«Արտագաղթի, արտասահմանում գումար վաստակելու հնարավորություն փնտրողների մասին խոսելիս չմոռանանք, որ նրանցից շատերը ստիպված են դիմում այդ քայլին` մեր երկրում աշխատանքային բավարար պայմանների բացակայության, որպես մասնագետ գնահատվելու անհնարինության պատճառով: Բայց հենց արժանավայել աշխատանքի և ոչ թե առհասարակ՝ աշխատանքային տեղերի բացակայությունն է մարդկանց հեռանալու պատճառը»: Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը: Աշխատանքային անվտանգությունն այսօր այդ ոլորտի ամենաթույլ օղակն է: Ճիշտ է` Աշխատանքային օրենսգիրքը կանոնակարգում է գործատուներին վերաբերող որոշ հարցեր և հսկող պետկառույցների լիազորությունները: Բայց աշխատանքի անվտանգությունն ու առողջությունն ապահովող ոչ մի պետական ծրագիր կամ ազգային ռազմավարություն չկա:
Այս բնագավառում հսկիչ գործառույթը հիմնականում կատարում է աշխատանքի պետական տեսչությունը: Ի դեպ վերջին ժամանակներս այն զգալի արդյունքների է հասել՝ գործատուների շրջանում աշխատանքային պայմանագրերի առկայությունն ստուգելու հարցում: Սակայն աշխատանքային անվտանգության, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, օրենսդրությամբ սահմանված աշխատանքային ժամերի պահպանման տեսանկյունից հսկողության որակը, մեղմ ասած, անբավարար է: Դիտարկենք թեկուզ սպասարկման բնագավառը: Գաղտնիք չէ, որ խանութներում, ռեստորաններում և այլուր աշխատողներն ստիպված են աշխատել օրական 12 ժամ` շաբաթական մեկ հանգստյան օրով այն էլ՝ ոչ միշտ: Եվ շաբաթվա ընթացքում նրանց աշխատանքային ժամերը բնականաբար գերազանցում են օրենսդրությամբ սահմանվածը, բայց որևէ լրացուցիչ գումար այդ աշխատողներին չի վճարվում: Հսկողություն իրականացնող մարմինները դժվար թե չիմանան դրա մասին, բայց իրավիճակը տարիներ շարունակ նույնն է մնում:
«Հսկող պետկառույցները, այդ թվում աշխատանքի տեսչությունը, գործառույթների հստակ բաժանում չունեն,- ասում է Ն. Հովհաննիսյանը:- Օրինակ առողջապահության նախարարությանն առընթեր սանիտարահամաճարակային պետական կենտրոնը ձեռնարկություններում որոշ իմաստով նույն աշխատանքն է կատարում, ինչ աշխատանքի տեսչությունը: Այս խնդիրն այնքան արդիական է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է մեզ՝ փորձագիտային գնահատման համար, որը թույլ կտար տարանջատել այդ տեսչությունների գործառույթները: Աշխատանքային տեղերի նորմատիվներն իրավական առանձին ակտերով պարտադիր են մի տեսչության համար, իսկ մյուսի համար` ոչ և հակառակը: Ամբողջ խնդիրն այն է, որ տարբեր փաստաթղթեր տարբեր նախարարություններ են հաստատել` ըստ այն հանգամանքի, թե տվյալ տեսչությունը որ գերատեսչությանն է պատկանում»:
Սակայն խնդիրը միայն աշխատանքի անվտանգության և պաշտպանության հսկողության բնագավառում տիրող քաոսը չէ: Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի պայմաններում, որը մասնագետների գնահատականով 30-40 տոկոսի է հասնում, գործատուներն իրենք են ստեղծում նման իրավիճակ` օգտվելով աշխատանքի շուկայում պահպանվող կայուն առաջարկով: Իսկ պետության կողմից անհրաժեշտ հսկողության բացակայությունն ավելի ավարտուն է դարձնում պատկերը, և միանգամից պարզ է դառնում, թե ինչու ցանկացած գործատու կարող է մարդկանց աշխատանքի ընդունելիս իր պայմանները թելադրել:
Բայց ամենատարօրինակն այն է, որ աշխատանքի անվտանգության ու առողջության բնագավառում լուրջ խնդիրների առկայության պայմաններում պետական կանոնակարգումից զրկվել է նաև մասնագիտական հիվանդություններից և արտադրության ընթացքում տեղի ունեցած պատահարներից ապահովագրող համակարգը: Նախկինում այդ գործառույթը կատարում էր սոցապահովության պետական հիմնադրամը. գործատուները պարտադիր կերպով որոշ գումարներ էին ներդնում այնտեղ, որոնց հաշվին անհրաժեշտության դեպքում աշխատողները փոխհատուցում էին ստանում: Հետո հիմնադրամը վերածվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առընթեր կենսաթոշակների վճարման ծառայություն, իսկ սոցիալական ապահովագրության բուն գաղափարն արդեն երկու տարի է՝ ընդհանրապես վերացել է: Այդ պատճառով էլ մարդիկ հաճախ չգիտեն, թե ինչպես այս կամ այն դեպքում փոխհատուցում ստանան: Եվ եթե գործատուն արտադրական վնասվածքի դեպքում հրաժարվի իր աշխատակցին փոխհատուցել, որևէ պատժամիջոց նրա նկատմամբ չի կիրառվի` «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:
«Հիմա մեր կազմակերպությունը բանակցություններ է վարում կառավարության հետ` այս համակարգի կայացմանն աջակցելու և համագործակցության ուղիներ փնտրելու շուրջ: Խնդրի լուծման երկու տարբերակ կա: Առաջինը ենթադրում է սոցիալական ապահովագրություն, որով պետությունն ինքն է երաշխավորում պահանջվող միջոցների փոխհատուցումը: Մյուս տարբերակը, որին կառավարությունն ավելի հակված է, ընդգրկում է մասնավոր ապահովագրության ոլորտը` կուտակային կենսաթոշակների համակարգի նմանությամբ:
Մասնավոր ապահովագրության գաղափարը մեր կազմակերպությունը չի ողջունում, քանի որ մեր կարծիքով վնասի փոխհատուցումը սոցապահովության ոլորտի մեջ է մտնում և պետությունն ինքը պետք է երաշխավորի, որ գումարները ժամանակին վճարվեն, և ոչ թե ինչ-որ մասնավոր ապահովագրական կազմակերպություն, որին պետությունը պատվիրում է այդ ծառայությունը: Հենց այդ մոտեցումն է առաջարկում աշխատանքի միջազգային կազմակերպությունը, բայց թե որքանով այն ընդունելի կլինի Հայաստանի համար` կառավարությունը պետք է որոշի»,-ամփոփեց իր խոսքը Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգողը:













