Հումորիստ, սցենարիստ, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Գարիկ ՊԱՊՈՅԱՆԻՆ հայ հեռուստադիտողը ճանաչում է մի շարք նախագծերից` «Վիտամին», «Սուպերսթար», «Իքս ֆակտոր», «Հարց չկա»: Բայց երևի ոչ բոլորը գիտեն, որ այս երիտասարդը նաև տաղանդավոր երաժիշտ է` հրաշալի երգեր է գրում, արդեն հասցրել է ձայնասկավառակ թողարկել, տեսահոլովակներ նկարահանել: Ինչպես ինքն է խոստովանում` երաժշտությունն իր տարերքն է: - Գարիկ, հայտնի է, որ բեմական գործունեությունդ սկսել ես 16 տարեկանից` ընդգրկվելով ՈՒՀԱ-ի թիմերից մեկում: Իսկ դրանից առաջ շոու բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն եղե՞լ է:
- Հանդիսականի առաջ հայտնվելու և իմ շնորհը ցուցադրելու մեծ ձգտում ունեցել եմ դեռ ՈՒՀԱ-ից առաջ: Պատանի հասակից հաղորդումների, ֆիլմերի, գովազդների սցենարներ էի գրում, այնուհետև ընկերներիս օգնությամբ սիրողական տեսախցիկով նկարահանում էի դրանք ու ցուցադրում մտերիմներին: Նմանակումներ էինք անում: Մեր բակում բոլորը գիտեին իմ նախասիրության մասին և մի օր էլ այդ համբավը հասավ հայկական ՈՒՀԱ-ի «Օտպետիե ռոմանտիկի» թիմի մի քանի տղաների, ովքեր ապրում էին մեր բակում: Նրանք ինձ հրավիրեցին խաղալու իրենց նկարահանած հումորային սքեչերի զանգվածային տեսարաններում: Աստիճանաբար սկսեցին առանձին դերեր վստահել: Իսկ երբ թիմն ընդգրկվեց Պյատիգորսկի ՈՒՀԱ-ի լիգայում, տղաներն ինձ ևս իրենց թիմի կազմում ներառեցին: Նրանց հետ մեկնում էի Պյատիգորսկ, Սոչի, խաղում ՈՒՀԱ-ում: Բայց այդ ամենին ես լուրջ չէի վերաբերվում, մանավանդ իմ դերն էլ այդ թիմում մեծ չէր, դա ինձ համար ժամանց էր և ոչ թե հեռանկարային ճանապարհ: Ու լուրջ մասնագիտություն ձեռք բերելու մտադրությամբ ընդունվեցի Երևանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարան` տուրիզմի բաժին: Հետո մեկնեցի ԱՄՆ, որից հետո ծառայեցի բանակում: Թվում էր` հումորը, բեմը անցյալում են մնացել: Բայց պարզվեց, որ «Օտպետիե ռոմանտիկին» այն ճանապարհն էր, որով ես պիտի ոտք դնեի շոու բիզնեսի աշխարհ: Բանակում ծառայելու վերջին ամիսներին Երևանում կազմավորվեց «32 ատամ» ակումբը, որը սկզբնական շրջանում գործունեություն էր ծավալում «Ավանգարդ ֆոլկ» ակումբում, և դեռևս դրա հեռուստատեսային տարբերակը չկար: Երբ զորացրվելուց առաջ արձակուրդ էին տվել, ինձ հրավիրեցին այդ ակումբ` զանգվածային ինչ-որ տեսարանում խաղալու համար: Իսկ զորամաս վերադառնալուց հետո իմացա, որ «32 ատամը» սկսել է հեռարձակվել: Շատ կարճ ժամանակում այն անուն ձեռք բերեց, և երբ վերադարձա բանակից` բավական համբավավոր հաղորդում էր: Ինձ ևս ընդգրկեցին ստեղծագործական խմբում, և այդ օրվանից մինչ օրս աշխատում եմ տղաների հետ` սկզբում «32 ատամում», հետո էլ` «Վիտամինում»:
- Քո մասնագիտությամբ զբաղվելու մտադրություն այդպես էլ չունեցա՞ր:
