Ասում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ և կոչ անում ոլորտում ներդրումներ անել- Խնդրում եմ գնահատեք հայկական գիտության այսօրվա վիճակը՝ համեմատելով խորհրդային տարիների հետ: Դուք առավելությունը ո՞ր շրջանին եք տալիս: - Հանրահայտ է, որ խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է բարձր մակարդակի գիտական և գիտատեխնիկական համալիր: Դրանք առաջին հերթին հիմնարար հետազոտությունների՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, կենսաբանության ասպարեզում ձեռք բերած նվաճումներն են: Իսկ ճյուղային ինստիտուտներում կատարվում էին գիտատեխնիկական մեծածավալ մշակումներ: Մաթեմատիկական հաշվիչ մեքենաների ինստիտուտն իր կազմով, տրամադրվող միջոցներով ավելի մեծ էր, քան գիտությունների ամբողջ ակադեմիան: Արտադրական տեսակետից նշանակալի էր էլեկտրամեքենաշինության զարգացումը, որը միաժամանակ զբաղվածություն էր ապահովում: Կային նաև քիմիական զարգացած արտադրությունը, այլ ոլորտներ: Հիմնարար հետազոտությունները ֆինանսավորվում էին կենտրոնի բյուջեից, ճյուղայինները նախարարական ֆինանսավորում ունեին, իսկ տեղական բյուջեի ֆինանսավորումն օգտագործվում էր նույն՝ տեղական մարմիններում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դժվարություններ ունեցանք նյութական աջակցության հետ:
- Տարածաշրջանում հայկական գիտությունը ծանրակշիռ դիրք զբաղեցնո՞ւմ է:
- Չնայած դժվարություններին՝ այսօր մեր գիտությունը մնում է բարձր դիրքերում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հինգ տարին մեկ ներկայացնում է աշխարհի գիտության վերաբերյալ զեկույց, վերջինը հրապարակվեց նախորդ տարի: Տվյալները վերլուծվում են գիտաշխատողների թվի, պետության կողմից հատկացված միջոցների, միջազգային համագործակցության և գիտական արդյունքների տեսանկյունից: Մեր հարևան Ադրբեջանն ունի երկուսուկես անգամ ավելի գիտաշխատող, հինգ անգամ ավելի ֆինանսավորում, բայց նրանց գիտական արդյունքները մերից կրկնակի պակաս են:
Հայաստանը 2002 թ. ունեցել է 5000 գիտաշխատող, Ադրբեջանը՝ 10000, սակայն մեր աշխատանքի արդյունավետությունը 10 անգամ բարձր է նաև՝ Ղազախստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: 100 հետազոտողների արդյունքներն են դա փաստում: Ովքեր ասում են, թե Հայաստանում գիտությունը ծանր վիճակում է, ճիշտ չեն: Իհարկե համեմատելով նախկինի հետ՝ վիճակը լավ չէ, բայց փաստ է, որ առաջ ենք շարժվում:
- Մեր գիտության առջև ծառացած ամենամեծ խոչընդոտը ո՞րն է:
- Առաջինը ֆինանսավորման դժվարությունն է. մեր տեղական բյուջեն այնպիսի մուտքեր չունի, որ ապահովի գիտության այսօրվա նվազագույն պահանջները: Զարգացման ուղիներից մեկը միջազգային համագործակցությունն է, այն հնարավորություն է տալիս ապահովել գիտաշխատողների ֆինանսական և գիտական գործունեությունը: Հետխորհրդային շրջանի դժվարությունների պատճառով գիտաշխատողի և գիտության վարկը մարդկանց աչքից ընկել էր: Եթե այն ժամանակ գիտության թեկնածուն ընտանիքի համար պարծանք էր, այսօր այդ ընտանիքի համար ավելի լավ է առևտրական ունենալը: Դա բնականոն երևույթ չէ, քանի որ մեր ազգը հսկայական ներդրում ունի քաղաքակրթության մեջ: Այժմ մեր կարևորագույն անելիքներից մեկն այն է, որ բարձրացնենք գիտական աշխատանքի և գիտական աշխատողի հեղինակությունը, որպեսզի երիտասարդը բուհն ավարտելուց հետո զբաղվի գիտական գործունեությամբ, ոչ թե գնա առևտրի կամ այլ ոլորտ կամ ընդ-
հանրապես երկիրը լքի:
- Կարծեք թե արժեքները վերականգնելու միտում է զգացվում, դա ընդամենը տպավորությո՞ւն է, թե իրական փաստեր կան:
