Աշխարհում առաջին սուպերմարկետը 1930 թ. բացել է ամերիկացի Մայքլ Քալենին, նա մթերային խանութի ադմինիստրատոր էր: Հայաստանում առաջնեկը ՍԱՍ-ն է` հիմնվել է 1997 թ.: Այսօր գործում են 10-ից ավելի սուպերմարկետներ` իրենց ցանցերով: Համեմատած այլ խանութների հետ` ժամանակի խնայումը և ապրանքների լայն տեսականին, իհարկե, սուպերմարկետների առավելությունն են: Բայց այս հոդվածը գրելու առիթը ընթերցողներից ստացված բազմաթիվ բողոքներն են, որոնք վերաբերում են նույն այդ«հարմարավետե սուպերմարկետներին: Եվ այսպես...
Ավելորդ գնում
Ընդհանրապես` սուպերմարկետների հիմնական հարմարավետությունն այն է, որ գնորդն ինքն է ընտրում մթերքը: Ոչ ոք նրան չի խանգարում, չի ազդում նրա ընտրության վրա: Բայց... դա այդպես թվում է առաջին հայացքից: Իրականում հենց սուպերմարկետներում են մարդիկ կատարում իմպուլսային (քայլ, որը գնորդը կատարում է ինքնաբերաբար, առանց կանխավ մտածելու) գնում: Շատերն են հաց գնելու համար մտնում սուպերմարկետ և դուրս գալիս այնտեղից մի տոպրակ լի ոչ անհրաժեշտ ապրանքներով: Որպես կանոն` առաջին անհրաժեշտության ապրանքները` հաց, կաթնամթերք և այլն, տեղադրվում են սրահի ամենխորքում: Սա ունի հոգեբանական ազդեցություն: Մինչ դրանց հասնելը` գնորդն ստիպված է լինում շրջել ամբողջ սրահով ու որպես կանոն չի կարողանում անտարբեր մնալ բոլոր դեպքերում որևէ բան գնելու գայթակղությունից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուպերմարկետներում կատարվող գնումների 68 տոկոսը չծրագրված են լինում:
Գնացուցակների խառնաշփոթ
Սուպերմարկետներում ամենատարածված խորամանկ հնարքներից մեկը գնապիտակների խառնաշփոթ դասավորությունն է: Դարակներում մեծ քանակությամբ ապրանքներ են դասավորված, իսկ դրանց կողքին` մեծ քանակությամբ գնացուցակներ կախված: Գնացուցակի վրա պարտադիր կերպով նշվում է ապրանքի անունը, գինը: Գնումներ կատարելիս ուշադիր գնորդը կարող է դրանք համեմատել: Պատահում է` իրական գինը չի համապատասխանում գնապիտակի վրա գրվածին և միանգամից մի քանի տեսակի ապրանք գնելու դեպքում դժվար է լինում հիշել դրանց բոլորի արժեքը: Դրամարկղի մոտ վճարումներ կատարելիս չի էլ նկատում, որ գերվճարում է կատարում: Եթե նույնիսկ նկատում էլ է, ոչ միշտ է մոտենում մենեջերին ու պահանջում նորից հաշվել կամ ստուգել կտրոնը:
Խորամանկություն է նաև այն, որ առևտրի սրահում ապրանքի վրա փակցված է լինում մի պիտակ, իսկ դրամարկղում սկաներով շտրիխ-կոդը կարդալիս պարզվում է, որ ապրանքը միանգամայն այլ գին ունի, ավելի թանկ, քան խոստացել էր պիտակը: Սուպերմարկետների որոշ աշխատակիցներ բացատրեցին, որ համակարգչում ինչ գին մուտքագրված է` այն էլ տպում են որպես գնապիտակ ու փակցնում: Սակայն պատահում է, որ որևէ ապրանքի գին համակարգչում փոխվում է (որպես կանոն ավելանում), և այդ մի քանի րոպեների ընթացքում, երբ չեն հասցնում նոր գինը տպել ու փակցնել, գնորդներից մեկը գնում է տվյալ ապրանքը` հին գնապիտակով ու տհաճ անակնկալի գալիս միայն դրամարկղի մոտ:
Խորամանկ հնարքներից մեկը նաև այն է, որ որպես կանոն` այն ապրանքները, որոնք կորցնում են պիտանելիության ժամկետը, սուպերմարկետներում ամենաերևացող տեղում են ցուցադրվում: Ամենաթարմ ապրանքները շարված են լինում ամենահետևում: Եզրակացությունը թողնում ենք գնորդներին...
