Այսօր մեր մայրաքաղաքում եվրոպական նշանակության երաժշտական տոն է՝ մանկական Եվրատեսիլը: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում ելույթ են ունենում Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Վրաստանից, Բելառուսից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեդիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից եկած պատանի երգիչները և իհարկե՝ Հայաստանի ներկայացուցիչ 12-ամյա Դալիթա ԱՎԱՆԵՍՅԱՆԸ՝ Welcome to Armeia երգով: 13 շնորհալի պատանիներ մրցելու են երգով ու պարով և «ձգտելու են գագաթին»՝ ինչպես նրանց կոչ է անում մրցույթի պաշտոնական կարգախոսը` Reach For The Top: Իսկ մրցույթի լոգոտիպը (հեղինակն Անտոն Բարանովի բելառուսական ստուդիան է) էկվալայզերի սյունակների պատկեր է, որն ուրվագծով Արարատն է հիշեցնում: Գործի տեխնիկական կողմն իրականացրել է շվեդական HD RESOURCES ընկերությունը, որը Երևանի համալիրում մոնտաժել է լուսաձայնային բոլոր սարքավորումները: Հաղթողը կստանա մրցանակ՝ մեծ նռան տեսքով, որի հեղինակն է հայ տաղանդավոր նկարիչ Նուռը: Որպես պատվավոր հյուրեր՝ մրցույթում ելույթ են ունենալու մանկական Եվրատեսիլի նախորդ տարվա հաղթող Վլադիմիր Արզումանյանը, Եվրատեսիլ 2008-ի մասնակից Սիրուշոն և արտասահմանյան մի աստղ, ում անունը մինչև վերջին պահը հույժ գաղտնի է պահվելու: Մրցույթի ավարտի օրը` դեկտեմբերի 3-ին Երևանի գիշերային երկինքը կլուսավորվի տոնական հրավառությամբ:
Եվ այսպես՝ 12-ամյա Դալիթա Ավանեսյանն այս երկու օրերին միջազգային երաժշտական ասպարեզում կդառնա մեր երկրի պաշտոնական դեմքը: Իհարկե ես տեսել եմ այն տեսահոլովակը, որտեղ նա պարախմբի հետ կատարում է մրցութային երգը: Իսկ օրերս նրա հետ անձամբ ծանոթացա: Ասել, թե նա ուրախ և բարի աղջիկ է, նշանակում է` ոչինչ չասել: Նաև շատ նպատակասլաց է և տրամադրված հաղթանակի՝ ցանկացած հարցում: Պարզվեց՝ Դալիթան ծնվել է Իրանում և երբ դարձել է մեկ տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Երգել սկսել է 6 տարեկանից և մանկական երգի առաջին իսկ մրցույթում ստացել է մրցանակ, ինչն էլ հենց ոգեշնչել էր նրան: Այսօր նա Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սանուհի է, զբաղվում է վոկալով, սովորում դաշնամուր և կիթառ նվագել:
- Պատմիր, թե ինչպես հայտնվեցիր Եվրատեսիլում:
- Ես անցած տարի էլ էի ուժերս փորձել, բայց ձախողվել էի: Երևի բավականաչափ լավ չէի նախապատրաստվել: Իսկ հետո, երբ պարզվեց, որ Եվրատեսիլ 2011-ը Երևանում է անցկացվելու, ես կրկին հայտ ներկայացրի, շատ պարապեցի և հաղթեցի նախընտրական փուլում: Ես գրեցի երգ, որը հետո լրամշակեցի վոկալի իմ ուսուցչուհու` Էմմա Ասատրյանի հետ ու հուսով եմ, որ այն դուր կգա թե ունկնդիրներին, թե հանձնաժողովի անդամներին: Այս երգը իմ հայրենիքի մասին է, այն ամբողջ աշխարհից մեր երկիր է հրավիրում մարդկանց: Երգը շատ գեղեցիկ է, հոյակապ գործիքավորումն արել են Մարտին Միրզոյանը, իսկ դուդուկի մենանվագը կատարում է մեր հրաշալի երաժիշտ Վարդան Գրիգորյանը: Բոլոր համադասարանցիներս շատ ուրախացել էին նախընտրական փուլի իմ հաղթանակով, շնորհավորում էին, ոգևորում: Նրանք մրցույթի համար պաստառներ են պատրաստել, դրոշներ, և մտադիր են ինձ եռանդով աջակցել: Ես շատ շնորհակալ եմ իմ մանկավարժներից և դպրոցի ղեկավարությունից: Նրանք հասկանում են, որ եզրափակիչին պատրաստվելն ինձնից շատ ժամանակ է խլում, և այնքան էլ պահանջկոտ չեն իմ հանդեպ: Ես նրանց ու ինքս ինձ խոստացել եմ, որ հետո կլրացնեմ բաց թողածս: Ես դպրոցում լավ գնահատականներ ունեմ և ոչ մի դեպքում չեմ ուզում մրցույթի պատճառով միջակ դառնալ:
- Դալիթա, իսկ ինչպե՞ս ստեղծվեց բեմական համարը:
- Մենք շատ ենք աշխատել. պարուսույցը Նելլի Կարապետյանն է, բեմադրիչը՝ Վահան Բադալյանը, իսկ օդաչուի ու ուղեկցորդուհիների հագուստի
հեղինակը Լիլիթ Մարգարյանն է: Չէ՞ որ բեմում ներկայացնելու ենք Dream Airlies-ը, ընկերություն, որը պետք է մեր ապագա հյուրերին Հայաստան փոխադրի: Այդ ամենը շատ գեղեցիկ է և ճոխ:
- Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին:
- Ես արդեն ծանոթացել եմ նրանց հետ, լսել բոլոր երգերը, դիտել նրանց ելույթները՝ Եվրատեսիլի կայքում: Կարծում եմ՝ բոլորն էլ լավ պատրաստված են, երգերը, պարերը, ամեն ինչ շատ գեղեցիկ է և յուրօրինակ: Բայց ամենաշատն ինձ դուր է գալիս Ռուսաստանի մասնակից Կատյա Ռյաբովան: Եթե ես չմասնակցեի միցույթին՝ ձայնս հավանաբար նրան կտայի:
Նախնական հարցումների համաձայն՝ մրցույթի հիմնական ֆավորիտները Ռուսաստանի, Նիդեռլանդների, Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչներն են: Մեր մասնակցի ու նրա համարի մասին մրցույթի կայքում կարելի է կարդալ օրինակ այսպիսի արձագանքներ. «Հոյակապ երգ է, պարային յուրօրինակ բեմադրություն: Շատ են դուր գալիս բիթն ու վիբրացիան: Երգն ունի լավ ներուժ: Փայլուն աշխատանք է, Դալիթա», «Երգը շատ է համապատասխանում Դալիթայի կերպարին ու նրա ձայնին: Ուրախացնում է, որ երգի գործիքավորման մեջ հնչում են հայկական ավանդական նվագարաններ, դա երգին անկրկնելի հմայք է հաղորդում»: Եվ վերջապես. «Ինձ շատ է դուր գալիս թե երգը, թե բեմադրությունը: Ինձ թվում է` նախորդ տարվա մրցույթի հաղթող երկիրը ներկայացնող մասնակիցը չի կարող վատ պատրաստված լինել: Հոյակապ տրամադրվածություն և հետաքրքիր իմիջ»:
- Հավատո՞ւմ ես քո հաղթանակին:
- Իհարկե: Ես հաղթելու մեծ ցանկություն ունեմ և կանեմ հնարավոր ամեն ինչ՝ մրցույթում հաղթելու համար: Ես գիտակցում եմ, որ ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը: Կարևորը՝ կձգտեմ լավ երգել և լավ տպավորություն թողնել:
- Երգչուհի դառնալու ցանկություն ունե՞ս:
- Առաջ ուզում էի բժշկուհի դառնալ, որովհետև մեր ընտանիքում շատ բժիշկներ կան: Հետո մտափոխվեցի և որոշեցի միջազգային հարաբերություններ ուսումնասիրել: Բայց անկախ նրանից, թե որ բուհում կսովորեմ և ինչ մասնագիտություն կընտրեմ` անպայման կշարունակեմ երգել: Հուսով եմ՝ ինձ կհաջողվի համատեղել այդ երկու մասնագիտությունները:
Զրույցի ընթացքում պարզվեց, որ Դալիթան շատ է սիրում ջազ լսել և սովորում է ջազ երգել: Նրա ուսուցչուհին` երգչուհի Էմմա Ասատրյանը, մեծ հարգանքով է վերաբերվում իր սանուհուն. «Եթե Դալիթան ապագայում էլ շարունակի նույն ոգով աշխատել, կկարողանա հասնել շատ լավ արդյունքների: Նա ունի լավ ճաշակ, հոյակապ բնատուր տվյալներ: Պարզապես պետք է դրանք ճիշտ օգտագործել»:
Այսօրվա մրցույթում Դալիթային հաջողություն մաղթենք: Ըստ վիճակահանության՝ նա չորրորդն է ելույթ ունենալու: Բայց անկախ նրանից, թե Եվրատեսիլում նա ինչպես ելույթ կունենա՝ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում մեր երաժշտական բեմում նոր աստղ կփայլի:


















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post