Լոս-Անջելեսում Մայքլ Ջեքսոնի անձնական բժշկի գործով դատական գործընթաց է սկսվել: Ըստ քննության վարկածի` սրտաբան Կոնրադ Մյուրեյը երաժիշտին քնաբերի բավական մեծ չափաբաժին է տվել, որը մյուս դեղամիջոցների հետ Ջեքսոնի համար մահացու է դարձել: Որպես հանցանշան դատարանում ցուցադրվել են երգչի՝ անմիջապես մահից հետո արված նկարները: Փաստաբան Դևիդ Վալգրենը ցույց է տվել հիվանդասենյակում մահացած Ջեքսոնի լուսանկարը: Համեմատության համար նա ցուցադրել է 12 ժամ առաջ արված մեկ այլ լուսանկար, որտեղ երաժիշտը նախատեսվող հյուրախաղերի համար փորձ է արել: Ինչպես կարծում է մեղադրող կողմը՝ բժիշկ Մյուրեյը հիվանդին զննելիս ոչմասնագիտական մոտեցում է ցուցաբերել:
Գլխավոր հարցը, որը դատարանը պետք է պարզի, հետևյալն է՝ բժիշկը տվե՞լ է մահացու չափաբաժին, թե ոչ: Մեղադրող կողմը կարծում է, որ պրոպոֆոլ դեղամիջոցի չափաբաժինը մահացու է եղել, և բժիշկն այդ մասին չէր կարող չիմանալ: Դեղամիջոցը ներարկելուց հետո բժիշկը մի քանի ժամ մենակ է թողել փոփ-արքային, ինչը կասկած է առաջացնում բժշկի պրոֆեսիոնալիզմի հանդեպ: Պաշտպանող կողմը հակառակն է պնդում` Ջեքսոնն արդեն մի քանի ամիս ֆիզիկապես և հոգեպես հիվանդ էր: Բացի դրանից` պրոպոֆոլն ինքն էր խմել այն ժամանակ, երբ բժիշկը կողքին չի եղել, քանի որ այն չափաքանակը, որը բժիշկն է տվել, նրան չի բավարարել: Ընդ որում պաշտպանող կողմը հիմնվում է Ջեքսոնի ստամոքսում եղած պրոպոֆոլի քանակի վրա, այլ ոչ թե արյան մեջ եղածի: Ցուցադրվել է ասուլիսի տեսագրությունը, որտեղ երևում է, որ երգիչը թմրանյութերից կախվածություն ունեցել: Բժշկի հանդեպ սկսված գործընթացը կարող է ամիսուկես տևել: Եթե բժշկի մեղավորությունը հաստատվի՝ նրան կսպառնա չորս տարվա ազատազրկում և բժշկական գործունեության հավաստագրից զրկում:

