- Տուրիզմն ի սկզբանե ընտրել էի ոչ թե այդ ոլորտի հանդեպ մեծ հետաքրքրություն ունենալու պատճառով, այլ պարզապես ՈՒՀԱ-ի տարիներին ուզում էի լուրջ բանով զբաղվել: Մասնագիտության փնտրտուքների ժամանակ տուրիզմը չգիտես ինչու` ինձ ամենագրավիչը թվաց: Միայն սովորելու տարիներին հասկացա, որ այդ մասնագիտությունն իմը չէ: Իսկ երբ ուսման կեսից գնացի բանակ, այնուհետև վերադարձա` «32 ատամի» հաստատված անդամ էի, ունեի իմ աշխատանքը, որն ինձ դուր էր գալիս: Տուրիզմը կարծես մղվեց երկրորդական տեղ: Չնայած բանակից հետո համալսարանն ավարտեցի:
- Իսկ ե՞րբ հասկացար, որ հումորից առավել քեզ հոգեհարազատ է երաժշտությունը:
- Երգեր գրել եմ մինչև ՈՒՀԱ-ում հանդես գալս: Երաժշտությունն ինձ համար այլ աշխարհ է, որտեղ ես կարողանում եմ հանգստանալ, պատսպարվել: Այն իմ մեջ հույզեր է առաջացնում, ստիպում է տխրել, ուրախանալ: Երաժշտությունն ինձ համար ինքնադրսևորվելու լավագույն միջոցն է, թեկուզև հումորն էլ խորթ չէ և ինքդ քեզ ներկայացնելու, ասելիքդ հասարակությանը հասցնելու հնարավորություն է տալիս: Բայց ի տարբերություն երաժշտության` հումորը որոշակի սահմանափակումներ է դնում իմ առաջ, որոշ կարծրատիպեր պարտադրում: Իսկ երաժշտության մեջ ես ազատ եմ, անկեղծ եմ, գրում եմ, երբ մուսաս է գալիս, այնինչ հումորով զբաղվում եմ «պարտադրաբար», աշխատանքային գրաֆիկին համապատասխան: Մուսաս գա, թե ոչ` ես պետք է այդ աշխատանքն անեմ ու համապատասխան ձևաչափից դուրս չգամ: Իսկ երաժշտությունը ոչ թե աշխատանք է, այլ հոգևոր մղում: Երգի, երաժշտության հանդեպ սերն ինձ ստիպեց կիթառ նվագել սովորել, գործիքավորել իմ գրած երաժշտությունը, և այդ ամենը` ոգեշնչվածությամբ: Ես դրանից մեծագույն հաճույք եմ ստանում:
- Ասացիր` հումորը պարտադրում է, սահմանափակում: Մի՞թե ձեր համարներն ինքնաբերաբար չեն ծնվու
մ` մուսայի թելադրանքով:- Կարելի է ասել` դրանք զոռով են ստեղծվում. «զոռ» ենք տալիս մեր երևակայությանը, քանի որ իրականության մեջ սյուժեներն այնքան շատ չեն, որպեսզի կարողանանք ամեն շաբաթվա համար նյութ քաղել: Հայաստանում դեպքերն այնքան էլ արագ չեն զարգանում, որպեսզի հումորի թեմա դառնան: Իսկ աղմկահարույց միջադեպերն էլ, որոնք արդիական են և որոնցից կարող ենք «սնվել», անմիջապես հայտնվում են տաբուի տակ, դրանց մասին խոսելը վտանգներով է հղի: Այդ պատճառով ստիպված ենք լինում ինքներս հորինել սյուժեները, թեմաները:
- Ինչպես ցանկացած հումորում` վիտամինային կատակները ևս տողատակերից զերծ չեն: Երբևէ դա վեճերի ու սպառնալիքների պատճառ չի՞ դարձել:
- Այո, մեր համարներում տողատակերը շատ են: Եվ ոչ միայն որոշակի մարդկանց են ուղղված, այլև մարդկային այս կամ այն տեսակին, այս կամ այն խավին, հասարակական շերտին: Այդ տողատակերն ինքնանպատակ չեն, փորձում ենք մարդկանց հուշել, որ նրանց վարքագիծը քննադատելի է, ծիծաղելի կամ էլ տարբեր պաշտոնյաների փորձում ենք պարբերաբար հիշեցնել իրենց պարտավորությունները: Օրինակ` սոված դերասանի ներկայացնելով` ոչ թե ծաղրում ենք դերասանին, այլ քննադատում այն հաստատություններին, որոնք հոգ չեն տանում դերասանների մասին և փորձում ենք այնպես անել, որ հումորը ճիշտ ընկալվի, հենց հասցեատիրոջը հասնի:
Ինչ վերաբերվում է կուլիսային խոսակցություններին` նման բաներ շատ են պատահում, երբ մեր հումորով որևէ մեկի ոտքը «տրորում» ենք: Երբեմն մեր հյուրերը չեն համակերպվում, որ հաղորդումից հետո իրենց հասցեին հնչած հումորը որոշ ժամանակ որպես «պիտակ» մնում է անվան վրա, նրանց ճանաչողները պարբերաբար հիշեցնում են այդ հումորը, երբեմն օգտագործում նրանց դեմ: Եվ քանի անգամ խնդրել են այլևս նման կատակներ չանել կամ այդ հաղորդումը եթեր չտալ: Երբեմն այդ ըմբոստացումը լինում է ընկերների, բարեկամների հրահրմամբ: Բայց դա առողջ մոտեցում չէ, պետք է հումորի զգացում ունենալ և դրան ավելի թեթև վերաբերվել:
- Ինչո՞վ է պայմանավորված հայկական եթերում հումորային հաղորդումների առատությունը: Միայն թե չասես` պահանջարկն է այդպիսին:
- Հայկական հեռուստաալիքները փորձում են հետ չմնալ արտասահմանյանից, որոնք ողողված են հումորային հաղորդումներով: Տպավորություն է ստեղծվում, թե դրանք ամենահեշտ արվող հաղորդումներն են, և մերոնք էլ հեշտի հետևից ընկնելով` փորձում են ընդօրինակել: Բայց հաճախ հայկական եթերներից հումորի անվան տակ տափակություններ են հեռարձակվում: Հումորի առատությանը նպաստում է մեկ հանգամանք ևս, որը ես անվանում եմ լոտոյի սկզբունք: Հիշո՞ւմ եք` ժամանակին, երբ դա նորաձև դարձավ` մեկը մյուսի հետևից տարատեսակ լոտոներ բացվեցին: Այդ նույն սկզբունքով մեր հեռուստաալիքները սկսեցին սերիալներ նկարահանել, ընդ որում պատճեներն ավելի ու ավելի անորակ էին: Հիմա էլ նույնը կատարվում է հումորային հաղորդումների հետ: Հասկանալով, որ այդ ձևաչափն ընդունելության է արժանանում, որոշակի վարկանիշ ձեռք բերում, մյուսներն էլ են փորձում այդ եղանակով հանդիսատես գրավել` չմտածելով, որ հեռուստադիտողը ոչ թե հումորին է «կուլ գնում», այլ որակյալ հաղորդում է ուզում դիտել:
- Այսօր հեռուստատեսությամբ կարելի է հեռարձակել ինչ ասես, քանի որ գրաքննություն որպես այդպիսին` գոյություն չունի: Մտավախություն չունեք, որ ձեր հումորային որևէ համար կարող է բացասաբար անդրադառնալ կրտսեր տարիքի հեռուստադիտողի վրա:
- Հեռուստատեսային գրաքննություն չկա, բայց մենք ինքներս մեր հաղորդումներին, հումորներին խիստ ենք վերաբերվում` աշխատելով սահմանները չանցնել: Եթե համեմատեք մեր այսօրվա հաղորդումները մի քանի տարվա վաղեմություն ունցող հաղորդումների հետ` այդ խստությունն ակնհայտ կլինի: Երբ «32 ատամը» գործում էր ակումբային տարբերակով, և մեր հանդիսատեսն էլ հիմնականում ձևավորված երիտասարդներն էին` մեր հումորներում սահմանափակումներ չէինք դնում: Բայց երբ սկսեցինք հաղորդաշարի ձևով ներկայանալ` հաշվի առանք, որ մեզ դիտելու են ընտանիքի բոլոր անդամները` սկսած երե
