարտարապետների միության կարծիքը, իսկ քաղաքաշինական նախագծեր հաստատելիս կլսի նաև հասարակությանը: «Առաջիկայում կվերանայվի քաղաքաշինության խորհրդի կազմը, ուր ճարտարապետներից ու նեղ մասնագետներց բացի նախատեսում ենք ընդգրկել հասարակական ակտիվ շերտերի, այդ թվում նաև` բնապահպանների, երիտասարդական կառույցների և ոլորտի հետ առնչվող կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի հաշվի առնվեն բոլորի կարծիքները: Մեր մայրաքաղաքը պետք է միասին կառուցենք»,- ասել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Փաստ է, սակայն, որ հանրության հետաքրքրությունը վայելող նախագծերն իրականություն են դառնում առանց քննարկումներին նրանց մասնակցության: Եվ դեռ հարց է` լինո՞ւմ են քննարկումներ, թե` ոչ:














