Դժվար թե Ուիթնի Հյուսթոնը կյանքից այսպես ողբերգականորեն հեռանալու մտադրություն ունենար, սակայն համաձայնեք՝ ճակատագիրը, որը որպես բեմադրող ռեժիսոր նրա մահվան համար ընտրել էր Գրեմի մրցանակաբաշխության նախօրեն, աշխարհին հոլիվուդյան սցենարներին արժանի ավարտ է պարգևել: Գրեմիի վեցակի մրցանակակիր Ուիթնի Հյուսթոնը վերջին անգամ դարձավ Գրեմիի արարողության գլխավոր հերոսուհին` մթագնելով բոլոր մյուս մասնակիցներին: Ուրբաթ օրը նրան հողին կհանձնեն իր ծննդավայրում` Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, որտեղ ապագա համաշխարհային աստղը լույս աշխարհ էր եկել 1963 թ. օգոստոսի 9-ին:
Ատլանտյան օվկիանոսի հակառակ կողմերի դեղին մամուլը հուզում է նույն հարցը` ինչի՞ց է մահացել երաժշտական ինդուստրիայի առասպելը` լոգարանո՞ւմ է խեղդվել, թե և հակադեպրեսանտներ, և ոգելից խմիչք է օգտագործել... Մի վերջին անգամ դեղին մամուլն անսքող հաճույքով վերաշարադրում է նրա կյանքի վերջին օրերի մանրամասները` իբր մահվան նախօրեին Հյուսթոնը գրեթե երկու օր անընդմեջ զվարճանում էր Tru Hollywood ակումբի այն երեկույթում, որը Գրեմի արարողության կապակցությամբ կազմակերպել էր երգչուհի Քելի Փրայսը:
Թերթերը վստահեցնում են, որ ոստիկանները երգչուհու՝ «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցի համարում «Զանակս», «Լորազեպամ» և «Վալիում» դեղամիջոցների հաբեր են գտել: Ականատեսները պնդում են, որ քերծվածքներ են տեսել փոփ դիվայի դաստակի վրա ու արյան հետքեր՝ ոտքերին: Նաև գրում են, թե երգչուհին մահվանից առաջ գրեթե ոչ մի գրոշ խնայողություն չուներ, իբր նա մսխել էր իր 100 միլիոն դոլարի կարողությունը և կյանքի վերջին ամիսներին նույնիսկ ամենօրյա կարքիները հոգալու համար ստիպված էր պարտք վերցնել ընկերներից ու ծանոթներից:
Այս բոլոր խոսակցությունները շուտով կդադարեն ու կմոռացվեն: Թոհուբոհը կանցնի, ու կմնա առասպելը՝ մեծանուն և դժբախտ երգչուհու մասին և նրա բացառիկ ձայնը` հինգ օկտավա ձայնածավալով, որով նա կատարում էր նախորդ դարավերջի սուպեր հիթը` I Will Always Love You -ն:
Մինչդեռ երբ 2009 թ. սեպտեմբերի մեկին Ուիթնի Հյուսթոնը հայտարարեց բեմ վերադառնալու իր որոշման մասին, թվաց, թե նա հաղթել է կրքերի ու արատների դեմ երկար տարիներ ձգվող պայքարում և կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին: Նա փորձեց անել դա, բայց ավաղ...
Ուիթնին ծնվել է երաժշտական ընտանիքում: Նա հոսփել երգչուհի Սիսի Հյուսթոնի դուստրն է, իսկ նրա կնքամայրը սոուլ երգչուհի Արետա Ֆրանկլինն է: Մանկուց նա երգել է եկեղեցական երգչախմբում, նրան լսողները հուզմունքից արտասվում էին, իսկ 11 տարեկանում նա արդեն մեներգչուհի էր: Ուիթնին 15 տարեկան էր, երբ ծնողները որոշեցին բաժանվել: Պարզվեց, որ նրանցից յուրաքանչյուրն իր կյանքն ուներ, պարզապես հանուն երեխաների ձգտում էին պահպանել պատշաճության կանոնները:
Աղջիկն այնքան էր հիասթափվել ծնողներից, որ որոշել էր. «Ես իսկական ընտանիք կունենամ, որտեղ չի լինի ոչ մի կեղծիք»: Աղջիկն ավարտեց մոդելների դպրոցը, սկսեց երգեցողության դասերի հաճախել: 18 տարեկանից Հյուսթոնն աշխատում էր զանազան երաժիշտների ու խմբերի հետ, որպես բեք երգչուհի: Մի հրաշալի օր էլ նա գրավեց Քլայվ Դևիսի` «Արիստա Ռեքորդս» ձայնագրման ընկերության նախագահի ուշադրությունը, ով նրան առաջարկեց պայմանագիր կնքել: Երգչուհու առաջին ալբոմը` Whitey Housto-ը, լույս տեսավ 1985 թ.՝ 22 մլն տպաքանակով ու ամբողջովին սպառվեց:
Հաջորդ ալբոմը` Whitey-1987, միանգամից հայտնվեց հիթ շքերթների բարձունքներում: Ուիթնին մեկը մյուսի հետևից Գրեմի մրցանակներ էր ստանում: 25 տարեկանում նա արդեն միլիոններ էր աշխատում, առանձնատուն գնեց Նյու Ջերսիում և դարձավ հմայիչ, տաղանդավոր և ունևոր Էդդի Մերֆիի հարսնացուն: Նրանք նույնիկ նշանվեցին, բայց... «Ես հասկացա, որ մեր հարաբերություններում գերակշռում է ընկերական մտերմությունը և ոչ թե կիրքը»,- խոստովանեց երգչուհին՝ Մերֆիից բաժանվելուց հետո:
Երբ Ուիթնին 27 տարեկան էր` հա
նդիպեց ռեփ երգիչ Բոբի Բրաունին, ով նրանից հինգ տարով փոքր էր:
- Ես ձեր մասին թերթերում ամեն ինչ կարդացել եմ,- ժպտալով ասաց երգչուհին:- Գրում են, որ դուք անտանելի կերպար եք` կռվարար, թմրամոլ և հարբեցող...
- Ես էլ ձեր մասին եմ կարդացել,- հետ չմնաց Բոբին,- կարծես թե դուք սուրբ եք...
Շուտով նրանք առանց իրար նույնիսկ շնչել չէին կարողանում: Ուիթնին ամուսնացավ Բոբիի հետ` 800 հյուր, 10 հազար վարդ, երեք մետր երկարությամբ հարսնաքող... Այդ հեքիաթը շատ արագ ավարտվեց:
Առաջին անգամ նա կնոջը ծեծեց հարսանիքից երեք օր անց: Իհարկե հետո ծնկի իջած ներողություն էր խնդրում: Ուիթնին ներեց` ծեծում է, ուրեմն սիրում է...
Հենց ամուսինն էր նրան համոզել նկարահանվել Միք Ջեքսոնի «Թիկնապահը» ֆիլմում: «Դու գեղեցկուհի ես: Էկրանին հոյակապ տեսք կունենաս,- համոզում էր նա,- բոլոր տղամարդիկ կխելագարվեն, որ քեզ նման գեղեցկուհին ինձ է պատկանում»:
1992 թ. էկրաններին հայտնվեց «Թիկնապահը» ֆիլմը՝ Քևին Քոստների հետ, ում կանայք այդ ժամանակ պաշտում էին: Իսկ ֆիլմում նա պաշտպանում ու սիրահարված էր Ուիթնի Հյուսթոնի հերոսուհուն, և երգչուհին մեկ ակնթարթում դարձավ գերաստղ:
I Will Always Love You սաունդթրեքի ռեկորդն առայսօր գերազանցված չէ: Ֆիլմը հավաքեց 400 միլիոն դոլար, իսկ Հյուսթոնը վաճառեց 140 միլիոն ալբոմ ու մտավ Գինեսի գիրք, որպես արվեստի բնագավառում ամենաշատ մրցանակներ ստացած կին` 6 Գրեմի, 15 Billboard Music Awards, 21 America Music Awards, 2 Emmy, 8 Soul Trai Music Awards և ձայնագրման ինդուստրիայի շատ այլ հեղինակավոր մրցանակներ:
Բայց ավաղ` ընտանեկան 14-ամյա կյանքը Բոբի Բրաունի հետ այն գինն էր, որ երգչուհին վճարեց սոֆիտների փայլի և երկրպագուների հիացմունքի դիմաց:
Հարբած Բրաունը զվարճանում էր աջ ու ձախ, իսկ ոճաբանները հազիվ էին կարողանում քողարկել Ուիթնիի դեմքի կապտուկները: Նա երկար ժամանակ ինքն իրեն համոզում էր, որ իսկական սերը հենց այդպիսին էլ պետք է լինի, և դիմանում էր: Ու հանկարծ հերթական վեճից հետո նրա ձայնը կտրվում է հենց համերգի ժամանակ: Ամենապատասխանատու պահին, երբ ն
ա պետք է կատարեր I Will Always Lov You երգը` հանկարծ լռում է: Հյուսթոնին այդ վիճակից փրկեցին բեք վոկալիստները, իսկ համերգից հետո բժիշկը հայտնեց ախտորոշումը` մշտական սթրես:
Ուիթնին հեռացավ բեմից, մեկուսացավ: Դա տևեց հինգ տարի: Այդ ընթացքում չթողարկեց ոչ մի ձայնասկավառակ, չձայնագրեց ոչ մի երգ: 2007 թ. Ուիթնին պաշտոնապես ամուսնալուծվեց: Եվ ահա 2009 թ. հայտնվեց նրա նոր` I Look to You ալբոմը, որը ստացավ պլատինե հավաստագիր, իսկ Ամերիկայի մեգաաստղ Օփրա Ուինֆրին երգչուհուց մի հարցազրույց վերցրեց, որը հետագայում անվանեց լավագույնը՝ իր հաղորդաշարի պատմության մեջ:
Օփրան կարողացավ Հյուսթոնին տրամադրել աննախադեպ անկեղծության:
Ամերիկայի ազգային հարստությունը համարվող ձայնի տիրուհին աշխարհին պատմեց, որ ռեփերի հետ ընտանեկան կյանքում ամուսնու ինքնասիրությունը բավարարելու, նրան չվիրավորելու համար անընդհատ ստորացնում էր ինքն իրեն: Ընտանեկան կյանքի ընթացքում նա միշտ նշում էր, որ ինքը նախևառաջ «տիկին Բրաուն» է: Կնոջ հաջողությունների հանդեպ ամուսնու նախանձի պատճառով Ուիթնին ինքնակամ կասեցրել էր իր կարիերայի թռիչքը` ձգտելով միշտ լինել ամուսնու ստվերում: Գիտակցաբար մարում էր իր աստղի լույսը:
«Ես խելագարի պես սիրահարված էի նրան: Բայց երջանիկ չէի: Ձգտելով դուր գալ ամուսնուս` ես կորցրի ինքս ինձ»: Ուիթնին պատմեց, որ կոկային օգտագործում էր «Թիկնապահը» ֆիլմից առաջ, իսկ հետո հրապուրվեց թմրադեղերով, խառնում էր դրանք ու շաբաթներով կարող էր ամուսնու հետ նստել տանը` հեռուստացույցի առաջ` ոչինչ չանելով և ոչ մի բառ չխոսելով: «Ես շատ փող ունեի, այդ պատճառով էլ ոչնչի մասին չէի մտածում, չէի մտածում, թե ինչ է լինելու իմ ձայնի հետ, այդ ամենն ասես նախորդ կյանքից լիներ»:
Օփրայի այն հարցին, թե «Որն էր քո հիվանդությունը, քո թուլությունը` Բոբի՞ն, թե թմրանյութերը»` Հյուսթոնը պատասխանեց. «Իմ թմրանյութը հենց Բոբին էր: Առանց նրա ոչ մի նման բան չէր լինի: Ես առանց նրա թմրանյութեր չէի օգտագործի»: Երբ նրանց ընտանեկան կյանքն սկսեց փլուզվել` Հյուսթոնը շաբաթներով փակվում էր իր սենյակում ու դուրս չէր գալիս` մենակ էր մնում իր դեղերի հետ, միաժամանակ պայքարելով իր կախման դեմ, խորանում Աստվածաշնչի ընթերցանության ու Աստծո հետ խոսակցությունների մեջ: «Ես գիտեի, որ Աստված և նրա լույսը դեռ ինձ հետ են, ու փորձում էի վերադառնալ»: Հետո սկսվեց սարսափելին: Սկզբում Բոբին ընտանեկան նկարից կտրեց կնոջ գլուխը: Հետո նա սկսեց տնով մեկ պատերին, դռներին, գորգերին սատանայական աչքեր նկարել: «Ամենուրեք սարսափազդու աչքեր էին` հայացքներն ինձ հառած: Ես հարցնում էի Աստծուն` այս ի՞նչ է կատարվում այստեղ: Ինչ-որ բան պետք է պայթեր»: Ուիթնին երախտագիտությամբ է հիշում, թե ինչպես մի անգամ մայրը եկավ ոստիկանի հետ և ասաց. «Ահա դատական որոշումը: Բոբի, եթե շարժվես` շերիֆը քեզ գետնին կպառկեցնի: Իսկ դու, Ուիթնի, արի իմ հետևից: Սա այն երեխան չէ, ում ես դաստիարակել եմ: Ես պետք է քեզ հանեմ սատանայի ճանկերից: Ես պետք է լույս վերադարձնեմ քո աչքերին»: Մայրը դստերը պառկեցրեց վերականգնողական կենտրոնում և խնդրեց,
որ նա ինքը որոշում կայացնի ամուսնալուծության մասին:
Ամուսնու հետ վերջնականապես կապերը խզելուն օգնեց Ուիթնիի դուստրը` Քրիստինան: Ուիթնին դեռ սպասում էր, որ Բոբին կգա և ներողությւոն կխնդրի ու վերջ կտա սանձարձակ կյանքին, բայց դուստրը հոր լուսանկարներն ինտերնետում ուրիշ կանանց հետ տեսնելով՝ ասել էր մորը. «Բաժանվիր` դու նման կյանքի արժանի չես»:
2009 թ. Ուիթնի Հյուսթոնը թողարկեց ալբոմ` I Look To You գլխավոր երգով: Հարցազրույցում նա պատմում էր, որ այդ երգն Աստծո մասին է, ում ինքը նայում է, ում սիրում է ամենից շատ, ումից շնորհակալ է, որ երբեք իրեն չի լքել:
«Դու իրո՞ք վերջ ես տվել թմրանյութերին»,- այն ժամանակ հարցրեց Օփրան:
«Այսօր` այո: Մի կարծեք, թե այլևս չեմ ուզում: Պարզապես պետք է ասել` գնա, հեռացիր ինձնից: Պետք է այդ ցանկությունը վռնդել աղոթքով: Դուք դեռ կարող եք սրճարաններում ինձ խմելիս տեսնել: Երբեմն չեմ դիմանում` խմում եմ: Առանց Աստծո օգնության ես ոչինչ չեմ կարող անել»:
«Ես սիրում եմ քեզ, Ուիթնի»,- Միսիսիպիում իր համերգի ժամանակ հրապարակավ հեկեկում էր Բոբի Բրաունը` ստանալով նախկին կնոջ մահվան լուրը: Երգչուհու երկրպագուները հենց Բոբիին են մեղադրում Ուիթնի Հյուսթոնի ողբերգական ճակատագրի համար: Բայց դա Ուիթնիի ընտրությունն էր: Եվ նրա սերը:

