խաներից, ովքեր սովորաբար կրկնօրինակում են հեռուստատեսային հերոսին` նրա խոսքերը, արարքները: Մենք հաշվի ենք առնում, որ յուրաքանչյուր հաղորդումով օրինակ ենք ծառայելու նրանց և աշխատում ենք վատը չսերմանել: - Արդյոք մեծ պատասխանատվություն չէ՞ «Հայ Սուպերսթարում» «դատավորի» դերում հանդես գալը. ի վերջո մարդկանց ճակատագրեր ես կանխորոշում:
- Պատասխանատվությունը շատ մեծ է: Բայց ինձ հենց այնպես չեն ընդգրկել ժյուրիի կազմում: Մինչ այդ ինձ արդեն «փորձել» էին որպես երաժշտության գիտակի, քանի որ ցանկացած հաղորդման ժամանակ, կապ չունի այն երաժշտական էր, թե ոչ, ես ասես «երաժշտական ժյուրի» լինեի` քննադատում էի, վերլուծում, խորհուրդներ տալիս: Ճիշտ է` դրանք շատ սուբյեկտիվ էին, բայց ըստ երևույթին զգալով իմ երաժշտական ընկալումները, «հոտառությունը», պատկերացումները, որոնք, պարզվեց, համապատասխանում են «Շանթ» հեռուստատեսության որդեգրած սկզբունքներին ու ճաշակին` ինձ հրավիրեցին իմ փորձը, սերը երաժշտության հանդեպ «ծառայեցնել» նախագծի նորաթուխ երգիչներին: Շատ դժվարին աշխատանք է, քանի որ սխալվելու դեպքում կարող ես վատ երգչին դեպի բեմ ճանապարհել կամ լավին զրկել այդ ճանապարհից: Բայց իմ փորձառությունն այս ընթացքում ինձ չդավաճանեց: Եվ դա գնահատելով` ինձ առաջարկեցին նաև դառնալ նախագծի երաժշտական պրոդյուսեր: Ճիշտ կողմնորոշվելու համար երկար ժամանակ շփվում եմ մասնակիցների հետ, փորձում ճանաչել նրանց հնարավորությունները, մարդկային հատկանիշները, հասկանալ` երգիչն ասելիք ունի՞ այս կյանքում: Ինձ համար կարևոր է, որ երգիչը լավ մարդ լինի: Լավ մարդը չի կարող սխալ բաներ երգել ու բացասական հույզեր արթնացնել: Ինձ համար կարևոր է նաև` ես հետագայում ամաչելո՞ւ եմ, որ այդ երգչի համար բեմական ապագա եմ կանխորոշել, թե հպարտանալու եմ: Շատ լավ է, որ «Շանթն» այսօր անշահախնդրորեն օգնում է այդ երիտասարդերին, նրանց հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, ճանաչում ձեռք բերելու: Իսկ հետագա ճանապարհը երգիչն ստիպված է ինքնուրույն հարթել` դժվարությունները հաղթահարելով և համառություն ցուցաբերելով:
- Վիտամինային ընտանիքի անդամների մեծ մասը հասցրել է «դասավորել» իր կյանքը: Դա քեզ չի՞ ոգեշնչում` սեփական ընտանիքը ստեղծել:
- Ես չեմ սիրում իմ կյանքի մանրամասները ներկայացնել հանդիսատեսին: Միայն կասեմ, որ իմ կյանքում հայտնվել է այն անձնավորությունը, ում հետ հարաբերությունները դեռևս շփման, միմյանց ճանաչելու փուլում են, բայց գործը դեռ ամուսնությանը չի որ պատրաստվում եմ ամուսնանալ:
- Ի՞նչ սպասելիքներ ունես այս տարվանից:
- Այս տարին որոշել եմ նվիրել երաժշտությանը, նոր ալբոմ ձայնագրել, քանի որ բավականին երգեր են հավաքվել, նաև նոր երգերի գաղափարներ կան: Ուզում եմ, որ տարին ինձ համար երաժշտական լինի:


















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post