Մեր հյուրն է հեռուստադիտողների մեծ բանակ ձեռք բերած «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուի պրոդյուսեր և հաղորդավար Հրաչ Մուրադյանը: Հեռուստադիտողը նրան հիշում է «Ար» հեռուստաընկերության եթերից, այնուհետև «Բաց նախագիծ» հայկական առաջին թոք շոուից: Բայց քչերը գիտեն, որ Հրաչը մասնագիտական վերելքն սկսել է ռադիոյից, այնուհետև դերասանական կրթություն է ստացել, բայց չի շտապում նկարահանվել հայկական սերիալներում: Ճիշտ է` դեռևս առաջարկներ չեն եղել, բայց Հրաչը հավաստիացնում է, որ լինելու դեպքում կմերժի, քանի որ սերիալում անելիք չունի, իրեն չի պատկերացնում հայկական սերիալային հեռուստանախագծերում: Բայց եթե ճակատագիրն իրեն հնարավորություն ընձեռի միջազգային հաջողված հեռուստասերիալներում կամ հայկական գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել` առիթը բաց չի թողնի դերասանական ունակությունները բացահայտելու համար:
- Հրաչ, երբ ընդունվեցիր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ` մի՞թե չէիր երազում այդ ոլորտում աշխատելու մասին:
- Ես դերասանի մասնագիտությունն ընտրել եմ հեռուստատեսային ոլորտում ավելի հմտանալու համար, ոչ թե դերասան դառնալու մղումով: Դերասանական կրթությունն ինձ շատ է օգնում հեռուստաեթերում ճիշտ ներկայանալու, տեսախցիկի առջև չկաշկանդվելու, եթերը գրավիչ դարձնելու համար:
- Ինչո՞ւ ես ընտրել հեռուստատեսային ասպարեզը, մասնավորապես հաղորդավարի մասնագիտությունը:
- Գուցե մասնագիտական կողմնորոշման հարցում ինչ-որ դեր է խաղացել «Հայֆիլմը»: 1990-ակաների դժվարին տարիներին հորեղբայրս` հայտնի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Յուբիկ Մուրադյանը ինձ ու եղբորս իր երկու տղաների հետ տանում էր «Հայֆիլմ», որը մեզ համար ժամանցի վայր էր դարձել:
Դեռ դպրոցական էի` 14 տարեկան և արդեն որոշել էի` երբ մեծանամ ու սիրուն տղա լինեմ` հաղորդավար եմ դառնալու: Չգիտեմ` որքանով է արտաքինս հաջողված, բայց հաղորդավար դառնալու հաստատակամությունն իմ ընտրության հարցում ավելի վճռորոշ դեր խաղաց: Ճիշտ է` եթերում երևալու համար արտաքինը վերջին տեղում չէ, բայց եթե խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ հեռուստատեսությանը, ապա այնտեղ պետք է գնահատվի ոչ թե պատյանը, այլ շատ ավելի կարևոր գործոններ` առաջին հերթին մտավոր պաշարը: Ցավոք, այսօր հայկական հեռուստատեսությունում պատկերն այլ է, այդ ոլորտում աշխատելու համար հաղորդավարի պրոֆեսիոնալիզմը հիմնական դեր չի խաղում: Թեև պրոֆեսիոնալ հաղորդավար լինելն էլ մեր իրականության մեջ բավականին դժվար ձեռքբերում է: Նախ` մենք դպրոց չունենք, և հաղորդավարը մասնագիտական հմտություններ է ձեռք բերում աշխատանքի ընթացքում, ինքնուրույն սովորելով: Բացի այդ` ես Մոսկվայում («ԿՀՁ» հեռուստաընկերությունում) և Հայաստանում հաղորդավարության դասընթացների եմ գնացել, ինչն ինձ շատ պիտանի գիտելիքներ ու հմտություններ է տվել:
- Հանգամանքները միշտ չէ, որ դասավորվում են հօգուտ մեր երազանքների կամ ձգտումների: Բայց քեզ հաջողվել է իրականացնել մանկության երազանքդ:
- Կարծում եմ` բավական է առաջին քայլն անես` իսկ հետագա ընթացքն ինքն իրեն կստացվի: Իմ կյանքում այդպես էլ եղավ: Մոսկվայում էինք ապրում, և ես սիրում էի ռադիո լսել: Շատ էի լսում «Եվրոպա պլյուս» ռադիոալիքը: Հետո, երբ եկանք Երևան` լսում էի «Հայ FM»-ը, որի հաղորդումներն ու հեռարձակած երաժշտությունն ինձ առանձնահատուկ էին թվում: Այդպես սիրահարվեցի ռադիոյի աշխատանքին և մի օր որոշեցի, որ անպայման պետք է աշխատեմ ռադիոկայանում, հատկապես «Հայ FM»-ում: Շատ լավ հիշում եմ` հունվարի 13-ն էր, իմ 14 տարին նոր էր լրացել: Ես համարձակություն ունեցա և գնացի «Հայ FM», ծեծեցի դուռն ու ասացի` «Բարև ձեզ, ես եկել եմ ձեզ մոտ աշխատելու նպատակով»: Եվ դուռը բացվեց: Ռադիոալիքի տնօրեն Անահիտ Թարխանյանը մեծահոգաբար ինձ ընդգրկեց աշխատակազմում: Այնտեղ ես շատ բան սովորեցի:
Ավելի ուշ սկսեցի մտածել հեռուստաեթերի մասին և հաճախեցի «Ար» հեռուստաընկերության կազմակերպած դասընթացներին, որտեղ խոսքի մշակույթ էր դասավանդում Սուսաննա Ալեքսանյանը: Որոշ ժամանակ անց ինձ հրավիրեցին նույն հեռուստաալիքով հեռարձակվող «Ի դեպ» հաղորդաշար` որպես հաղորդավարի: Այդ ընթացքում ընդունվեցի նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և հասկացա, որ դասերն ինձ համար ավելի կարևոր են, ու առաջնահերթ սկսեցի դրանցով զբաղվել: Բայց երբ արդեն փոխադրվել էի երկրորդ կուրս` ինձ առաջարկեցին ծրագիր վարել «Դինամիտ FM» ռադիոկայանով: Այդպես` կրկին վերադարձա ռադիո: Հետաքրքիր օրինաչափությամբ ռադիոյին զուգահեռ միշտ հեռուստատեսային առաջարկներ են եղել, և այս անգամ էլ «ԱրմենԱկոբ» հեռուստատեսությունից առաջարկ ստացա` վարելու «16» երիտասարդական երաժշտական ծրագիրը: Դրան հաջորդեցին ծրագրերը` Ազգային երաժշտական ալիքում, Հանրային հեռուստաալիքում, որտեղ ի դեպ սկսեցի վարել առաջին հայկական թոք շոուն` «Բաց նախագիծը», որը հիմք դարձավ մեկ այլ նման նախագիծ` «ATV»-ով հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտները» ձեռնարկելու համար: Թոք շոուի ձևաչափն ինձ ամենահոգեհարազատն է: Փորձել եմ տարբեր ձևաչափերում ներկայանալ. «Կիսաբաց լուսամուտներին» զուգահեռ «Դար 21» երաժշտական հեռուստաալիքում «Դարի գիշերն» էի վարում, որտեղ հարցազրույցներ էի անում տարբեր մարդկանց հետ` չխուսափելով սուր հարցերից ու սուր անկյուններից: Աշխատանքն ինձ դուր էր գալիս, բայց թոք շոուի «հագուստում» ինձ ավելի հարմարավետ եմ զգում:
- Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ քեզ համեմատում են ռուսական հեռուստաեթերի հաղորդավար Անդրեյ Մալախովի հետ, անգամ համարում են, թե քո վարած հեռուստանախագիծը մալախովյան թոք շոուի կրկնօրինակումն է:
- Ժամանակին փորձում էի ընդդիմանալ այդ համեմատություններին, բայց այսօր դրանց հանդեպ անտարբեր եմ, քանի որ մտածում եմ` լուրջ մարդու զբաղմունք չէ համեմատություններ անելը, քանի որ մեր տարբերություններն ակնհայտ են` թե որպես հեռուստակերպարներ, թե որպես անհատներ: Նույն հաջողությամբ ինձ կարող են նմանեցնել ռուսական «Ուղիղ եթեր» հաղորդաշարի վարող Միխայիլ Զելենսկուն, բեմական կերպարներով մենք ավելի նման ենք: Ինչ վերաբերում է Մալախովի և իմ արտաքին տվյալներին` դրանք ևս տարբեր են` նրա հասակը 180 սմ է, իմը` 172, իմ աչքերը շագանակագույն են, նրանը` կապույտ, Մալախովի մազերն իմի պես կարճ չեն: Ես հարգում եմ Մալախովին, բայց թոք շոուի ձևաչափը Մալախովը չի հորինել, որպեսզի ես նրան ընդօրինակեմ: Դա ամերիկյան հեռուստանախագծի ձևաչափ է, որն այսօր շատ երկրների հեռուստատեսություններ են օգտագործում: Ես լավագույն թոք շոուները համարում եմ ամերիկյան և իտալական հեռուստատեսություններով հեռարձակվող նախագծերը և դրանցից եմ սովորում:
Գոյություն ունի նաև ազգային մտածելակերպ, և յուրաքանչյուր երկրում տվյալ ձևաչափը «հարմարեցվում» է այդ մտածելակերպին: Հայկական թոք շոուները հարմարեցված են հայկական հեռուստաշուկային` ինչպես «Կիսաբաց լուսամուտները»:
- Քանի որ «Կիսաբաց լուսամուտները» հեռուստատեսային ծրագիր է` առաջնային դերը մարդկանց զվարճացնելն է, թե գումարային, թե հեռուստադիտողների քանակ ապահովելու առումով շահութաբեր հաղորդում ստեղծելը: Բայց ամիսների ընթացքում նախագիծն ավելի կարևոր առաքելություն է իրականացնում: Դուք ի սկզբանե նման նպատակ ունեցե՞լ եք:
- Երբ նախագիծը կյանքի կոչվեց` բնականաբար առաջին նպատակը հեռուստադիտողին ժամանցային հաղորդում առաջարկելն էր, քանի որ դա է պահանջում հեռուստատեսությունը: Բայց եթե հեռուստատեսությունն իր գլխավոր «կոչումն» ապահովելով հանդերձ` կարողանում է հարակից խնդիրներ լուծել` շատ ավելի լավ: Ոչ ես, ոչ հեռուստաալիքի ղեկավարությունը չենք կարող կանխատեսել, թե ինչ նպատակների կծառայի հաղորդումը, հաջողություն կունենա՞, թե ոչ: Բնականաբար մենք հույս ունեինք, որ նախագիծը հետաքրքիր, սուր և հրատապ թեմաներ բարձրացնելուց բացի` պետք է մարդկանց օգնի: «Կիսաբաց լուսամուտները» սկզբում նախատեսված էր որպես հանրային խնդիրներ բարձրացնող թոք-շոու, բայց երբ հաղորդումը մեկնարկեց` հիմնական թեմա դարձան սոցիալական խնդիրները: Չէինք սպասում, թե այն այսչափ հաջողություն ու արձագանք կունենա: Չեք պատկերացնի, թե ամեն հաղորդումից հետո քանի մարդ է զանգահարում և օգնություն առաջարկում հաղորդման մասնակցին կամ մասնակիցներին: Այսօր շատ կարիքավոր ընտանիքներ ապրում են մեր հեռուստադիտող բարերարների օգնությամբ, նրանց մի մասը Սփյուռքից են: Ընդ որում հաղորդումը նրանք դիտում են համացանցում, քանի որ «ATV»-ն Եվրոպայում չի հեռարձակվում, և հաղորդման մասին այնտեղ իմացել են մեր աշխատանքի ու համբավի շնորհիվ: Այսօր «Յութուբի» մեր պաշտոնական կայքը բազմաթիվ այցելուներ ունի: Բարերարությունները մենք լրացուցիչ սյուժեներով լուսաբանում ենք, որպեսզի հեռուստադիտողը համոզվի, որ մեր միջնորդությամբ հնարավոր է արդյունքի հասնել:
Եթե մինչև այսօր Հայաստանում նման նախագծերը հիմնված են եղել հնարովի սյուժեների վրա, որոնք վերարտադրվել են դերասանների օգնությամբ` «Կիսաբաց լուսամուտներն» առաջին նախագծն է, որտեղ թե դեպքերը, թե կերպարներն իրական են:
- Հայը չի սիրում ի լուր աշխարհի բարձրաձայնել իր անձնական ցավերի մասին: Մենք փակ հասարակություն ենք: Դժվար չէ՞ մարդկանց եթերում խոսեցնելը:
- Բավականին դժվար է: Մանավանդ սկզբում, երբ մարդիկ դեռ մեզ չէին ճանաչում, չէին վստահում: Ընդ որում ավելի հեշտ էր գտնել «օրվա հերոսին», քան անկախ փորձագետների ու գերատեսչությունների ներկայացուցիչների տաղավար հրավիրել: Բայց ժամանակի ընթացքում այդ պատնեշը կոտրվեց. այսօր մենք շահել ենք հեռուստադիտողի և պետական մարմինների վստահությունը, ունենք մեծ թվով հանդիսատեսներ, օգնության պատրաստ բարերարներ: Նկարահանել ենք պատմություններ, որոնք մեր օգնությամբ բարեհաջող ավարտ են ունեցել: Դեկտեմբերի 13-ին «Կիսաբաց լուսամուտները» կդառնա մեկ տարեկան, իսկ արդյունքներն ավելի քան խոստումնալից են մեկ տարվա եթերաշրջանի համար: Դա ինձ և ստեղծագործական խմբին ավելի է պարտավորեցնում, որ ավելի մեծ եռանդով, նվիրվածությամբ աշխատենք: Թեև հեռուստադիտողը եթերից միայն իմ աշխատանքն է տեսնում, բայց «Կիսաբաց լուսամուտների» աշխատակազմի յուրաքանչյուր անդամ քրտնաջանորեն աշխատում է, չի զլանում իր պարտավորություններում: Հատկապես նկարահանող խմբի յուրաքանչյուր այցելություն համապատասխան վայր` անկանխատեսելի է` չգիտես, թե քեզ ինչպես կընդունեն: Քանի դուռ է փակվել նրանց առաջ, քանի վեճի մեջ են հայտնվել, պատմությունների մեջ ընկել, երբեմն լուտանքներ են թափել նրանց հասցեին: Յուրաքանչյուրի կազմակերպված աշխատանքի շնորհիվ է, որ նախագիծը հաջողվել է: Ամեն պատմություն ներկայացնելիս մեր խումբն ապրում է գլխավոր կերպարի հոգսով, նրա հետ հավասար հուզվում, անհանգստանում: Երբեմն հույզերն այնքան շատ են լինում, որ գիշերները չեմ կարողանում քնել և հետո երկար ժամանակ չեմ ձերբազատվում դրանցից: Ամեն անգամ հինգ հաղորդում ենք նկարահանում, և ես ստիպված եմ ապրել այդ դեպքերով: Որքան էլ պրոֆեսիոնալ հաղորդավար լինես` չես կարող խուսափել քո օգնությանն ապավինած մարդկանց ապրումները սեփական մաշկի վրա զգալուց:
- Թեմաները հեշտությա՞մբ եք գտնում և ի՞նչ առաջնահերթությամբ եք դրանց անդրադառնում:
- Բացի այն, որ ինքներս ենք թեմաներ փնտրում, մեզ անդադար զանգահարում են մարդիկ, ովքեր տարբեր խնդիրներ ունեն և ուզում են, որ մենք օգնենք իրենց հարցին շուտափույթ լուծում տալու համար: Պատահում է, որ շատ պարզունակ հարցերով են զանգում, որոնք հեռուստատեսությամբ չենք ցուցադրում, բայց աշխատում ենք օգնել: Նաև պատահում է, որ որևէ լուրջ խնդիր եթերում բարձրաձայնելուց առաջ մեր ստեղծագործական խմբի օգնությամբ հարթել ենք` հեռախոսազանգով կամ այդ մասին գերատեսչություններին տեղյակ պահելով: Բնականաբար այդ պատմություններն այլևս եթեր չեն տրվում, հաղորդումը չի նկարահանվում: Դրանով «Կիսաբաց լուսամուտների» աշխատանքը բարդանում է, նախագիծը տուժում է, բայց մենք շահում ենք` հրատապ լուծում ենք գտնում մարդկանց խնդիրներին:
Իսկ թեմաների առաջնահերթությունը որոշում ենք ըստ հրատապության: Վերջերս հանրակացարանից մի կնոջ էին դուրս հանում, ով երկու երեխա ուներ և երրորդին էր սպասում: Երբ նա մեզ զանգահարեց, ԴԱՀԿ-ն փորձում էր նրանց ուժով տանից դուրս հրավիրել: Մենք նկարահանող խումբ ուղարկեցինք այնտեղ, շատ արագ հաղորդումը նկարահանեցինք և եթեր տալով` փորձեցինք օգնել այդ կնոջը: Բայց կան թեմաներ, որոնք պատրաստելու համար երկու-երեք շաբաթ է հարկավոր լինում: Դա պայմանավորված է թեմայի ընդգրկունությամբ:
- Հաղորդումը եթեր տալուց հետո և՞ս հետամուտ եք լինուսմ մասնակիցների ճակատագրին:
- Ցանկացած հաղորդումից հետո էլ մենք շարունակում ենք հետաքրքրվել մեզ դիմած մարդկանց ճակատագրով` ընդհուպ մինչև նրանց հարցին դրական լուծում տալը:
Որևէ պատմություն եթեր տալուց առաջ էլ ստուգում ու ճշգրտում ենք բոլոր մանրամասները: Մենք աշխատում ենք երկու կողմի կարծիքն էլ ներկայացնել, երկուսին էլ արդարանալու կամ պարզաբանելու հնարավորություն ենք տալիս` տաղավարում ներկա լինելու, հեռախոսազրույցի կամ տեսանյութի օգնությամբ: Ի վերջո «Կիսաբաց լուսամուտները» դատարան չէ, և մենք չենք որոշում` ով է մեղավոր, ով` անմեղ: Մենք ընդամենը հարց ենք արծարծում` հնարավորություն ընձեռելով գտնել դրա լուծումները: Ընդ որում մեր տաղավարում հասարակական մեծածավալ խնդիրներ չեն քննարկվում, այլ մի մարդու պատմությունն է վերհանվում:


















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post