Նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա մարտի 11-ին հրավիրել էր խորհրդակցություն՝ տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունները քննարկելու համար:
Խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարը մասնավորապես նշել էր, որ ժողովուրդն արդեն մայիս-հունիս ամիսներից պետք է զգա կենցաղային հոգսերի թեթևացում, գնաճը զսպվի, և «նախատեսված որևէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն»: Հանձնարարականից հետո մի քանի ամիս է անցել, արդյո՞ք հասարակությունն զգում է փոփոխությունների դրական ազդեցությունը:
Բագրատ ԱՍԱՏՐՅԱՆ, տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ
Եթե նման բարդ խնդիրները նման թեթև հանձնարարականներով են կատարվում, ուղղակի պետք է խնդրել նախագահին՝ ամիսը մեկ նման հանձնարարականներ տալ:
Իրականում մեր երկրի տնտեսությունն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Այս տարվա ընթացքում, թերևս, ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ սոցիալական վիճակի բարդացման հետ գործ ունենք: Թեև տնտեսական աճ կա, բայց ես չէի ասի, թե սոցիալական վիճակը շտկվում է: Գնաճային միտումները դեռ մնում են ծավալուն, և ժողովրդի վիճակը որակապես չի փոխվել: Համենայնդեպս բարելավում չկա:
Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ, տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
Վիճակագրական տվյալներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ նախագահի հանձնարարականները չեն կատարվել: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ փոխարժեքի հետ կապված պետք է սահուն անցում կատարվի դեպի թույլ դրամի քաղաքականություն, այսինքն դրամը դոլարի համեմատ պետք է համեմատաբար էժանանար, և փոխարժեքը փոխվեր: Բայց դա էլ տեղի չունեցավ, և մենք վերջին շրջանում տեսնում ենք դրամի որոշակի արժևորում: Ճիշտ է` դա պայմանավորվում է գյուղատնտեսական սեզոնով, սակայն արժեզրկման հետ կապված խնդիրները չեն կարգավորվել: Ընդհանրապես Սերժ Սարգսյանի բոլոր տիպի հանձնարարականներն ու հայտարարություններն ինձ հիշեցնում են ավելի շատ հայտարարություններ՝ հայտարարությունների համար: 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ-ում, խոստացավ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցում, համահայկական բանկի ստեղծում, որը բազում ծրագրեր էր ֆինանսավորելու, խոստացել էր նաև ատոմակայանի շինարարություն: Այդ երեքն էլ մենք չտեսանք: Համահայկական բանկը միայն թղթի վրա ստեղծվեց, և որևէ լուրջ ծրագիր դեռ չենք տեսել, որ ֆինանսավորվի: Իսկ մնացած երկուսի մասով էլ` ատոմակայանի և երկաթգծի կառուցման, արդեն կարող եք ինքներդ էլ դատողություններ և հետևություններ անել:
Կարծում եմ, որ տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ ձախողվել է:
Պատճառն ընտրված սխալ ուղին է, պատճառը մեկ օլիգարխի տնտեսության կառուցման քաղաքականությունն է, պատճառը բիզնեսի նկատմամբ ճնշումների ավելացումն է: Ուղղակի հիշեցնեմ, որ 2008 թվականին նույն կառավարությունն իր գործունեության ծրագրում ներկայացրել էր, որ տարեկան միջինը 9 տոկոս իրական համախառն ներքին արդյունքի աճ է լինելու: Սակայն մենք տեսանք, որ վերջին տարիներին չիրականացան այդ խոստումները: 2009-ին մենք ունեցանք 14,4 տոկոս ՀՆԱ-ի անկում, 2010 թվականին` 2,6 տոկոս աճ, բայց նաև՝ երկնիշ ինֆլյացիա, ինչը խոսում է այն մասին, որ այդ աճը զուտ անվանական բնույթ էր կրում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, տնտեսագետ
Նախագահի հորդորները կառավարությանն էին ուղղված, և կառավարությունը պետք է աշխատեր: Թե ինչ են արել՝ իրենք է, որ պետք է ասեն: Ես կասեմ, թե ինչ չի արվել և ինչ է անհրաժեշտ անել: Գյուղմթերքների շուկայում խմբիշխանները գյուղացուց գրեթե ստիպողաբար, խորհրդանշական գներով վերցնում են գյուղմթերքներ` միրգ ու բանջարեղեն և մի քանի ժամ հետո սպառողներին պարտադրում գրեթե կրկնակի, եռակի գներով: Սա գնաճի գլխավոր պատճառներից մեկն է, և սրա դեմ լուրջ պայքար է պետք ծավալել, որպեսզի գյուղացին կարողանա իր աշխատանքի դիմաց վաստակ ունենալ, և դրանից չօգտվեն մարդիկ, որոնք ընդամենը վերավաճառում են և մեծ գումարներ շահում: Սա, կարծում եմ, մեծ նշանակություն կունենա գնաճի զսպման համար:
Պատասխանատուներից են նաև տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը և էկոնոմիկայի նախարարությունը, վերջինս կոչված է ներմուծման փոխարինող քաղաքականությունը կյանքի կոչել: Իսկ այժմ մենք գիտենք, որ ներկրման ծավալները զգալիորեն գերազանցում են արտահանման ծավալներին: Այսինքն, տեղական արտադրությունը լուրջ վտանգի տակ է, շատ արտադրություններ արդեն փակված են:
Սրանք այն քայլերն են, որոնք կարող են օգնել՝ գները բերելու նորմալ, ինչպես նախագահն է ասում` սպառողների համար սովոր մակարդակի:
Բայց այս պահին արդեն մսամթերքն է թանկացել՝ խոզի մսի գինը 3 000 դրամ է դարձել, բարձրացել է դեղերի գինը: Այսինքն կառավարությունը լուրջ քայլեր չի անում` գները զսպելու ուղղությամբ: Հետևությունն այն է, որ հանձնարարականները ձախողող մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն: Սա շատ հստակ է: Եթե տրվում է իրավունք, պետք է նաև պատասխանատվություն լինի, և բալանսը վերականգնվի: Մարդիկ, ովքեր ի վիճակի չեն, պետք է տեղը զիջեն այդ ոլորտները ղեկավարել կարողացող մասնագետներին:
Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱԺ ՀՅԴ խմբակցության փորձագետ
Հատկապես անհրաժեշտ է զարգացնել գյուղատնտեսության շուկան, որովհետև այն առանձնահատուկ է: Տարի կա` բերքը լավ է լինում, տարի կա` վատ: Եթե դու բերքը թողնում ես շուկայի առաջարկ-պահանջարկին, գները շատ մեծ տատանումներ են տալիս: Դրա պատճառով շատ դեպքերում գյուղատնտեսական գները դառնում են քաղաքական գներ: Դա նշանակում է, որ գյուղատնտեսությունը պահանջում է ակտիվ պետական կարգավորում, պետական միջամտություն:
Գների ցածր մակարդակը դեռ չի նշանակում, թե դա լավ բան է: Ասենք եվրոպական երկրներում գյուղատնտեսական արտադրանքի գները երկու-երեք անգամ համաշխարհային գներից բարձր են: Դա նշանակում է, որ պետությունները խրախուսում են իրենց տեղական արտադրողներին, իրականացնում են որոշակի կառուցվածքային քաղաքականություն` ելնելով պարենային անվտանգության նպատակներից: Աշխատանքի շնորհիվ նրանք այժմ անգամ ավելցուկ ունեն: Հայաստանն ընդհակառակը՝ պետք է ավելացնի պարենային արտադրությունը:
Ճիշտ է, հայեցակարգ ենք մշակում, հայտարարություններ ենք անում, բայց մասնագիտացման, ապրանքատեսակների արտադրման կոնկրետ խնդիրներն դրված չեն, որպեսզի իրականացվի համապատասխան քաղաքականություն: Առավել ևս` գների հետ կապված որևէ քաղաքականություն չի իրականացվում: Ուստի նախագահի ասածը, թե գները պետք է ցածրանան, որևէ հիմնավորում չունի: Հակառակը, գուցե գները պետք է բարձրանային, գուցե շատ ցածր են: Ես չեմ կարծում, թե գյուղմթերքի գները մեզ մոտ բարձր են: Զարգացած երկրներում բարձր են նաև եկամուտները, ինչը հնարավորություն է տալիս սպառողներին՝ գնել թանկ մթերքները: Եթե վերլուծություն կատարվի՝ կստացվի հետևյալը. գյուղացին, գյուղացիական տնտեսությունը, որն ապրանք է արտադրում, դա այսօրվա գնով վաճառելու դեպքում կամ քիչ է շահույթ ունենում, կամ ընդհանրապես չի ունենում: Դրա համար էլ արտադրությունն ընդլայնելու ցանկություն չի ունենում: Իսկ վերամշակողի շահութաբերությունը շատ բարձր է, և նա դրանով բավարարվում է:
ՀՀ գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ կա ռազմավարություն` մինչև 2020 թվականը: Ամեն ինչ այնտեղ նշած է՝ համաշխարհային փորձ և այլն, գրեթե ոչինչ պակաս չէ, բացի գների կարգավորումից: Պետք է սահմանվի կողմնորոշիչ գին: Ես խոսեցի միայն գյուղատնտեսության մասին, բայց մյուս ոլորտները ևս պետք է կարգավորել և նոր միայն ասել, որ նախագահի հանձնարարականը կատարվել է:













