Հայաստանյան գիտությունը ի՞նչ վիճակում է, պետությունը որքանո՞վ է աջակցում գիտության առաջխաղացմանը, հատկապես ո՞ր ճյուղերը ռազմավարական կարևոր նշանակություն ունեն` ազգային ինքնության պահպանման տեսակետից: Այս հարցերի շուրջ զրուցում ենք ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, հնագիտական մի շարք պեղումների ղեկավար Հակոբ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:
- Պարոն Սիմոնյան, Հայաստանում գիտության արդի վիճակը շա՞տ է հուսահատական:- Ամենամեծ բացը թերևս գիտության մեկուսացվածությունն է: Մենք շատ ենք պարփակված ինքներս մեր պատյանում` կտրված համաշխարհային գիտության միտումներից ու զարգացումներից, և այդ խզումը սպառնալի չափերի է հասել: Այդ մեկուսացումից դուրս գալու համար շատ կարևոր են օտարազգի գիտնականների հետ համագործակցելը, նրանց Հայաստան բերելն ու մեր երկրի պատմամշակութային անցյալով հրապուրելը: Այդպիսով տվյալ գիտնականն ակամա դառնում է մեր երկրի դեսպանը, արժևորում է մեր մշակույթը, հիանում, այն ներկայացնում աշխարհին ու նպաստում դրա տարածմանը:
- Եվ կարծում եմ` դրսի գնահատականը մեր մշակույթն ավելի անաչառ է ներկայացնում:
- Այդպիսի ընկալում կա, քանի որ մտածում են` օտար գիտնականը որևէ շահագրգռություն չունի, բայց նա որոշակի կարծրատիպերի է ենթարկվում և այդքան էլ հակված չէ խիզախել ու կռվել քարացած տեսակետների դեմ: Դա և մեծ ուժերի վատնում է պահանջում, և վտանգում է մարդու արագ բարձրացումը` պաշտոնի սանդղակով: Օրինակ` մինչ այսօր Եվրոպայում և Ամերիկայում գերակշռում է այն տեսակետը, թե հայերը եկվոր են մեր տարածաշրջանում, թե մենք այստեղ ենք եկել մ. թ. ա. 6-րդ դարում: Սա շատ վտանգավոր և սխալ գիտաթեզ է, որը ձևավորվել է 19-րդ դարի վերջերին և փոխանցվում է սերնդեսերունդ: Դրա դեմ հավանաբար կարող է մարտնչել միայն հայ գիտնականը, օտար գիտնականը դրանում շահագրգռված չէ և հանուն դրա դժվար թե զոհաբերի իր կոչումները:
- Իսկ միայն տեղացի գիտնականի ասածն այդքան կշիռ կունենա՞ աշխարհին այլ ճշմարտություն ապացուցելու համար:
- Դա պետք է կատարվի ամենաբարձր մակարդակով` միջազգային գիտության խաղի կանոնների համաձայն, անհերքելի փաստերով ու ապացույցներով` օգտագործելով համալիր հետազոտման մեթոդը, ճշգրիտ գիտությունների` հնակենդանաբանության, հնաբուսաբանությունը, հնամարդաբանության արդյունքները, ճշգրիտ թվագրման նորագույն մեթոդները, սպեկտրալ անալիզի արդյունքները և այլն: Երբ այս ամենի արդյունքների հանրագումարը ներկայացնես` աշխարհն ուզած-չուզած` կընդունի որպես ճշմարտություն: Դա շատ բարդ, թանկ, աշխատատար և ինչ-որտեղ վտանգավոր ճանապարհ է, բայց ազգային մտածողություն ունեցող ցանկացած գիտնական պետք է դրան ձգտի: Գիտության համակարգը շատ բարդ է, գիտության շարժիչ ուժ կարող են մի քանի անհատներ լինել, մյուսները գիտության պահապաններ են, ովքեր հաստատված տեսակետներն ընդունում են այնպես, ինչպես դրանք կան և կրկնելով` կարող են հասնել ընդհուպ մինչև ակադեմիկոսի աստիճանի` շատ լուրջ հայտնագործություններ չկատարելով: Այդ բանակի մարդիկ խոչընդոտում են նոր, անսովոր գաղափարների առաջընթացը: Շարժող ուժը բացառիկ պայծառ ուղեղի տեր մարդիկ են, ովքեր ամբողջ խնդիրը համակողմանի ընկալում և վերափոխում են արմատացած տեսակետները: Իսկ նրանք աղի պես քիչ են և անընդհատ գտնվում են քարացած տեսակետների պաշտպանների հարվածի տակ: Մյուս կողմից այսօր բավականին աշխուժացել է դիլետանտների բանակը: Առանց լուրջ հետազոտությունների` մարդիկ էժան շահաբաժիններ են վաստակում` կեղծելով, խեղաթյուրելով պատմական դեպքերն ու թվերը, փորձելով սենսացիոն հայտարարություններով ազգային հերոսի վարկանիշ ձեռք բերել և դրանով մարտնչում են գիտության դեմ, արժեզրկում հեռանկարային գաղափարները: Դիլետանտների ընտրած հեշտ ճանապարհը որոշ առումով ազգադավ է, քանի որ նրանք չհիմնավորված, ծիծաղելի թեզերով միջազգային հարթակներում հայ գիտնականի համբավը կտրուկ գցում են: Այդպիսի մոլորության մեջ են ընկնում նաև տիտղոսակիր անձնավորությունները, (ես անուններ չեմ ուզում տալ), որոնց թվում է, որ եթե ճշգրիտ կամ տեխնիկական գիտության բնագավառում հաջողության են հասել, ապա առանց դժվարության կարող են լուծել պատմության և հնագիտության
կնճռոտ թնջուկները: Եվ չարաչար սխալվում են: Ցավոք ժողովուրդը նրանց առաջ քաշած վարկածներն անվերապահորեն ընդունում է: Այսպիսով գիտության, մասնավորապես հայագիտության շարժիչ ուժ համարվող գիտնականները հայտնվում են դժվարին կացության մեջ: Մի կողմից նրանց դեմ պայքարում են դիլետանտներն ու նրանց համակիրները, ովքեր մեծ բանակ են, մյուս կողմից` քարացած տեսակետների պահապանները, ովքեր որպես կանոն իրենց ձեռքում են պահում կառավարման լծակները: Թեև եթե սառը դատենք` քիչ չափաբաժնով թե դիլետանտությունը, թե կարծրատիպերի հետևից ընկնողները նաև որոշ չափով դրականորեն են ազդում գիտության զարգացման վրա: Սա կարող է պարադոքսալ թվալ, բայց փաստ է: Քարացածությունն ստիպում է առավել կատարյալ, անխոցելի դարձնել առաջ քաշած նոր թեզը, ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարել, իսկ դիլետանտները ստիպում են, որ քարացած տեսակետների կողմնակիցները վերանայեն այն, ինչն արմատացած է և անառարկելի ճշմարտություն է թվում: Օրինակ` կար ժամանակ, երբ անգրագիտություն էր համարվում, եթե Ուրարտու պետությունը հայկական էին համարում: Այսօր այդ հարցով քննարկումներ, բանավեճեր են կազմակերպվում գիտական բարձր ատյաններում և այստեղ: Դրանում մեծ դերակատարում ունեցող այսպես կոչված դիլետանտները, ովքեր ստիպեցին հարցին նորովի մոտենալ: - Ո՞վ պետք է խթանի գիտության զարգացումը: Քաղաքակիրթ երկրներում այդ պարտավորությունը պետությունն է ստանձնել, քանի որ գիտության զարգացումը երկրի ռազմավարական կարևոր լծակներից է:
- Գիտության բոլոր հարցերը հարկավոր է պետության մակարդակով բարձրաձայնել և լուծել պետական հովանավորությամբ: Ճշգրիտ և տեխնիկական գիտությունները զարգացնելը խոշոր պետությունների պարտքն է մարդկությանը, քանի որ նրանք հզոր միջոցներ ունեն: Ցավոք Հայաստանը նման պաշարներ և անհրաժեշտ նյութատեխնիկական բազա չունի, հետևաբար չի կարող համամարդկային զարգացման խնդիրներ լուծել, մինչդեռ պարտավոր ենք հայագիտությունը զարգացնել ու պահել: Այն միայն Հայաստանում կարող է անաչառորեն ուսումնասիրվել, որովհետև միակ շահագրգիռ երկիրը մերն է:
- Գոնե այդ` հայագիտության բնագավառում պետական հոգածություն կա՞:
- Եվ կա, և չկա: Հաճախ դա ոչ միայն պետական այրերի մեղքն է, այլև որոշ գիտնականների: Կան մի խումբ գիտնականներ, որոնց բավարարում է գիտության ներկայիս վիճակը` նրանք պաշտպանել են գիտական կոչումը, բավականին բարձր պաշտոնների են հասել, գրքեր հրատարակել և չեն ցանկանում, որ իրենց արածները քննադատության ու վերանայման ենթարկվեն: Եվ նրանք իշխանական օղակներում լծակներ ունենալով` կարողանում են այնպես ներկայացնել գիտության վիճակը, որ կայունությունը, «հարաբերական անդորրը» պահպանվեն: Իշխանական օղակներում պարտավոր չեն ամեն ինչ իմանալ, նրանց իրավիճակը ճիշտ վերլուծող և ներկայացնող անաչառ խորհրդականներ են հարկավոր: Իսկ նման ինստիտուտի ձևավորումը բարդ գործընթաց է, որի առաջին նախապայմանը ցանկությունն է:
- Իսկ հայ հասարակությունն ինչպե՞ս է տրամադրված գիտության, գիտնականի հանդեպ: Գուցե՞ հասարակությունը պետք է պետությանն ստիպի վերանայել իր քաղաքականությունը գիտության նկատմամբ:
- Պետք է արմատապես փոխել գիտնականի նկատմամբ վերաբերմունքը թե հասարակության մեջ, թե գիտական ու պետական շրջանակներում: Գիտնականը մեր երկրում արժանի վերաբերմունքի չի արժանանում: Իսկ նման պայմաններում գիտության զարգանալու հեռանկարները քիչ են: Հասարակության վերաբերմունքն է ծնում գիտություն: Վերածնունդն սկսվեց այն ժամանակ, երբ արվեստի նկատմամբ ժողովրդի բոլոր խավերը բացառիկ վերաբերմունք դրսևորեցին: Տիցիանի ձեռքից ընկած վրձինը կռանում և բարձրացնում էր դոժը: Ո՞ր նախարարի մտքով կանցնի մեր անվանի նկարիչներից որևէ մեկի ձեռքից ընկած վրձինը բարձրացնել և տալ նրան: Արվեստն այդպիսի պաշտամունքի էր հասցված, դրա համար էլ լույս աշխարհ եկան Տիցիաններ, Ռեմբրանդներ... Ընդհանրապես գիտության նկատմամբ բեկումնային փոփոխություններ են հարկավոր, որպեսզի ներուժ ունեցող երիտասարդները գան գիտության բնագավառ և ոչ թե ձգտեն աշխատել մեկ այլ բնագավառում, որտեղ կարող են ֆինանսական բարեկեցության հասնել:
Մի բան ուրախալի է, որ հնագիտության, մեր պատմական անցյալի նկատմամբ ժողովուրդը մեծ հետաքրքրություն ունի, դա ինձ շատ է ոգևորում:
- Քանի որ խոսեցինք հայտնագործություններից` ներկայացրեք Շենգավիթի պեղումների ժամանակ ձեր կատարած ամենահետաքրքիր բացահայտումները:
- Շենգավիթն իմ սերն ու ցավն է: Սերն է, քանզի բացառիկ հուշարձան է, ցավն է, քանզի հաշմված է ու անտարբերության մատնված: Ես Շենգավիթում պեղումներն սկսել եմ 2000-ից, և մինչ օրս հայագիտության համար բացառիկ հայտնագործություններն են կատարվել:
Կարևորագույններից մեկն այն է, որ իմ կարծիքով Շենգավիթը ոչ թե սովորական բնակատեղի է եղել, այլ ունեցել է Հին Արևելյան քաղաքաներին բնորոշ գրեթե բոլոր հատկանիշները: Նրա տարիքը շատ հստակ է` չորրորդ հազարամյակ-երրորդ հազարամյակի սկիզբ: Այսինքն այն եգիպտական բուրգերից էլ հին է: Դա անկասկած է: Սա գիտական տեսանկյունից «սրբապղծության» պես մի բան է, քանի որ ի լուր աշխարհի հայտարարում ես, թե վաղ բրոնզի դարում, երբ գրեթե ողջ գիտական աշխարհը համոզված է, որ Հայաստանն ապրում էր նախնադարյան հասարակարգի եզրափակիչ փուլում, ըստ մեր վարկածի Հայաստանը թևակոխել էր քաղաքակրթության ուղին,
ունեցել վաղքաղաքային մշակույթ: Բայց փաստերը ավելի քան զորեղ ու տպավորիչ են: Հայտնաբերվել է ապակի, որը Հին Արևելքում հնագույնն է: Ապակի ստանալու համար պետք է բարձր տեխնոլոգիաների տիրապետես: Սա վկայում է, որ այն ժամանակ եղել է նման արտադրություն, որն ուղղված է եղել մարդու հոգեկան կարիքներին, այսինքն զարդ է եղել, ոչ թե աշխատանքային գործիք կամ զենք: Դա բարեկեցիկ կյանքի ձգտման ապացույց է: Շենգավիթում եղել են արհեստագործական տարբեր թաղամասեր: Եղել է քարագործ վարպետների դաս, քարից պատրաստված գործիքների տեսականին և քանակն այնքան մեծ է, որ անգամ հինարևելյան կենտրոնները կերազեին այդպիսի բազմազանության մասին, ինչպես նաև մետաղագործների դաս է եղել: Շենգավիթն ունեցել է կոթողային ճարտարապետություն հզոր պարիսպներ, մեծ դահլիճներ և այլն, եղել են հարուստներ և աղքատներ, իշխանության խորհրդանշաններ ենք հայտնաբերել: Հետաքրքիր էր առյուծի քանդակի հայտնագործումը, իսկ առյուծը թագավորական իշխանության խորհրդանիշն է:- Գիտեմ, որ Շենգավիթի պեղումներին մասնակցում են նաև օտարազգի գիտնականներ: Նրանք «սրբապիղծ» հայտնագործություններին չե՞ն ընդդիմանում:
- Հզոր երկրները փոքր երկրներին չեն ներում, որ նրանք մեծ պատմություն ունեն և ամեն կերպ փորձում են նսեմացնել մեր պատմությունը: Հայաստանը Կովկաս չէ, Հայկական լեռնաշխարհն է, բայց օտարն այն ընկալում է որպես Կովկաս` հավասարության սանդղակ դնելով հայի, ադրբեջանցու և վրացու միջև: Եվ ըստ նրանց` այս երեք ժողովուրդներն էլ պետք է նույն պատմությունն ունենան: Մյուս կողմից գիտական, հետևաբար` գործածական շրջանակներից դուրս են մղվում Հայկական լեռնաշխարհ, Հայաստան բառերը: Փոխարենն օգտագործվում է Արևելյան Անատոլիա կեղծ անունը: Եվ այսօր անգամ մեր գիտնականներն այդ արտահայտությունն են օգտագործում: Սրա տակ մեծ ենթատեքստ կա` Հայաստան պատմությունից բառը ջնջել, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե այստեղ գտնվածն ու պահպանվածը հայկական մշակույթ են: Սրա դեմ մենք պետք է պայքարենք, ու դա մտահոգվելու լուրջ խնդիր է: Վճռական խոսքը հայ գիտնականինն է, որը մշտապես իր թիկունքում պետք է զգա հայ պետական կառույցների հզոր շունչը, որը նեցուկ պիտի լինի հայոց հոգևոր կերտվածքի դժվարին ու կարևոր բեռը կրող մտավորականների համար:

















