Բազմաթիվ սփյուռքահայեր վերադառնալով մայր հայրենիք` բախվում են մի շարք խնդիրների: Դրանք ինչպես բնական, այնպես էլ արհեստական պատճառներ ունեն: Բայց թե որոնք են առավել մտահոգիչը` փորձեցինք պարզել հենց իրենցից: Մեր զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու, Հայաստանում 2001 թվականից բնակություն հաստատած սփյուռքահայ Սարգիս ՄԿՐՏՉՅԱՆԸ:- Պարոն Մկրտչյան, ձեր բնութագրմամբ այսօր ինչպիսի՞ն են հայրենիք-սփյուռք փոխհարաբերութունները: - Այս փոխհարաբերություններում, իմ անձնական կարծիքով, վերջին տարիներին ինչ-որ խզում է առաջացել: Այսինքն այն վստահությունը, որ թվում էր, թե ձևավորվել է, չկա: Եվ սրա հիմնական պատճառը պետության վարած և արտաքին, և ներքին քաղաքականությունն է: Արտաքին քաղաքականություն ասելով` նկատի ունեմ հատկապես հայ-թուրքական հարաբերությունները` այն արձանագրությունները, որ ստորագրվեցին, բայց այդպես էլ չկարողացան վավերացնել: Դրանք սփյուռքահայության մեծ ընդվզում առաջացրին: Իսկ ներքին քաղաքականության առումով այն մթնոլորտը նկատի ունեմ, որ այսօր Հայաստանում տիրում է, որտեղ գործարարը վստահ չէ, որ իր ներդրումը երաշխավորված է, որտեղ տեսնում ես, որ հայաստանցին, որ այստեղ ծնվել-մեծացել է, թողնում ու գնում է երկրից, այսինքն օրենքով պաշտպանված չէ, արդարություն չկա: Այս ամենը կուտակվում է, և ես կարծում եմ, որ իրոք խզում է առաջացել:
- Ինչպե՞ս է արտահայտվում այդ խզումը, ի՞նչ դրսևորումներ ունի:
- Ես կարող եմ շրջապատիս օրինակը բերել, որովհետև վիճակագրական տվյալներ չունեմ, այդպիսի տվյալներ գոյություն չունեն: Շատ-շատերը եկան Հայաստան, մանավանդ անկախությունից հետո` 2000, 2001, 2002 թվականներին` Միջին Արևելքից և հատկապես Իրաքից: Բայց նրանք թողնում-գնում են արևմտյան երկրներ: Իսկ այն մարդիկ, ովքեր սփյուռքում են ապրում և ցանկություն ունեին տեղափոխվել և ապրել Հայաստանում, արդեն դրան չեն ձգտում: Սփյուռքահայերն այլևս չեն վստահում մեր պետությանն ու մեր իշխանություններին, և հենց սա է ամենամեծ դրսևորումը:
- Ի՞նչ խնդիրների են բախվում այն սփյուռքահայերը, ովքեր այնուամենայնիվ գալիս են Հայաստան` ապրելու:
- Ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք այստեղ իրենց պաշտպանված չեն զգում: Ես որպես սփյուռքահայ, որ արդեն 10 տարուց ավելի է, ինչ ապրում է Հայաստանում, միշտ ասել եմ` մենք հիմնականում երկու տեսակի խնդիրների առջև ենք հայտնվում: Առաջինը նյութականն է` պետք է եկամուտ ստեղծես: Այդ եկամուտը, աշխարհի որ երկրում էլ լինես, պետք է ստեղծես ապրելու համար` մի տեղ հեշտ, մի տեղ դժվար, միևնույն է, պետք է ստեղծես: Դեռ չեմ խոսում շքեղության մասին. կենսական նշանակության հարցեր լուծելու և գոյություն պահպանելու համար որոշակի գումարներ են պետք: Բայց այսօր հայաստանցին էլ պետք է եկամուտ ստեղծի: Երկրորդ խնդիրը հասարակության մեջ ինտեգրվելն է: Եթե տեսնում ես, որ քո հարևանը, ով այստեղ ծնվել-մեծացել է, սիրել-սիրվել է, տուն ունի, աշխատանք ունի ու այս ամբողջից հետո լքում է Հայաստանն ու գնում է, որովհետև իր երեխաների