Գովազդային ակցիա
Հաջորդ թակարդը գովազդային ակցիաներն են, երբ գնումներ կատարելիս հանկարծ ձեզ առաջարկում են ինչ-որ բան անվճար համտեսել:«Մի անգամ մտա սուպերմարկետ` ինչ-որ բան գնելու,- պատմում է մեծահասակ քաղաքացին,- ինձ է մոտենում համակրելի մի աղջիկ և առաջարկում անվճար գինիների մի ամբողջ տեսականի համտեսել: Հետո ժպտերես հարցնում է` դուր եկա՞վ: Այո, պատասխանեցի ես, քանի որ գինին իսկապես լավն էր:«Այդ դեպքում ո՞ր տեսակն եք ցանկանում գնելե,- հարցնում է աղջիկը: Շատ անհարմար էր մերժել գեղեցկուհուն, այդ պատճառով ստիպված գինին գնեցի...ե:
Որսային ամենահարուստ գոտին դրամարկղի մերձակայքում է, որտեղ մանր-մունր ապրանքներ են դասավորված` ծամոն, շոկոլադ ու... մինչև դրամարկղին հասնելը գնորդը հասցնում է«ձեռքի հետե մեկ-երկու մանրուք էլ վերցնել: Եթե նույնիսկ մարդիկ կարողանում են հաղթահարել կամ շրջանցել սուպերմարկետների մարկետինգային բոլոր հնարքները` այս փորձությունը դժվար թե հաղթարեն:
ՍԱՍ-ում թանկ է, -ում` կեղծ, -ում` անորակ
«Սամվել Ալեքսանյանին պատկանող«Երևան սիթիե սուպերմարկետից օգտվում եմ պարտադրաբար: Այլընտրանք չկա: Սուպերմարկետի շրջակայքում եղած բոլոր փոքր խանութները փակել ենե,- դժգոհում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչուհի Ռիման ու մեզ ներկայացնում այն դեպքերը, որոնց առնչվել է այս սուպերմարկետից կատարած գնումների ժամանակ:«Մի անգամ հաց էինք գնել, խմորը կիսահում էր, մյուս անգամ` հին էր: Սառեցված ձուկը, չնայած պիտանելիության ժամկետն անցած չէր, հոտած էրե:
«Երևան սիթիիցե հիասթափված մեկ այլ քաղաքացի էլ նշում է, որ արդեն օրինաչափություն է դարձել. այստեղից գնած կաթնամթերքը, հատկապես յոգուրտը, գնելուց հետո միշտ թափում է: Չնայած պիտակի վրա ճիշտ ժամկետ է նշված լինում:
Մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ Ամանորին ցանկացել է այս սուպերմարկետից երշիկ գնել, սակայն զարմացել է` պարզելով, որ միայն մեկ ընկերության`«Մոյա սեմյաե-ի ապրանքատեսակ է վաճառվում: Ի դեպ շատ քաղաքացիներ մեզ հետ զրույցի ընթացքում նշեցին, որ այս սուպերմարկետում շատ ապրանքատեսակներ կեղծ են: Իսկ ահա ՍԱՍ սուպերմարկետից դժգոհությունները կապված էին ոչ այնքան ապրանքի որակի, որքան արժեքի հետ: ՍԱՍ-ը համարվում է«հարուստների խանութե: Բացի դա գնորդների խոսքով` այստեղ հաճախ է պատահում, երբ գնապիտակը չի համապատասխանում համակարգչում գրանցած գնին:
«Սթարե սուպերմարկետի գնորդները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ այնտեղ մթերքը հաճախ է հին լինում: Գնորդներից մեկը մատնացույց է անում դարակներում դասավորված մրգերը, որոնց տեսքից արդեն կարելի է գուշակել հնության աստիճանը:«Նայեք տեսքին` երևի անցած տարվանից է մնացել, ու արժեքին` 840 դրամ: Հիմա ես ո՞ւմ բողոքեմ: Ես իմ նյարդերն ու առողջությունն ավելի բարձր եմ գնահատում` ավելորդ հարցեր չտալու համար, քանի որ պատասխանները գիտեմ: Դրա համար նախընտրում եմ լռությունը. ինձ հարմա՞ր է` կգնեմ, ոչ` ոչե,- նշեց մի զայրացած քաղաքացի: Գնորդները հիմնականում դժգոհում էին, որ այս սուպերմարկետում ապրանքների տեսականին փոքր է, եղածն էլ` շատ վատը: Բացի դա` խոստովանեցին, որ երբեմն, երբ շտապում են ու պիտանելիության ժամկետին ուշադրություն չեն դարձնում, տանն են միայն հայտնաբերում, որ գնված ապրանքը ժամկետանց է:
Ո՞ւմ բողոքեն
Ռուսաստանում կարող են դիմել«Ռոսպոտրեբսոյուզե-ին, բացի դրանից` բազմաթիվ սպառողական կայքեր կան, որոնց ֆորումներում մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը, ստանում օգտակար խորհուրդներ: Հայաստանում թեև գործում են սպառողների իրավունքները պաշտպանող մի քանի կազմակերպություններ, սակայն խաբված գնորդների շահերը, ցավոք, չեն պաշտպանվում:«Սպառողների ասոցիացիաե կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը մեր զանգից ժամեր առաջ էր ստացել վերջին դժգոհությունը:«Քաղաքացին գնել էր թեյ` 840 դրամ արժողությամբ: Ապրանքի վրա լինում է պիտակավորում, որը սահմանված է օրենքով: Թեյի պիտակավորման վրա այլ պիտակ է փակցված եղել: Դա օրենքով արգելված է: Երկրորդ պիտակը ժամկետի առումով մոլորության մեջ է գցել սպառողինե: Ա. Պողոսյանի խոսքով` հատուկենտ են նման դեպքերը, երբ քաղաքացին համարձակվում է պաշտպանել իր իրավունքները:«Ցավոք մեզանում հարմարվողականությունը տարածված հիվանդություն է: Ժամանակին հարցում ենք անցկացրել, թե որքանով են իրազեկված քաղաքացիները, որքանով են իրենց շահերը պաշտպանում: Պարզվեց` ընդամենը 13 տոկոսն է պաշտպանում իր շահերըե,- նշեց Ա. Պողոսյանը:
Ի՞նչ անի քաղաքացին, եթե պայքարում է ու ոչնչի չի հասնում: Ասոցիացիայի նախագահը նշեց այլ պատճառ.«Երբեմն ստանում եմ ահազանգ` սննդի անվտանգության տեսչության դեմ: Բայց տեսչությունը պահանջում է իրեն տրամադրել ահազանգողի անուն-ազգանունը: Ինչո՞ւ, որպեսզի հալածե՞ն նրանե,- ասում է Ա. Պողոսյանն ու ավելացնում` քաղաքակիրթ երկրներում եթե մարդը բողոքում է, պաշտպանում իր իրավունքները, նրան հարգում են: Հայաստանում նման մարդը դառնում է սպիտակ ագռավ:
Հ.Գ. Վերջում որպես հիշեցում նշենք, որ սուպերմարկետ տանում եք ձեր աշխատած գումարը և իրավունք ունեք պահանջել հարգալից վերաբերմունք: Հայտնի բանաձև է` հաճախորդը միշտ ճիշտ է: Ուրեմն ձեզ հաջող առևտուր ենք մաղթում:


















Մեկնաբանություններ
HAYR EV VORDI ERICYANNER
RSS feed for comments to this post