Մեր ժամանակներում անցկացվող երգի բազմաթիվ մրցույթներ շարքային երաժշտասերների շրջանում արդեն գրավչությունը կորցրել են այն պարզ պատճառով, որ քչերն են հավատում, թե դրանք իսկապես մրցույթ են, և որ հաղթողներն ընտրվում են ըստ իրենց ունակությունների և ստեղծագործական ներուժի: Բայց դեկտեմբերի 13-ին ամփոփվեց մի մրցույթ, որը գրավել էր երիտասարդական ժամանակակից երաժշտության հազարավոր երկրպագուների ուշադրությունը: Մրցույթի հիմնական հետաքրքրությունն այն էր, որ բոլոր ցանկացողները մասնակցելու հնարավորություն ունեին: Ի՞նչ մրցույթի մասին է խոսքը:
Քաղաքի ամենահայտնի ռադիոկայաններից մեկը` «Ռադիո Վանը», որի հաղորդումներն արդեն13 տարի հեռարձակվում են Երևանում և մայրաքաղաքի մերձակա շրջաններում, այս տարվա սկզբին նախաձեռնել էր Va Music Awards երգի մրցույթը՝ ժամանակակից երաժշտության բոլոր ժանրերում` ջազ, փոփ, ռոք, ռեգեյ, ֆոլք և այլն: Բոլոր ցանկացողները պետք է ուղարկեին իրենց ստեղծագործությունները, որոնք եթերում հնչում էին այնքան ժամանակ, քանի դեռ պահանջարկ էին վայելում: Մարդիկ լսում էին նոր երգերը և ռադիոկայանի կայքում քվեարկում դրանց օգտին: Ձայների քանակով էլ որոշվում էր այս կամ այն անվանակարգում տվյալ ամսվա հաղթողը: Իսկ հետո բոլոր ամիսների հաղթողներից բանիմաց ժյուրին ընտրել է յուրաքանչյուր ժանրում տարվա լավագույն կատարողին: 
Որո՞նք են այս երաժշտական իրադարձության առավելություններն ու թերությունները: Դե, նախևառաջ յուրաքանչյուր մրցույթ երաժիշտին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ներկայանալ հանրությանը: Եվ դա թերևս այս նախագծի գլխավոր առավելությունն է: Երկրորդ` հաղթողի ընտրության հարցում նմանօրինակ թափանցիկությունը, ինչպես արդեն նշեցինք, շատ հազվադեպ է մեր շոու բիզնեսում և նույնպես արժանի է մեծ գովեստի: Բացի դրանից՝ այս ձևաչափը մրցույթին մասնակցելու հնարավորություն է տվել ոչ միայն հեռուստաէկրաններից հանդիսականներին արդեն հոգնեցրած դեմքերին, այլև երիտասարդ կատարողներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում էստրադայում` դրանով ասես հավասար իրավունքներ տալով հանրահայտ երգիչներին և նրանց սկսնակ գործընկերներին: Եվ վերջապես՝ հերթական հանդիպումը սիրելի և հանրահայտ երգիչների հետ՝ երբեք և ոչ ոքի չի խանգարել:
Հիմա՝ թերությունների մասին: Նախ` նման նախաձեռնություններում ոչ այնքան փորձառու ռադիոկայանի կոլեկտիվը հաշվի չի առել, որ ոչ բոլոր մարդիկ են բավականաչափ ազնիվ և մրցույթի անցկացման առաջին ամիսներին համակարգչային գործի տարատեսակ վարպետների համար ոչ մի դժվարություն չէր ներկայացնում իրենց սիրելիների օգտին միավորներ ավելացնելը: Բացի դրանից՝ կար նաև որոշակի անհավասարություն տարբեր անվանակարգերի մասնակիցների քանակում: Այսպես՝ ամենաշատ դիմումները եղել են փոփ երաժշտություն անվանակարգում, իսկ օրինակ ֆոլքում ընդամենը մեկ մասնակից է եղել: Ջազ անվանակարգում հայտնվել էին կատարողներ, ովքեր ջազի հետ շատ քիչ ընդհանրություն ունեին: Բայց սրանք մանրուքներ են կազմակերպիչների արած հսկայական աշխատանքի, նաև՝ ամփոփիչ արդյունքների համեմատությամբ:
Եզրափակիչ համերգը հատուկ կազմակերպվել էր ռադիոկայանի 13-ամյակի օրը՝ դեկտեմբերի 13-ին: Անվանակարգերի քանակը նույնպես 13 էր: Սունդուկյանի անվան թատրոնի բեմում կազմակերպված շոուն բավականին տպավորիչ էր: Առաջին հատվածում ելույթ ունեցան ինչպես իմ հետևում նստած երիտասարդն արտահայտվեց` «իսկական կենդանի երաժշտության» ներկայացուցիչները` ռոքերները, ջազմենները, բլյուզմենները և ռեգեյ ոճի կատարողները: Ամեն ինչ լավ էր, միայն թե կազմակերպիչները երևի հաշվի չէին առել (կրկնում եմ՝ նման միջոցառումներ անցկացնելու փորձն է քիչ), որ այդ «կենդանի» խմբերի ելույթի համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան նրանց ստեղծագործության տևողությունն է: Գումարած՝ տեխնիկայի ու հնչյունային օպերատորների հետ մեր մշտական խնդիրը. գրեթե յուրաքանչյուր խմբի ելույթի ժամանակ կամ խոսափողը չէր աշխատում, կամ կիթառի ձայնը չէր հնչում... Այս ամենի հետևանքով համերգի առաջին մասը գրեթե 3 ժամ տևեց: Բայց ընդմիջումից հետո, երբ բեմում հայտնվեցին «պոպսովիկները»` յուրօրինակ լուսային շոուի, հրաշալի պարախմբի և
նույնիսկ կրկեսային համարների ուղեկցությամբ, համերգն ավելի ուրախ ընթացք ստացավ: Չնայած ուշ ժամին՝ հանդիսատեսը հաճույքով էր լսում կատարողներին և բազմաթիվ հաղորդավարներին:
Ինչո՞ւ բազմաթիվ: Որովհետև «Ռադիո Վանը» վերջապես որոշել է հանրությանը ցույց տալ այն մարդկանց դեմքերը, ում ձայները և ծրագրերը տարիներ
շարունակ լսում ենք ուղիղ եթերում: Այնպես որ գրեթե յուրաքանչյուր նոր երգ նոր հաղորդավար էր ներկայացնում: Կատարողների շարքերում թե ճանաչված արտիստներ էին` Շուշան Պետրոսյան, Սոֆի Մխեյան, Անդրե, Լիլիթ Հովհաննիսյան, թե շատ երիտասարդ, քչերին հայտնի կատարողներ` Գոհար Գրիգորյան, Դինա, Վիրջինիա Մուն,.O և Favorite խմբերը և այլն: Նույնը՝ նաև հաղթողների հարցում` կային թե միանգամայն կանխատեսելի, թե շատ անսպասելի անուններ: Օրինակ այն, որ բլյուզ ոճում լավագույն կատարող է ճանաչվելու Սուրեն Առուստամյանը, լավագույն ռեգեյ խումբ` «Ռեինկարնացիան», իսկ ամենալավ ռոքերներ՝ «Դորիանս» խումբը, ոչ ոք չէր էլ կասկածում: Իսկ որ Նարինե Դովլաթյանի և նրա գործընկերներ Haik Solar &Ari Rock -ի երգն է ճանաչվելու լավագույն փոփ երգ, շատ դժվար էր ենթադրելը: Տարվա լավագույն վոկալիստուհին Ջուսն էր, իսկ վոկալիստը՝ Գոռ Սուջյանը: Եվ վերջապես` տարվա լավագույն երգ դարձավ Beautiful Suday-ը՝ Նարինե Դովլաթյանի և նրա գործընկերների կատարմամբ:
Հիմնական մրցանակներից բացի՝ կային նաև հատուկ մրցանակներ` «Հարգանք», «Հույս», «Նոր անուն», «Ռադիո հիթ», որոնք հանձնվեցին համապատասխանաբար «Էմփիրեյ» խմբին, Նիկ Եգիբյանին, Սուրեն Առուստամյանին և The Beautiful Project խմբին: Դե իսկ տարվա ջազային լավագույն երգչուհի ճանաչվեց Էմմա Ասատրյանը:
Իհարկե ոմանք կարող են չհամաձայնել այս ընտրության հետ և որպես ապացույց հազարավոր պատճառներ բերել` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Բայց որքան մարդ՝ այնքան կարծիք: Երկրորդ` դրանով էլ հենց ուշագրավ է այս մրցույթը, որ հաղթողներին ընտրում էին ոչ թե մեծանուն քննադատները և երաժշտագետները, կամ ինչն ավելի վատ է` այդ ոլորտում մեծ հարգանք վայելող, բայց երաժշտության հետ շատ քիչ առնչություն ունեցող մարդիկ, այլ ունկնդիրները, նրանք, ում համար էլ հենց գրվում և կատարվում են այդ երգերը: Այնպես որ այս մրցույթի արդյունքների անաչառությունը և թափանցիկությունը կասկածներից վեր են: Իսկ շոու բիզնեսում այսօր դա է ամենակարևորը:

















