Երգչուհի Անի Քրիստին Ամերիկա մեկնեց, երբ Հայաստանում նրա համբավը հասել էր գագաթնակետին: Պատճառը շատ սովորական էր` ընտանիք կազմելը, բայց ամուսնական կարճատև կյանքից հետո նա այլևս Հայաստան չվերադարձավ՝ շարունակում է ապրել ու ստեղծագործել Ամերիկայում:
Կոնստանտին Օրբելյանը նրա մասին ասել է.«Անի Քրիստին ամենատաղանդավոր հայ երիտասարդ երգչուհիներից է: Ի տարբերություն ուրիշների` նա ունի սեփական ոճ ու վատ երգեր չի կատարում: Ես Ամերիկայում աշխատել եմ նրա հետ ու հատուկ իր համար ջազային երգ եմ գրել, որը հրաշալի է կատարելե:
- Անի, արդեն երեք տարի է՝ ապրում ես Ամերիկայում: Հայրենիքիդ չե՞ս կարոտում:
- Շատ եմ կարոտում, ամեն հարմար առիթով գալիս եմ Երևան: Ի դեպ վերջին անգամ մայիսին էի եկել՝ կոնսերվատորիայի դիպլոմն ստանալու համար:
- Որտե՞ղ ես ավելի լավ զգում` Ամերիկայո՞ւմ, թե Հայաստանում:
- Լավ ինքնազգացողության համար կարևոր չէ, թե որ երկրում ես ապրում, ամեն ինչ պայմանավորված է տվյալ մարդու խառնվածքով: Եթե բնույթով լավատես ես, սիրում ես կյանքը և այն վառ գույներով ես տեսնում՝ երկրագնդի ցանկացած կետում կկարողանաս գտնել այն, ինչ քեզ պետք է, կյանքդ կդարձնես հետաքրքիր ու հագեցած: 
- Հավանաբար դժվար էր ամուսնալուծությունից հետո օտար երկրում նոր կյանք սկսելը:
- Ոչ, չէի ասի: Նախ՝ Ամերիկան ինձ համար այնքան էլ«օտար երկիրե չէր, մինչև ամուսնությունը ես երկու անգամ եղել եմ այնտեղ, որոշ ժամանակ ապրել եմ հորս հետ նա վաղուց է Լոս Անջելես տեղափոխվել: Գուցե միայնություն զգայի, եթե կողքիս հայրս չլիներ:
- Ամերիկայում ապրելու տարիներին քո մեջ ի՞նչն է փոխվել:
- Եթե նույնիսկ ինչ-որ բան փոխվել է, ապա իմ վերաբերմունքը երաժշտության, երգի ժանրի հանդեպ: Կարծում եմ` այն երգերը, որոնք ես հիմա եմ կատարում, ավելի լավ են արտահայտում իմ ներաշխարհը: Իսկ մնացած հարցերում ես նույն Անին եմ: Եվ մտադիր չեմ փոխվել:
- Ամերիկայում քեզ որպես երգչուհու ճանաչո՞ւմ են:
- Բնականաբար ես այստեղ շարունակում եմ զբաղվել իմ սիրելի գործով: Իհարկե Նահանգներում կան մարդիկ, ովքեր ինձ սիրում են ու գնահատում, ովքեր փողոցում քայլելիս կամ հանրային վայրերում ճանաչում են ինձ: Դա շատ հաճելի է:
- Պատմիր քո նոր ձայնասկավառակի մասին:
- Այն թողարկվել է ապրիլի 14-ին, կոչվում է I am back`«Ես վերադառնում եմե: Գործիքավորումն ու երգերի ձայնագրությունն Ամերիկայում է արվել: Սա իմ երկրորդ ձայնասկավառակն է: Ութ երգի հեղինակն ինքս եմ, ընդ որում բոլորը տարբեր ժանրերի են: Մի երգ Կոնստանտին Օրբելյանն է գրել՝ հատուկ ինձ համար: Ես ալբոմի համար նաև Սայաթ-Նովայի երգերի շարք եմ ձայնագրել:
- Լսել եմ, որ դու երգացանկի ընտրության հարցում շատ քմահաճ ես: Ինչպիսի՞ն պետք է լինի երգը, որպեսզի դու այն կատարես:
- Այո, երգերի թե մեղեդու, թե շարադրանքի հանդեպ ես շատ բծախնդիր եմ: Բայց պատահում է նաև այնպես, որ առաջին իսկ լսումների ժամանակ երգը հոգիդ է մտնում ու դառնում քոնը:
- Քո ծրագրերում Երևանում մենահամերգ տալ չկա՞:
- Իհարկե կա: Այդ ցանկությունը ես վաղուց ունեմ և շուտով կիրականացնեմ: Դեռ հստակ ժամկետներ չեմ կարող ասել, բայց խոստանում եմ, որ մենահամերգը չի ուշանա: Դա կլինի կենդանի հնչողությամբ ու գեղեցիկ բեմադրությամբ շոու: Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր ինձ հիշում ու սպասում են: Բոլոր կատարողներն էլ ունեն դրա կարիքը: Դա ուժ է տալիս և մեր երկրպագուներին նոր ու գեղեցիկ երգեր նվիրելու մեծ ցանկություն:
- Քո կարծիքով հայկական շոու բիզնեսում ի՞նչն է պակասում:
- Լավ երգեցողությունը, նաև՝ անկեղծությունն ու ազնվությունը: Կներեք շիտակությանս համար, բայց ես արդեն ասացի, որ չեմ փոխվել ու մտադիր չեմ փոխվել: Ձգտում եմ լինել անկողմնակալ, առաջին հերթին` ինքս իմ հանդեպ:
- Դիտելով քո ֆոտոսեսիաները՝ ապշում եմ, թե որքան տարբեր կարող ես լինել: Քո արտաքինով ու դերասանական շնորհքով կարող էիր լավ դերասանուհի դառնալ, նման ցանկություն չունե՞ս: Քեզ կինոյում նկարահանվելու չե՞ն հրավիրել:
- Հրավիրել են, նույնիսկ սերիալում փորձնական նկարահանվել եմ, բայց հետո հասկացա, որ ժամանակս չի բավականացնի ու հրաժարվեցի: Ինձ գեղարվեստական ֆիլմում էլ են առաջարկել նկարահանվել, բայց ցավոք ես այդ ժամանակ չէի կարող Հայաստան գալ: Ես կինոյով շատ եմ հետաքրքրվում: Ընդ որում կուզենայի ինքս ֆիլմ նկարահանել և խաղալ գլխավոր հերոսուհու դերը: Ես նույնիսկ գիտեմ, թե ինչի մասին է լինելու այդ ֆիլմը: Բայց այդ ամենը՝ ապագայում, հիմա վաղ է դրա մասին խոսելը:
- Եթե երգչուհի չդառնայիր՝ ինչո՞վ կզբաղվեիր:
- Ես մանկուց երազել եմ բժիշկ կամ իրավաբան դառնալ: Հիմա բժշկությունն օգտագործում եմ իմ երգերում` մարդկանց հոգիները բուժելու համար: Չգիտեմ, թե դա որքանով է ինձ հաջողվում, բայց փորձում եմ: Կարծում եմ՝ կարող էի լավ հոգեբան դառնալ: Համենայնդեպս մտերիմներս հաճախ են դա ասում: Ընդհանուր առմամբ ես կյանքում շատ բան եմ ուզում հասցնել: Կհաջողվի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:


















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post