Հայաստանն արևի երկիր լինելով` չունի արևային էներգիայի ժամանակակից կայաններ, այնինչ աշխարհն այսօր ձգտում է այլընտրանքային էներգիայի նորանոր աղբյուրներ գտնել և օգտագործել: Այլընտրանքային վերականգնվող էլեկտրաէներգիայի հարցը ամբողջ աշխարհում է դարձել օրակարգային` գազի ու նավթի պաշարների արագ սպառմանը զուգընթաց, և զարգացած երկրները ճգնաժամից դուրս գալու ճանապարհը տեսնում են էներգիայի նոր աղբյուրներ գտնելու ուղղությամբ կատարվող բացահայտումները կյանքի կոչելով և հսկայական գումարներ են ներդնում դրա համար:Դեռ 1990-ականներին գիտության մեծ մշակ Պարիս Հերունին կյանքի կոչեց արևային էներգիան արդյունաբերական նպատակներով օգտագործելու համար նախատեսված նոր տեսակի արևային էլեկտրակայանի` «Արև» ծրագրի գաղափարը, որը հետագայում իր շուրջը համախմբեց բազմաթիվ հայ գիտնականների, և որն այսօր ղեկավարում են գիտնականի որդին` տեխնիկական գիտությունների թեկնածու Վահագն Հերունին և գիտնականի այրին` տիկին Անժելան: Եվ մինչ աշխարհում այդ ուղղությամբ առաջին քայլերն էին կատարվում` մենք արդեն կատարելագործված ծրագիր ունեինք, փորձառու մասնագետներ, և պետական անհրաժեշտ հոգածության ու դիվանագիտական մտքի առկայության դեպքում Հայաստանը կարող էր արևային էներգիայի կիրառման ոլորտում դառնալ առաջատար երկիր: «Ու թեև 1992 թվականից 10 տարի է անցել` միջազգային 7 և հայրենական 2 հեղինակային արտոնագրերի արժանացած «Արև» ծրագիրն այդպես էլ պետական ուշադրության չի արժանացել, ավելին` որոշ ղեկավար օղակներ, պաշտոնյաներ անընդհատ և բացահայտորեն ամեն ինչ անում են Հայաստանում ծրագրի իրագործումը խոչընդոտելու համար` հաշվի չառնելով, որ արևային էլեկտրակայանի կառուցումը կխթանի Հայաստանի և Արցախի տնտեսության, արդյունաբերության զարգացմանը, կմեղմի երկրի սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը»,- ասում է Հայաստանի ճակատագրով մտահոգ Վահագն Հերունին:
Այս և հելիոէներգիային առնչվող այլ հարցերի մասին զրուցեցինք Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, «Արև» ծրագրի ջատագով և սատարող, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ հետ:














