Հարցազրույց Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Հանրահաշիվ 7-9» գործող դասագրքերի հեղինակ Համլետ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ
- Պարոն Միքայելյան, վերջերս ԿԳ նախարարությունն անցկացրեց հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթ, որին ներկայացված էին նաև ձեր հեղինակած դասագրքերը: Եվ չնայած անցել է շուրջ երկու ամիս՝ այդ մրցույթը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում՝ հրապարակվում են բազմաթիվ հոդվածներ, որոնց հեղինակները դժգոհություն և զայրույթ են հայտնում մրցույթի վերաբերյալ: Դա ինչո՞վ է պայմանավորված, կարծեմ նախկինում նույնպես անցկացվել են դասագրքերի մրցույթներ, բայց նման աղմուկ չի եղել:
- Միգուցե դժգոհություններ եղել են (չկա մրցույթ, որից պարտվող կողմը գոհ լինի), բայց ի տարբերություն այս մրցույթի՝ դրանք աղմուկի չեն վերածվել, հասարակական նման հնչողություն չեն ստացել, որովհետև դրանցում չեն խախտվել գործող օրենսդրությունը և բարոյական չափանիշները:
- Ավելի որոշակի չե՞ք պատմի:
- Նախ՝ մրցույթի անցկացման կարգի մասին: Մի՞թե կարելի է միջոցառումը մրցույթ անվանել, երբ նրա ժյուրին կամ մրցութային հանձնաժողովը ձևավորվում է կազմակերպիչների ցանկությամբ. նրանց համար դժվար չէ ընտրել իրենց կամքը կատարող երեք ուսուցիչների և ապահովել ձեռնտու արդյունքներ:
- Համապատասխան օրինակներ ունե՞ք:
- Ինչքան ուզեք: Օրինակ՝ մրցույթում «հաղթած» ռուսական «Հանրահաշիվ 7» դասագիրքը և ուսումնական ձեռնարկը (դրանք տեղադրված են ԿԳ նախարարության Ktak.am ինտերնետային կայքում) գրված են գիտական և մեթոդական չափազանց ցածր մակարդակով, մասնագիտական ակնհայտ սխալներով: Խոսք անգամ չի կարող լինել պետական չափորոշիչին և ծրագրին համապատասխանելու և մնացած այն պահանջների կատարման մասին, որոնցով գնահատվում են մրցույթին ներկայացվող դասագրքերը: Ելնելով դրանից՝ մրցույթի բովանդակային մասը գնահատող դասախոսական հանձնաժողով չի երաշխավորել այս դասագրքերը: Իսկ ահա ուսուցիչների հանձնաժողովը երաշխավորելով դրանք՝ կամ չի ունեցել դասագրքերի գնահատման համար անհրաժեշտ մասնագիտական մակարդակ, կամ էլ կատարել է պատվեր:
- Իսկ ձեր դասագրքերը ճի՞շտ են գնահատված:
- Դասագրքերի մեր ներկայացրած խմբաքանակը գրված է հանրահաշվի ՀՀ առարկայական չափորոշիչի համապատասխանությամբ և պետական ծրագրով: Դասախոսական հանձնաժողովը դրանց վերաբերյալ տվել է դրական գնահատական, իսկ ուսուցչական հանձնաժողովը` ոչ: Համաձայն մրցույթի հայտահրավերի գլուխ 2-ի 26.2 կետի՝ դասագրքերի բովանդակային գնահատման համար ուղեցույց են առարկայական համապատասխան չափորոշիչները և ծրագրերը: Ուսուցչական հանձնաժողովն իմ հեղինակած դասագրքերին տված իր կարծիքում խախտելով մրցույթի այս պայմանը, մի քանի անգամ իր դիտողությունների թիրախ է դարձրել նույնիսկ պետական ծրագիրը` քննադատելով նրա առանձին դրույթներ: Հանձնաժողովի այդ և մնացած բոլոր դիտողությունները սխալ են, հաստատում են նրա անդամների մասնագիտական և մեթոդական ցածր մակարդակը և դասագիրք գնահատելու, մրցույթի պայմաններն ապահովելու անկարողությունը:
- Ձեր ներկայացմամբ դասախոսների և ուսուցիչների հանձնաժողովների կարծիքները իրարամերժ են եղել: Այդ դեպքում ճիշտ չէ՞ր լինի կազմակերպել դասագրքերի միացյալ քննարկում:
- Իհարկե, այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե կազմակերպիչները լավ գիրք անցկացնելու ցանկություն ունենային: Այդ դեպքում նաև իմ հեղինակած դասագրքերի վերաբերյալ ուսուցիչների տված կարծիքում առկա սխալները և հայերենի աղավաղումները, ռուսական դասագրքում և մեթոդական ձեռնարկում եղած մաթեմատիկական ակնհայտ սխալները, մեթոդական մոլորություններն աննկատ չէին մնա:
- Դուք պնդում եք, որ ռուսական դասագրքերն այլ ծրագրով են գրված: Արդյո՞ք դրանց մուտքը Հայաստանի հանրակրթություն՝ դժվարություններ չի առաջացնի:
Նախարարության համար դրանք արժեք չունեն: Այլապես նրանք կհասկանային, որ ռուսական դասագիրքը հայկական հանրակրթություն մտնելու դեպքում կսկսի գործել նաև նրա հիմքում եղած ծրագիրը: Իսկ համաձայն Հանրակրթության պետական կրթակարգի` «Առարկայական ծրագրերը գործածության են երաշխավորվում առնվազն մեկ ուսումնական տարի փորձաշրջան անցնելուց հետո»: Մի՞թե ԿԳ նախարարը և մրցույթի կազմակերպիչ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը տեղյակ չեն այդ մասին: Իսկ միգուցե նրանց իրավունք է վերապահված խախտելո՞ւ օրենսդրությունը:
- Մի՞թե նախարարությունը շահագրգռված չէ, որ մրցույթը լինի օրինական և թափանցիկ:
- Դատեք ինքներդ. արդեն երկու ամիս է՝ ԿԳ նախարարին դիմում եմ հղել, որում ընդամենը խնդրել եմ ինձ տրամադրել ուսուցչական հանձնաժողովի անդամների` մրցութային գրքերին տրված գնահատականները (ես համոզված եմ, որ իմ և ռուսական դասագրքրին հանձնաժողովի տված գնահատականները կապ չունեն իրականության հետ և բացարձակ կեղծարարություն են): Բայց նախարարը խուսափում է դրանք ինձ տրամադրելուց: Ինչի՞ց է վախենում հարգարժան նախարարը, ինչո՞ւ է ոտնահարում քաղաքացու, մասնագետի` իր կատարած բազմամյա աշխատանքի գնահատականն իմանալու իրավունքը: Միգուցե դա պետական գաղտնի՞ք է: Իհարկե ոչ. նախարարը վախենում է, որ այդ գնահատականները կարող են տալ կատարած կեղծիքի ևս մեկ ապացույց:
- Օրենսդրական ի՞նչ խախտում եք նկատել:
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 7 կետով ուսուցչին տրվում է իր ցանկությամբ դասագիրք ընտրելու հնարավորություն: Այլընտրանքի առկայությունը հանրակրթության մասին օրենքում հենց այնպես չի ամրագրված: Այլընտրանքը շուկայական հարաբերությունների պայմաններում զարգացման հիմնական խթանն է: Եվ դժվար է այսօր գտնել որևէ երկիր, որտեղ այլընտրանքային դասագրքեր չլինեն: Ռուսաստանում, օրինակ, դրանք յուրաքանչյուր առարկայի համար տասնյակից ավելի են: Իսկ մեր երկրի ԿԳ նախարարը մրցույթում վերացնելով այլընտրանքային դասագրքերի թույլատվությունը՝ ոչ միայն վերացրել է դասագրքաստեղծման գործընթացի զարգացման բնական ճանապարհը, այլև խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը:
- Դուք խոսեցիք կեղծիքների մասին:
- Այո, խոսեցի: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են կատարվել բոլոր այս խախտումները:
- Ինչո՞ւ:
Դասագրքերի մրցույթն իրականացվում է երկու փուլով` բովանդակային և գնային, ընդ որում գնային բաղադրիչն ունի գերակա նշանակություն, այսինքն եթե բովանդակային փուլ գնահատականների ոչ զգալի տարբերություններով անցնում են մեկից ավելի դասագրքեր, ապա դրանցից հաղթում է այն, որի գնառաջարկն ավելի ցածր է:
- Դա երևի վատ չէ, որովհետև կարող է իջեցնել դասագրքերի գները:
- Իհարկե, կարող է իջեցնել, եթե իրականացվի նաև մրցույթի երկրորդ փուլը:
Այսի՞նքն:
- Կազմակերպիչները բովանդակային փուլով մրցույթն ավարտում են:
Իսկ գնառաջա՞րկը:
- Հաղթել են այն դասագրքերը, որոնց համար առաջարկված են եղել ամենաբարձր գները:
- Անհեթեթություն չէ՞:
- Իհարկե: Օրինակ իմ հեղինակած դասագրքերի համար գնառաջարկը եղել է 1300 դրամ՝ մեկ դասագրքի համար` «հաղթող» դասագրքի 1700-ի դիմաց:
- Դուք ինչ-որ գործա՞րք եք տեսնում:
- Իհարկե: «Հանրահաշիվ 7-9» խմբաքանակում, օրինակ, դասագրքերի ոչ մի մրցույթ էլ չի իրականացվել: Մրցույթից առաջ կայացել է կազմակերպիչների և ապագա հաղթող հրատարակչի միջև պարզ պայմանավորվածություն. հրատարակիչն իր ներկայացրած դասագրքերի համար առաջարկում է բարձր գներ, կազմակերպիչները գնային մրցույթին թողնում են միայն այդ դասագրքերը, իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է...
Ձեր խմբաքանակի համար այդ տարբերությունը որքա՞ն է:
Հանրահաշվի խմբաքանակի համար, օրինակ, շուրջ 40 միլիոն դրամ:
Եվ ո՞ւր է գնում այդ 40 միլիոնը:
- Միգուցե հարցնեք՝ ո՞ւմ գրպանն է մտնում...
- Իսկ ինչո՞ւ չեք բողոքարկում նման մրցույթի արդյունքները:
- Էլի անհեթեթությունը՝ անցկացվում է մրցույթ, որում չկան բողոքարկման մեխանիզմներ:
- Բայց կան նախարարությունից վեր կանգնած մարմիններ, մարդիկ, որոնց առջև նախարարն ու նախարարությունը հաշվետու են:
- Իհարկե, կան: Ես բաց նամակով դիմել եմ վարչապետին, դիմել եմ երկրի նախագահին, նշել եմ օրենսդրության, մրցույթի պայմանների որոշակի խախտումներ, խոսել եմ կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին: Առաջինի կողմից առայսօր որևէ արձագանք չկա, իսկ նախագահին հղած իմ դիմումը հասցեագրված է ԿԳ նախարարին, որը տվել է իրականության հետ կապ չունեցող պատասխան: Նախագահին եմ հղել երկրորդ դիմումը, խնդրել եմ կազմակերպել մրցույթի անցկացման անկախ ու անաչառ քննարկում: Սակայն այս դիմումը նույնպես արժանացել է նույն բախտին` հասցեագրվել է այն մարդկանց, որոնց դեմ ես բողոք եմ ներկայացրել:
- Եվ ի՞նչ պատասխան եք ստացել:
- Դեռ պատասխան չկա: Ես մտածում եմ, որ հավանաբար իմ հրապարակումները և դիմումները չեն հասնում հասցեատերերին:
- Միգուցե մեր այս հրապարակո՞ւմը լսելի դարձնի ձեր խոսքը:
- Շնորհակալ կլինեմ:

