- Մեր պետությունում այդ առումով որոշակի առաջընթաց է նկատվում: Մենք փորձում ենք գիտական աշխատանքը երիտասարդի համար գրավիչ դարձնել, որպեսզի նա ձգտում ունենա դրանով զբաղվելու: Միաժամանակ՝ պետությունը պետք է լուծի այդ երիտասարդի սոցիալական խնդիրները: Եթե երիտասարդը գալիս է գիտության ոլորտում աշխատելու՝ պետք է վստահ լինի, որ կկարողանա ընտանիքը պահել, բնակարան ձեռք բերել: ՀՀ նախագահի անմիջական աջակցությամբ երիտասարդների համար կառուցվում են շուկայականից բավականին ցածր գներով բնակարաններ, ստեղծվում են հիմնադրամներ, տարաբնույթ մրցանակներ են տրվում և այլն: Ամենակարևորը՝ երիտասարդները կարողանում են արտասահմանյան հաստատություններում վերապատրաստվել և առաջ գնալ: Այդ ամենի շնորհիվ մեր երկրում տարեցտարի ավելանում է երիտասարդ գիտաշխատողների թիվը, նրանց արտահոսքը զգալիորեն նվազել է: Սա լավ է, սակայն այսօր մեր գիտության ամենամեծ խոչընդոտը ենթակառույցների բացակայությունն է: Այսինքն սարքավորումները և գիտական հենքը ֆիզիկապես և բարոյապես հնացել են, դրանց արդիականացումը մեր անելիքների թվում ամենահրատապն է: Ակնկալիքները թե պետությունից են, թե մասնավորից: Շուկայի խնդիրը ևս օրախնդիր է, որովհետև հանրապետության շուկան տնտեսավարող սուբյեկտի համար շատ նեղ է. ներդրման համար պետք է հատուցում ունենալ, բայց փոքր շուկայում դա փոքր է կամ ընդհանրապես չկա: Պետք է ընդգրկվել միջազգային շուկայում, արտոնագիր ունենալ: Իսկ դա նշանակում է ունենալ մեծ գումարներ:
- Տնտեսության բնագավառում գիտական արդյունքների ներդրումը որքանո՞վ է կարևորվում:
- Մենք ունենք գիտական զգալի արդյունքներ, որոնք տնտեսության համար կարևոր նշանակություն են ձեռք բերել: Բազմաթիվ առաջարկներ ներկայացրել ենք կառավարությանը, մի մասը արտադրության մեջ ներդրվել է: Կենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը, օրինակ, մշակել է նոր պարարտանյութ, որն օգտագործվում է և շատ ավելի լավն է, քան քիմիական մյուս պարարտանյութերը: Այս շաբաթվա ընթացքում «Ռուսկոսմոս»-ի ներկայացուցիչները եկան Հայաստան՝ մեր Ակադեմիայի ինստիտուտների հետ շարունակելու տիեզերքի ուսումնասիրման փորձը: Դրա շնորհիվ մենք այժմեական կդարձնենք նաև գիտության ենթակառույցները, ինչը կարելի է մեծ նվաճում համարել:
- Վերջին տարիների մեր գիտական խոշորագույն նվաճումը ո՞րն եք համարում:
- Դրանք տարաբնույթ են և բոլոր բնագավառներում, առաջին հերթին՝ ֆիզիկայի և լազերային ֆիզիկայի, նյութերի ուսումնասիրման, բյուրեղների աճեցման, կապի համակարգում՝ փոքր ազդանշանի ընդունման և մշակման, տիեզերական կապի, քիմիայի, կենսաբանության ասպարեզներում և այլն: Մշակված են այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարևոր նշանակություն ունեն անասնապահության ոլորտում՝ կենդանիներին համաճարակից փրկելու համար և այլն:
- Անցած տարի ԳԱԱ տարեկան ժողովում երկրի վարչապետը խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին՝ ասաց, որ գումար պահանջելուց առաջ պետք է արդյունք տալ: Իսկ գիտության պետական կոմիտեի ղեկավարն էլ օրերս հայտարարեց, թե պետբյուջեից ֆինանսավորված գիտական ծրագրերի մեծ մասը կրկնություն է եղել:
- Գիտության պետական կոմիտեի նախագահը սխալմամբ է այդպիսի հայտարարություններ արել: Ինչ վերաբերում է վարչապետի ասածին, նշեմ, որ կան 23 տարբեր առաջարկներ, որոնց համար այսօր փորձնական արտադրություն կա, օրինակ գյուղատնտեսական համայնքները պարարտանյութի առաջարկ ունեն, արդյունքներ կան նաև ոսկերչության բնագավառում: Ոչ կոմիտեի նախագահն է ասում դրա մասին, ոչ էլ մեր վարչապետը, իսկ թվերը խոսուն են:
- Վարչապետը նաև ասել է, որ հեռանկարային ու շահավետ չէ գիտությամբ զբաղվելը, գիտնականի վարկանիշն ընկած է, ունենք բարոյահոգեբանական ճգնաժամ և այլն: Եթե սրանք խոսքեր են, իրական քայլերը որո՞նք եք համարում:
- Հարկավոր է մեր գիտությունն ապահովել գոնե նվազագույն պայմաններով: Եթե ինքներս դա չկարողանանք՝ միայն միջազգային համագործակցության ճանապարհով չենք կարողանա մեր գիտությունը բարձր մակարդակի վրա պահել: Իսկ դրա համար պետք է հնարավորություն լինի, զարգացում, տեխնիկական առաջընթաց, մարդկանց սոցիալական պահանջների բարելավում: Օդից գիտության արդյունքներ չեն լինում:
- Դուք կարևորում եք պետական հովանավորությամբ գիտությանը վարկեր տալու հարցը: Դրանք ինչի՞ն պետք է ծառայեն:
- Խոսքը հետևյալի մասին է. մեր երկիրը վարկային պարտավորություններ ունի, չորս միլիարդ դոլարից ավելի պետական պարտք, այսինքն նրա հնարավորությունները փոքր են: Մենք ժամանակակից տեխնոլոգիաներ չունենք, որովհետև ամեն միավոր նման սարքավորումը մի քանի միլիոն դոլար արժե, մինչդեռ պահանջվում է արդիականացնել և կառավարման, և օպտիկական համակարգերը: Պահանջվող հսկայական միջոցները կարող ենք վերցնել տարբեր կառույցներից՝ որպես վարկեր: Դա հնարավորություն կտա կարևորագույն ուղղություններում ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ՝ լիովին համոզված լինելով, որ որոշակի ժամանակում արդյունքները մի քանի անգամ կգերազանցեն ծախսված միջոցները, կնպաստեն մեր երկրի զարգացմանը:
- Բնագավառում առկա խնդիրների, հատկապես հատկացվող գումարների սակավության շուրջ քննարկումները տեղափոխվել են սոցիալական ցանցեր: Մանավանդ վերջին շաբաթներին գիտաշխատողների խնդիրների մասին շատ է խոսվում: Ինչո՞ւ հենց հիմա նման աղմուկ բարձրացավ:
- Չեմ կարծում, թե դա նոր երևույթ է, աղմուկը միշտ էլ կար: Այլ բան, որ վտանգավոր ուղղությամբ գնալու վախ կա՝ նման քննարկումների քաղաքականացումը: Լիովին համոզված չեմ, բայց կարծես թե այդ բոլոր խնդիրների արծարծումն սկսում է քաղաքականացվել: Մենք դեմ ենք դրան: Ես վերջերս զրուցել եմ որոշ ղեկավարների հետ և զգուշացրել, որ եթե երիտասարդությունը բողոքում է իր սոցիալական վիճակից՝ դա չպետք է շահարկվի:
- Գիտության մասին նոր օրենքն ի՞նչ հիմնական խնդիրներ է լուծում:
- Օրենքը ժամանակակից գիտության զարգացման իրավական դաշտն է ստեղծում: Գիտության զարգացման վերաբերյալ նախորդ 20 տարիներին մենք ունեցել ենք ընդամենը մեկ փաստաթուղթ, որը շատ սահմանափակ էր: Այնուհետև ունեցել ենք ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքը, որը հակասում էր գործող չափանիշներին: Մանավանդ ԳԱԱ-ի համար մտահոգիչ էր այն հանգամանքը, որ մեր համակարգի ինստիտուտները ոչ առևտրային էին, նախագահությունը՝ նույնպես, իրար հիմնադիր չէին կարող լինել: Խոսակցություններ կային, թե որոշ ինստիտուտներ լուծարվում են, միավորվում են և այլն, և այլն, դրանք ընդամենը կարծիքներ էին: Բացի դրանից՝ այսօրվա գլոբալացման պայմաններում, երբ տնտեսության զարգացումը պետք է գիտելիքի վրա հիմնված լինի, նոր գաղափարներ են առաջ գալիս, որոնք իրականացնելու համար պետք է իրավական համապատասխան դաշտ լինի. կարգավորվի, թե գիտությունը ձեռնարկատիրական ինչ գործունեությամբ կարող է զբաղվել, ինչ շահույթ ստանալ, արդյունքն ինչպես վերաբաշխել և ներդնել... Կարելի է ասել, որ նոր օրենքը մոտ 90 տոկոսով առկա խնդիրները լուծում է:

