համար այստեղ ապագա չի տեսնում, հեռանկար չի տեսնում, ապա այստեղ տեղափոխված սփյուռքահայն արդեն, ինքընստինքյան մտածում է, թե ինքն ինչու է եկել: Նաև վերաբերմունքի հարցը կա: Բոլորը չի, որ գիտակցում են` բոլոր դժվարություններն ունեն նաև հայաստանցիները: Շատշատերը մտածում են, որ սա միայն իրենց համար է, որովհետև իրենք սփյուռքահայ են: Օրինակ, ես գնում եմ ծիրան առնելու, եթե ծիրանի 1 կիլոգրամն արժե, ենթադրենք, 1 000 դրամ, ապա երբ ես խոսում եմ սփյուռքահայի առոգանությամբ, ծիրանի կիլոգրամն ինձ համար դառնում է 1 300 դրամ: Սա մի մանր հանգամանք է, բայց մեծ խնդիր է առաջացնում: Այս դեպքում սփյուռքահայն սկսում է մտածել, որ բոլոր դժվարություններն արհեստականորեն ստեղծվում են հենց իր համար: Անպաշտպանվածությունն ամենամեծ վախն է, որ Հայաստանում գոյություն ունի սփյուռքահայերի համար:
- Ձեր նշած խնդիրների վերացման ուղղությամբ իրականացվող գործնական քայլեր նկատե՞լ եք:
- Ես գործնական քայլեր չեմ տեսել: Ինչ էլ տեսել եմ` ընդամենը խոստումների սահմանում են եղել: Ես ողջունում եմ սփյուռքի նախարարության ստեղծումը: Կարծում եմ, որ դա իսկապես անհրաժեշտ է` մենք սփյուռքի նախարարության պետքն ունենք, և նա է, որ այս բեռը պետք է վերցնի իր վրա: Իհարկե գիտակցում եմ, որ նրա անելիքները շատ-շատ դժվար են: Բայց գործնականում, թող կոպիտ չհնչի, սփյուռքի նախարարության կողմից ցուցամոլական, ձևական բաներից այն կողմ այլ բան չեմ տեսնում: Այսինքն անընդհատ շքանշաններ տալ մարդկանց, գովել` այդ ամենով մենք շատ հարցեր չենք լուծի և մեծ բանի չենք հասնի: Մենք պետք է կարողանանք արմատական բարեփոխումներ անել, որպեսզի կարողանանք առաջին հերթին հենց հայաստանցուն պահել Հայաստանում, հետո նոր սփյուռքից մարդիկ բերենք Հայաստան: Կյանքի են կոչել հայրենադարձության վարչություն. ի՜նչ հայրենադարձության վարչություն, ո՞վ պետք է զարգացած երկրներից, թողնելով իր բարեկեցիկ ու ապահով կյանքը, գա ու Հայաստանում ապրի, երբ հայաստանցիներն են թողնում հայրենիքն ու մեկնում արտասահման: Այսպիսի բարձրագոչ հայտարարություններից պետք է հրաժարվել:
- Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է ձեռնարկել` ձեր մատնանշած դժվարությունները վերացնելու համար:
- Պետք է, օրինակ, ստեղծել մի գրասենյակ, որտեղ ցանկացած մարդ, այդ թվում նաև սփյուռքահայերը, դիմեն, եթե ուզում են բիզնես դնել Հայաստանում, ուզում են տուն առնել, ուզում են իրենց երեխային դպրոց ուղարկել և այլն ու չգիտեն, թե այդ ամենն ինչպես պետք է անել: Գոնե այս պարզ հարցերում խորհրդատվություն տրամադրեն այդ մարդկանց: Հիմա բարձիթողի վիճակ է` ամեն մարդ պետք է իր ճամպրուկը հավաքի, հետո փողերը վերցնի ու գա Հայաստան, իսկ այստեղ նրա գործերը կամ կստացվեն, կամ, ամենայն հավանականությամբ, չեն ստացվի: Այսպես չի կարելի: Այսինքն սփյուռքի նախարարությունն ավելի արմատական գործեր ունի անելու, քան այն, ինչ այժմ անում է` այստեղ սեմինար, այնտեղ սեմինար և այլն: Մենք լուրջ բարեփոխումների պետք ունենք ամբողջ երկրով մեկ` լուրջ արդյունքներով:

















