«Հայաստանի զրուցակից» թերթն այսուհետ որպես «Շանթ» հեռուստաընկերության Հայսուպերսթար նախագծի ինֆորմացիոն գործընկեր` կլուսաբանի նրա գործունեությունը, հետաքրքիր միջոցառումները, կանդրադառնա այնպիսի մանրամասների, որոնք հեռուստատեսությամբ հնարավոր չէ դիտել, կներկայացնի մասնակիցների հաղթանակներն ու պարտությունները, հանձնախմբի անդամների կարծիքներն ու մեկնաբանությունները՝ ելույթների և քվեարկությունների արդյունքների մասին:
Այս շաբաթ Հայսուպերսթարն ամփոփեց երկրորդ գալա համերգի քվեարկությունների արդյունքները: Նախորդ գալա համերգն «առանց զոհերի» էր անցել, և նախագծի կազմակերպիչները որոշել էին այդ անգամ որևէ մեկի դուրս չթողնել: Փոխարենը հաջորդ քվեարկությունը պետք է ճակատագրական դառնար երկու մասնակցի համար: Նախորդ համերգում ամենաանհաջողը ելույթ ունեցած Վարդինե Ավագյանը չկարողանալով օգտվել երկրորդ գալա համերգում իր ներուժն օգտագործելու հնարավորությունից և նախագծից առաջինը դուրս մնաց: Եթե Վարդինեի դուրս գալը կանխատեսելի էր բոլորի համար, ապա հանձնախմբի անդամների ու մասնակիցների համար շատ զարմանալի էր, որ վտանգավոր գոտում հայտնվեց Անահիտ Հարությունյանը: Թվում էր՝ Անահիտն ու Վարդինեն այն երկու թույլ օղակներն են, որոնք կլքեն նախագիծը, սակայն վտանգավոր գոտում հայտնվեց նաև Լիլիթ Խաչատրյանը: Վարդինե, Անահիտ, Լիլիթ` երեքից ո՞ւմ բախտ կվիճակվեր շարունակել նախագիծը: Հեռուստադիտողը նման հնարավորություն ընձեռեց Անահիտին:
Հանձնախմբի անդամների կարծիքները շատ հակասական էին:
Գարիկ Պապոյան. «Ինձ համար ընդհանրապես ցանկալի չէր, որ Լիլիթը նախագծից դուրս գար: Առաջին ելույթը լսելով` երկար ճանապարհ էի կանխորոշել, և եթե նա մնար նախագծում` կաճեր: Բայց քանի որ հեռուստադիտողն է որոշում իր ապագա «աստղին», ուստի նախագծում վճռորոշ խոսքն էլ իրենն է»:
Լեյլա Սարիբեկյան. «Ինձ համար հատկապես անսպասելի էր վտանգավոր գոտում Անահիտի հայտնվելը, թեև գլխի եմ ընկնում, թե դա ինչու եղավ: Նա Վրաստանից է, և թերևս նրա օգտին քվեարկողներն էլ քիչ են: Եվ հետո՝ զսպվածությունը, համեստությունը նրան խանգարում են բեմում դրսևորվել: Շատ մտահոգվեցի նրա համար, կարծում եմ՝ նա նախագծի ամենաօժտված մասնակիցն է և եթե դուրս մնար` դրանից կտուժեր ամբողջ նախագիծը: Ես համոզված եմ, որ Անահիտը բոլորիս դեռ զարմացնելու է»:
Ավետ Բարսեղյան. «Ինձ համար շատ անսպասելի էր Լիլիթի դուրս գալը: Վարդինեն թույլ օղակ էր: Լիլիթը վառ կերպար է, բայց սառնությունը խանգարում էր ներքին կրակն ի ցույց դնելուն: Ես նրան խորհուրդ էի տվել հնարավորության սահմաններում «վառվել»: Բայց չստացվեց: Մյուս անգամ կանխատեսելի է, որ նախագծից կարող է դուրս գալ Անահիտը: Բայց խոսենք նրանց մասին, ովքեր կմնան: Կմնան վառ, գունավոր կերպարները: Ըստ իս` այդպիսին են Արթուրը, Ջուլիետան, Սոնան: Բայց եթե նրանք էլ թերանան, չաշխատեն՝ կարող են խամրել»:
Ի դեպ հաջորդ գալա համերգին նախագծի մասնակիցները կկատարեն 1960-70-ական թվականների հայկական հայտնի ու սիրված երգեր:














