Հարցազրույց «Շանթ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Թաքնված տաղանդ», «Պարիր` թե կարող ես», «Պարահանդես» նախագծերի հաղորդավար Գրիգոր ԱՂԱԽԱՆՅԱՆԻ հետ
- Դուք մասնագիտությամբ ատամնաբույժ եք, ինչպե՞ս մտաք արվեստի բնագավառ:
- Մանկուց դերասանի մասնագիտությունը գրավել է: Սակայն ինձ դուր չէր գալիս, թե ինչպես են ապրում իմ շատ սիրելի դերասանները: 9-րդ դասարանում, երբ եկավ կողմնորոշվելու` մասնագիտություն ընտրելու պահը, հասկացա, որ եթե այդ ճանապարհն ընտրեմ, որքան էլ հաջողակ լինեմ` չեմ կարող ապահովված ապրել: Դեռ այն ժամանակվանից ձգտում էի այնպիսի գործով զբաղվել, որ լավ ապրելու հնարավորություն ունենամ: Բժշկական ինստիտուտ ընդունվելու գաղափարը, բազմիցս եմ ասել, մայրիկինս էր, քանի որ ես այդպես էլ չկողմնորոշվեցի, թե ի վերջո ինչ եմ ցանկանում դառնալ: Որոշվեց, որ պետք է ատամնաբույժ դառնամ: Քանի որ բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը ռուսական բաժին չուներ` հայկական էր, ես էլ ռուսական կրթություն ունեի (ավարտել եմ Երևանի Չեխովի անվան ռուսական դպրոցը)` պետք է ընդունելության քննությանը հայոց լեզվից թելադրություն գրեի: Իսկ իմ հայերենի իմացությամբ` մի բառի մեջ չորս սխալ կանեի և հաստատ կկտրվեի: Հայրս ու մայրս էլ ռուսաց լեզվի ուսուցիչներ էին, և տանն ավելի շատ ռուսերեն էինք խոսում, այդ պատճառով ստիպված եղա երկու տարի կրկնուսույցի մոտ հայոց լեզու պարապել, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետև հետագայում գործիս բերումով հայոց լեզվի իմացությունը բավականին օգնեց ինձ: Ընդունվելուց հետո մասնակցում էի «ուսանողական գարուններին»: Ջազ տրիո ունեինք, որտեղ ես դաշնամուր էի նվագում` ուսանողական շրջանակներում բավականին ճանաչված ու սիրված էինք, փառատոներում առաջին տեղեր էինք զբաղեցնում:
- Երաժշտական կրթություն ստացե՞լ եք:
- Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն եմ ավարտել` դաշնամուրի բաժինը: Յոթ տարի տանջվելով սովորեցի, ավելի ճիշտ` մաման էր տանջվում` յոթ տարի կողքիս նստելով:
- Չսիրելո՞վ էիք գնում:
- Երաժշտություն սիրում էի, բայց քանի որ շատ անհանգիստ մարդ եմ` նույն տեղում երկու ժամ չէի կարողանում նստել, մաման էլ պահակի նման կողքիս նստած` հսկում էր:
- Վերադառնանք մասնագիտությանը, բժշկական ինստիտուտն ավարտեցի՞ք:
- Այո, իհարկե: Նույնիսկ երեք տարի աշխատեցի որպես ատամնաբույժ: Դրանք այն վատ` 1990-ականների տարիներն էին, երբ մարդկանց ձեռքին գումար չկար, ամիսը մեկ-երկու հիվանդ էր կարողանում ատամ բուժել: Ես էլ քանի որ առանձնապես չէի սիրում այդ մասնագիտությունը` վերջնականապես հիասթափվեցի:
Մինչև ինստիտուտն ավարտելը խորհրդային բանակ զորակոչվեցի: Ի դեպ նաև կուսակցական եմ եղել, ասացին` ընդունվիր, պետք կգա, բայց պետք չեկավ: 1988 թ., երբ բանակից վերադարձա, հիմնեցինք «Մետրո» թատրոնը. ես էի, Ֆորշը, Լևոն Հարությունյանը, Ալլա Թումանյանը, հաջող կազմ էր: Երեք տարի այդտեղ խաղալուց հետո ծանոթացա Արթուր Գրիգորյանի հետ, տեղափոխվեցի Երգի պետական թատրոն: Արթուր Գրիգորյանի մոտ բավականին լավ դպրոց անցա: Նա շատ տաղանդավոր մարդ է: Սովորում էինք ամեն ինչ` ժողովրդական երգից մինչև ջազ: Համերգներ էինք տալիս, հյուրախաղերի մեկնում, եղել ենք Ղարաբաղում, արտասահմանում, Ֆրանսիայում առաջին անգամ Երգի պետական թատրոնի հետ եմ եղել: 1997 թ. դուրս եկա Երգի թատրոնից և ու հենց այդ շրջանում ծանոթացա ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» խմբի տղաների հետ, նրանց հետ մեկնեցի Մոսկվա` մասնակցելու առաջին խաղին, որտեղ ապահովում էինք երաժշտական մասը: Այդ ժամանակահատվածում ծնվեց Top 10 of rabiz նախագծի գաղափարը: Որոշեցինք և շատ արագ գործի անցանք` բնավորությանս համաձայն: Ես այդպիսին եմ, եթե մի բան որոշում եմ` անմիջապես գլխից եմ բռնում (կյանքը ցույց է տվել, որ եթե այդպես չվարվես, ոչնչի չես հասնի): Top 10 of rabiz-ից հետո անասելի ճանաչում ձեռք բերեցի:
- Աստղային հիվանդությամբ չվարակվեցի՞ք:
- Երբեք դրանով չեմ տառապել ոչ այն ժամանակ, ոչ հիմա: Կարող եք ինձ ճանաչող յուրաքանչյուր մարդու հարցնել: Միշտ զարմացել եմ նրանց վրա, ովքեր իրենց այդպես են պահում: Դեպքեր են եղել` նույնիսկ շատ հայտնի մարդիկ (անուններ չեմ ցանկանում տալ) ինձ ասել են` Գրիշա, շատ համեստ ես, մի քիչ քեզ բարձր պահիր: Ես չեմ կարող փոխվել, քանի որ այսպես եմ դաստիարակվել: Ինչպես օրինակ` Գարիկը Մարտիրոսյան. նա ինչպես եղել է մինչև հայտնի լինելը` այդպիսին էլ մնացել է` նույն խոսելաձևը, շարժուձևը, համեստությունը: Անձամբ առիթ եմ ունեցել րոպեների ընթացքում շփվելու Շառլ Ազնավուրի, Սթիվի Ուանդերի և շատ այլ հայտնի մարդկանց հետ և տեսել նրանց անսահման համեստությունը: Եվ ինձ համար ծիծաղելի է, որ այսօրվա երեխաները երեկ` մեկ, այսօր երկու` արդեն քթները ցցած են ման գալիս: Համեստ և անմիջական մարդկանց ավելի շատ են հարգում ու սիրում: Իսկ ի՞նչ է պետք հայտնի մարդուն, որպեսզի սիրված լինի: Ճանաչված շատերը կարող են լինել, բայց սիրված` քչերը: Եթե գոռոզ լինես` հաստատ այդ վերաբերմունքին չես արժանանա, այն համաժողովրդական սերը, որի մասին բոլոր արտիստներն են երազում` չես ստանա:
- Դուք ձեզ ավելի շատ դերասա՞ն, թե երգիչ եք համարում:
- Երկուսն էլ սիրում եմ: Չնայած հիմա էլ, երբ ինձ ներկայացնելու հարկ է լինում, շատերը չեն կողմնորոշվում դերասա՞ն ասեն, թե երգիչ:
- Հիմա էլ հաղորդավարն է գումարվել:
- Ճիշտ է` այսօր շոումենն ինձ ավելի հոգեհարազատ է, բայց երբ ավելի խոր եմ մտածում` ես դերասան եմ:
- Գրիշա, ԱՄՆ-ում ինչպե՞ս հաստատվեցիք:
- 2000 թ. ինձ, նախկին կնոջս` Իդային (նա Տաթևիկ Հովհաննիսյանի մոտ ջազ քոլեջն է ավարտել), Հասմիկ Կարապետյանին և այլոց հրավիրեցին Լոս Անջելես` համերգի, որը մեծ հաջողություն ունեցավ: Այնտեղ ոմանք ականջիս շշնջացին. «Էլ ինչո՞ւ ես վերադառնում, գրին քարտ ստացիր, մնա այստեղ»: Քանի որ այնտեղ մնալու վեց ամսվա իրավունք ունեի, մտածեցի` եթե այդ ժամանակահատվածում ստացվի գրին քարտ ստանալ` կմնամ, եթե ոչ` հետ կգամ Հայաստան: Մանավանդ, որ արդեն ճանաչում ունեի, ապահովված էի, այնպես չէր, որ մտածեի` փախչեմ-գնամ այստեղից: Եվ պատկերացրեք` այդ վեց ամսվա ընթացքում գրին քարտ ստացա:
- Օրինակա՞ն ճանապարհով:
- Իհարկե: Փաստաթղթերիս, մրցանակներիս, CD-ներիս մի մեծ փաթեթ էի ներկայացրել: Ամերիկացիները հիացած էին: Ինձ համար շատ կարևոր էր օրինական ճանապարհով մնալը, որպես փախստական երբեք չէի մնա:
- Նույն գործո՞վ էիք զբաղվում:
Այո, աշխատում էի տարբեր ստուդիաներում, իսկ վերջին հինգ տարին` «Շանթի» լոսանջելեսյան «Shat-ART» հեռուստաալիքում:
Հիմնական վերադառնալու ցանկություն չունե՞ք:
Այդ մասին չեմ էլ մտածել, երկքաղաքացիություն ունեմ և արդեն տաս տարի է` երկու քաղաքում եմ ապրում. երբ պետք է` այստեղ եմ, երբ այնտեղ եմ պետք` այնտեղ: Վերջին երեք տարիներին «Շանթ» հեռուստաընկերության շնորհիվ ավելի շատ այստեղ եմ լինում: Այն նախագծերը, որոնք «Շանթն» է իրականացնում` «Թաքնված տաղանդ», «Պարիր` թե կարող ես», «Պարահանդես», ինձ շատ հոգեհարազատ են: Եվ երբ ինձ առաջարկեցին վարել «Թաքնված տաղանդ» նախագիծը` շատ ուրախացա, քանի որ զգում էի, որ կարող եմ: Ես հանդիսատեսի պահանջ ունեմ, միշտ մասնակիցների կողմն եմ, նրանց եմ պաշտպանում:
- Նույնիսկ այն պահերին, երբ մեկ ուրիշն առիթը կօգտագործեր` կծաղրեր կամ կծիծաղեր ծրագրի այս կամ այն մասնակցին, դուք դա չեք անում: Դա ձեր մարդկայի՞ն տեսակն է, թե ձևաչափն է այդպես պահանջում:
Թող անհամեստություն չթվա` ես իրոք այդպիսին եմ: Պարզապես քանի որ ձևաչափն էլ էր այդպիսին` համընկավ: Դրա համար է, որ այս նախագծերում ես ինձ զգում եմ` ինչպես ձուկը ջրում:
- Դուք հիմա համագործակցում եք «Շանթի» հետ, այլ հեռուստաընկերություններից առաջարկներ ունեցե՞լ եք, թե դա պայմանագրով չի թույլատրվում:
Պայմանագիր` որպես այդպիսին չկա, պարզապես ինձ դուր է գալիս «Շանթում» աշխատելը, ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Անկեղծ ասած` առաջարկներ եղել են, բայց ես մտադրություն չունեմ այլ հեռուստաընկերություն գնալ, քանի որ այստեղ ինձ լավ եմ զգում` սկսած նախագծերից, վերջացրած` ղեկավարության ու մինչև անձնակազմի հետ հարաբերություններով: Բացի դրանից` Լոս Անջելեսում էլ եմ «Շանթի» հեռուստաալիքում աշխատում, ինչո՞ւ պետք է մեկ այլ տեղ գնամ:
- Կարծում եմ` ձեր հասցեին քննադատություններ շատ լսած կլինեք, ինչպե՞ս եք դրանք ընդունել, չե՞ք կոտրվել:
- Ժամանակին` գուցե: Երբ նոր էի սկսում` նեղվում էի` սա այսպես ասաց, նա այնպես ասաց: Հետագայում հասկացա, որ չի կարելի բոլորի կարծիքներն այդքան սրտին մոտ ընդունել, քանի որ խելագարվել կարելի է: Մարդիկ կան, որոնց կարծիքները կարևոր չեն ինձ համար, այդ դեպքում ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, իսկ նրանց խոսքերից, ում կարծիքներն ինձ համար կարևոր են, ոչ միայն չեմ վիրավորվում, այլև աշխատում եմ օգուտ քաղել:
Եվ իհարկե` չեմ կարող չհարցնել ձեր ծրագրերի մասին:
«Պարահանդեսից» հետո սկսվում է «Պարիր` թե կարող ես» նախագծի երկրորդ եթերաշրջանը: Աշնանը նոր բեմադրություն կներկայացնենք թատերասերներին` լիրիկական կատակերգություն: Մասնակցելու ենք ես, Լևոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանը: Կարծում եմ` հանդիսատեսին դուր կգա:

















