Ամբողջ աշխարհում զբոսաշրջությունն ամենաարագ զարգացող և մրցունակ ծառայություններից է: Առաջիկա 10 տարիներին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կհասնի 1,5 մլրդ-ի, ոլորտի ծախսերի գումարը կաճի մինչև 2 տրիլիոն ԱՄՆ դոլար: Զբոսաշրջության զարգացումը նաև զբաղվածության և ներդրումային լուրջ խնդիր է լուծում:2003 թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով և 2008 թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարության ընդունած «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով» պետականորեն կարգավորվում է այս ոլորտը, սակայն չլուծվող խնդիրները բազմաթիվ են:
Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ 139 երկրների ցանկում 2010 թվականին Հայաստանը զբաղեցնում էր 90-րդ տեղը: Զբոսաշրջությունը գերակա ուղղություն հռչակած մեր երկիրն ընդամենը մեկ կետով է բարելավել իր դիրքերը: Բացասական ազդեցություն են ունեցել շրջակա միջավայրի օրենսդրության խստության և կիրառման ցածր մակարդակը (120 և 126-րդ տեղեր), վիզայի պահանջները (126-րդ տեղ), շրջակա միջավայրին վերաբերող համաձայնագրերին մասնակցության սահմանափակությունը (108-րդ տեղ), ոստիկանության վստահելիության ցածր աստիճանը (112-րդ տեղ), օդային հաղորդակցության բնագավառում երկկողմ համաձայնագրերի սահմանափակ քանակը (91-րդ տեղ), հյուրանոցների գները (64-րդից նահանջել ենք 82-րդ տեղ), վերգետնյա ճանապարհային ցանցի որակը (60-րդից՝ 81-րդ տեղ):
Հայտնի է, որ Հայաստանը մյուս երկրներին զիջում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ցածր մակարդակով: Զբոսաշրջության բիզնես միջավայրով և ենթակառույցների զարգացմամբ ևս չենք փայլում՝ մեր երկիրը 100-րդ տեղում է:
Ոլորտում աշխատող կադրերի 95 տոկոսից ավելին չունի մասնագիտական կրթություն, ինչի հետևանքով զբոսաշրջիկների սպասարկումը, սկսած օդանավակայանից մինչև զբոսավայրեր, անհրաժեշտ մակարդակ չունի: Կրթական համակարգի որակով զբաղեցնում ենք 115-րդ, իսկ վերապատրաստման և հետազոտական ծառայությունների հասանելիությամբ` 124-րդ տեղերը: Աշխատակիցների վերապատրաստման մակարդակով Հայաստանն զբաղեցնում է 116-րդ տեղը, և այստեղ մեղքի բաժին ունեն գործող ընկերությունները, որոնք բավարար ներդրումներ չեն կատարում:
2011 թ. հունվարի 1-ից Հայաստանում զբոսավար աշխատել ցանկացողներն արտոնագիր ստանալու կարիք չունեն:
Հայաստանը լավագույնս ներկայացված չէ նաև միջազգային զբոսաշրջային շուկայում՝ գրեթե չի մասնակցում կազմակերպվող ցուցահանդեսներին: Զբոսաշրջային գովազդը ևս պակաս է, մասնագետների փոխայցելություններ չեն լինում:
Նշված հանգամանքները չեն նպաստում, որպեսզի Հայաստան մեկ անգամ այցելած զբոսաշրջիկը երկրորդ անգամ ևս գա կամ մեր երկիրը դրսում քարոզի:
2010 թվականին ՀՀ են այցելել 683 979 զբոսաշրջիկներ, որոնցից ընդամենը 70 հազարն է հյուրանոցներում տեղավորվել, մնացածը` բարեկամների տանը կամ վարձով տրվող բնակարաններում: Սրանք պաշտոնական տվյալներ են ու ոչ հավաստի, քանի որ զբոսաշրջիկ համարվում է սահմանը հատած յուրաքանչյուր ոք` թե արտագնա աշխատանքից վերադարձողը, թե մոտ 40 հազար բեռնատարների վարորդները, որոնք այցելում են Իրանից ու Վրաստանից և գիշերում մեքենաներում:
2009 թ. արտգործնախարարությունը և ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչությունը տրամադրել է մուտքի ընդամենը 137 հազար արտոնագիր…
Տվյալներն ստույգ չեն, բնականաբար ստույգ չէ նաև երկրի վաստակած գումարը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս տարվա ապրիլին սփյուռքահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանը ներուժ ունի՝ եռապատկելու ամեն տարի մեր երկիր այցելող 700 000 զբոսաշրջիկների թիվը: Վարչապետը մատնանշեց խնդիրները` ասելով, որ պետք է զարգացնել ենթակառույցները և իջեցնել ծառայությունների արժեքը: Խոսքը վերաբերում էր 2 կամ 3 աստղանի հյուրանոցներ կառուցելուն: «Տարեկան 15 տոկոս աճ ենք ակնկալում»,- ասել էր Տ. Սարգսյանը, այնինչ զբոսաշրջությունը գերակա ուղղություն հայտարարած երկրի համար տարեկան այդքան աճը տեղին չէ: Նկատենք, որ մեր հարևան Վրաստանն այս տարի մոտ 700 000-ով ավելացրել է զբոսաշրջիկների թիվը, որի մի մասն էլ, բնականաբար, հայաստանցիներիս հաշվին: Ավելի ուշ` սեպտեմբերի 30-ին զբոսաշրջության օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ մեր վարչապետն արդեն հայտարարեց, թե զբոսաշրջության զարգացման ներուժը լիովին չենք օգտագործում:
Արդեն պարզ է, որ վարչապետի հայտարարած թիվը գոնե այս տարի չի եռապատկվի: Նոյեմբերի 28-ին Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհասնի 800 հազարի:
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել ավելի քան 550 000 զբոսաշրջիկ:
Ներգնա զբոսաշրջության զարգացման համար կարևոր հանգամանք են պատմամշակութային ներուժը, բնական պաշարամիջոցները, գների մակարդակը (վերջինը հիմնական դեր է խաղում զբոսաշրջիկի ընտրության հարցում): Եթե Փարիզ-Երևան ինքնաթիռի տոմսն արժե մինչև 600 եվրո, իսկ Փարիզ-Անկարան՝ 200 եվրո, զբոսաշրջիկը կնախընտրի Թուրքիա մեկնել, մանավանդ որ այնտեղ ծառայություններն ավելի էժան են:
Հայաստանում կա մոտ 25 000 պատմամշակութային հուշարձան, դրանց միայն չնչին մասն է ներկայանալի վիճակում: Երևանից դուրս քիչ են գործող հյուրանոցներն ու ռեստորանները: Ներգնա զբոսաշրջությանը խոչընդոտող հանգամանք է այն, որ մարզերում չկան համապատասխան ծառայություններ: Մայրուղիները բարվոք վիճակում են, դեպի հուշարձան ճանապարհները` դժվարանցանելի:
Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն այցելում են հիմնականում Երևան: Նրանց կեսից ավելին սփյուռքահայեր են, որոնց Հայաստան են բերում պատմական հայրենիքի կարոտը, հարազատներին ու մտերիմներին այցելելու մղումը:
Չնայած կառավարության՝ Ծաղկաձորը ձմեռային զբոսաշրջության կենտրոն դարձնելու ձգտումներին, Հայաստանում այն չի զարգանում, և գլխավոր պատճառն ավիատոմսերի ու հյուրանոցների բարձր գներն են, ձմռանը երկրի՝ զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհների անմխիթար վիճակը… Օրերս Թբիլիսիի քաղաքապետարանը հրավիրել էր Վրաստան հայ լրագրողներին` ցույց տալու իր «Ծաղկաձորը»` «Գուդաուրին», որը կառուցվում է ամենաարագ թափով և մի քանի անգամ հասանելի է լինելու Ծաղկաձորից:
2010 թ. զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 640 032 մարդ կամ 2009 թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ ցուցանիշի աճ կազմել է 121,6%: Զբոսաշրջային կազմակերպությունների միջոցով մեկնել է 11 031 մարդ, իսկ 629 001-ը` ինքնուրույն:
2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 511 200 հայաստանցի, որը Վրաստան այցելած երկրների ցանկում երրորդն է՝ Թուրքիայից ու Ադրբեջանից հետո: Թուրքիա այցելող հայաստանցիների քանակը 2011-ի հունվար-սեպտեմբերի ամիսներին կազմել է 75 024` նախորդ տարվա 69 323-ի դիմաց: Բնականաբար, եթե խնդիրներն այդքան շատ չլինեին, եթե Սևանի ափերն ամբողջովին սեփականաշնորհված կամ վարձակալված չլինեին, յուրաքանչյուր գործարար կամայականորեն գին չսահմաներ և հանրային լողափերը խառնաշփոթի չվերածեր՝ Սևան այցելողների թիվը տարեկան 30 տոկոսով չէր նվազի:
Ամանորյա այս օրերին մասամբ զբաղված են Ջերմուկի ու Ծաղկաձորի հանգստավայրերը, այնինչ Դուբայ այցելող հայաստանցիները բազմաթիվ են: Հայաստանյան հանգստավայրերից օգտվում է մեր երկրի բնակչության փոքր հատվածը միայն, այն էլ` կարճ ժամանակով: Բազմաթիվ հանգստյան տներ են կառուցվում, բայց մեր հայրենակիցները գերադասում են արտագնա զբոսաշրջությունը: Այսինքն եթե Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է, ապա օտարների հաշվին և օտարների համար: Միջին եկամուտներ ունեցող ընտանիքները նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել Հայաստանի հարևան երկրներում:
ՀՀ կառավարությունը ծրագրել է մինչև 2030-ը Հայաստան ժամանող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 3 մլն-ի, ներքին զբոսաշրջիկների թիվը՝ 1,5 մլն-ի:
Վերջում՝ սփոփիչ տեղեկություն. համաշխարհային ճանաչում ունեցող atioal Geographic Traveler ամսագիրը միջազգային քվեարկությամբ «ակտիվ, այդ թվում՝ էքստրեմալ հանգիստ» անվանակարգում Հայաստանն ընդգրկել է լավագույն երկրների եռյակում: Սա նշանակում է, որ ամեն ինչ կորած չէ, ավելին՝ այս ոլորտում կարող են նոր հնարավորություններ բացվել: Եթե իհարկե՝ մեր կառավարությունը դա կամենա:













